HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարեփոխումների մեկնարկ՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ այսօր տեղի ունեցավ ՀՀ երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի նիստ:

Նիստի  ընթացքում Արտեմ Ասատրյանը և ՄԱԿ մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հենրիետ Արենսը ստորագրել են «Խոցելի երեխաների սոցիալական ներառում, այլընտրանքային խնամքի, ընտանիքի աջակցության և ներառական կրթության ծառայությունների ընդլայնում» ծրագրի Փոխըմբռնման հուշագիրը: Այս մասին հայտնում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ հուշագրի ստորագրումով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում շատ կարևոր բարեփոխումների մեկնարկ է ազդարարվում  մեկ գլխավոր նպատակով՝ «Երեխան պետք է ապրի ընտանիքում»:

«Նպատակն իրագործելու հստակ ճանապարհը այլընտրանքային ծառայությունների՝ խնամքի, սոցիալ-վերականգնողական և այլ կենտրոնների ստեղծումն է, որոնք հնարավորություն կտան երեխային պահել ընտանիքում: Որքան էլ որ հաստատության պայմանները լավը լինեն, հնարավոր չէ դրանք փոխարինել ընտանիքում ստացած ջերմությամբ և խնամքով:  Մեր քաղաքականությունը հստակ է. Հայաստանի Հանրապետությունում կարող է և հնարավոր է չլինեն մանկատներ»,-իր խոսքում ընդգծել է նախարարը:  Արտեմ Ասատրյանը կարևորել է նաև խոցելի ընտանիքների կարիքների խորքային գնահատումը, դրա հիման վրա անհատական ծրագրի կազմումը, ինչը հնարավորություն կտա հասկանալ այն պատճառները, որոնց հետևանքով երեխան հայտնվում է հաստատությունում:

ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Քարեն Հիլարդը ողջունել է ՀՀ կառավարության՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների ու նրանց ընտանիքների կենսապայմանների բարելավմանն ուղղված աշխատանքներ ու  շահագրգիռ  կողմերի հետ համագործակցությունը: Տիկին Հիլարդը, շեշտելով  բարեփոխումների իրականացման ընթացքում հնարավոր բարդություններն ու խոչընդոտները, մեկ անգամ ևս կոչ է արել  բոլոր կողմերին առաջնորդվել՝ «Յուրաքանչյուր երեխա պետք է ապրի ապահով ընտանեկան միջավայրում և զերծ լինի բռնությունից և շահագործումից» տեսլականով:

ՄԱԿ մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հենրիետ Արենսը Փոխըմբռնման հուշագրի ստորագրումով երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի այսօրվա նիստը շրջադարձային է համարել, քանի որ երեխայի բարեկեցությանն ուղղված հուշագիրը հստակ նախանշում է կողմերի դերերն ու պարտականությունները առաջիկա 5 տարիների ընթացքում:

ՀՀ երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի նիստի ընթացքում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից հնչել են նաև առաջարկներ ոլորտում առկա խնդիրները  համատեղ լուծելու ուղղությամբ: Քննարկվել են ներկայացված փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ գործընկեր կազմակերպությունների կողմից հնչած առաջարկությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter