HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում այս տարի կանցկացվի միջազգային ներդրումային համաժողով

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Մշակութային դիվանագիտության ինստիտուտի գործադիր տնօրեն և հիմնադիր Մարկ Դոնֆրիդին: Ինչպես տեղեկանում ենք կառավարութան պաշտոնական հաղորդագրությունից, հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Մշակութային դիվանագիտության ինստիտուտի նախաձեռնությամբ 2015 թ. հոկտեմբերին Հայաստանում կայանալիք «Միջազգային բիզնես և պատասխանատու ներդրումներ Կովկասում և Կենտրոնական Ասիայում» ներդրումային համաժողովին վերաբերող բովանդակային և կազմակերպչական հարցեր: Վարչապետը կարևորել է մեր երկրում միջազգային համաժողովի անցկացումը՝ տնտեսական զարգացման հեռանկարների քննարկման ու ներդրումների ներգրավման տեսանկյունից և ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն հայտնել՝ աջակցել այս ֆորումի կազմակերպմանը: 

Հայաստանում անցկացվելիք ներդրումային համաժողովի նպատակն է՝ վերլուծել վերջին տարիներին միջազգային պատասխանատու ներդրումների ոլորտի քաղաքական, տնտեսական և սոցիալական զարգացումները և քննարկել Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում միջազգային բիզնես և պատասխանատու ներդրումային քաղաքականության հեռանկարները: Նախատեսվում է, որ համաժողովին կմասնակցեն տարբեր երկրների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ կողմեր:

Համաժողովի շրջանակում տեղի են ունենալու թեմատիկ քննարկումներ, կլոր սեղաններ, մշակութային և սոցիալական միջոցառումներ: 

Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատկան գերատեսչությունների ղեկավարներին համատեղ աշխատել Մշակութային դիվանագիտության ինստիտուտի հետ՝ համաժողովը հավուր պատշաճի կազմակերպելու և անցկացնելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter