HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վաճառած կամ նվիրած տիկնիկներիս կարոտում եմ»,- ասում է լոռեցի տիկնիկագործը

Վոլոդյա Հովսեփյան

Սեղանին դրված ընկույզների պատմությունն ավարտելով՝ տիկնիկագործ Նարինե Մխիթարյանը թերթում է իր պատրաստած տիկնիկների լուսանկարների մեծ ալբոմը: Ալբոմում, լուսանկարներից բացի, պատվոգրեր, շնորհակալագրեր, տարբեր մարդկանց կարծիքներ են: «Կան պատվոգրեր, որոնք, իրոք, վաստակել եմ...: Զգում եմ, որ աշխատանքս գնահատվել է: Լինում է, որ մասնակցում ես ցուցահանդեսների, խոստանում են, որ դու պատվոգիր, մրցանակ ունես, բայց վերջում ոչինչ չեն տալիս»,-նեղսրտում է Նարինեն:

Մասնագիտությամբ հագուստի նկարիչ-ձևավորող Նարինեն թելերի միջոցով բազում տիկնիկների է կյանք տալիս. նրանք և՛ անուն ունեն, և՛  ինքնություն: «Կրում» են Լոռվա տարազ, երբեմն էլ ներկայանում թումանյանական հերոսների կերպարով: Ասում է՝ տիկնիկներին ստեղծում է, երբ մուսան գալիս է. «Մի տիկնիկը կարող է ստեղծեմ երկու օրում, կարող է տարիներ տևել»:

Քաղաքային, մարզային, հանրապետական փառատոններին ու ցուցահանդեսներին մասնակցելով՝ 2004 թվականին ստանում է ժողովրդական վարպետ-տիկնիկագործի կոչում: 2007-ին տիկնիկները «մեկնում են» Ֆրանսիա՝ մասնակցելու «Ֆրանսիայում Հայաստանի տարվա» միջոցառումներին՝ իրենց հետ բերելով Ավանդական արվեստների և փառատոնների միջազգային կազմակերպության վկայականը, ինչից հետո Նարինեի առջև բացվում են միջազգային ցուցահանդեսների դռները: Սակայն, ֆինանսական դժվարությունները ժողովրդական վարպետ-տիկնիկագործին թույլ չեն տալիս դուրս գալ միջազգային ասպարեզ: Տեղական ցուցահանդես-վաճառքների ժամանակ էլ գնողները սակավաթիվ են, հիմնականում՝ արտասահմանցիներ: «Եթե մարդը սիրով պիտի պահի այդ աշխատանքը, ես այն նվիրում եմ նրան,-ասում է տիկնիկագործը,-տիկնիկը բարություն է քարոզում,  իսկ ձեռքի աշխատանքի մեջ մարդը դրական էներգիա է դնում: Երեխաները դա զգում են: Կարող է ինչ-որ վառվռուն խաղալիք ցույց տաս, երեխային այդքան չձգի, որքան ձեռքով կարված պարզունակ տիկնիկը»:

2011 թվականին Գյումրիում Նարինեն մասնակցել է միջմարզային ցուցահանդեսի: «Ներկայացրեցի աշխատանքներս, Մշակույթի նախարարին աշխատանքներս շատ հետաքրքրեցին, անունս գրեց, իր աշխատակազմից զանգահարել էին Լոռու մարզպետարան, մշակույթի բաժնից ասացին, որ քեզնով հետաքրքրվում են, պարզվեց՝ կան մրցանակներ... Հետո իմացա, որ մրցանակը բոլորովին ուրիշ մարդու են տվել»,- նեղսրտում է Նարինեն, բայց հավաստիացնում, որ մրցանակների համար չի ստեղծագործում:

1990-ականների ծանր տարիներին Նարինեն քրոջ հետ կազմակերպել է «Շյուղեր-95» շյուղագործության մրցույթը, գտել ձեռագործությամբ զբաղվող վանաձորցի կանանց, հաղթողներին պարգևատրել: «Մոտենում էինք ցանկացած մարդու, գտնում հովանավորներ»: 1996-97 թվականներին Վանաձորի «Դավ-Գար» կարի արտադրամասին կից ստեղծել է փափուկ խաղալիքների արտադրամաս, իսկ տիկնիկները պատրաստվել են արտադրամասի կտորեղենի թափոններից: «Այն թափոնները, որոնք պիտի գնային աղբանոց, դարձնում էինք տիկնիկ»,- նշում է Նարինեն:

2013 թվականին «Գյումրի Արտ-Էքսպո» միջոցառմանը ներկայացել է առանձին տաղավարով՝ ներկայացնելով Թումանյանի ստեղծագործությունների հերոսներին, 2014-ին՝ Էրեբունի-Երևան տոնակատարության ժամանակ, արժանացել է լավագույնի կոչմանը:

 Ծրագրեր շատ ունի, սակայն, իր խոսքով, շրջապատը շատ է ընկճում: «Ժողովրդի վատ ապրելը, ծառը կտրելը, որի փոխարեն կրպակ են բացում, քաղաքն այլանդակում, ինձ վրա բացասական են ազդում: Մի ծառի կորուստն ինձ վրա կարող է ամիսներով ազդեցություն թողնել, գիշերները շներին են խփում, դա ինձ համար սթրես է: Սթրես է, երբ քայլում եմ փողոցով ու տեսնում այդ անմեղ կենդանիների արյունը...»: Նարինեի խոսքով՝ անտարբերության պատը քանդել է պետք: «Արվեստագետը չպիտի ծախու հոգի լինի,- նշում է տիկնիկագործը,-հիմա ամեն ինչ աղավաղվել է, միջակությունը գլուխ է բարձրացրել: Ստեղծագործող մարդը փխրուն սիրտ ունի, նա երեխայի նման պարզ է: Երբ որ արվեստագետն անշահախնդրորեն ինչ-որ լավ բան է ստեղծում, խրախուսել է պետք՝ թեկուզ բարի խոսքով: Լավ խոսքը, բարի ժպիտը մարդուն կարող են թևեր տալ»: Նարինեին ցավ է պատճառում նաև պանդխտությունը. «Ամեն օր պատշգամբից տեսնում եմ երկիրը լքող մարդկանց: Պատերազմական տարիներին ավելի վատ էր, բայց չլքեցինք երկիրը: Կուզեմ, որ բոլորը վերադառնան հայրենիք»:

Խոսում ենք տիկնիկներից: Ասում է՝ տիկնիկներին երազում չի տեսնում, բայց կարոտում է: «Ոնց որ քո երեխային ուրիշ տեղ ուղարկես: Կան տիկնիկներ, որոնք հիմա ինձ մոտ չեն, վաճառվել են կամ նվիրել եմ, կարոտում եմ նրանց: Նույն տիկնիկից երկորդը գործել փորձել եմ, չի ստացվել: Որքան էլ շատ լինի ցանկությունը, չի ստացվում»: Հիշում է, երբ 88-ի երկրաշարժից հետո Շառլ Ազնավուրը Վանաձոր էր եկել, ինքն ու քույրը Կենաց ծառի ասեղնագործ պատկերը նվեր էին պատրաստել նրա համար: Մեծ դժվարությամբ, բայց կարողացել են նվերը տալ Ազնավուրին: Նարինեն ասում է, որ վստահ է՝ Ազնավուրը պահում է այդ նվերը:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter