HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

8-ից 8. վատ ուսանողը լավից էլ լա՞վ կհանձնի

Նարինե Ղազարյան 

Ուսման գնահատման կրեդիտային համակարգը դանդաղ և որոշ դժվարություններով գրավում է մեր կրթական ոլորտը: Ժամանակ առ ժամանակ հայտնաբերվում են թերություններ, մտցվում որոշակի ուղղումներ:

Պատահում է` դասախոսներից ոմանք չեն հասցնում լիովին տիրապետել գնահատման նոր կանոններին: Այդ դեպքերում դեկանատների հմուտ և փորձառու ղեկավարները մանրամասն բացատրում են դասախոսին իր անելիքը:

Վերջին տարիների հերթական փոփոխությունը վերաբերում էր առանց եզրափակիչ գնահատման դասընթացներին: Մասնավորապես, դա հաճախ կիրառվում է ֆիզմաթ ֆակուլտետներում: Խոսքն, օրինակ, այնպիսի առարկաների մասին է, որոնցում կարևոր է խնդիր լուծելու հմտությունը: Համաձայն գործող կարգի` կիսամյակի ընթացքում ուսանողները պարտավոր են հանձնել 2 ընթացիկ ստուգում: Յուրաքանչյուրում առաջարկվում է մի քանի առաջադրանք, որոնց գումարային առավելագույն գնահատականը 9 միավոր է: Այդ առաջադրանքի որ մասը ուսանողը կատարի, այդքան միավոր էլ կստանա: Կիսամյակի վերջում գումարվում են 2 ստուգման արդյունքները, և նա, ով չի հավաքի երկու քննությունից գումարային հնարավոր 18-ից (գումարած հաճախությունների 2 միավորը) առնվազն 8 միավոր, պիտի վերահանձնի առարկան լուծարքի ժամանակ: Մեխանիզմը հստակ է և միանշանակ:

Ինչ վերաբերում է վերահանձման ժամանակ ստացվող գնահատականին, ապա գոյություն ունի գնահատականի սահմանափակում: Համաձայն ԵՊՀ «Քննությունների վերահանձնումը» տեղեկագրքի` «Առանց եզրափակիչ գնահատման դասընթացի» դեպքում ուսանողն իր գնահատականը «լուծարքի շրջանում բարձրացնում է … մինչև անցողիկ 8-ը` վերահանձնելով անհրաժեշտ քանակի ընթացիկ ստուգումներ»:   

Ընթացիկ ստուգումների քանակը մեզ հետաքրքրող դեպքում, ինչպես նշեցի, երկուսն է: Ուստի, ուսանողները պարտավոր են վերահանձնել այդ երկուսն էլ, հատկապես այն ուսանողները, որոնք չէին մասնակցել ընթացիկ ստուգումներին կամ հավաքել էին 0 միավոր: Այսինքն` պիտի ստանային 18 միավորի առաջադրանք, որից գրեին առնվազն 8 միավորի ճիշտ պատասխան:  Բայց, եթե նույնիսկ ուսանողը հավաքի 8-ից ավել միավոր, իր գնահատականը,  միևնույն է, մնում է 8` չգերազանցելով այս սահմանային արժեքը:

Արդարացի՞ է, թե՞ ոչ գնահատականի սահմանափակումը` առանձին հարց է, որին հիմա չեմ անդրադառնա: 

Կարգը սահմանված է, ուստի պիտի գործի: Գրված է, որ պիտի վերահանձնեն ընթացիկ ստուգումներ, ուրեմն պիտի վերահանձնեն ընթացիկ ստուգումներ:  Թվում է` պարզ է և ակնհայտ:

Բայց, ենթադրաբար, պարզ և հասարակ տրամաբանությունը կտրուկ տարբերվում է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկանատում գործող տրամաբանությունից:

Ֆակուլտետի դեկանի տեղակալ Լ. Ասլանյանը «մոգոնեց», իսկ դեկան Ռ. Ավագյանը իրագործել տվեց գնահատման մի առանձնահատուկ եղանակ: Այն ուսանողների համար, որոնք տարբեր պատճառներով ներկա չեն եղել ընթացիկ ստուգումներին և ունեին 0 միավոր, կազմակերպվել էր ընդամենը 1 ստուգում 2-ի փոխարեն: Բայց դա դեռ ամենը չէ` իրենք պարտադրել են դասախոսին ընթացիկ ստուգման տոմսերը (9 միավոր արժեքով), առանց առաջադրանքը փոփոխելու, վերագնահատել 8 միավորի (խնդիրներից մեկի արժեքը ուղղակի նվազեցնելով 1 միավորով): Այսինքն` վերաքննվող ուսանողը պարտավոր էր իր տոմսը կատարել ամբողջությամբ` 8 հնարավոր միավորից 8-ը վաստակելու համար: Հակառակ դեպքում գնահատականը ստացվում էր անբավարար, քննությունն էլ` չհանձնած:

Ակնհայտ է, որ նույնիսկ լավ ուսանողները, հանձնելով գրավոր աշխատանքներ, կարող են մի փոքր թերանալ և սովորաբար ստանում են հնարավոր 9 միավորից 1-2-ով պակաս: Ուստի, միանգամայն անհասկանալի է, թե ինչպես վատ ուսանողը, որը հասել է լուծարքի, պիտի այդ նույն առաջադրանքը կատարի ամբողջությամբ և վաստակի միավորների 100%-ը: Ակնհայտ է, որ նման կերպ գնահատվող ուսանողը միանշանակ կստանա անբավարար գնահատական: Եվ, ի վերջո, դուրս կմնա համալսարանից:

Մյուս կողմից` դրանով ծանր վիճակի մեջ են գցում նաև դասախոսին: Նա կանգնած է ընտրության առջև` կամ դնել անբավարար գրեթե ամբողջ առարկան իմացող ուսանողին` դառնալով վերջինիս «թշնամին», կամ ուսանողին խղճալով` դիմել կեղծիքի և գրավոր աշխատանքի մեջ ավելացնել գնահատականը 1-2 միավորով: Ինչպե՞ս պիտի վարվի այդ դեպքում դասախոսը իր խղճի դեմ չգնալու համար:

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ ֆիզիկայի ֆակուլտետի դեկանատը, մեղմ ասած, տարօրինակ ձեւով է կազմակերպում ուսանողների գիտելիքների ստուգման գործընթացը: Եվ միայն ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանի միջամտության շնորհիվ օրինականությունը հնարավոր է լինում վերականգնել:

Առաջանում է հարցերի մի շարան` 

- Ինչպե՞ս երկար տարիներ այդ պաշտոնները զբաղեցնող դեկանը և իր տեղակալը կարող էին սխալ կազմակերպել վերաքննությունը: Իրենք երկուսով էլ սխա՞լ էին հասկացել գործող կարգը: Թե՞ իրենցից միայն մեկն էր սխալ հասկացել և համոզել մյուսին (իսկ այդ մյուսն էլ ուղղակի անտեղյակ էր):

- Մի՞թե իրենք չէին պատկերացնում, որ 8-ից 8 հավաքելը գրեթե անհնար է: Թե՞ իրենք կանխամտածված որոշել էին «կտրել» որոշ ուսանողների:

Իսկ միգուցե դա արված էր դասախոսներին դժվար կացության մեջ գցելու և ապագայում «բռի մեջ պահելու» նպատակո՞վ:

- Ինչպե՞ս էին իրենք անցկացնում այդ նույն լուծարքային ստուգումները նախորդ տարիներին: Ի վերջո, ո՞րն է այդ պաշտոնյաների գործունեության նպատակը: 

Դիմեցի ռեկտորատ` փորձելով ստանալ որևէ բացատրություն:

Ուսումնամեթոդական վարչության պետ Հ. Ժամհարյանը զարմացած էր: Նա ենթադրեց, որ, միգուցե ստուգումներ անցկացնելու այս եղանակը մշակել է ֆիզֆակի մեթոդխորհուրդը: Սակայն, ինչպես պարզեցի, մեթոդխորհուրդը վերջին տարիներին նման բան չի քննարկել: Առավելևս, չի որոշել, որովհետև, համաձայն կանոնակարգի, ընդհանրապես որոշում ընդունելու իրավունք չունի:

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ա. Գրիգորյանը նույնպես զարմացավ` լսելով գնահատման այդպիսի ձևի մասին: Նա միանգամայն անկեղծ հավաստիացնում էր ինձ, որ համալսարանում ընդանրապես գոյություն չունեն  8-միավորանի տոմսեր: Եվ դա այն բանից հետո, որ ես տեսել էի այդ տոմսերն իմ սեփական աչքերով:

Փաստորեն, ռեկտորատ այցելելուց հետո հարցերս ոչ թե պակասեցին, այլ ավելացան:

Ինչու՞ է ուսումնամեթոդական վարչության պետը կողմնակի անձից տեղեկանում, թե ինչպես են անցկացվում վերաքննությունները: Ինչպե՞ս պատահեց, որ պրոռեկտոր Գրիգորյանը տեղյակ չէր ֆիզֆակում 8-միավորանի տոմսերի մասին: Արդյո՞ք ուսումնական վարչությունը թույլատրում է դեկանատներին անցկացնել վերաքննական ստուգումները իրենց ուզած ձեւով:  Թե՞ ֆիզֆակը բացառություն է, որից հոգնել և «ձեռք են քաշել»:

Եվ քանի՞ անգամ ռեկտորատը և անձամբ ռեկտորը, թողնելով իրենց անմիջական գործերը, պիտի զբաղվեն ֆիզիկայի ֆակուլտետի դեկանատի ստեղծած պրոբլեմներն ուղղելով:

Լուսանկարը՝ a1plus.am-ի

Մեկնաբանություններ (1)

Վարդան
Ինչքանով որ ես տեղյակ եմ նյութը չի համապատասխանում իրականությունը: Արդյո՞ք խմբագրությունից որևէ մեկը ստուգել է իսկությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter