HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրության պատժելու գործառույթը-2

Սարո Սարոյան, քաղաքական վերլուծաբան

Այսօր պետական շինարարության գործում ամենից կարեւոր խնդիրներից մեկը կարգազանցին պատժելու հանրության գործառույթը գործարկելն է: Այդ գործում հանրությունը պետք է առաջնորդվի երկու` ռազմավարական ու մարտավարական ուղենիշներով: Առաջինն այն հեռահար ու կատարյալ նպատակն է, որին հասնելու դեպքում հանրությունը կբացառի տարբեր անձանց ու խմբերի հնարավորությունը բռնության եւ պետության հարկադրանքի մեքենան որպես գործիք օգտագործելու միջոցով յուրացնել պետության կառավարման ու վարչական լծակները: Իսկ երկրորդը ֆիզիկական ակտիվ ներգրավման ու դիմադրության կազմակերպման այն հնարքներն ու մեխանիզմներն են, որոնք ներկայում կարող են էական խնդիրներ ստեղծել քրեաօլիգարխիկ վարչախմբի համար ու պարալիզացնել նրա գործունեությունը:

Նախ ներկայացնենք առաջին ուղենիշը:

Ռազմավարական ուղենիշի դեպքում հարցը լիարժեք կհանգուցալուծվի, երբ օրենսդրորեն ճանաչվի քաղաքացիների` մարտական զենք ունենալու իրավունքը, քանզի մարդկության պատմության ընթացքում հանրային հարաբերությունների կարգավորիչ ու պաշտպանիչ ամենից կարեւոր ու անփոխարինելի քաղաքական միջոցը եղել եւ մնում է զենքը: Մարդն իր պատրաստած զենքի միջոցով է նախ կենդանական աշխարհում հասել գերիշխանության, ապա հանրության շրջանում ի հայտ եկած քաղաքական հարաբերություններում զենքի օգտագործման վտանգներից խուսափելու համար, ի վերջո, ստեղծել օրենք, կարգաբերվածություն ու պետություն: Բոլոր դեպքերում պատերազմը քաղաքականության շարունակությունն է եղել զենքի միջոցով, իսկ խաղաղ ժամանակ դիվանագիտության հաջողության երաշխիքը կրկին եղել է այն զենքը, որը կարող էր օգնության գալ, երբ մյուս սուբյեկտները կփորձեին արհամարհել կոնկրետ այս կամ այն պետության շահերը:

Միաժամանակ, պետության ներքին կյանքում բոլոր ժամանակներում, իբրեւ խախտված համակեցությունը կարգավորելու վերջին մեխանիզմ, իբրեւ ոտնահարված արժանապատվությունը վերականգնելու վերջին միջոց, իբրեւ հարցերը լուծելու վերջին ճանապարհ ներհանրային հարաբերություններում գործող սուբյեկտները կրկին հենց զենքն են տեսել: Կոստանդնուպոլսում, օրինակ, անգամ եկեղեցիներում էին համակեցությունը խախտած բյուզանդական կայսրերին խողխողում, Եվրոպայում արտոնյալ դասակարգը կազմող ասպետությունը ձիարշավի ժամանակ նիզակներ «խաչելով» էր իր պատվի հարցերը լուծում, իսկ Ռուսաստանում, Ֆրանսիայում եւ այլ երկրներում արժանապատվությունը վերականգնում էին` դուելի հրավիրելով:

Նմանապես հանրապետական կառավարման ձեւն ընտրած պետություններում, երբ չէին գործում եւ լիակատար պարալիզացվում էին համակեցությունը կարգավորող մեխանիզմները, երբ պետական կարգը ցինիկաբար խախտողների, հանրային կյանքը, առողջությունը խաթարողների, արժանապատվությունը նվաստացնողների նկատմամբ պետության հարկադրանքի ուժը անզոր էր գտնվում ու կատարած հանրօրեն վտանգավոր արարքների համար չէր կարողանում նրանց պատասխանատվության ու պատժի ենթարկել` ժողովուրդը կրկին զենքի դիմելու եւ ապստամբելու միջոցով էր կյանքի կոչում իր պատժելու գործառույթը ու դրանով վերականգնում հանրային բնականոն համակեցությունը:

Պետք է նկատել, որ առաջադեմ հանրությունները, որպեսզի առավել լիարժեք կանխարգելեն արտաքին ու ներքին վտանգները, իրենց հանրության պատժելու գործառույթը ամրագրել են օրենսդրորեն` քաղաքացիներին տալով մարտական զենք կրելու ու պահելու հնարավորություն: Այդ ճանապարհը զսպում է ոչ միայն արտաքին թշնամու, այլ նաեւ` հանցավոր տարրերի ախորժակը, իսկ մարդկային համակեցությանն էլ հաղորդում է բնական հավասարակշռություն ու խաղաղություն: Պետության կառավարման լծակները յուրացնել ցանկացող շրջանակները, զրկվելով զենքի մենաշնորհից, զրկվում են սեփական ուզուրպացիոն ծրագրերը բռնության միջոցով կյանքի կոչելու հնարավորությունից:

Պատահական չէ, որ ժամանակակից ժողովրդավարության առաջատար տերությունում` Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ժողովրդի զենք կրելու եւ պահելու իրավունքը ամրագրվել է հենց Սահմանադրության մեջ: Դեռեւս 1791թ. կյանքի կոչված ԱՄՆ Սահմանադրության երկրորդ ուղղումն ազդարարում է` «Քանի որ ազատ պետության անվտանգության համար անհրաժեշտ է լավ կազմակերպված աշխարհազոր, ապա զենք կրելու եւ պահելու ժողովրդի իրավունքը չպետք է խախտվի»: Այդպիսով, քաղաքացիներին տալով զենք կրելու ու պահելու իրավունք, ԱՄՆ-ի, Շվեյցարիայի նման երկրներն արդեն երկու հարյուրամյակ է, ինչ քաղաքացիների քաղաքական ու քաղաքացիական իրավունքները պաշտպանում են հնարավոր մասշտաբային ոտնձգություններից ու բռնություններից:

Սակայն, ներպետական սուբյեկտների քաղաքական իրավունքների խնդրում հարկ է առավել մանրամասնել տեսական հիմքերը, քանզի զենքի իրավունքը կրոնական գիտակցությամբ առաջնորդվող մեր հանրության համար ամենից վիճահարույց հարցերից է:

Պետության գոյության բոլոր ժամանակաշրջաններում, կախված այն հանգամանքից, թե ում նկատմամբ է ճանաչվել զենք կրելու եւ պահելու իրավունքը (որից բխել է ուղղակիորեն պատիժ իրականացնելու նրանց հնարավորությունը), ըստ այդմ էլ հենց ճանաչվել ու օրինականացվել է ներհանրային հարաբերությունների հենց այդ սուբյեկտների պետության մեջ կառավարելու իրավունքը: Կառավարող շրջանակների (թե́ առանձին անձանց, թե́ սոցիալական մեծ ու փոքր տարբեր խմբերի) քաղաքական իրավունքների գոյությունն առաջին հերթին կապվել է այդ իրավունքների պաշտպանությունը կազմակերպելու նրանց ցանկության ու հնարավորության հետ: Առանձին շրջանակների ու շերտերի` իրենց իրավունքները ոտնահարողներին պատասխանատվության կանչելու կամքը, իսկ ապա նաեւ պատժելու կարողությունն ու հնարավորությունը դարձել են նրանց` պետական կառավարմանը մասնակցելու երաշխիքը: Եվ այդ ամենը ամրագրվել է օրենքով` իբրեւ կայացած համաձայնություն կամ հանրային պայմանագիր: Այլ կերպ ասած` պետությունների կառավարման ձեւերը խորքային առումով մշտապես որոշվել են` ելնելով հենց կառավարողների զենքի իրավունք (պատժելու զորություն) ունենալուց: Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ճանաչվում ու օրինականացվում էր միայն առանձին անձանց ու շերտերի զենք պահելու, կրելու, օգտագործելու իրավունքը (պատժելու գործառույթը), թե ընդհանրապես ամբողջ ժողովրդի ապստամբելու (զենքով իր իրավունքները պաշտպանելու) իրավունքը, ըստ այդմ էլ` պետությունները ճանաչվում էին միապետություններ, «խմբապետություններ» (արիստոկրատիա, օլիգարխիա եւ այլն) կամ հանրապետություններ:

Նախարարական կարգերով ապրող հին եւ միջնադարյան Հայաստանում եւս, որը դասական ազնվապետություն էր, միմիայն ազնվականության` նախարարական տների ներկայացուցիչների` իշխանների եւ ազատների ձեռքում էր կենտրոնացած զենքը: Նախարարությունների ուժն ուղիղ համեմատական էր նրանց ունեցած զենքին, սպառազինությանը եւ թվաքանակին: Ըստ այդմ էլ` պատմության երկհազարամյա մի շատ մեծ ժամանակահատվածում կազմավորվել են հայկական անկախ պետությունները կամ պետական ավելի փոքր կազմավորումները: Սակայն, երբ 14-րդ դարի վերջում եւ 15-րդ դարի սկզբում Լենկ Թեմուրի արշավանքների արդյունքում վերջնականապես ոչնչացվեց զենքի իրավունք ունեցող այդ դասակարգը, Հայաստանում վերացան նաեւ պետական կազմավորումներ ձեւավորելու հիմքերը, եւ երկիրը մուտք գործեց երեքդարյա մի մութ ժամանակահատված:

20-րդ դարում, ժամանակակից աշխարհի քաղաքակրթական նվաճումների ուղեգծից չշեղվելու նկատառումով, սակայն ազգային արմատներից տարբերվող արժեհամակարգի վրա կյանքի կոչվեց մեր պետականությունը: Հռչակագրային առումով հայտարարվեց հանրապետության մասին` նոր քաղաքական համակարգի հիմքում դնելով ժողովրդավարությունը: Ի տարբերություն անցյալում մեր հանրային կյանքի կազմակերպման ձեւի` ազնվապետության, որտեղ ազնվականներն էին օրինական զենքի տերերը ու այն կիրառելու ինքնուրույն որոշումներ կայացնողները, որով եւ պատասխանատուները հանրային համակեցության խաթարումների համար, ներկա հանրապետական կառավարման ձեւում ժողովուրդն ինքն է ստանձնել պատասխանատվություն` կառուցելու ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն:

Հայտարարելով հանրապետություն կառուցելու մասին` ժողովուրդը, սակայն, ոչինչ չի ձեռնարկել` երաշխավորելու կառավարելու ու կարգազանցին պատժելու իր իրավունքը: Հանրապետական կառավարման ձեւ ընտրելով եւ կանգնելով պետականաշինության խնդրի առաջ, երբ ազգային մշակույթի հիմքում բացակայում են ժողովրդավարական շատ արժեքներ, երբ անցած չեն եվրոպական ժողովրդավարության պատմական փուլերը, երբ մեր քաղաքական կյանքն անընդհատ նախարարական կարգերի (իսկ առավել ճշգրիտ` դրա արատավոր երկվորյակ եղբոր` քրեաօլիգարխիկ կարգերի) քաղաքական բանաձեւերով առաջնորդվելու հակումներ է ցուցաբերում ու ապագայում ցուցաբերելու է, միջնադարյան քաղաքական համակարգից դեպի արդի կայուն քաղաքական համակարգի` հանրապետության անցնելու երաշխիքը կարող է դառնալ հանրության պատժելու գործառույթի ճանաչումը` քաղաքացիներին զենք կրելու եւ պահելու իրավունք վերապահելով: Սա պետք է լինի մեր ռազմավարական ուղենիշը հանրապետություն կառուցելու ճանապարհին, եթե ցանկանում ենք հետագայում եւս երբեւէ «չհայտնվել» խոր միջնադարում:

(Շարունակելի)

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter