Շաբաթ, 22 սեպտեմբերի

Ալավերդու քաղաքապետերը թաքցրել են հողի հարկը չվճարելու պատճառները



Քաղաքապետի կարծիքով՝ հարկատուներին անհրաժեշտ է կարգապահություն սովորեցնել 

Տարածքային կառավարման նախարարությունը 2015թ.-ի փետրվարին իրականացրած ուսումնասիրությամբ պարզել է, որ Ալավերդի քաղաքին հողի հարկ վճարող 2100 հարկատուից 1415-ը համայնքի բյուջեին հարկ չի վճարում: Ստեղծված իրավիճակում համայնքի բյուջեի 2014թ.-ին նախատեսված 5,9 մլն դրամ հողի  հարկային  եկամուտների փաստացի մուտքերը կազմել է  3,5 մլն դրամ, որից   930 հազար դրամը իրավաբանական անձանց վճարած հողի հարկն է: 2014թ.-ին քաղաքապետարանը ֆիզիկական  անձանցից հավաքագրել է ընդամենը 2,6 մլն դրամ:

Բյուջեին հողի հարկի 2014թ.-ի ապառքը   2015թ.-ի հունվարի 1-ի դրությամբ կազմել է  է 9,7 մլն դրամ: Հարկեր չվճարող 1415 հարկատուներից 270-ը` սոցիալապես անապահով են, 456-ը` բացակայում են համայնքից, 599 հարկատու մահացել է, իսկ հողերի ժառանգությունը ոչ ոք չի ճանաչել, 90-ը` սեփականության վկայականներ չունեն: «Հարկ չվճարող 1415 հարկատուից, եթե մոտ 700 հարկատի մասով հիմնավորող հանգամանքներ կան` մահանալը, հանրապետությունից բացակայելը, կամ հողի ժառանգություն չընդունելը, ապա 700 հարկատուի մասով հողի հարկի վճարումից խուսափելու արդարացնող պատճառներ չեմ տեսնում»,- ասում է քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը:

Հողի հարկ վճարողները հիմնականում Ակներ եւ Սանահին գյուղական թաղամասերի գյուղացիներն են, ովքեր իրենց վարելահողերը չեն մշակում,  օգտագործում են որպես խոտհարքներ` ոռոգման ջուր չունենալու պատճառով:  «Գյուղում կտոր-կտոր  վարելահողեր ունեմ, հողի հարկս բարեխիղճ վճարում եմ: Ես իմ հողը չեմ մշակում: Ի՞նչ մշակեմ, կարո՞ւմ եմ, որ մշակեմ: Էտա մենակ խոտն եմ հնձում»,- ասում է Սանահին գյուղի բնակիչ Հրաչիկ Սիմոնյանը:  Վերջինիս ասելով՝ սանահինցիներից շատերն իրենց անունով սեփականաշնորհած հողերի տեղը չգիտեն:  

Սանահինի մեկ այլ գյուղացի, ով խնդրեց իր անունը չհրապարակել, ասաց. «Գյուղին  թող ոռոգման ջուր տան, մարդիկ կարողանան իրենց հողը մշակել, տես հլա ոնց են հարկերը հավեսով վճարում: Մաս-մաս է հողս, 600 մետր մի տեղա, 1200 մետր էլ մի տեղ ա, մի 1200 մետր այգին է եղել, որը հիմա վերացել ա: Էս բոլորի համար  տարեկան 12 հազար դրամ հարկս բարեխիղճ վճարում եմ: Հողերը լրիվ հանգուցյալ հորս վրա է գրված: Իմ վրա չեմ գրանցում, որովհետեւ դա ֆինանսական միջոցների հետ է կապված: Կադաստրում պետք է փող մուծեմ, նոտարին պետք է մուծեմ եւ այլն, բայց էդքան հնարավորություն չունեմ, ամիսը 40 հազար դրամ  թոշակ եմ ստանում»,-բացատրեց  զրուցակիցս:

Արտավազդ Վարոսյանը հարկատեսակներից հողի հարկի հավաքագրումը համարում է ամենադժվարինն ու խնդրահարույցը: Նրա ասելով՝ հողի հարկի տարեկան եկամուտներն իր կողմից կանխատեսվել է 2100 հարկատուի հաշվարկով: «Հարկ վճարում են դրանց 35%-ը, դրա համար էլ թերակատարվում է հողի հարկի հավաքագրումը»,- ասում է նա:

Արտավազդ Վարոսյանը

Այսուհանդերձ, 2014թ.-ին գրանցվել է 9,7 մլն դրամի հողի հարկի ապառք: Հողի հարկի բազայում տիրող վիճակը Ա. Վարոսյանը համարում է քաղաքապետարանի 2014թ.-ի ամենամեծ թերությունը եւ դա  գնահատում է որպես վատ աշխատանքի արդյունք: Հիշեցնենք, որ հողի հարկի բազայում տիրող վիճակը մեկ տարվա պատմություն չէ, այն քողարկել են նախկին բոլոր քաղաքապետերը՝ ամեն գնով սեփական հարկերի հավաքագրումը 100%-ով կատարելու Կառավարության պահանջի ներքո:

Դեռեւս 2008թ.-ին Կառավարությունը զիջել է համայնքի գյուղացիների 60 մլն դրամ հողի հարկի պարտքերը: Ներկայումս հողի հարկի ապառքները կազմում են 16 մլն դրամ: Ա. Վարոսյանի կարծիքով՝ հողի հարկն այն հարկն է, որը կապ չունի գյուղացու եկամուտ ստանալու հետ: «Դա գույքային հարկ է, որի վճարման հիմքը էդ գույքի առկայությունն է»,- բացատրում է նա եւ հավելում, որ հարկատուներին առաջին հերթին  անհրաժեշտ է  սովորեցնել կարգապահություն:

Այդ նպատակով, Ա. Վարոսյանի  որոշմամբ, քաղաքապետարանի աշխատակազմում 2014թ.-ին հարուցվել է 4 վարչական վարույթ` ԴԱՀԿ-ի միջոցով Ակներ գյուղի հողի հարկատուներ Ֆլորա Մորադյանից՝ 13,249 դրամ, Սաղաթել Մուրադյանից՝ 71,800 դրամ, Անահիտ Բաղդասարյանից՝ 14, 607 դրամ եւ Ռուսլան Սադաղյանից՝ 16,998 դրամ հարկերն ու տույժերը հօգուտ համայնքի բյուջե բռնագանձելու համար: Քաղաքապետի որոշումների մեջ նշվում է, որ  վերոնշյալ հարկատուներից  ոչ մեկը, թեեւ պատշաճ ծանուցվել, սակայն վարչական վարույթի լսումներին չեն մասնակցել:  Քաղաքապետարանի աշխատակազմի  գլխավոր մասնագետներ, իրավաբան Սասուն  Խեչումյանը եւ հարկավաքության պատասխանատու Արա Աբելյանը մեզ ներկայացրին Ալավերդու փոստային ծառայության միջոցով վերոնշյալ հարկատուներին ծանուցելու կտրոնների պատճեները:

«Ես որեւէ ծանուցում չեմ ստացել, հարկավաք տեսուչի պահանջով ներկայացել եմ քաղաքապետին, հարկիս մի մասը վճարել եմ, իսկ մյուս մասը պարտավորվել եմ վճարել մաս-մաս»,- ասաց Ռ. Սադաղյանը: Հարկերը մաս-մաս սկսել են վճարել նաեւ մյուս 3 հարկատուները: Վարչական լսումների հանձնաժողովը ներկայումս  նախապատրաստում  է  եւս  16 վարչական վարույթ:

Վարելահողերի մշակման գործում գյուղացիներին աջակցելու համար Ակներ եւ Սանահին գյուղական թաղամասերի ոռոգման ջրի խնդիրը քաղաքապետը հրատապ չի համարում: «Այսօր ճիշտ է, այդ գյուղերում դեռ չկա ոռոգման համակարգ, բայց մենք հողի հարկն էլ գանձում ենք էդ հողի կարգին համապատասխան: Մի քանի տարի առաջ Ակների եւ Սանահինի գյուղացիները խմելու ջուր էլ չունեին, բայց հիմա ունեն: Մի քանի տարի հետո էլ ոռոգման ջուր կունենան»,- հուսադրում է  Արտավազդ Վարոսյանը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ