Ովքեր տուժել են «Թայմ Թրավել Քլաբ» ՍՊԸ տնօրենի գործունեությունից՝ կարող են դիմել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է ավիատոմսեր և հյուրանոցի փաթեթներ ձեռք բերելու պատրվակով «Թայմ Թրավել Քլաբ» ՍՊԸ տնօրենի կողմից խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժնի հաղորագրության համաձայն՝ քաղաքացու գրավոր հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նշված ընկերության տնօրենի հետ կնքվել է ավիատոմսերի և հյուրանոցի փաթեթների ձեռքբերման պայմանագիր, որոնց դիմաց քաղաքացին վճարել է։ Մինչդեռ ավիատոմսերն ու փաթեթները չեն ամրագրվել, իսկ քաղաքացու վճարված գումարը յուրացվել է։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ տուժած անձանց շրջանակն ավելի ընդգրկուն է. վարույթն իրականացնող մարմնին է դիմել ևս 3 անձ և ներկայացրել գրավոր հաղորդում՝ նշված ընկերության տնօրենի գործողությունների վերաբերյալ։
Վարույթն իրականցնող մարմինը դիմում է մեր համաքաղաքացիներին՝ եթե կան անձինք, ովքեր տուժել են «Թայմ Թրավել Քլաբ» ՍՊԸ տնօրենի գործողությունների արդյունքում, խնդրում ենք դիմել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին (Հասցե՝ ք.Երևան, Վրացյան 90)։
Մեկնաբանել