HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Պետրոսյանի գործով տուժողներն ունեն երեք պահանջ

Երեկ լրացավ Վարդան Պետրոսյանի վերաբերյալ գործով վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետը: Վարդան Պետրոսյանի փաստաբանը դեռ հունվարի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հրապարակած դատավճռից հետո հայտնել էր, որ վերաքննիչ բողոք իրենք չեն ներկայացնելու:

Երեկ վերաքննիչ բողոք է ներկայացրել տուժող կողմը: Այս մասին «Հետքի» հետ զրույցում հայտնեց Հակոբյան ընտանիքների ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանը՝ նշելով, որ երեք պահանջ են առանձնացրել:

Առաջինը վերաբերում է տուժող Տաթևիկ Հակոբյանի բուժմանը: Բողոքում նշվել է շուրջ 8 մլն դրամի պահանջ. «Մենք կրճատել ենք քաղաքացիական հայցի չափը: Հանել ենք փաստաբանական ծառայության գումարը»,- ասաց Ռուբեն Բալոյանը՝ ավելացնելով, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն իրավունք չուներ հայցը թողնել առանց քննության: «Գտնում ենք, որ առաջին ատյանի դատարանը խախտում է արել, քանի որ դա հանցագործությամբ պատճառված անմիջական վնաս է: Առաջին ատյանում ես միջնորդեցի, որ հանձնաժողով կազմվի, որպեսզի մասնագետները պարզեն, թե որքան կտևի Տաթևիկ Հակոբյանի հետագա բուժումը: Այդ միջնորդությունը մերժվեց: Բայց այն պնդելու եմ նաև Վերաքննիչ դատարանում: Բողոքում խնդրել ենք, որ այն քննվի վերաքննության, ոչ թե վճռաբեկության կարգով»,- մեզ հետ զրույցում ընդգծեց փաստաբանը:

Հակոբյանների երկրորդ պահանջը Վարդան Պետրոսյանի պատժի մասին է: Բողոքում փաստաբան Բալոյանը նշել է, որ Պետրոսյանը պետք է դատապարտվեր առնվազն 6 տարվա ազատազրկման: «Հիմնավորումը հետևյալն է. նախ դատարանը հաշվի չի առել, որ բացի երկու մահից, կան մեկ ծանր և երեք միջին ծանրության մարմնական վնասվածքներով քաղաքացիներ: Հաշվի չի առնվել, որ տուժող կողմը բողոք ունի պատիժը նշանակելիս, որ Պետրոսյանի դեմ հայց է ներկայացված: Նմանատիպ այլ գործերով մի շարք օրինակներ ենք ներկայացրել: Օրինակ՝ բողոքի և նյութական վնասի փոխհատուցման բացակայության պայմաններում անձինք դատապարտվել են 5 անգամ 4 տարվա ազատազրկման»,- ասաց Ռուբեն Բալոյանը՝ շեշտելով, որ պաշտպանական կողմից Հակոբյաններին տրված գումարի մասը դատավճռում աղավաղված է գրված ու հասկանալի չի դառնում, թե այդ գումարը ինչ նպատակով է տրվել:

Երրորդ պահանջը վերաբերում է վարորդական իրավունքից զրկելու ժամկետին. «Սա պատմական դեպք է, երբ 6 տուժողի, բողոքի, վնասի ոչ լիարժեք հատուցման  պայմաններում վարորդին վարորդական իրավունքից դատարանը զրկում է 2 տարի ժամկետով: Այնինչ մահվան ելքերով վթարների պարագայում դատարանների դատավճիռներով 70-80 տոկոս դեպքերում վարորդական իրավունքից զրկում են 3 տարի ժամկետով»,- նշեց փաստաբանը:

Միևնույն ժամանակ Հակոբյանների ներկայացուցիչը ընդգծեց, որ կողմ է Պետրոսյանների ու Հակոբյանների հաշտեցմանը:  «Առ այսօր ես մեծ ցանկություն ունեմ, որ կողմերը հաշտվեն: Ես ինքս շարունակում եմ այս բոլոր հարցերը այնպես մատուցել, որ խնդիրներ չառաջանան: Բայց անուղակի ձևով շարունակվում են հրահրումները: Պետք չի կրակի վրա բենզին լցնել»,- շեշտեց փաստաբանը:

«Հետքի» հարցին, թե որտեղից են գալիս այդ հրահրումները, փաստաբան Բալոյանը պատասխանեց, որ հաճախ ոչ ճիշտ հրապարակումներն ու ԶԼՄ-ներն են դառնում դրա պատճառը. «Ցավոք, լրատվամիջոցներն էլ են նպաստում այս ամենին: Եվ պետք չէ չհաշտվելու բեռը դնել ինձ վրա»:

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դերասան Վարդան Պետրոսյանին դատապարտել է 5 տարվա ազատազրկման՝ մեղադրելով 2013թ. հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհի վրա տեղի ունեցած վթարի մեջ: Ինքը՝ Վարդան Պետրոսյանը, իրեն մեղավոր չի ճանաչել: Դատարանը նաև 2 տարով զրկել է Պետրոսյանին մեքենա վարելու իրավունքից: Դատավոր Վաղինակ Մկրտչյանը բավարարել է միայն գյուղնախարարության ներկայացրած 1մլն 200 000 դրամի հայցը, իսկ տուժողների ու նրանց իրավահաջորդների ներկայացրած հայցը թողել է առանց քննության:

Հ.Գ. Հակոբյանների ներկայացուցիչը մեզ տեղեկացրեց նաև, որ մեկ շաբաթ առաջ դիմել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որպեսզի քննություն իրականացվի` կապված Վարդան Պետրոսյանի բժշկական փաստաթղթերում տեղ գտած հավելագրումների, լրացումների հետ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter