Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Նոր «Գանձասարի» հիմնադիրը ԶՊՄԿ-ի բարեգործական հիմնադրամն է



Այսօր «Միկա»-«Ալաշկերտ» հանդիպումով (1-1) մեկնարկեց Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 2014/15 թթ. առաջնության գարնանային փուլը: Չիմացողների համար ասենք, որ առաջնությունն անցկացվում է աշուն-գարուն մրցակարգով: Առաջնության վերսկսումից առաջ ֆուտբոլասերներին ամենաշատը երեւի հուզում էր Կապանի «Գանձասար» թիմի հարցը:

Այս թիմը ներկայացնող ակումբը` ««Գանձասար» ֆուտբոլային ակումբ» ՀԿ-ն, հայտնվել էր ֆինանսական խնդիրների առաջ: Ակումբի տերը ԶՊՄԿ-ի նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանն է: Քանի դեռ Հակոբյանը կոմբինատի ղեկավարն էր, հաջող էին ընթանում նաեւ «Գանձասարի» գործերը: 2002-ին հիմնադրված ակումբի թիմը 3 անգամ` 2008, 2011 եւ 2012/13 մրցաշրջաններում, դարձել է Հայաստանի բրոնզե մեդալակիր:

Ամեն ինչ փոխվեց այն բանից հետո, երբ անցյալ տարվա ամռանը ԶՊՄԿ-ի վերահսկիչ փաթեթին տիրապետող գերմանացի բաժնետերերը որոշեցին փոխել կոմբինատի ղեկավարությանը: Արդյունքում նոր ղեկավարները հրաժարվեցին նաեւ Հակոբյանի ակումբը ֆինանսավորելուց: Նրանց պայմանն այն էր, որ ակումբը մտնի գործարանի կազմի մեջ, այսինքն` դառնա ԶՄՊԿ-ի սեփականությունը, Մաքսիմ Հակոբյանն էլ հակադարձում էր, որ «Զանգեզուրի պղնամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն օրենքով չի կարող ՀԿ-ի տեր դառնալ: Փոխարենը նա պատրաստ էր գործարանին հանձնել ակումբի փաստացի ղեկավարումը` ներառյալ ապարատի ձեւավորումը, ղեկավար, վարչական կազմի ընտրությունը:   

Խնդրին միջամտեց ֆուտբոլի ֆեդերացիան այն բանից հետո, երբ ակումբի 28 մարզիչներն ու ֆուտբոլիստները նամակով դիմեցին ՀՖՖ-ին` լուծում գտնելու համար: ՀՖՖ-ի գործադիր կոմիտեի արտահերթ նիստում կողմերը եկան համաձայնության, եւ որոշվեց ստեղծել նոր ակումբ` «Գանձասար-Կապան» անունով: Իրավաբանական տեսնակյունից նոր ակումբը շահույթ հետապնդող կազմակերպություն է` ««Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբ» ՍՊԸ: Ընդ որում` Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 8 ակումբներից 5-ը ՀԿ-ներ են` «Փյունիկ», «Շիրակ», «Բանանց», «Միկա», «Ալաշկերտ»: «Արարատն» ու «Ուլիսն» էլ ՓԲԸ-ներ են:

«Գանձասար-Կապան»-ը գրանցվել է երկու օր առաջ` փետրվարի 27-ին: ՍՊԸ-ի հիմնադիրը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամն է, որն իր հերթին պատկանում է ԶՊՄԿ-ին: Նոր ակումբի իրավաբանական հասցեն ոչ թե Կապանն է, ինչպես ՀԿ-ի դեպքում էր, այլ Քաջարանը, ավելի կոնկրետ` ԶՊՄԿ-ի հասցեն:

Գործկոմի նիստից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասել էր, որ նոր ակումբը լինելու է Հակոբյանի ակումբի իրավահաջորդը: Ըստ նրա` բոլոր մարզիչներն ու ֆուտբոլիստներն այսուհետ հանդես կգան նոր ակումբում: Տեխնիկական պատճառներով հետաձգվել է «Փյունիկ»-«Գանձասար» հանդիպումը:

Այդուհանդերձ, նշենք, որ թե էլեկտրոնային ռեգիստրում, թե հարկ վճարողների էլեկտրոնային համակարգում Մաքսիմ Հակոբյանի ակումբի լուծարման մասին տեղեկություններ չկան, այնինչ եթե մի ընկերությունը դառնում է մյուսի իրավահաջորդը, նախորդը լուծարվում է:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Վարազ Սյունի (Ամստերդամ)00:49 - 2 մարտի, 2015
Դա լավ ու ճիշտ չէ, որ (օտարին պատկանող) մասնավոր հանքային մի ձեռնարկություն այդքան հասարակական-քաղաքական ազդեցություն է ձեռք բերում: Սա վտանգ է դեմոկրատիային: Եթե նոր ակումբի իրավաբական հասցեն արդեն ոչ թե Կապանն է, այլ Քաջարանը /ԶՊՄԿ-ի հասցեն, անու՞նն իբր ինչի են թողել «Գանձասար-Կապան». ակումբի նշանն էլ ԶՊՄԿ-ին է ներկայացնում (արջը՝ բանալին բերանում): .....................................................Ամենազարմանալի՛ն այն է,որ Կապանի քաղաքապետարանը այս հարցին չի խառնվել. սա ես բացարձակ չեմ հասկանում: Չէ որ այդ թիմը քաղա՛քն է ներկայացնում (նաև արտերկրում): Կապանի քաղաքապետարանը պիտի՛ միջնորդեր այս խնդրում. ակումբը, օրինակ, կարող էր գրանցվեր Կապանի քաղաքապետարանի իրավասության ներքո (կամ նման մի սխեմա), բայց ֆինանսավորվեր մասնավոր ձեռնարկություն ԶՊՄԿ-ի կողմից: Դե բայց Կապանի ներկա քաղաքապետն ու փոխքաղաքապետը Լիսկայի մարդիկ են. իսկ նախկին «Գանձասարը» Լիսկայի հակառակորդ Մաքսիմ Հակոբյանին էր պատկանում:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ