HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Բաղդադ-Երեւան-Քրդստան. տնտեսակա՞ն, թե՞ քաղաքական չվերթ

Ինչպես արդեն տեղեկացրել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, այսօրվանից սկսվում են Բաղդադ-Երեւան-Էրբիլ չվերթները: Նշվել է, որ չվերթները կկայանան յուրաքանչյուր հինգշաբթի եւ կիրակի: Այդուհանդերձ, շեշտենք, որ այս շաբաթ, այսինքն՝ այսօր եւ առաջիկա կիրակի (մարտի 1-ին), կլինեն Բաղդադ-Էրբիլ-Երեւան չվերթներ, այսինքն՝ Բաղդադից օդանավը կգա Երեւան՝ կանգառ անելով Էրբիլում: Բաղդադ-Էրբիլ-Երեւան առաջին չվերթն այսօր արդեն կայացել է: Իսկ արդեն մարտի 5-ից կսկսվեն Բաղդադ-Երեւան-Էրբիլ-Երեւան-Բաղդադ կանոնավոր թռիչքները:

Չվերթների գրաֆիկն, ըստ «Զվարթնոց» օդանավակայնի կայքի, այսպիսին կլինի. Բաղդադից Երեւան եկող ինքնաթիռը «Զվարթնոցում» վայրէջք կկատարի 13:00-ին (չվերթ՝ IAW 481), մեկ ժամ անց Երեւանից ինքնաթիռը կթռչի Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլ (չվերթ՝ IAW 484): Ժամը 17:00-ին Էրբիլից օդանավը կրկին կգա Երեւան (IAW 483), իսկ 18:00-ին կմեկնի Բաղդադ (IAW 482):

ՔԱԳՎ-ի տեղեկացմամբ՝ չվերթներն իրականացնելու է «Իրաքյան ավիաուղիները» («Iraqi Airways»), որը պետական ավիաընկերություն է եւ այդ երկրի ազգային ավիափոխադրողն է: Հիմնադրվել է 1945-ին եւ Մերձավոր Արեւելքի ամենահին ավիաընկերություններից է: Ըստ ՔԱԳՎ-ի՝ դեպի Երեւան թռիչքները կիրականացվեն կանադական արտադրության «Bombardier CRJ900» եւ ամերիկյան «Boeing 737» տիպի ինքնաթիռներով: Նշենք, որ այս պահին իրաքյան ընկերությունը 5 հատ «CRJ900» եւ 12 հատ «Boeing 737» ունի: 

Դեռեւս 2013-ի օգոստոսին էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանի՝ Իրաքյան Քրդստան այցից հետո քրդական, ապա եւ հայկական մամուլը գրեց, որ քննարկվել են այդ տարածքում ՀՀ ներկայացուցչություն եւ Հայաստան-Քրդստան օդային ուղի բացելու հարցերը: Հատկանշական է, որ 2014-ին Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին ստորագրել է օրինագիծ, որով հայերենը, ասորերենն ու թուրքմեներենը քրդերենին ու արաբերենին զուգահեռ ճանաչվել են Իրաքյան Քրդստանի պաշտոնական լեզուներ: Վերջերս էլ ինքնավարություն այցելած Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը հայտարարել է ոչ միայն չվերթներ սկսելու, այլեւ այն մասին, որ Էրբիլում ՀՀ հյուպատոսություն բացելու առաջարկը հաստատվել է: Փետրվարի 7-ին Մյունխենում հանդիպեցին նաեւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու նախագահ Բարզանին: Բարզանին ողջունել է Հայաստանի վերոնշյալ որոշումը: Կողմերը նշել են, որ Էրբիլ-Երեւան օդային կապը նոր լիցք կտա գործարար կապերին:

Հայաստանն Իրաքից օգտագործված հագուստ է ներկրում

Իրաքյան Քրդստանը ինքնավարություն է Իրաքի կազմում: Այն 1991-ից, երբ քրդերը ԱՄՆ զինուժի օգնությամբ հետ էին մղել Սադամ Հուսեյնի կառավարական զորքերին, գտնվում էր դե ֆակտո անկախ վիճակում: 2005-ին, երբ ամերիկացիներն արդեն տապալել էին Հուսեյնի ռեժիմը, Իրաքը նոր սահմանադրություն ընդունեց, որով քրդերին լայն ինքնավարություն շնորհեց:   

Հայաստանի ու Իրաքի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 2000-ին: Նույն տարում Բաղդադում բացվել է ՀՀ դեսպանություն, իսկ 2001-ին Երեւանում հիմնվել է Իրաքի դեսպանություն: Իրաքյան պատերազմի ժամանակ ներկայացուցչությունները փակվեցին ու վերաբացվեցին միայն 2010 եւ 2012 թթ. համապատասխանաբար:

Տնտեսական կապերը երկու երկրների միջեւ զարգանում են ոչ համաչափ: Մեր երկիրն ավելի շատ է արտահանում, քան ներկրում: Եթե 2013-ին ՀՀ-ն Իրաք է արտահանել 48.449.900 դոլարի ապրանք, ապա ներկրումների գինը կազմել է 30.080.900 դոլար: Իսկ անցյալ տարի մեր արտահանումները հասել են 80.664.900 դոլարի, այնինչ ներկրումներն ընդամենը 26.758.400 դոլարի են եղել:

Հայաստանը Իրաք է արտահանում հիմնականում ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ եւ կարտոֆիլ, փոխարենը ներկրում է նավթամթերք, նավթային գազեր ու ածխաջրածիններ եւ ուշադրություն՝ օգտագործված հագուստ:

Ստորեւ ներկայացնում ենք 2013-ին եւ 2014-ին Իրաքից ՀՀ ներկրված ու դեպի այդ երկիր արտահանված ապրանքների երեք հիմնական խմբերը՝ ըստ մաքսային վիճակագրության:

Այս պատկերը հուշում է, որ օդային կապի հաստատումից եւ Քրդստանում հյուպատոսություն բացելուց առաջնահերթ շահելու են այն հայ գործարարները, որոնք զբաղվում են ծխախոտի ու խմիչքի արտադրությամբ: Դրանցից են, մասնավորապես, ալկոհոլի ոլորտում հայտնի «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ի տեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը եւ ծխախոտի ոլորտից «Գրանդ Հոլդինգը»: Սակայն գործարար շրջանակներին առաջնահերթ օգտակար են ավիաբեռնափոխադրումները, այնինչ այսօրվանից գործող մարդատար չվերթները տրամաբանորեն առավել միտված պիտի լինեն տուրիզմի զարգացմանը:

Բայց դժվար է ասել, թե 2000-ականների պատերազմը վերապրած, քաղաքականապես մինչ օրս ոչ կայուն վիճակում գտնվող Իրաքն ինչպես պիտի գրավի հայ զբոսաշրջիկներին, ինչքան էլ որ Բաղդադն ու Միջագետքը աշխարհի հնագույն մշակույթների օջախներից լինեն: Առավել եւս, որ Մերձավոր Արեւելքում կան հայաստանցիների շրջանում պոպուլյար տուրիստական այնպիսի մրցունակ կետեր, ինչպիսիք են Արաբական Միացյալ Էմիրությունները կամ Լիբանանը: Այլ բան, որ իրաքցիների ունեւոր խավին կարող է հետաքրքրել քրիստոնյա Հայաստանի մշակույթը, ինչը, սակայն, դժվար թե հասնի մեծ մասշտաբների՝ կրկին դատելով այդ երկրի ներքաղաքական դրությունից:   

Այս պարագայում կարելի է ենթադրել, որ մարդկային հոսքը հիմնականում կապահովվի Իրաքի հայկական համայնքի հաշվին: ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով՝ այսօր այդ երկրում շուրջ 13.000 հայ կա, այնինչ մինչեւ 2003-ի պատերազմը այդ թիվը 25.000 էր: Իրաքյան Քրդստանում հայերի թիվը մոտ 2.000 է: Անշուշտ, «Իսլամական պետության» ահաբեկչական գործողություններից հետո, երբ հիմա կա նաեւ ուղիղ օդային կապ, չի բացառվում, որ բազմաթիվ հայեր ու եզդիներ, գուցեեւ քրդեր ապաստան գտնեն մեր երկրում:  

Բնականաբար, ամեն ինչից զատ, Իրաքյան Քրդստանում հյուպատոսություն բացելը դիվանագիտական քայլ է ՀՀ-ի կողմից, որն իր ներկայությունն է ապահովում տարածաշրջանային լարված գոտում, որտեղ բախվում են բազմակողմ շահեր, այդ թվում՝ թուրք-քրդական ու ինչու չէ՝ թուրք-հայկական: Չմոռանանք, որ Էրբիլը գտնվում է Թուրքիայի, Սիրիայի ու Իրանի սահմաններից ոչ հեռու, եւ այստեղ ապրում են այնպիսի ազգություններ, որոնք փոքրամասնություններ են Հայաստանում՝ քրդեր, եզդիներ, ասորիներ: 

Մեկնաբանություններ (2)

Արամյան
Արա, հավանաբար օգտագործածի անվան տակ նոր բրենդային հագուստ են ներկրել: Պարզ չէ՞:
Ara
ի՞նչ է նշանակում՝ 452 կգ օգտագործված հագուստ իրաքից...ով է դա ներկրում, ինչու եւ որտեղ է այն վաճառվում, հնարավոր է իմանալ...զուշանալ գնելուց...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter