HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալյուրի հարստացման օրինագիծը փորձում են առաջ տանել աչքակապությամբ

Մարինե Մարտիրոսյան
Վահե Սարուխանյան 

Չնայած առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ալյուրի հարստացման նախագծի քննադատներին կոչ է անում համագործակցել կառուցողական մթնոլորտում, իրենք՝ օրինագիծը մշակողներն ու այն պաշտպանողները, հակված չեն որեւէ հակափաստարկ լսելուն:  

Ցորենի ալյուրի հարստացման մասին օրինագիծն ու դրա շուրջ առաջացած հանրային դժգոհությունը վերջին երկու ամսում կարծես երկրորդ պլան են մղվել ներքաղաքական զարգացումների ու հասարակությանն այս պահին հուզող այլ խնդիրների պատճառով: Ու չնայած ԱԺ-ում օրինագծի քննարկումը հետաձգվել է մեկ տարով, այսինքն՝ մինչեւ 2016 թ., իսկ օրենքն էլ ուժի մեջ է մտնելու ընդունումից մեկ տարի անց, այսինքն՝ ամենաշուտը՝ 2017-ին, հարցն ամենեւին էլ չի կորցրել արդիականությունը:

ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն օրինագիծը ներկայացնողներին այս տարվա հունվարին առաջարկել էր շարունակել ուսումնասիրությունները: ԱՆ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն էլ նման պատրաստակամություն էր հայտնել: ԱՆ-ն արդեն հայտարարել է, որ այս տարի անցկացվելու է Հայաստանի ժողովրդագրության եւ առողջության հարցերի հերթական հետազոտությունը: Հիշեցնենք, որ վերջին անգամ նման հետազոտություն անցկացվել է 2010-ին, որի ժամանակ, սակայն, չեն ստուգել մարդկանց սակավարյունությունը (ըստ փոխնախարար Խաչատրյանի՝ ֆինանսավորում չի եղել): Սակավարյունության տվյալներ պարունակել է 2005-ի հետազոտությունը (ՀԺԱՀՀ-2005), ու հենց այդ  արդյունքներն էլ դրվել են ներկա օրինագծի հիմքում:

Հարց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին ու նրա ենթականերին. ի՞նչն է պատճառը, որ նախարարությունը վայրկյան առաջ շտապում էր նախագիծը ԱԺ մտցնել՝ սրերով ընդունելով ցանկացած քննադատության դրա վերաբերյալ, իսկ երբ Բաբլոյանի հանձնաժողովը առաջարկեց շարունակել ուսումնասիրությունները, բոլորը մի մարդու պես համաձայնություն տվեցին: Ստացվում է, որ ոլորտում «հին ոսկորի» համբավ ունեցող Բաբլոյանի խոսքն ավելի ազդեցիկ է երիտասարդ նախարարի ու նրա ստորադասների համար, քան հանրային բողոքը: Չնայած մյուս կողմից՝ Բաբլոյանը հայտնի է նաեւ որպես առողջապահության ոլորտի կուրատոր, այնպես որ նրա «հրահանգները» կարծես պիտի քննարկման ենթակա չլինեին: Այս դեպքում պարզ է դառնում ԱՆ-ի ղեկավարության նահանջի պատճառը:

Սակայն սա իրականում ժամանակավոր նահանջ է, քանի որ ինչպես հասկանում ենք թե Բաբլոյանի, թե ԱՆ-ի ներկայացուցիչների՝ այլ տարբերակ չհանդուժող հայտարարություններից, այս տարվա հետազոտությունը ցույց է տալու նրանց ցանկալի պատկեր:

Մյուս կողմից՝ արդեն գրել ենք, որ հարստացնող սարքավորումները 2012-ից Հայաստանում են: Ալրաղացներին տրամադրվելիք սարքերը, ըստ Ս. Խաչատրյանի, ներկրել է ՅՈւՆԻՍԵՖ-ը: Իրեն հարգող երկրում սա կընկալվեր բացառապես հետեւյալ կերպ. միջազգային այս կառույցը փորձում է ճնշում գործադրել գործադիր ու օրենսդիր մարմնի վրա՝ իր ֆինանսավորած ծրագիրն առաջ տանելու համար: Բայց սա Հայաստանն է, որտեղ ՅՈւՆԻՍԵՖ-ն ու մյուս միջազգային «բարեգործները»՝ իրենց անվճար դեղերով ու պատվաստանյութերով տեղ ունեն իշխանությունների գլխին: Նրանք ինչ տալիս են, սրանք խորին երախտագիտությամբ ընդունում են:

Հիմա՝ մեր պաշտոնյաների հայտարարությունների մասին: Օրինագծի հետաձգումից հետո ԱՆ-ն սկսել է քննարկումներ անցկացնել շահագրգիռ կողմերի հետ: Սակայն նախարարության ներկայացուցիչների ելույթներում հնչում եմ նույն թվերը, նույն տվյալները, նույն միտքը՝ մեկ-երկու ստորակետի փոփոխությամբ: Նախարար Մուրադյանը կոչ է անում «համագործակցել միայն կառուցողական մթնոլորտում եւ կարեւոր խնդիրների քննարկումների ժամանակ վկայակոչել բացառապես ապացուցողական բժշկության վրա հիմնված փաստեր եւ գիտական հիմնավորվածություն ունեցող լուրջ ուսումնասիրություններ»: «Հետքը» հրապարակել է մի քանի հոդվածներ այս թեմայով՝ անդրադառնալով կոնկրետ թվերի եւ ուսումնասիրությունների (տես ամենավերջում):

Ապացույցներ սիրող նախարարին նաեւ գրավոր հարցրել էինք. «Ունե՞ք հետազոտություն, թե ներկայում Հայաստանում բարձր եւ առաջին կարգի ալյուրի 1 կգ-ում որքան է երկաթի, ֆոլաթթվի, ցինկի քանակը»: Նրա փոխարեն պատասխանել էր ԱՆ աշխատակազմի ղեկավար Արմեն Կարապետյանը. «Նման հետազոտություններ ՀՀ առողջապահության նախարարությունը չի իրականացնում»:

Բայց ամենեւին պարտադիր չէր, որ ալյուրի բաղադրիչների հետազոտությունն ամբողջությամբ կամ մասամբ կոնկրետ ԱՆ-ն իրականացներ: 10 տարվա վաղեմության տվյալներով ագիտացիա անելուց առաջ նախարարությունը լավ կաներ, գյուղնախարարության հետ համագործակցելով, ստուգել տար ՀՀ-ում ցորենի ալյուրի մեջ մտնող միկրոտարրերի չափաքանակները՝ հասարակությանն ավելի ստույգ ինֆորմացիա տալու եւ իրենց նախագիծն այս տեսանկյունից հիմնավորելու համար: Իսկ եթե պիտի ասեին, թե փող չունենք դրա համար, կարող էին դիմել ՅՈւՆԻՍԵՖ-ին ու USAID-ին:

Բայց հասկանալի է, որ սա ավելորդ գլխացավանք էր լինելու ԱՆ-ի ղեկավարների համար: Երբ անցյալ տարվա դեկտեմբերին Սերգեյ Խաչատրյանին հարցրել էինք 2005-ի տվյալների հին լինելու մասին, բառացիորեն ասել էր. «2005-ը հին տվյալ չէ: Մենք ոչ մի միջոցառում չենք իրականացրել հանրության մեջ սակավարյունությունն իջեցնելու նպատակով, անհնար է, որ իջնի. դա մեկ, որովհետև գիտականորեն ապացուցված է՝ երկու խոշոր հետազոտությունները խոսում են այդ մասին: Երկրորդ՝ 2010 թ. արված հետազոտության ժամանակ կան որոշ ցուցանիշներ, օրինակ, անհաս երեխաներ, զարգացման արատներ, որոնք անմիջականորեն խոսում են այդ նույն երևույթի մասին (նկատի ունի սակավարյունությունը- հեղ.)»:

Սրանից մեկ ամիս անց՝ ԱԺ մշտական հանձնաժողովում քննարկման ժամանակ, ի հեճուկս Սերգեյ Խաչատրյանի, պարզվել է, որ 2005-ինը լավ էլ հին տվյալներ են, ու նոր հետազոտության կարիք կա: Ինչու՞ պարոն Խաչատրյանը համարձակություն չի ունեցել հենց տեղում կրկնել մեկ ամիս առաջ հայտնած իր միտքը:

Խաչատրյանը դեկտեմբերին համոզմունք էր հայտնել նաեւ, որ սակավարյունությունն իրականում ավելի բարձր է: Նման մի տեսակետ էլ «Հետքի» հետ զրույցում վերջերս հայտնել է պատգամավոր Արա Բաբլոյանը. «Մենք ասացինք [նախարարությանը]՝ քանի որ դուք այդ հետազոտությունը պետք է անեք, ավելի բաց ձեւով արեք (նկատի ունի ՀԺԱՀՀ-2015-ը- հեղ.): Ովքեր չեն հավատում այդ ամենին, թող գան մասնակցեն, ուղղակիորեն մասնակցեն մեթոդոլոգիան մշակելիս, թող գան տեսնեն, թե դա ինչպես է արվում, որ համոզվեն, որ հետո էլ իրենց հարց տանք, որ եթե այսքան անեմիայով մարդիկ կան, այսքան զարգացման արատներով մարդիկ կան, դուք կողմանակի՞ց եք, որ շարունակեն անեմիայով ծնվել կամ անեմիայով մեծանալ էս երեխաները, կամ այս կանայք անեմիայով երեխա ծննդաբերեն, դուք դրա՞ն եք կողմնակից, թե՞ կողմնակից եք, որ մենք կանխարգելենք այդ արատների բարձրացումը մեր երկրում»: Սա էժան դեմագոգիա է ՀՀԿ-ական պատգամավորի կողմից, ըստ որի՝ ստացվում է, որ նախագծի քննադատները կողմնակից են անեմիայի զարգացմանը:

Այնինչ մասնագետները նախեւառաջ խոսում են հարստացման հետեւանքով տարբեր հիվանդությունների հնարավոր առաջացման կամ զարգացման մասին: Խոսքը, մասնավորապես, ֆոլաթթվի եւ քաղցկեղի կապի մասին է: Երբ Ա. Բաբլոյանին հարցրել ենք քաղցկեղածին ռիսկերի մասին, ասել է. «Դրանք էմոցիոնալ արտահայտություններ են, դրանք գիտությամբ չհաստատված բաներ են»:

Ահա այստեղ էլ խոփը դեմ է առնում քարին. ոչ միայն ԱՆ-ն, այլեւ իշխանություններն ընդհանրապես չեն ընդունում որեւէ հակափաստարկ հարստացման ռիսկերի շուրջ, որքան էլ քննադատները բերեն միջազգային բժշկական վերջին հետազոտությունների փորձը: Բայց մյուս կողմից՝ կանչում են «կառուցողական մթնոլորտում համագործակցության»: Նախագծի հեղինակների ու նրանց սատարողների գործելաոճն ընդամենը աչքակապություն է:

Լուսանկարում՝ նախարար Ա. Մուրադյանը եւ պատգամավոր Ա. Բաբլոյանը

Մեկնաբանություններ (2)

հայ
Ազովի պատք է համախմբվենք ու հայտարարենք եթե հայասպան այդ քալը արվի, բոլորս միահամուռ կհրաժարվենք հաց ու այլուր գնել, մինչեւ սնանկանան այն թունավորողները...նահանջ չկա...երեխաների պատվաստումը քիչ է ու անցան հացին, հետո՝ ջրի՞ն...
Ալլա
փաստորեն ազգովի ստիպված կլինենք «հաց»-ադուլ հայտարարել ու սննդում հացն ու ալյուրը փոխարինել այլ մթերքներով, մանր ու միջին հացարտադրողնեն էլ կուլակաթափ չլինելու համար կսկսեն մաքուր ալյուր ու հաց մատակարարել՝ շրջանցելով ազգասպան օրենքը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter