HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ճահճուտի տիրակալները

Երբ «Երևան Մոլ»-ում որոշվեց անցկացնել այսպես կոչված ձրի հեռուստացույցների արշավը, որը վերածվեց վայրենի գոյապայքարի, թվաց, թե դա զուտ կազմակերպիչների մարքեթինգային կրեատիվ մտահղացման չհաջողված արգասիքն է:

Բայց ահա օրերս մոտավորապես նման մի ակցիա էլ կազմակերպեց հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը, ով որոշել էր գարնան աառաջին օրվա կապակցությամբ 10 000-ական դրամ բաժանել բնակչությանը: Արդյունքում նրա տան ու պահեստների մոտ ստեղծվել էր մոտավորապես այն վիճակը, ինչ «Երևան Մոլ»-ի մոտ:

Անկախ նրանից՝ որն էր այս ակցիաների իրական նպատակը, դրանք կառուցված էին մարդկային բնազդների խաղարկման, արժանապատվության ստորացման վրա: Հավանաբար, ոմանք որոշել են թարմ պահել ընտրակաշառքների հանրային սպասելիքները՝ միաժամանակ ցույց տալով, թե ինչպիսի ողբալի պրիմիտիվության է հասել հասարակությունը, ինչպես է նա սահուն կերպով հանրությունից վերածվում խառնամբոխի՝ առաջնորդվելով սոսկ «հոտին» բնորոշ բնազդներով ու դրանից բխող վարքագծով:

Պրիմիտիվացման նույնպիսի զուգահեռ գործընթաց է տեղի ունենում քաղաքական դաշտում: Տարբերությունը միայն մեթոդաբանության և գործիքակազմի մեջ է: Բովանդակային առումով թույլ, խոցելի իշխանությունը ողջ քաղաքական համակարգը և գործընթացները դուրս է բերել քաղաքական տրամաբանության շրջանակից և հաստատում է խաղի բոլորովին այլ, «բազարային» կանոններ: Ու քանի որ քաղաքական դաշտի գրեթե բոլոր խաղացողների հոգեբանությունը ոչնչով չի տարբերվում 10 000 դրամի համար հերթ կանգնող խառնամբոխի հոգեբանությունից, բոլորը հարմարվել են հաստատվող այդ կանոններին, որոնք ամայացրել են քաղաքական համակարգը` վերացնելով առողջ դիմադրության գրեթե բոլոր օջախները: Իշխանությունը հաջողել է ոչ միայն իրենից հեռացնել ստեղծված այս վիճակի պատասխանատվությունը, այլև նվազագույնի հասցնել դրա հանրային ու քաղաքական ընկալումը:

ԱԺ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները նախորդ շաբաթ հրճվանքով հետևում էին, թե ինչպես է կառավարման ճգնաժամի վերաբերյալ հայտարարության նախագծի քննարկումը վերածվում ընդդիմության ճգնաժամի հարցի քննարկման: Քննարկումը ծավալվում էր երկու հիմնական գաղափարական առանցքի շուրջ. նախ՝ ընդդիմությունը ոչնչով չի տարբերվում իշխանությունից, քանի որ ունի նույն տեսլականը, նույն աշխարհըմբռնումը, նույն օրիենտացիան:

Երկրորդ՝ ընդդիմությունը շարունակաբար պարտություն է կրում, այլևս չի վայելում հանրության վստահությունը: Ու քանի որ դեռ հաղթող ընդդիմություն չկա, միանգամայն օրինաչափ ու բնական է, որ իշխանությունը, որի որակը մյուսներից լավը չէ, միշտ հաղթելու է:

Փաստորեն, իշխանության բոլոր ձախողումների, սխալների պատճառը սկսել է ընկալվել ոչ թե իշխանությունն ինքը, որն իրական պատասխանատվություն է կրում դրա համար և ունի իրավիճակը փոխելու բավարար լծակներ, այլ, փաստորեն, ընդդիմությունը, որը կամ չի ցանկանում, կամ չի կարողանում կանգնեցնել այդ ընթացքը: Եվ ընդդիմության այդ անկարողությունը իշխանությունը հետևողականորեն վերածում է իր լկտիացումը լեգիտիմացնող, արդարացնող գործոնի:

Նման իշխանության պարագայում չի քննարկվում նրա գործողությունների օրինականությունը կամ տրամաբանականությունը: Եվ զարմանալի չէ, որ չի քննարկվում, օրինակ, այն հարցը, թե արդյոք հանրապետության նախագահն ունե՞ր իրավունք հրահանգելու պատգամավորին զրկել մանդատից անհարգելի բացակայությունների պատճառով, երբ այդ բացակայություններն արդեն ճանաչվել էին հարգելի: Կամ՝ եթե բացակայություններն իսկապես անհարգելի էին, ապա ի՞նչ հիմքով է ԱԺ նախագահը դրանք ճանաչել հարգելի: Նման հարցերն այլևս ակտուալ չեն, որովհետև ակտուալ չէ քննարկման առարկա դարձնել մի իշխանության վարքագիծ, որից կարելի է սպասել ամեն ինչ՝ զուտ այն պատճառով, որ չկա նրան հեռացնող այլընտրանքը:

Հանրապետական կուսակցության պատգամավորները չեն նեղանում, երբ Նիկոլ Փաշինյանը ընդդիմության փլուզումը, կրախը նկարագրելիս իշխանությանը որակում է «հանցագործ, բիրտ, կոռումպացված, մարդասպան» ածականներով: Կառավարման ճգնաժամի հայտարարության նախագծի քննարկման ժամանակ նրանցից որևէ մեկը այդ ածականները կարծես թե չվիճարկեց, որովհետև առաջնորդվում էին բացառապես այն մտայնությամբ, որ իրենց ուղղված մեղադրանքներն օգտագործվում են... ընդդիմության իրական, ցեխոտ պատկերը բացահայտելուն, և որ, փաստորեն, ուզում էին ցույց տալ, թե ինչպես է ընդդիմությունը իրար հոշոտում միայն այն բանի համար, որ չի կարողանում ձերբազատվել իրենցից՝ այսինքն իշխանությունից: Հանուն այս տեսարանի՝ ԱԺ մեծամասնության պատգամավորները ակամա հաստատեցին, որ ճշգրիտ են դրանց վերաբերյալ հանրության մոտ ձևավորված պատկերացումները: Այսինքն` նորմալ և միանգամայն օրինաչափ է, որ իշխանությունը կարող է հրեշ լինել, քանի դեռ չի եկել ինչ-որ մեկը և չի կտրել այդ հրեշի բոլոր գլուխները: Իշխանությունն իրեն, փաստորեն, առավելագույնս հարմարավետ է զգում իրեն ուղղված բոլոր որակումներում, մեղադրանքներում, երբեմն նաև հայհոյանքներում՝ իմունիտետ ձեռք բերելով դրանց նկատմամբ և առաջնորդվելով շատ պարզ մի տրամաբանությամբ. «Դուք խոսեք ինչպես ու ինչքան ուզում եք, մենք կանենք ինչպես ու ինչքան ուզում ենք»:

Քաղաքական պայքարը դուրս է եկել արժեքների միջև կամ արժեքի ու հակաարժեքի միջև ընտրություն կատարելու միջակայքից ու տեղափոխվել հակաարժեքների միջև ընտրության դաշտ: Որպեսզի իշխանությունը թաքցնի իր վրայից փչող՝ ամենակարողության, անփոփոխելիության և անպատժելիության սինդրոմներից ձևավորված ճահճի գարշահոտը, չի գնում փչացած ընդդիմությունից տաբերվելու, ինքնադաստիարակվելու, ինքնամաքրվելու, «լողանալու» ճանապարհով: Այլ ձգտում է ողջ քաղաքական-հասարակական համակարգը հնարավորինս խորը թաղել այն նույն ճահճում, որտեղ ինքն է, որպեսզի այդ գարշահոտը գա ոչ միայն իրենից, այլ բոլորից համատարած:

Պատճառն առավել քան պարզ է` երբ բոլորն են ցեխի մեջ, բոլորն են ապականված, ի՞նչ տարբերություն` թե ով է այդ ճահճուտի տիրակալը: Միայն այդ դեպքում է հնարավոր սեփական պատասխանատվությունը հավասարապես ցրել բոլորի վրա՝ արենայում չթողնելով որևէ մաքուր էլեմենտ, ով կհամարձակվի ասել, որ արքան մերկ է ու չի մեղադրվի խելագար լինելու մեջ:

Միայն այդ ժամանակ ոչ ոք ուշադրություն չի դարձնում այն հանգամանքին, որ ճահիճը չորացնելու, օդը մաքրելու ունակ, պոտենցիալ առողջ ուժերի ու անհատների մուտքը համակարգ խստիվ արգելված է, իսկ այն աղբյուրները, որտեղից պետք է հոսի տարածքը մաքրելու համար անհրաժեշտ մաքուր ջուրը, վաղուց արդեն թունավորվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter