HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրու կարգավիճակի փոփոխության օրենսդրական նախագծի քննարկմանը մասնակցեց ընդամենը 3 պատգամավոր

3 մլրդ 255 մլն դրամ բյուջեով Գյումրին ոչ միայն չի կարող զարգանալ, այլեւ լիաթոք շնչել: Բազում չլուծված խնդիրների թնջուկից ազատվելու միակ ճանապարհը քաղաքապետ Սամվել Բալասանյանը տեսնում է հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքին որոշ արտոնություններ կամ նոր կարգավիճակ շնորհելու մեջ: Հարցը բազմիցս է բարձրաձայնվել, սակայն լիարժեք լուծում չի ստացել: Երկրաշարժից 26 տարի անց էլ Գյումրին դեռ պահպանում է նրա ակնառու հետքերը եւ ասել, թե միայն անօթեւանությունն ու տնակային տնտեսություններն են կոտրում քաղաքի մեջքը, թերի կլիներ:

Գյումրու քաղաքապետարանը հարցը քննարկելու նպատակով հրավեր էր ուղարկել ծնունդով Շիրակի մարզից եւ Գյումրի քաղաքից ընտրված ԱԺ պատգամավորներին: Հանդիպմանը մասնակցելու պատրաստակամություն էր հայտնել նաեւ ոչ շիրակցի, ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը: Այսօր նախատեսված հանդիպմանը հրավիրված 12 պատգամավորներից մասնակցում էին երեքը՝ ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը, ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը եւ ընդամենը վերջերս ԲՀԿ շարքերը լքած Մուշեղ Պետոյանը: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը: Հրավերը ստացել, սակայն այդպես էլ չէին եկել ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանը, Մկրտիչ Մինասյանը, Աշոտ Աղաբաբյանը, Արման Սահակյանը, Սուքիաս Ավետիսյանը, Նաիրա Կարապետյանը, Հրանտ Բագրատյանը, Հովհաննես Մարգարյանը եւ Սամվել Նիկոյանը:

Սամվել Բալասանյանը ներկայացրեց իր մտահոգությունները եւ այն չորս հիմնական ուղղությունները, որոնց հետ կապված Գյումրուն հատուկ կարգավիճակ տալու օրենսդրական նախաձեռնությունը ներկայումս դարձել է հրատապ: Քաղաքապետը նշեց, որ անօթեւանների վերաբերյալ ունեն 95 տոկոս ճշգրտությամբ ցուցակ եւ կարող են վստահաբար ասել, որ 3520 մարդ ներկայումս Գյումրիում համարվում է անօթեւան:

«Նրանցից 1038-ը, որոնք ապրում են տնակներում, սակայն չունեն անօթեւանի կարգավիճակ, այսօր հայտնվել են անելանելի վիճակում, նրանք դուրս են մնացել բնակարանաշինության ծրագրից: Պետությունը չունի նրանց նկատմամբ պարտավորություն: Սրանք մարդիկ են, որ եկել են այլ վայրերից, գնել են այդ տնակները եւ ապրում են: Հիմա, եթե մեզ հնարավորություն տրվեր առանց որեւէ գումարի նվիրաբերել տնակների տակ գտնվող տարածքները եւ թույլատրել մարդկանց իրենց ուժերով տուն կառուցելու, ապա որոշակիորեն կլուծվեր նաեւ անօթեւանության խնդիրը, ինչպես նաեւ՝ տնակային տնտեսությունների քանակը կպակասեր»,-նշեց Սամվել Բալասանյանը:

Քաղաքապետը նկատեց, որ վերջին շրջանում Գյումրիում որոշակի փոփոխություններ են արձանագրվել, սակայն նշեց, թե նման տեմպերով հավանաբար 100 տարի պետք կլինի բոլոր խնդիրները կարգավորելու համար: Սամվել Բալասանյանն ասաց, որ Գյումրիում շատ հարցեր լուծում կստանային, եթե Համահայկական հիմնադրամը իր ամենամյա մարաթոններից մեկը նվիրեր հանրապետության երկրորդ քաղաքի որեւէ խնդրի լուծմանը: Հարկային բարենպաստ քաղաքականության կիրառումը հնարավորություն կտա համայնքին եկամտահարկը պահել եւ օգտագործել քաղաքի կարիքների համար: «Մենք 521 մլն դրամ նորից հետ ենք վերադարձնում պետությանը, եթե բյուջեի ընդունման ժամանակ առաջարկություն կատարեք, հարգելի պատգամավորներ, որ եկամտահարկը թողնվի Գյումրի քաղաքին, այդ գումարով մենք 5 փողոց կհիմնանորոգենք»,-բացատրեց քաղաքապետը:

Հանդիպմանը ներկա պատգամավորներից Սամվել Ֆարմանյանը ի պատասխան նկատեց, թե նման պահանջ կարող են ներկայացնել հանրապետության մյուս քաղաքները եւս: «Իսկ ինչու նման արտոնություն չունենա նաեւ, ասենք, Վանաձորը,-հայտարարեց Սամվել Բալասանյանը,-ողջ հանրապետությունում մի քանի խոշոր քաղաքներ կան, թող իրենք էլ օգտվեն նման արտոնությունից, դա բավական հարցեր կլուծի հենց համայնքի ներսում»:

Սամվել Բալասանյանը հիշատակեց անցյալ տարի Գագիկ Ծառուկյանի՝ համայնքին նվիրած աղբահան մեքենաները: Նվիրատվության հաշվին խնայած գումարներով հնարավոր եղավ ամբողջովին ասֆալտապատել Սպանդարյան փողոցը՝ ծախսելով շուրջ 100 մլն դրամ: «Ավելացված արժեքի հարկի տեսքով նորից 150 մլն դրամ գումար է գնում մեր բյուջեից: Իհարկե, մենք ուղղակիորեն չենք կարող ասել, թե այդ գումարը թողեք մեզ, այստեղ օրենք է պետք, օրենքի նախագիծ, որ կարողանանք այդ խնդիրը լուծել: Սակայն, գուցե ավելի հեշտ կլինի այդ գումարը սուբսիդավորել, քան թե օրենք փոխել»,- հավելեց քաղաքապետը:

Պատգամավորները խոստացան առավել մանրակրկիտ ուսումնասիրել բարձրացված հարցերը եւ հետագայում կոնկրետացնել ձեռնարկվելիք քայլերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter