Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Ֆանտաստ գրող. «Ապագայի տեսության մեջ մեծ կոլապս է տեղի ունենում»



Հարցազրույց ֆանտաստ գրող, ֆանտաստիկ գրական թերթի՝ «Այլ քաղաքի» խմբագիր Վահե Ղուկասյանի հետ

Հայաստանում ֆանտաստիկ գրականության ավանդույթները վերականգնելու համար ֆանտաստ գրող Վահե Ղուկասյանը և գինեգործությամբ զբաղվող Ֆրունզ Հարությունյանը, ով, ըստ Վահեի, ֆանտաստ գրականության գիտակ է, ստեղծել են նոր գրական ամսաթերթ: Առաջին համարը լույս է տեսել փետրվարի 27-ին՝ 500 տպաքանակով: Այն կոչվում է «Այլ քաղաք»: Թերթն ունի հստակ ուղղվածություն՝ ֆանտաստ գրականությամբ հետաքրքրվածների և ֆանտաստ գրողների համար է: Վահեն ասում է, որ Հայաստանում առայժմ միակ թերթն է, որ ունի որոշակի ուղղվածություն: «Այլ քաղաքի» անվանումն էլ պատահաբար է ծագել: Գրողը նկատում է, որ Հայաստանում ֆանտաստիկայի դպրոց էր գործում, ավանդույթներ կային, որոնք այսօր մոռացվել են: Դրանք, ըստ Վահեի, ժամանակի համար գուցե պայծառ կամ ուժեղ չեն եղել, բայց համենայն դեպս, եղել են: Այնուհետև ավելացնում է, որ Հայաստանում գործունեություն է ծավալել նաև Էդուարդ Գևորգյանը, ով հետագայում մեծ ազդեցություն է ունեցել ռուսական ֆանտաստիկ գրականության մեջ:

-Վահե, ֆանտաստ գրականությունը կամ, ինչպես ոմանք են ասում, գերիրականության մասին պատմող նյութերը սովորաբար ներկայացնում են մարդկության ապագայի կանխեսումները: Ի՞նչ է կատարվում գերիրականության մեջ:

-Ծանոթ լինելով համաշխարհային գրականության մեջ ֆանտաստիկայի դերին և նկատվող միտումներին՝ հիմա ֆանտաստիկան մի քիչ լճացած է աշխարհում, որովհետև ապագայի տեսիլքներն այդքան էլ պայծառ չեն, կարելի է ասել, հոռետեսական են: Հեղինակներն ավելի շատ հակվում են գրել պոստապոկալիպտիկաներ, որոնք ապագայի տեսանկյունից հրաշալի բաներ չեն ներկայացնում: Տեխնիկան զարգանում է, ամեն բան զարգանում է, բայց դրանց շնորհիվ ֆանտաստ գրողներն ավելի շատ շեշտը դնում են մարդկանց բարոյական պատկերի վրա, թե տեխնիկայի զարգացումն ինչքան վատ հետևանքներ կարող է ունենալ: Իսկ պայծառ ֆանտաստիկան, որ անցյալ դարի 60-70-ական թթ.-ին կար, ուտոպիաներ էին փորձում գծել կամ պատկերացնել, այդ լավատեսությունն այսօր, կարծես, պակասում է ֆանտաստիկայի մեջ:

-Ստացվում է, որ մարդկության ապագան պայծառ չեն պատկերացնում անգամ ֆանտաստնե՞րը:

-Իրականում ապագայի տեսության մեջ մեծ կոլապս է տեղի ունենում: 20-րդ դարի դասական ֆանտաստները, ովքեր, կարելի է ասել, ժանրի հիմնադիրներն են, կանգնած են հենց այդ գիտական ֆանտաստիկայի աղբյուրի մոտ՝ Ազիմովը, Քլարքը, Սայմակը, ռուսական ֆանտաստիկայից՝ Եփրեմովը կամ Ստրուգացկի եղբայրները: Նրանցից ոչ մեկը չէր կարող ենթադրել, որ ի հայտ կգան թվային տեխնոլոգիաներ, ի հայտ կգա ինտերնետ, և, ընդհանրապես, աշխարհի քաղաքակրթությանը տեխնիկայի զարգացումն այդ հուն կտեղափոխի: Դա անկանխատեսելի էր՝ բացառությամբ որոշ դեպքերի: Օրինակ, Ազիմովի մոտ ռոբոտների մասին շարքում պազիտրոնային ուղեղների մասին տեսություն կա: Դրանք մեծ հաշվով ներկայացնում են թվային տեխնոլոգիաներ՝ առանց խորանալով դրանում:

-Այսպիսի մի կարծիք կա, որ ներկայում նկատվում է կոնցեպտուալ ճգնաժամ, և հիմա պարզվում է, որ գերիրականության մեջ ևս նկատելի է: Ինչպիսի՞ն են իրականության և գերիրականության «հարաբերությունները»:

-Երբ ասում էի, որ ապագայի տեսիլքները հոռետեսական են, դա ուղիղ պայմանավորված է ներկայի ճգնաժամով: Ի դեպ, վերջերս այդ թեմայով երկար խոսում էինք Ֆրունզի հետ և եկանք այն եզրահանգման, որ հիմիկվա քաղաքակրթությունն սկսում է լճանալ: Ի՞նչ ենք տեսնում. վերջին 20 տարիներին աննախադեպ բում եղավ, թվային տեխնոլոգիաների շնորհիվ տեխնիկան լրիվ ուրիշ տեսք ստացավ, դրա արդյունքում կորան մարդկային որոշ երազանքներ: 20-րդ դարում մարդիկ, ովքեր սիրում էին ֆանտաստիկան կամ հետաքրքրություն ունեին գիտության հանդեպ, առաջնակարգ օրակարգում էր մոլորակներ նվաճելը, ավելի հեռու գնալը, տիեզերքն ուսումնասիրելը, թեկուզ սոցիալական էքսպերիմենտներ անելը, հիմա ամեն ինչ հանգել է նրան, թե հաջորդ «iPhone»-ը քանի միլիմետրով բարակ կլինի: Չհաշվենք, որ հիմա Մարսի գաղութացման ոչ պետական ծրագիր կա: 50 կին և 50 տղամարդ են ընտրել, որպեսզի ուղարկեն Մարս: Դա հովանավորվում է հոլանդացի միլիարդատերի կողմից: Առաջատար տիեզերական երկրները՝ Ամերիկան, Ռուսաստանը և Եվրամիությունը, ռեսուրս չեն տրամադրում դրա համար: Դա ուղղակի այդ մարդու ամբիցիան կամ պատվերն է: Այդ առումով իրական կյանքի լճացումն ուղիղ համեմատական է ապագայի կանխատեսումների հոռետեսությանը:

-Եվ ինչպե՞ս կբնութագրես ստեղծված իրավիճակը:

-Քանի որ բնույթով լավատես եմ, մտածում եմ, որ սա ինչ-որ համեմատական լճացում է, որից հետո կլինի մեծ ցատկ դեպի առաջ կամ գուցե դեպի հետ. չգիտեմ, բայց մեծ ցատկ կլինի: «Դեպի առաջ կամ դեպի հետ»-ը, ֆանտաստիկայի տերմինով ասած, ուտոպիա կամ անտիուտոպիա է, որը նաև պոստապոկալիպտիկ դրսևորում է: Հիմա կա՛մ տեխնոլոգիաներն այնքան կզարգանան, որ մենք դուրս կգանք ինչ-որ գիտակցության կամ զարգացվածության լրիվ ուրիշ մակարդակ՝ ավելի բարձր, կա՛մ կդեգրադացվենք: Դա` գլոբալ առումով:

Հայաստանում ֆանտաստ գրողի համար բավական դժվարություններ են առաջանում` թեկուզ գիտակցության առումով ավելի հեռուն նայելու համար: Օրինակ, ուզում էի գրել ֆանտաստիկա ապագայի մասին, և առաջին պատմվածքներս հենց այդպիսին էին, ավելի շատ շեշտը դրել էի ապագայի, գլոբալիզացված աշխարհի վրա, քան ներմարդկային կամ ներազգային խնդիրների: Բայց հիմա երբ նայում եմ իմ գրածները, աստիճանաբար գալիս է դետալիզացնելը: Եվ ստացվում է քաղաքական ֆանտաստիկայի պես մի բան, որը սահմանափակված է հայաստանյան խնդիրներով: Այսինքն՝ հայ հեղինակի համար գրել Մարսի գաղութացման մասին մի քիչ դժվար է, երբ երկրի ներսում ոչ առողջ միջավայր է, երկրի դրսում` սահմանային լարվածություն թշնամի պետություններին հետ: Այդ առումով արգելակում է: Այս փուլում դա լուրջ խոչընդոտ է հայկական ֆանտաստիկայի համար, ուրիշ բան, որ ֆանտաստիկան կարող է ադապտացվել: Ֆանտաստիկայի ժանրն այնքան ճկուն է, որ ցանկացած իրավիճակում կարող է ադապտացվել ցանկացած իրավիճակի:

Երբ քաղաքական ֆանտաստիկայի իմ պատմվածքները մամուլում տպագրվում էին, ես էլ ոգեշնչված էի, անընդհատ մտածում էի այդ թեմայով, բայց հետո զգացի, որ ոչ մի նոր բան, ըստ էության, չեմ գրում: Համարյա նույն բանն էի գրում տարբեր դեկորացիաներով: Իսկ թերթի նպատակներից մեկն էլ այն է, որ ստեղծենք առողջ մթնոլորտ: Մենք այսպես ենք մտածում. քանի ֆանտաստիկայի թերթը կա, կամ այս թերթը չէ, ցանկացած ուրիշ պլատֆորմ եթե լինի ցանկացած ժանրում, մարդիկ իրենց միտքը կկարողանան սևեռել ոչ թե երկրի մասշտաբով գլոբալ խնդրի վրա, այլ ինչ-որ խնդրի, որ գլոբալ է աշխարհի մասշտաբով: Պարադոսքային բան է լինում, բայց ուզում ենք, որ Հայաստանի ֆանտաստները գրեն ոչ թե Հայաստանի իրականությամբ սահմանափակված ֆանտաստիկա, այլ նայեն ավելի հեռու, ավելի լայն: Ապահովության զգացումը, որ իրենց գրածը մի տեղ կհրապարակվի, ուզում ենք ապահովել նաև այս թերթով: Դա է գլխավոր նպատակը:

-Քանի որ թերթի անունը՝ «Այլ քաղաք» է, տարբեր մտապատկերներով քաղաք է կառուցում մեր գիտակցության մեջ, հետաքրքիր է իմանալ՝ դու ո՞ր քաղաքում ես ավելի լավ զգում՝ ա՞յս, թե՞ այլ:

-(Ծիծաղում է): Ամեն մեկի մոտ տարբեր մտապատկերներ են առաջանում: «Հայմամուլի» հետ գործնական հանդիպումներից մեկի ժամանակ, տնօրենը թերթը վերցրեց, նայեց-նայեց, ասաց՝ սա ի՞նչ թերթ է: Ասացի՝ դե, գրական ֆանտաստիկ թերթ է: Ինքն էլ ասաց, թե մտածում էր քաղաքական, հեղափոխական թերթ է:

Նպատակներից մեկն էլ այն է, որ լայն մտածելու համար այլ կերպ պետք է մտածել: Հենց այս քաղաքն այլ քաղաք է ինձ համար: Հաճելի խնդիր ունենալով՝ ստեղծագործությունների համար թեմա կամ նյութ գտնելու, երկար ժամանակ է նայում եմ քաղաքին ուրիշ պրիզմայով՝ փորձելով գտնել ուրիշ բաներ:

-Ֆանտաստները լավատե՞ս են:

-Ներկա պահին քանի գնում հոռետես են դառնում, բայց ընդհանրապես լավատես պիտի լինել: Այստեղ այն դիլեման է առաջանում, որ եթե վատատես ենք, էլ ինչի՞ համար ենք ապրում: Եթե ապագան տեսնում ենք վատ գույներով, ամեն բան, ոնց որ, իմաստազրկվում է: Իսկ որ իմաստավորվի, պետք է անել պայծառ բաներ, դրականորեն նայել հեռվին:

Լուս.` Վ. Ղուկասյանի ֆեյսբուքյան էջից


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ