Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Լուսանկարիչ Կարեն Միրզոյան. «10 տարեկանում առաջին տեսախցիկը պայթեցրի»



Հարցազրույց լուսանկարիչ Կարեն Միրզոյանի հետ

Կարենի լուսանկարչական նախագծերը մարդկային կյանքի պատմություններ են: Դրանց հերոսները կարող են լինել ամերիկացիներ, հայեր, աբխազներ, օսեր, իրանցիներ... Մի խոսքով` մարդիկ, որոնց ցավը կամ ուրախությունը հուզում է, խորապես մտածելու տեղիք է տալիս իրեն, ինչպես ինքն է ասում: Իսկ այդ ցավը կամ ուրախությունը նրբորեն է ցուցադրվում: Կարենը հետազոտում է միջավայրը, ապրում իր նախագծերի հերոսների պես` իր մաշկի վրա նրանց ապրումները զգալու համար: Ըստ նրա` միայն այդ դեպքում է վճռականություն ունենում լուսանկարելու: Ինչպես ինքն է նշում, բարդ ֆորմուլա է:

Ամենամեծ ուրախությունը

-Կարեն, հարցազրույցի գալու ճանապարհին մտածում էի, որ քեզ հաճախ ներկայացնում են որպես հայտնի լուսանկարիչ, ում լուսանկարները հայտնվում են հեղինակային, հայտնի ամսագրերում: Հեղինակային, հայտնի, անվանի. այս բառերը մի տեսակ վարագույրների են նման, որ ծածկում են երևույթի էությունը: Ի՞նչ ես մտածում այս «պիտակների» մասին:

-Մարդիկ կան, ովքեր սիրում են, որ հնչեն այդ անունները, մարդիկ էլ կան, որ չեն սիրում, մարդիկ էլ կան, ովքեր գիտեն, ինչպես օգտագործել դրանք: Օրինակ, ինձ մոտ տարբեր փուլեր են եղել: 5-6 տարի առաջ, երբ այդ մրցանակները շահում էի, ոչ ոք չգիտեր այդ մասին: Երբ Ամերիկա էի գնում և շփվում էի ամերիկացիների հետ, հասկացա, որ պետք է ներկայանալ ինչ-որ ձևով, որովհետև իրենք շատ են ուշադրություն դարձնում դրան:

Հետո այդ փուլն էլ անցավ, հիմա ուղղակի հասկացել եմ, որ երբ շփվում ես տարբեր մարդկանց, տարբեր կազմակերպությունների ղեկավարների, ամսագրերի խմբագիրների հետ, պետք է հասկանաս, թե ինչ ես ներկայացնում:

-Բայց պարգևները պարտավորեցնող էլ են: Օրինակ, «Magnum Foundation»-ի մրցանակը:

-Հա, առաջին տարում լեգենդար մարդկանց հետ նույն ցանկում էի (նկատի ունի 2010 թվականը, երբ, ի թիվս հայտնի դեմքերի, ընդգրկվել է «Emergency Fund Grant»-ի հաղթողների մեջ- հեղ.), որոնց գրքերով էի սովորում, նրանց հանդիպելը երազանք էր ինձ համար: Այդ ցանկում, կարծեմ, ամենաերիտասարդն էի. 29 տարեկան էի: Այդ ժամանակ շատ-շատ գործ էի անում: Մեկ տարվա մեջ ևս 2 մրցանակ շահեցի. «Մագնումի» և Նյու Յորքի համալսարանի «Human Rights Fellowship» ծրագիրը. աշխարհում 2 հոգու էին ընտրում այդ ժամանակ: Եվ մի հատ էլ շահեցի «Մագնումի» Կովկասի ծրագիրը: Այդ ժամանակ Ռուսաստանում առաջին տեղը զբաղեցրեցի դիմանկարների շարքով, կարծեմ, Օսեթիայի անօրինական զենքերի մասին էր:

Այն ժամանակ մրցույթներին մասնակցելու համար շատ էի դիմում, իսկ 2010-ից հետո հասկացա, որ դադար է պետք տալ: Հիմա չեմ դիմում և մտածում եմ, որ ժամանակը երիտասարդներինն է, որ հիմա իրենք պետք է դիմեն, իսկ իմ հարցերը ես պետք է լուծեմ: Մի քանի մրցանակի համար դիմել էի, որոնց եզրափակչին հասան, սակայն մրցանակ չշահեցի:

-Իսկ երբ չես շահում, ի՞նչ է լինում:

-Ոչ մի բան: Շահելն ինչ-որ ստիմուլ է տալիս առաջ գնալու: Չեմ կարող ասել, որ ոչ մի զգացում չես ունենում, երբ շահում ես, բայց ամեն մի պատմությունը, նախագիծը, որ անում ես, ամբողջովին հիմնված չեն շահելու վրա: Ասենք, երբ իմանում եմ, որ ինչ-որ նախագիծ արեցի, և մեկին օգնություն է լինում, ամենամեծ ուրախությունն է: Ցեղասպանության թեմայով մի նախագիծ էի արել: Տեսնում էի, որ այն վերապրած մարդիկ սոցիալապես այդքան էլ լավ վիճակում չէին: Իմ նպատակը լավ նկարելն ու նախագծի պատվիրատուին ասելն էր, որ այդ մարդիկ լավ չեն ապրում, և ինչ-որ բանով պետք է օգնել: 99 տոկոսով արդեն պարզ է, որ այդ շարքի ամեն մի ընտանիքը 20.000 դոլար է ստանալու: Երբ իմացա այդ մասին, հասկացա, որ դա է հաղթանակը:

-Կարեն, քո նախագծերի կոնցեպտը բավական զգայուն է՝ ինքնասպանության փորձ կատարած մարդիկ, Ամերիկայում այն մայրերը, որոնց որդիները զոհվել են Իրաքում, Աբխազիա, Ղարաբաղ, Ռուսաստան, Իրան:

-Կան նախագծեր, որոնք ժամանակավորապես դադարեցրել եմ, օրինակ Իրանինը, որովհետև հիմա Ամերիկայի սոցիալական վիճակի մասին նախագիծ եմ անում: Ոչ ոք չի պատկերացնում, որ Ամերիկայում կան մարդիկ, ովքեր վատ են ապրում: Դա Կալոֆորնիան ու Նյու Յորքը չեն: Այդ մարդիկ տեղեկատվությունից զուրկ են: Երբ գնում եմ այնտեղ, ինձնից չեն հարցնում, թե որտեղից եմ, թե պատմիր Հայաստանից կամ Կովկասից, այլ ասում են` պատմիր Նյու Յորքից: Ես, հայ լինելով, ամերիկացիներին պատմում եմ, թե երկու նահանգ այն կողմ ինչ կա: Այդ նախագծի երեք փոքր մասերն արդեն պատրաստ են, գուցե մինչ տարեվերջ ցույց տամ: Սակայն նախագիծը շատ մեծ է, ամբողջն անելու համար 7-8 տարի է անհրաժեշտ:

-Քո բոլոր շարքերում հենց այդ կոնցեպցիան կա, մարդու նուրբ հոգեբանություն: Ասենք, ինքնասպանության փորձ կատարածների մասին:

-Մի ժամանակ շատ էի խորանում այդ թեմաների մեջ: Հիմա էլ տարբեր երկրներում դեռ շարունակում եմ ինքնասպանության փորձ կատարածների շարքն անել: Բայց ամեն տարի չեմ գնում-անում, օրինակ, վերջինը նկարել եմ 3 տարի առաջ, մյուսը գուցե այս տարի կանեմ: Չեմ կարող ասել, որ երկրում կլինի, գաղտնիք է: Փնտրում եմ, թե որ երկրում ինչ ձև կարող է լինել, ինչի վրա հիմնված: Շատ ժամանակ ըստ տարածարշջանների պատմությունները նման են՝ սերը, ծնողներն ու փողը արաբական երկրներում ուրիշ թեմաներ են, կանանց մոտ խնդիրն ուրիշ է, նրանք ազատ չեն:

Թուրքիական գյուղերում մի թեմա կա, որ կուզեի նկարել, բայց դեռ չեմ պատկերացնում` ինչպես: Աղջիկները հյուր գնալուց դիտավորյալ ֆլիրտ են անում տանտիրոջ կամ տանտիրոջ տղայի հետ, որովհետև հոգնել են փակ կյանքից և դիտավորյալ անում են այդ քայլը՝ իմանալով, որ եղբայրը կամ հայրը սպանելու է իրենց:

-Հիմա էլ կա՞ այդ երևույթը:

-Հա, հիմա էլ կա:

-Օրինակ, Փամուկն իր «Ձյունը» վեպում թուրք աղջիկների շրջանում ինքնասպանության թեման է շոշափում: Եվ լրագրողը Կարս է գնում հատուկ այդ թեմայի համար:

-Այդ գիրքը նոր եմ սկսել կարդալ, որովհետև երկու ամիս առաջ Կարս էի գնացել, վերցրեցի գիրքը: Այս նոր նախագծի ժամանակ կարող է կապ հաստատենք Փամուկի հետ:

Սիրում եմ, որ շերտեր լինեն ֆոտոյի մեջ

-Ինչո՞վ պիտի գրավի քեզ պատմությունը:

-Պիտի շատ խորը լինի, մի քանի շերտ ունենա: Պարզ, մինիմալ բաներ լինում են ֆոտոյի մեջ, ինչպես արվեստում, ճարտապետության մեջ, բայց մեծամասամբ սիրում եմ, որ շերտեր լինեն մի ֆոտոյի մեջ: Շատ քիչ է լինում, որ մի ֆոտոն հավանեմ, հավանում եմ շարքը: Ինչքան մեծ շարք է, այնքան ավելի լավ է. ոչ թե քանակության առումով, այլ ինչքան մեծ է շարքը, այնքան ավելի բարդ է խմբագրելը, որովհետև ֆոտոյի մեջ էսսե ես անում: Եթե շարքը մեծ է, սխալվելու հնարավորությունը մեծ է, կարող ես սխալ դնել մի ֆոտոն և սխալվես: Եթե մի ֆոտոյում 3-4 բան է կատարվում, լավ է, որովհետև 3-4 շերտ է առկա: Տեխնիկականն էլ միշտ պայմանավորվում է պատմության հետ. կախված պատմությունից` ընտրում ես, թե ինչ տեխնիկայով ես նկարելու:

Միշտ գնում եմ այնտեղ, ինչի մասին չգիտեմ, ինչն ինձ հետաքրքիր է: Ընդհանրապես, բոլորին եմ ասում՝ ֆոտոն գործիք է, եթե կամերա չլիներ, իմ այդ հետաքրքրությունն ուրիշ բանի կբերեր, գուցե գրող դառնայի, բայց լավ չեմ գրում կամ կդառնայի արվեստագետ:

-Իսկ մարդուն ճանաչելու, միջավայրն ուսումնասիրելու ժամանա՞կը...

-Երբ նախագծեր եմ անում, երկար ժամանակով գնում եմ ապրելու այդտեղ: Լինում է` մինչև 4-5 ամիս մնում եմ մի տեղ: Առաջին ամիսը կարող է չնկարեմ, նայում եմ, տեսնեմ` ոնց են ապրում մարդիկ, որովհետև ես էլ պետք է հասկանամ, թե ինչ եմ վերցնելու այդտեղից: Լուսանկարիչներ կան, որ մի շաբաթով կամ մի քանի օրով գնում են, լուսանկարում: Ես էլ եմ 1 շաբաթով տարբեր տեղեր գնացել, նախագծեր արել, բայց հետո հասկացել եմ, թե դա ինչքան բարդ է, քան այն, երբ գնում և տեսնում ես իրական կյանքը: Օրինակ, Աբխազիայից հետո Ղարաբաղը 5 տարի եմ նկարել:

Երբ ասում եմ, որ 2010-ից չեմ մասնակցում մրցույթների, նաև նրանից է, որ սկսեցի մեծ էքսպերիմենտներ անել` լրագրությունն ու փաստագրությունը խառնել արվեստի հետ` ցույց տալով, որ այն շրջանակները, թե ինչի իրավունք ունես կամ չունես, կապ չունեն. եթե մարդու պատմությունը կա, ցավը կամ ուրախությունը կա, կապ չունի այդ ամենը ոնց ես անում` մտնո՞ւմ է արածդ փաստագրության օրենքների մեջ, թե՞ ոչ: Փաստագրությունը մաքուր արվեստ է:

Իմ նպատակը գրադարանի միջոցով գումար աշխատելը չէ

-Կարեն, օրինակ նկարիչեր կան, որ կտավի հետ երկխոսության մեջ են լինում, քո դեպքում լուսանկարի հետ լինո՞ւմ է այդ երկխոսությունը:

-Էդպիսի բաներ չեմ սիրում ու չեմ մտածում, բայց դա ավելի նման է քո երեխային: Ամեն մի նախագիծն անելիս երևի մոտ կես տարի կամ մի տարի մտածում եմ: Օրինակ, Լիբանանում մի նախագիծ պիտի սկսեմ, որը 2006 թ.-ից էի գտել, բայց չէի հասկանում ոնց ցույց տալ մարդկանց: Շատ լուսանկարիչների խնդիրը հենց այն է, որ երբ լավ բան են տեսնում, գնում են միանգամից նկարելու: Ինձ մոտ փոքր-ինչ այլ կերպ է. գտնում եմ, հետո սկսում եմ մշակել:

-Չես շտապում:

-Չէ, երբեք:

-Խանգարո՞ւմ է շտապողականությունը:

-Հա, ինձ պետք է ժամանակային տարածք: Գրադարանը, որ բացեցի, հիմա մի քիչ բարդ է.  ամեն օր այստեղ եմ գալիս, սկսած առևտրից մինչև բյուրոկտարական բաներ (որոնք կյանքում չեմ արել) ես եմ անում: Մոտ 8 ամիս նորմալ բան չեմ նկարում, բայց գիտեմ, որ սա էլ է նորմալ: Պետք է սպասեմ այնքան, մինչև գրադարանը «ոտքի կանգնի»:

-Գրադարանի մասին շատ քիչ տեղեկություն կար: Կարծես, ծածուկ եք պահում այն: Ինչո՞ւ:

-Ծանոթներն իմանում են: Հետո ծանոթից ծանոթ տարածվում է: Գովազդ չեմ արել, իմ նպատակը դա չէ… Հանգստությունը լավ է: Շատ մարդ գալը չի կարող գումար ապահովել, որ գրադարանը պահեմ, դրա համար իմ նպատակը գրադարանի միջոցով գումար աշխատելը չէ, այլ այն, որ մարդիկ, ովքեր իսկապես հետաքրքրված են լուսանկարչական գրքերով, գան:

Նպատակս տարածք ստեղծելն է ոչ թե լուսանկարիչների համար, այլ այն մարդկանց, ովքեր չգիտեն` ինչ է ֆոտոն, գան տեսնեն, ասեն` ես ուզում եմ դառնալ լուսանկարիչ:

Սեր չունեի տեսախցիկի հանդեպ

-Մի հարց եմ ուզում տալ, որ կարող է տարօրինակ հնչել. ինչո՞ւ ես լուսանկարում:

-Որովհետև տանը տեսախցիկ կար: Եթե ուրիշ բան լիներ, գուցե ուրիշ գործ անեի: Բրյուսովում էի սովորում` 1998-2003 թթ., ռոմանագերմանական բաժնում: Շատ անտանելի էր ինձ համար:

-Ու ավարտեցի՞ր:

-Հա:

-Բա ինչո՞ւ ընդունվեցիր:

-Լեզուներ գիտեի ու սիրում էի, բայց միշտ ուզում էի կապ ունենալ արվեստի հետ: Ծնողներս ոչ պրոֆեսիոնալ լուսանկարում էին, տանը տեսախցիկներ կային, ու ես երեխա ժամանակից լուսանկարում էի, բայց երբեք չէի մտածում, որ կարող է դառնամ լուսանկարիչ:

Սեր չունեի տեսախցիկի հանդեպ: 10 տարեկան էի, առաջին տեսախցիկը, որ նվիրել էին ինձ, հենց նույն օրը պայթուցիկ էի դրել մեջը, պայթեցրել: Այսինքն` անհետաքրքիր էր ինձ համար: Օրինակ, վիդեոն ավելի հետաքրքիր էր: Բայց երբ Բրյուսով էի ընդունվում, մտածում էի լեզվաբան դառնալու մասին, հետո մտածում էի` երկրորդ մասնագիտություն ձեռք կբերեմ երևի կրոնի հետ կապված, բայց հին տեսախցիկներից գտա, սկսեցի պտտվել Հայաստանում:  Նկարում էի` եկեղեցիներ, բնություն, հետո ավելի խորը` մարդկանց կյանքը: Օրինակ, իմ երազանքն էր «Armenian National Magazine»-ում աշխատել, այնուհետ դարձա այնտեղի գլխավոր լուսանկարիչը, երբեմն էլ խմբագրում էի: Էսպես գնաց, էլի: Սկսեցին նոր երազանքներ, երբ ինչ-որ տեղ էի հասնում, հասկանում էի, որ դա էլ անցա, չէի մնում նույն տեղում:

Նույն ձևով ֆոտոյի մեջ է: Լուսանկարիչներ կան, ովքեր տեխնիկական ինչ-որ լուծում են գտնում, ամբողջովին տրվում են դրան, միայն դա են անում: Դա իրենց անուն է բերում, բայց, կարծում եմ, դա սխալ է, որովհետև ինչքան էլ որ գումար է աշխատում, սպանում է մարդուն, ինքը չի զարգանում: Իմ սկզբունքներից մեկն է` երբեք չմնալ մի տեղում: Դա նաև բարդ է, որովհետև երբեք չես կարող նորմալ գումար աշխատել, նորմալ ապրել, որովհետև երբ նոր բանի ես հասնում, նշանակում է` դու մասնագետ չես, դու մշակում ես: Ես միշտ ուզում եմ սովորել: Նույնն էլ գրադարանն է: Երբ մինուսը դառնա 0 կամ պլյուս, կասեմ` հաղթել եմ, սա կթողնեմ մեկին և ուրիշ նախագիծ կանեմ: Օրինակ, ես հիմա ֆոտոյից դուրս կուզեմ այլ բաներ փորձել, ասենք, ճարտարապետություն:

-Վազքի մե՞ջ ես:

-Դանդաղ վազքի... Հիմա պասիվ վազքի մեջ եմ, որից նյարդայնանում եմ: Ամիսներով, տարիներով մշակում եմ նախագծերս, բայց նկարելիս արագ եմ նկարում: Ցանկացած շարք, որ անում եմ, փող աշխատելու նպատակ երբեք չեմ դնում: Եթե սկսեմ հաշվարկել` ինչքան գումար ներդնեմ և ինչքան կստանամ, երբեք չեմ անի որևէ նախագիծ:

Աղքատ մարդկանց նկարելիս չես գնում հարուստ հյուրանոցներում ապրելու: Իսկապես գնում նրանց հետ ես ապրում, որ հասկանաս նրանց: Բարդ ֆորմուլա է, որ չեմ կարող բացատրել: Աբխազիայի նախագծի վրա աշխատելիս գիտե՞ս ինչքան գինի եմ խմել: Իրենք ֆրանսիական ձևով չեն խմում, երեք լիքը բաժակ պետք է խմես միանգամից, որովհետև երեք կենաց կա` Աստծո, սրբերի և մարդկանց, ովքեր զոհվել են պատերազմում: Այդ 3 կենացից չես կարող հրաժարվել, դեռ չեմ ասում հաջորդ կենացները:

Այս գրադարանը սկիզբն է հաջորդ նախագծի

-Ի՞նչ ես մտածում Հայաստանում ֆոտոկրթության մասին:

-Չունենք, զրո է, և դրա համար պետք է մի բան անենք: Ոչ թե Հայաստանում, այլ փոքր երկրներում շատ դժվար ու թանկ բան է: Հիմա գրադարանում ունեմ 170 գիրք: Եթե տեքստային գրքեր լինեին, 500 հատ կլցնեի այստեղ, բայց ֆոտոգրքերը թանկ են: Հիմա մենք սկսելու ենք լուսանկարչական դասեր անել, բայց ֆոտոյի նորմալ ուսուցում տալուց դեռ հեռու ենք: Այսինքն` ես խոսում եմ իմ տարածքի մասին: Հայաստանում լուսանկարիչները տեխնիկապես լավ տիրապետում են ֆոտոյին, տեխնիկական ասպեկտները շատ լավ են դասավանդում, բայց ավելին դեռ չեն անում: Մեզ մոտ շատ քիչ մարդ կա, որ դրսում մրցանակ է շահում: Դրսում ծանոթություններ ունենալու խնդիրը չկա, քանի որ համացանցի միջոցով ամեն բան հասանելի է հիմա:

Կովկասում առհասարակ ֆոտոկրթությունն ուժեղ չէ: Չեմ կարող ասել, որ մենք ավելի թույլ ենք, քան վրացիներն ու ադրբեջանցիները: Նրանց մոտ կան անհատներ, ովքեր ուժեղ են, բայց մեկ-երկուսի վրա չեմ կարող հիմնվել և ասել, որ նրանց շնորհիվ, ասենք, վրացական ֆոտոն ավելի ուժեղ է: Մենք նույն մակարդակի վրա ենք: Բայց այդ երեք ազգերից կամ ամբողջ Կովկասից ամենաշատ գործն արել են հայերը, որովհետև 19-րդ դարի վերջից և 20-րդ դարի սկիզբից Հայաստանից մինչև Իսրայել, ներառյալ` Թուրքիան, Իրանը, արաբական աշխարհի երկրները, լուսանկարիչները եղել են հայերը:

Շատ էի լսել այդ մասին. մինչև չգնացի, ինքս չտեսա: Բեյրութում կա «Arab Image Foundation»: Մեծ գրադարան ունեն, 600.000-ի չափ ֆոտոների արխիվ, որոնց մոտ 40-50 տոկոսը հայկական լուսանկարներ են: Ոչ թե նրանից է, որ հայերը տաղանդավոր էին, այլ այն հանգամանքից, որ իսլամը չէր ընդունում, որ մուսուլմաները զբաղվեն քիմիայով, իսկ ֆոտոն քիմիա էր: Դրա համար ամբողջ գործն իրենց ձեռքն էին վերցրել հայերը: Հիմա` չէ: Դրա համար կարծում եմ, որ մեզ մոտ պետք է զարգացնենք լուանկարչությունը, որպեսզի հետ գա այդ անունը: Հիմա չունենք, կորցրել ենք:

Այս գրադարանը սկիզբն է հաջորդ նախագծի: Դա դեռ գաղտնիք է: Ֆոտոյի արխիվներ պետք է բերել Հայաստան: Դրանք արդեն ֆոտոփաստաթղթեր են: Տվյալ դեպքում խոսքը ոչ թե լուսանկարչության կենտրոն ստեղծելու մասին է, այլ ֆոտոն` որպես փաստաթուղթ, օգնելու է հետազոտել պատմությունը: Տարբեր երկրներից կարող են գալ մարդիկ, ուսումնասիրեն ֆոտոարխիվները:

-Ի՞նչ թեմաների երբեք չես անդրադառնա:

-Կան բաներ, որոնք գիտեմ, որ չեմ կարող նկարել, օրինակ, կենդանիներին, ձկներին: Դրա համար մեծ փորձառություն է անհրաժեշտ: Չեմ մտածել կենդանիներ նկարել, բայց եթե իմանամ, որ Հայաստանում շատ են սպանում կենդանիներ, կնկարեմ, և կարող է ոչ մի կենդանի չլինել այդ նկարներում: Դրա համար ինձ պետք է գրավի թեման, իսկ կենդանիներ ունեմ ֆոտոներում, բայց կենդանիների պրոֆիլ նկարներ չեմ արել:

-Փորձե՞լ ես հասկանալ կյանքի կոնցեպտը կամ գտնել այն:

-Ոչ թե հասկացել եմ, երևի սխալ է հասկանալը, գտել եմ այն: Մի քանի տարի առաջ հասկացա, որ աշխատանքն է, շատ, խորը աշխատանքը: Շատ կարևոր է, որ քեզնից հետո քո գործը մնա: Իսկ մնալու համար պիտի խորը լինի գործը, իսկ խորը հեշտ չի լինում:

Կարեն Միրզոյանի լուսանկարը` Նարեկ Ալեքսանյանի

Կարեն Միրզոյանի ֆոտոպատմություններին կարող եք ծանոթանալ, մասնավորապես, այստեղ եւ այստեղ:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ