HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գողացված երեխայի մոր բաց նամակը հասարակությանը

Հիշում եմ այդ օրը, այդ չարաբաստիկ օրը, երբ բաժանեցին ինձ իմ երեխայից. 2013թ-ն էր՝ հունիսի 15-ը, երեխայիս ծնվելուց 3 օր հետո: Եթե միայն իմանայի, թե ինչ է արժենալու ինձ և իմ երեխայի համար իմ միամտությունը, վստահությունը մի մարդու, ում պետք չէր վստահել:

Ամեն առավոտ արթնանում եմ և տեսնում եմ երեխայիս անկողինը դատարկ․․․

Հայրս մահացել է, երբ դպրոցական էի, ընտանիքիս անդամներից ամենից շատ հորս հետ էի կապված: Հորս մահից հետո ամուսնացա և հեռացա հայրական տնից: Ամուսնուս հետ երկար տարիներ չէինք կարողանում երեխա ունենալ, երեխա ունենալը ինձ համար երազանք էր դարձել… Մեր ամուսնությունից 5 տարի հետո ամուսինս մահացավ: Դրանից հետո ինձ համար շատ դժվար ժամանակներ սկսվեցին, խնդիրներս շատացան: Մայրանալու, երեխա ունենալու երազանքս ևս փշրվեց:

Որոշ ժամանակ ապրում էի ծնողիս տանը, սակայն գիտեի, որ չեմ կարող մշտական բնակվել այնտեղ: Սկսեցի աշխատանք փնտրել և որոշ ժամանակ հետո գտա ինձ համար շատ հարմար աշխատանք, աշխատում էի հյուրանոցում, ոչ տան վարձ պիտի տայի, ոչ ուտելիքի գումար:  Հենց այդ աշխատանքի վայրում էլ ծանոթացա մի տղամարդու հետ, ում հետ մտերմացանք, և քանի որ զգացմունք էլ կար, հարաբերություններ սկսվեցին: Ամիսներ անց իմացա, որ հղի եմ:

Ինձ համար դա մի հրաշք էր, որովհետև գիտեի, թե չեմ կարող երեխա ունենալ: Շատ անսպասելի էր, այդքան տարիներ շարունակ երազում էի երեխա ունենալու մասին, սակայն հասկացա, որ հղի եմ մի մարդուց, ով ընտանիք ունի, ու չգիտեի ինչ անել:

Գնացի ինձ ծանոթ բժշկի մոտ, վերջինիս դիմել էինք ամուսնուս հետ երեխա չունենալու խնդրով, և քանի որ նրա հետ մոտ էի, կիսվեցի, ասացի, որ չգիտեմ ոնց պետք է անեմ: Բժիշկն ինձ քաջալերեց, ասաց, որ միայն ես չեմ, ինձ նման մայրեր շատ կան ու ասաց, որ կարող եմ երեխային ունենալ, որովհետև վաղուց եմ ուզել երեխա ունենալ: Նաև առաջարկեց, մեկ այլ տարբերակ՝ ասաց, որ կան մարդիկ, որ կարող են ուղղակի երեխային վերցնեն և հոգ տանեն նրա մասին: Բնականաբար, ես հրաժարվեցի այդ տարբերակից:

Խորհուրդ տվեց խոսել հոր հետ: Ես այդպես էլ արեցի, չնայած կանխազգում էի, թե ինչ կասի. նա ասաց, որ ես աբորտ անեմ․․․ Այդ ժամանակ ամբողջ աշխարը կարծես շուռ եկավ գլխիս, ամեն ինչ ներկվեց սև ու սպիտակ գույներով: Սարսափելի էր այն միտքը, երբ մտածում էի, որ պետք է հեռացնեմ երեխայիս, չէի կարողանում համակերպվել այդ մտքի հետ և որոշեցի չանել  աբորտ:

Իմանալով որոշմանս մասին՝ բժիշկն ինձ խորհուրդ տվեց, որ հորը չասեմ որոշմանս մասին, ասեմ, որ երեխային հեռացրել եմ, որովհետև այդպես ապահով կլինի թե՛ ինձ, թե՛ երեխայիս համար: Այդպես էլ արեցի…

Երբ ես կապերս խզել էի երեխայի հոր հետ, չկար ուրիշ այլ մարդ, բացի բժշկից, ում ես կդիմեի և ում կվստահեի: Նա ինձ համար մոտիկ մարդ էր դարձել, ես ոչ մեկի հետ չէի կիսվում նրանից բացի, ո՛չ քույրիկիս, ո՛չ մորս, ով խուլ ու համր է, իսկ այլ հարազատներ էլ չունեի: Գիտեի, որ մի լավ ընկեր ունեի, որը բժիշկն էր: Ես անվերապահորեն վստահում էի նրան, նա իմ հետ կապված ամեն ինչ գիտեր: Այդ ընթացքում ընտանիքիցս ոչ մի աջակցություն չեմ ստացել:

Երբ հղիությանս վերջին ամիսներն էր, և ես էլ չեի կարող աշխատել, ստիպված էի թողնել աշխատանքս:  Քանի որ ուրիշ այլ տեղ չունեի գնալու, գնացի ծնողիս տուն:

Հղիությունս արդեն տեսանելի էր, քուրիկս խալաթ էր տալիս, ասում էր, քցի վրադ, որ  ոչ ոք չտեսնի: Հարևանները գալիս էին մեր տուն, բարձ էին բերում դնում կողքերս, որ չնկատեին, որ հղի եմ: Երկար ժամանակ ես նստած էի լինում: Չէի կարող հանգիստ դուրս գալ ման գալու, անհանգստանում էին, որ հանկարծ հարևանները չտեսնեն: Ինձ համար այդ ամենը շատ ճնշող էր, նորմալ չէի սնվում, շատ էի նեղվում: Մենակ էի գնում կոնսուլտացիայի, գլուխս պտտվում էր, բայց ոչ մեկ չկար կողքս, հարազատներից ոչ մեկ ինձ հետ չէր գալիս: Չէի դիմանում, երբեմն ինձ թվում էր, որ գոյություն չունեմ, միակ բանը, որ ստիպում էր ինձ սթափվել ու ուժ գտնել իմ մեջ՝ փոքրիկն էր իմ ներսում:

Զգում էի, որ իմ այս վիճակը նաև անրադառնումա երեխայիս վրա: Այս ամենի մասին տեղյակ էր նաև բժիշկը: Նա ինձ առաջարկեց ժամանակավոր բնակություն հաստատել իր ծանոթներից մեկի տանը: Ես էլ այլընտրանք չունեի, մտածեցի, որ խղճում են ինձ և ինձ օգնության ձեռք են մեկնում: Մտածում էի, որ երեխայիս ունենալուց հետո, կաշխատեմ և դուրս կգամ նրանց լավության տակից: Ինչ իմանայի, որ հենց այդ բարերար մարդը, այն մարդն է, որ գողանալու է երեխայիս:

Անծանոթ վայր, մենակ, վախ շատ կար, բայց քանի որ ես վստահում էի բժշկին և հասկանում էի, որ իմ երեխայի համար այսպես ավելի լավ կլինի, մնացած մտահոգություններն ինձ չէին վախեցնում, ես միայն մտածում էի երեխայիս մասին:

Հիվանդանոցում, դուրս գրվելու օրը երեխան գիրկս, ես ստորագրեցի թղթերը, չիմանալով, որ այդ թղթերի մեջ կար նաև երեխայի հայրության ճանաչման թուղթը, որը ստորագրելով, ես փաստորեն իմ իսկ ձեռքով ճանաչեցի այդ օտար մարդուն, որպես երեխայիս հայր:

Ինձ բժիշկն ասում էր, որ հիվանդանոցում այդ մարդուն ներյակայացնեմ, որպես իմ ամուսին: Ասում էր, կողքից լավ չի նայվի, որ ամուսին չունես, լավ կլինի, որ ինքը որպես ամուսին լինի, ու բացի այդ քեզ մոտ մարդ չկա եկող, որ սնունդ բերի, գոնե ինքը քեզ սնունդ կբերի, ու դրանից հետո ոչ մեկ ոչ մի բան չի էլ իմանալու:

Երեխայի դուրս գրման օրը նա եկել էր, որ ինձ տուն ուղեկցի, նրա հետ էր նաև իր բարեկամուհին: Երբ պետք է նստեինք տաքսի, որ տուն գնայինք, այդ կինը երեխային վերցրեց իր գիրկը, ասում էր մի քիչ թող մնա երեխան մոտս, մեկ ա՝ քոնն ա, ամբողջ օրը էնքան ես գրկելու: Տաքսին շարժվեց, մի տեսակ լարվածություն մեջս մտավ: Հետո ճանապարհին ասեցին, որ բժիշկը բան ունի ինձ ասելու, հենց այսօր պետք է գնանք իր մոտ: Ասում էի՝ ինչ կլինի թող մնա, զանգեք, իրեն ասեք հետո կխոսանք, ես լավ չեմ զգում ինձ, երեխան հետս է: Չլսեցին ինձ և միևնույն է մեքենան այդ ուղությամբ էր գնում, մեքենան ինձ ուղիղ տարավ Միքայելյան հիվանդանոց, այնտեղ ինձ ասեցին իջի մեքենայից, սկզբից չհամաձայնվեցի, հետո համոզեցին, թե բան չկա, խնդիր չկա, դու իջի բժիշկը հեսա գալիս է, ուղակի պիտի մի բան ասի ու գաս:

Իջա… մի 2 քայլ էի գնացել, մեքենան անմիջապես տեղից շարժվեց ու դուրս եկավ հիվանդանոցից: Էնքան արագ կատարվեց այդ ամենը, շոկային վիճակում էի, չէի հասկանում ինչ է կատարվում, բառեր չեմ գտնում նկարագրելու համար իմ ապրումները, ծնկներս թուլացան, ես ոտքի վրա կանգնած էի, բայց չէի զգում գետինը չգիտեի գոռամ, վազեմ մեքենայի հետևից, ինչ անեմ….

Չգիտեմ որտեղից բժիշկը հայտնվեց, թևիցս բռնեց, ասեցի, երեխայիս տարան, ո՞ւր տարան, ասեց՝ ամեն ինչ նորմալ է, արի բան կա խոսալու, ու նայում եմ՝ ժպտում է, այդ ժամանակ իմ վիճակը աննկարագրելի էր: Դրանից հետո տարավ ինձ նստացրեց իր մեքենան, ասաց, թե տեղ ունենք գնալու: Ես մտածեցի, որ ինքը ինձ մեքենա նստեցրեց, որ սթափվեմ, որովհետև չէի կարողանում քայլել, չգիտեմ  ոնց եմ ես գնացել հասել այդ մեքենայի մոտ: Ասաց, թե տեղ ունենք գնալու, ճանապարհին կբացատրեմ, ինքը նստեց ղեկին ու մեքենան քշեց, ասացի բա երեխաս, ասաց, Նարինե ջան խնդիր չկա, մեկ է այդ մարդիկ գիտես քեզ էլ են տիրություն արել, երեխայիդ էլ տիրություն կանեն: Ինձ հանգստացնում էր:

Երբ կրկին հանդիպեցի այդ մարդուն, ով տարել էր երեխայիս, նա ինձ ասաց՝ ես արդեն հայրություն եմ ճանաչել, երեխեն ապահով ձեռքերում է: Ես այդ ժամանակ նոր հասկացա, թե ինչը ինչոց է …

Չէի պատկերացնում, որ չեն տա երեխուս, բժիշկի մոտ էի գնում, ամեն օր, ասում էր ոչինչ, խնդիր չկա, փափուկ բարձ էր գլխիս տակ դնում, ասում էր հանգիստ եղիր, իրենց կասեմ, երեխուն կբերեն, խոմ երեխուն չկերա՞ն…

Դեպքից հետո ես դիմել եմ պատկան մարմիններին, հավատում եմ, որ ճշմարտությունը պիտի բացահայտվի, բայց այդ հավատը քիչ է: Դիմել եմ նաև երեխայիս իրական հորը օգնության համար, բայց լավ եմ հասկացել, որ իրեն ո՛չ ես եմ պետք, ո՛չ երեխան: Եվ նա շատ ուրախ կլիներ, որ մենք չլինեինք․․․

Երեխայիս գողացողները վստահեցնում էին, որ որտեղ էլ, որ գնամ, ում էլ որ դիմեմ, մեկ է, ոչինչ չեմ կարող անել, ասում էին՝ դու արդեն մեզ ես տվել երեխային, էլ քեզ չենք տա: Ես անպաշտպան էի, հասկանում էի, որ ինձ անհրաժեշտ է փաստաբան: Եվ ես սկսեցի դիմել փաստաբանական գրասենյակներ: Որոշ ժամանակ անցավ մինչև գտա մի փաստաբան, որ համաձայնվեց ինձ օգնել:

Չնայած, որ իմ հարազատների հետ եմ հիմա բնակվում, իմ կողքին են, ես մենակ եմ:

Չգիտեմ ինչ միջոցներով հակառակ կողմը կարողանում է լռեցնել արդարությունը, չեմ պատկերացնում ինչպես կարող են մորը զրկել մայրությունից, երեխային իր մորից ու մանկությունից:

Շատ եմ ցավում, որ կարողանում են քողարկել ճշմարտությունը, կարողանում են լռեցնել մոր ձայնը: Ես վախեցած եմ այս դեպքից հետո, փաստորեն հնարավոր է քո իսկ ձեռքերից գողանան քո երեխային, և դու չկարողանաս ոչինչ անել:

Ես սպասում եմ իմ երեխային ամեն օր, ամեն վարկյան: Չեմ ցանկանա, որ որևէ մայր ապրի այն ամենը ինչ ես եմ ապրել, չեմ ուզենա, որ որևէ երեխա մեծանա առանց իր մոր: Սարսափելի է մոր սպասումը, ով ամեն օր արթնանալով սպասում է այն օրվան, որ կտեսնի իր երեխային, կլինի նրա հետ:

Ամեն օր աղոթում եմ, մտքումս միշտ խոսում եմ երեխայիս հետ, ասում եմ նրան, որ կգա մի օր, որ միասին կլինենք, էլ չեմ թողնի ոչ մեկ մեզ բաժանի, որ ես թեև հեռու, բայց իր հետ եմ: Ուզում եմ նրան ամուր գրկել…

Այս դժվարություններին դիմակայելու համար ինձ ուժ է տալիս իմ երեխան, նա իմ ուժն է, իմ ամեն ինչը: Խնդրում եմ, օգնեք ինձ, օգնեք իմ երեխային, որպեսզի նրա մանկությունը չանցնի առանց մայրական սիրո եւ հոգատարության․․․ Ես վստահ եմ, որ երեխաս էլ է տառապում, քանի որ հեռու է իր մայրիկից։

Ես հույսով եմ և սպասում եմ, որ արդար ձևով ամեն ինչ կընթանա, ճշմարտությունը բացահայտվի, կլուսաբանվի: Ուզում եմ, որ ճշմարտությունը լույսի պես սփռվի, որ մարդիկ տեսնեն և իմանան իմ պատմության մասին, որ նման դեպքերը կանխվեն հետագայում: Շատ կուզենամ, որ մայրերը, ովքեր հնարավոր է, որ նման իրավիճակում հայտնվեն, չկրկնեն իմ նույն սխալները:

Ակնկալում եմ, որմեր արդարադատության համակարգը կլինի անաչառ,ճիշտ և արդար որոշում կկայացնի՝ վերականգնելով իմ և երեխայիս խախտված իրավունքները:

Գիտեմ, որ ժամանակը կգա և ես երեխայիս հետ կլինեմ, բայց որպես մայր ես չեմ կարող այդքան սպասել,ինձ համար յուրաքանչյուր վայրկյան առանց երեխայիս մի ամբողջ հավերժություն է թվում:

Ես երբեք չեմ դադարի պայքարել իմ երեխային հասնելու համար: Իմ երեխան է ինձ ուժ տալիս և այդ ուժը երբեք ինձ չի լքի:

Նարինե Նիկողոսյան

Մեկնաբանություններ (5)

Անահիտ
փաստորեն կինը եթե անգամ այդ ժամանակ իր ցանկությամբ ստորագրել է փաստաթղթերը՝ այժմ զղջում է եւ ուզում է վերադարձնել երեխային՝ չնայած չունի բնակարան ու ապրելու միջոցներ...գուցե նա փորձի կարգի բերել իր կյանքը, որ կարողանա պայքարել իր երեխայի համար, որը մի օր կվերադառնա...
Լեռնիկ
Հարգելի Susanna Harutyunyan, Ես Նարինեի գործով զբաղվող փաստաբանն եմ և ամենևին էլ պարապ չեմ: Խնդրում եմ որևէ մեկին մի վիրավորեք: Նարինեի ամուսինը մահանալուց մեկ տարի անց է Նարինեն հանդիպել իր և իր ամուսնու ծանոթին/ընկերներ չեն եղել/ ով ամուսնու մահից հետո օգնել է Նարինեին և մտերմացել են:
Լեռնիկ
Հարգելի Գայանե, երեխայից հրաժարվելու փաստաթուղթ Նարինեն չի ստորագրել, ծննդատնից դուրս գրվելու օրը վատառողջ Նարինեին բժիշկն անձամբ տարել է նոտարական գրասենյակ և հայտարարություն է վերցրել այն մասին, որ Նարինեն համաձայն է :
Ofelya
Բա մարդկային խիղճը ժողովուուուրդ...Միթե կարելի է այդպիսի հարված հասցնել մեկին, ով այդքան ցանկացել է ՄԱՅՐԱՆԱԼ: Ի վերջո հասել է այդ լուսավոր պահին ու....Այդ երեխան հաստատ համ ու հոտ չի տա պահողներին, քանզի գողացված>, կամ ինչպես ասում են քամու բերածը քամին կտանի:Ցավալի է, բայց մարդուն հատուկ երևույթ է...
Գայանե
Երեխայի հայրությունը կարող է նաեւ ոչ կենսաբանական հայրը ընդունել: Երեխայի հայրության ճանաչման թուղթը կարեւոր չէ, եթե մոր կողմից ստորագրված թուղթ ` երեխայից հրաժարվելու մասին, չկա: Իսկ եթե Նարինե Նիկողոսյանը այդ թուղթը ստորագրել է, մենք մեր հուզական մեկնաբանություններով նրան օգնել չենք կարող, միայն գրագետ փաստաբանը կարող է օգնել: Ցավալի է, որ մարդիկ չեն գիտակցում, որ որեւէ թղթի վրա առանց բովանդակությունը կարդալու կամ հասկանալու, չեն ստորագրում: Ստորագրելուց հետո բոլոր արդարացումները այլեւս արժեք չունեն, գոյություն ունի ստորագրված փաստաթուղթ իր իրավական hետեւանքներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter