HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջոն Հոդյան. «Հայաստանը երաժշտության ֆանտաստիկ երկիր է, և բոլորը գիտեն դրա մասին»

Նաիրա Հայրապետյան

«Վսեմ և ինտելեկտուալ երաժշտություն» ,- այսպես է կոմպոզիտոր Ջոն Հոդյանի և երգչուհի, երգահան Բեթ Ուիլյամսի երաժշտությունը բնորոշել ամերիկյան թերթերից մեկը: Իսկ «Washington Post»-ն այն անվանել է «world» երաժշտության յուրահատուկ հիբրիդ, բանաստեղծական խոսքի և հրապուրիչ ռիթմերի ժամանակակից զուգակցում՝ որևէ ժանրի չպատկանող, սակայն միշտ դյուրին ճանաչվող և անկրկնելիորեն գեղեցիկ:

Ամերիկացի կոմպոզիտոր, դիրիժոր և դաշնակահար Ջոն Հոդյանը ստեղծագործում է տարբեր ժանրերում՝ դասականից ավանգարդ, ավանդականից ռոքի, ջազի էլեմենտներ և երբեմն զուգակցում այս ամենը: Նրա երաժշտությունը օգտագործվել է տարբեր ֆիլմերում, համագործակցելով թատերական գործիչների հետ՝ ստեղծել է նաև երաժշտություն թատրոնի համար, որը թողարկվել է  առանձին ձայնասկավառակով:

Բեթ Ուիլիամսն օժտված է չորս օկտավա ընդգրկող ձայնով, ինչպես նաև բեմական յուրահատուկ խառնվածքով: Նա երբ բեմ է դուրս գալիս, էներգիան պարզապես հոսում է դահլիճ, ինչ էլ որ երգելիս լինի: Բեթի ելույթները կենդանի շփում-երգխոսություն են հանդիսատեսի հետ: Այս երգչուհու կատարողական արվեստի մասին ասել են, թե պոետական երևակայությամբ է օժտված և անմիջապես գրավում է հանդիսատեսին՝ վարակիչ թակարդների և սուր ռիթմերի օգնությամբ:

Նա առավելապես հայտնի է «Բեթ Ուիլիամս Բենդ»-ով, իսկ Ջոնի հետ համատեղ՝ «Էփիֆընի Փրոջեքթ»-ով: Այս երկու նախագծերն էլ միմյանցից ծայրահեղ տարբեր աշխատանքներ են, ինչպես իրենք երաժիշտները: Երկուսն էլ փայլուն ընդունելություն և ճանաչում ունեն հատկապես ամերիկյան և գերմանական երաժշտական միջավայրում: Ամերիկացի այս զույգին հայ հանդիսատեսը առաջին անգամ հանդիպեց մի քանի տարի առաջ:

Նրանց լսելիս, հատկապես «Epiphany Project» –ում, այն տպավորությունն է ստեղծվում, թե ճանապարհորդում ես տարբեր դարաշրջաններում, տարբեր աշխարհամասերով և աշխարհի հին ժողովուրդների մշակույթների միջով: Նրանց ինքնատիպ երաժշտության մեջ միահյուսված են արևելքն ու արևմուտքը, դասականն ու ավանգարդ, ֆոլքն ու բլյուզը...

«Մեր երաժշտությունն ինչ-որ ոճի կամ ժանրի մեջ տեղավորելը շատ դժվար է, քանի որ ընդգրկում է տարբեր բնագավառներ,- ասում է Ջոնը.- ես այն «World Music»   կանվանեի»:

Նրանց համերգները շատ ջերմորեն ընդունվեցին և երաժիշտները հեռացան Հայաստանից շատ տպավորված: Ապա նորից եկան՝ նոր ծրագրերով, նոր բացահայտումներով:

«Հայաստանը երաժշտության ֆանտաստիկ երկիր է, և բոլորը գիտեն դրա մասին ,- ասում է Ջոնը,- հայ  երաժշտությունն ինձ հուզում է բոլոր  ժանրերում և ոճերում` լինի դասական, ժողովրդական, թե ջազային: Երևանն այդ առումով հրաշալի միջավայր է: Մենք այստեղ շատ երաժիշտ ընկերներ ունենք և շատերին ենք ճանաչում` Վահագն Հայրապետյան, Արտո Թունջբոյաջյան, Լիլիթ Պիպոյան,  Սաշան` մեր լավ ընկերը (խոսքն Ալեքսանդր Գրիգորյանի մասին է, հարվածային գործիքներ), «Լույս» վոկալ հնգյակի հրաշալի երգչուհիները և ուրիշներ: Նրանցից շատերը ձայնագրվել են մեր ալբոմներում, շատերի հետ համերգներ ենք ունեցել»:

Հաճախ հնչող այն կարծիքին, թե հայ հանդիսատեսը շատ պահանջկոտ է, ուստի ծափահարությունների մեջ ոչ այնքան շռայլ, Բեթը ասում է. «Շատ լավ հանդիսատես կա Հայաստանում, շատ ջերմ: Մենք տարբեր համերգներ ենք ունեցել, հայ հանդիսատեսը մեր հանդեպ շատ սիրալիր է: Ընդհանրապես, մի կարևոր բան կա.  հանդիսատեսը ընդունում է քեզ, թե ոչ, ինձ թվում է՝ կախված է նրանից, թե ինչ ես դու մատուցում: Եթե անկեղծ ես նրա հետ և գիտակցաբար ես դա անում, նրանք նույն կերպ փոխադարձում են»:

Ջոնը հիշում է, որ Հայաստանի մասին առաջին անգամ իմացել է իրենց տան ձայնապնակների վիթխարի հավաքածուից,  որը պատկանում էր իր հորը: Նա մոլի երաժշտասեր էր, և այդ հավաքածուն լի էր հայկական երգերով:

«Իմ տատն ու պապը վանից են, ես 100 տոկոսանոց հայ եմ, բայց ծնվել և մեծացել եմ Ամերիկայում: Իմ ծնողները միմյանց հետ խոսում էին հայերեն, բայց մեզ, չգիտեմ ինչու, չեն սովորեցրել: Մյուս կողմից՝ միակ երաժշտությունը, որ հնչում էր մեր տանը, հայկականն էր: Հայրս բազմաթիվ ընկերներ ուներ, նրանք հաճախ էին հավաքվում: Ես մասնակցել եմ հայկական ուրախ հարսանիքների, որտեղ ևս առնչվել եմ հայկական երաժշտությանը: Սակայն սովորելով երաժշտական դպրոցում՝ ուսումնասիրում էի դասական երաժշտություն, բացի այդ` ապրելով Ֆիլադելֆիայում, բնականաբար, լսում էի այն, ինչ հնչում էր իմ սերնդակիցների միջավայրում՝ R&B, «Բիթլզ» և այլն: Բայց հետո շատ բան փոխվեց. այն, ինչ իրականացնում ենք «Էփիֆընի փրոջեքթ» –ում, նաև հայկականի համադրումն է բազմաթիվ ոճերի հետ»:


Ի տարբերություն 100 տոկոսանոց, բայց առանց հայերենի ամուսնու, ուելսյան արմատներով Բեթ Ուիլիամսը որոշեց բացահայտել հայկական ոգին ոչ միայն երաժշտության, այլև խոսքի միջով.  նա սկսեց սովորել հայոց լեզու և երգել հայերենով: Ինքս անձամբ տեսել եմ, թե ինչպես մի անգամ, պարային ներկայացման պահին  նետվեց «Կարին» ազգագրական  խմբի շարքի մեջ և թեպետ հայկական պարից ոչ մի շարժում չգիտեր, կլանված ջանում էր սովորել և ճիշտ պարել:

2008 թ.–ին «Նարեկացի» արվեստի միության աջակցությամբ լույս տեսավ «Հին Տաղ» խորագրով ալբոմը, որը ձայնագրվել է հայ երաժիշտների մասնակցությամբ` Արտո Թունջբայաջյան, Արմեն Հյուսնունց, Արտյոմ Մանուկյան, Վարդան Գրիգորյան, Արմեն Այվազյան և ուրիշներ: Ինչպես հեղինակներն են բնութագրում, այս ձայնասկավառակն ընդգրկում էր բոլոր հնարավոր ոճերն ու ժանրերը` ջազից մինչև ֆոլկ, դասականից մինչև հինավուրց ժամերգությունները: Երգերը կատարվում են հայերենով, սանսկրիտով, արամեերենով, ղպտերենով և հին անգլերենով:

Բեթ - Երգելով ինձնից առաջ աշխարհ եկած մարդկանց բառերով` ես ուզում եմ օգտագործել իմ ձայնն իբրև միջոց` փոխանցելու այն, ինչ ես զգում եմ, երբ կարդում կամ արտաբերում եմ այդ խոսքերը: Եթե երբեմն սխալվում եմ դրանց արտասանության մեջ, հուսով եմ` կներեն նրանք ինձ: 

- Բեթ, հայերենը երաժշտակա՞ն լեզու է:

- Օ~,գեղեցիկ շատ-շատ գեղեցիկ. նույնիսկ ավելի գեղեցիկ, քան անգլերենը: Հայերենը պոետիկ լեզու է (խոսում է հայերենով, հետո դժվարանալով արտահայտվել՝ նորից անցնում է անգլերենի): Այս ձայնասկավառակում իմ ամենասիրելի ստեղծագործությունը Չարենցի բանաստեղծություններից մեկի հիման վրա գրված երգն է՝ «Ճամփա եմ ելնում ես ահա մենակ, քնարս է միայն ինձ հետ միասին…» և այլն. (Ե. Չարենց. «Ես այն չեմ այլևս») ես, իրոք, շատ սիրեցի այն, որովհետև երբ հասկացա, թե ինչ է ասում Չարենցը, կարծես միանգամից սրտիս դիպավ ու որոշեցինք երգ դարձնել: Երաժշտությունն էլ խոսքի նման սկսվում է հանգիստ, հետո դառնում է հզոր, ուժեղ մի ալիք ու...այն ինձ շատ մոտ է»:

Այժմ Ջ. Հոդյանը աշխատում է իր նոր հայկական նախագծի համար. այն կոչվում է «Նաղաշ անսամբլ», որը «Կարոտի երգեր» խորագրով արդեն հասցրել է ներկայանալ Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Հայաստանում, թողարկել ձայնասկավառակ: Այս անգամ կոմպոզիտորը ներշնչվել է հայ միջնադարյան տաղերգու, նկարիչ,  եկեղեցական գործիչ Մկրտիչ Նաղաշի տաղերից:

Յուրաքանչյուր համերգի սկզբում ընթերցվում էին բանաստեղծական հատվածներ տվյալ երկրի լեզվով, որոնց թարգմանության համար Ջոնը ստիպված էր ջանք ու եռանդ չխնայել: Միջնադարյան քնարերգության մեջ Մ. Նաղաշը առաջինն էր, ով ստեղծագործության նյութ դարձրեց պանդխտության թեման: Տարագիր բանաստեղծի կյանքն ու ստեղծագործությունը տպավորել են կոմպոզիտորին, Ջոնն ասում է, որ «Ղարիպի» երգերը հոգեհարազատ են իրեն և հասկանալի. «Ունենալով հայկական արմատներ՝ ես մեծացել եմ Ֆիլադելֆիայում, հետո տեղափոխվել Նյու Յորք, հիմա ապրում եմ Բեռլինում, ղարիպի տխուր կարգավիճակ,  որը իմն է և, թերևս, հայերի մեծ մասինը»: Նոր ստեղծագործության  գաղափարը առավել հեռվից էր գալիս,  իսկ ահա միջնադարյան  տաղերը եկան լցնելու և իմաստավորելու այն: Իրականում ամեն ինչ սկսվել էր այն պահից, երբ Ջ. Հոդյանը Գառնիում լսեց «Լույս» վոկալ հնգյակին:

Խմբի կատարմամբ հնչում էին հայկակական շարականները. և այն, ինչ փոխանցվել էր Ջոնին, հանգիստ չէր տալիս: Այդ ձայների ուղեկցությամբ՝ նա որոշեց նոր գործ ստեղծել` միջնադարյան հայկական ոգու ազդեցությամբ և միաժամանակ նոր խոսքով: «Նաղաշ»- ը համադրել է դասական վոկալն ու ազգային նվագարանները՝ ուդ, դուդուկ, դհոլ, որոնք երկխոսում են նաև դաշնամուրի և լարային նվագարանների հետ:

«Ինձ համար այս նախագիծը առանձնահատուկ է մի շարք հանգամանքներով. երգելիս ես գգում եմ, որ հոգիս կարծես հնչյունի վերածվի, շատ նուրբ ու զգացմունքային է այստեղ ամեն մի տողը: Ջոնը շատ մասնրամասն ուսումնասիրել է մեր ձայներն ու շարքը կառուցել հատուկ ամեն մեկիս համար՝ այսպիսով ձայնն ազատելով պայմանական կաղապարներից,- ասում է  երգչուհի Հասմիկ Բաղդասարյանը, ով «Լույս» վոկալ հնգյակի կազմում է նաև,- միավորելով երաժշտությունը Մկրտիչ Նաղաշի քնարերգության հետ՝ ազգային նվագարանների և վոկալի համադրությամբ ստեղծվել է մի նուրբ ու ներդաշնակ աշխարհ, որտեղ անհետանում է ժամանակի զգացողությունը»:

Ձայնը, հնչյունը միավորվել են միջնադարյան խոսքին ու գույնը, ինքնատիպ հնչողությամբ, ռիթմիկ և ժամանակակից մոտեցմամբ՝ ստեղծելով նոր երաժշտություն: Այս տարվա մայիսին «Նաղաշ»-ը նոր համերգաշարով պատրաստվում է շրջագայել Գերմանիայի մի քանի քաղաքներում: Հաջողություն և մեծ բեմեր մաղթենք այս նախագծին և բոլոր երաժիշտներին:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter