HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու մարզպետարանի աշխատակիցը մշակել է համայնքի ղեկավարների կամավոր լիազորությունների իրականացման կարգը

Գայանե Սարգսյան

2014թ.-ին Լոռու մարզպետարանի վարչական վերահսկողություն իրականացնող աշխատանքային խումբն ուսումնասիրություն է կատարել մարզի թվով 37 համայնքներում: Վերահսկողության արդյունքները ամփոփվել են հատուկ հարցաշարով, որտեղ ի թիվս մի շարք այլ հարցերի, ներառված է նաև համայնքի ղեկավարի կամավոր լիազորությունների իրականացման կարգին և անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման որոշմանն առնչվող հարց:

«Ստուգում անցկացրած բոլոր համայնքներում արձանագրել ենք, որ կամավոր լիազորությունների կարգ որպես այդպիսին՝ չկա»,- արձանագրում է Լոռու մարզպետարանի տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Ժիրայր Ղազարյանը, ով ընդգրկված է վարչական վերահսկողութուն իրականացնող աշխատանքային խմբի կազմում:

«Կամավոր լիազորություների իրականացման կարգը տարիներ շարունակ կա, բայց ամբողջ հարցն այն է որ համայնքներում չկանոնակարգված, տարբեր ձևերով, տարբեր մեթոդներով են դա արել:Մի տեղ սոցօգնությունը տվել է համայնքի ղեկավարը: Դա էլ է կարգ: Բայց որևէ տեղ գրված չկա, որ այս կարգով է: Մի տեղ ավագանին ինքն է տվել: Երկու դեպքում էլ օրենքը չի խախտվել, որովհետեւ կարգը որպես էդպիսին չկար: Բայց խախտվում էր մի կարգ՝ օրենքի այն հոդվածը, որը նախատեսում էր, որ կարգ պետք է լինի»,- ասում է Ժ. Ղազարյանը:

Խոսքը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի մասին է, որով սահմանվում է. «համայնքի ավագանին որոշում է կամավոր լիազորությունների իրականացման կարգը և անհրաժեշտ ֆինանսական միջոցները` համայնքի ղեկավարի ներկայացմամբ»:

Ստացվում է,  որ օրենքը տարիներ շարունակ եղել է, բայց կարգը՝ ոչ և հանրապետությունում համայնքապետերից յուրաքանչյուրը իր կամավոր լիազորություններն իրականացրել է, ինչպես հարմար է գտել:

«Ես հանգիստ կարող եմ ասել, որ Հայաստանում առաջինն եմ, ով մշակել է նման կարգ»,- հպարտորեն նշում է բաժնի պետը, ով 2014թ.-ին մշակել է համայնքի ղեկավարի կամավոր լիազորությունների իրականացման ցանկը և անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման կարգը:

Կարգի նախնական տարբերակը քննարկվել է համայնքների ղեկավարների ու աշխատակազմի ներկայացուցիչների, ավագանու անդամների հետ: Վերջնական տեսքի բերելով, Ժ. Ղազարյանն այն ուղարկել է նաեւ տարածքային կառավարման նախարարություն, խնդրելով կարծիք հայտնել՝ մինչ կարգը համայնքներին տրամադրելը: Նախարարությունից ստացել է պատասխան. «Այն ընդհանուր առմամբ հավանության է արժանացել և ընդունվել է ի գիտություն: Նախագծի սահմանված կարգով շրջանառությունը և հաստատման կարգը նախատեսվում է  իրականացնել 2015թ.-ին»:

Ավելի ուշ համայնքի ղեկավարի կամավոր լիազորությունների կարգը  Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի համապատասխան գրությամբ տրամադրվել է համայնքներին:

«Մարզի համայնքներում կատարված ուսումնասիրություններից պարզվել է, որ համայնքների տեղական ինքնակառավարման մարմինները չեն հաստատել կամավոր լիազորությունների իրականացման կարգը և այդ լիազորությունները իրականացրել են չկանոնակարգված և ոչ լիարժեք». նշված է  գրության մեջ:

«Այնպես չէ, որ դա պարտադիր բնույթ կրող փաստաթուղթ է: Պարտադիրը կարգի ընդունումն է օրենքի տեսանկյունից, բայց մնացած ձևւակերպումների առումով համայնքները ազատ են իրենց որոշումները կայացնելու հարցում»,- նշում է զրուցակիցս ու վստահեցնում, որ մշակված կարգը բոլոր գյուղական համայնքները ընդունել են, իսկ քաղաքային համայնքները կարգի հետ կապված որոշակի առարկություններ ունեն:

Վանաձորի ավագանին ևս վերջին նիստի ընթացքում միաձայն հաստատեց համայնքի ղեկավարին վերապահված կամավոր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացաման կարգը և կամավոր լիազորությունների իրականացման ոլորտների ցանկը:

Որոշման  2-րդ կետի համաձայն համայնքի ղեկավարը կամավոր լիազորությունների իրականացման համար յուրաքանչյուր տարի կարող է  նախատեսել ֆինանսական միջոցներ, որը չի կարող գերազանցել այդ տարվա համայնքի բյուջեով նախատեսված  սեփական եկամուտների մինչեւ 4 տոկոսը:

Նախագծի 5-րդ կետով սոցիալապես անապահով ընտանիքներին հատկացվող միանվագ դրամական օգնության առավելագույն չափ սահմանվեց 50.000 դրամը: Բացառիկ դեպքերում, հանձնաժողովի առաջարկությամբ նույն ընտանիքին տարվա ընթացքում կարող է դրամական օգնություն հատկացվել առավելագույնը երկու անգամ, որի ընդհանուր գումարը չպետք է գերացանցի 100.000 դրամը:

Մեկ այլ կետով նախատեսվում է կազմավորել հանձնաժողով, որի կազմում կարող են ընդգրկվել ավագանու անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նաեւ համայնքի բնակիչներ: Հանձնաժողովի ստեղծումից հետո քաղաքապետը կամավոր լիազորությունների իրականացման համար քաղաքապետարան հասցեագրված դիմումները պետք է քննարկի հանձնաժողովի անդամների հետ:

Կարգի հեղինակը վստահ է, որ կարգի կիրառումը համայնքապետարաններին առավել թափանցիկ աշխատելու, իսկ բնակիչներին՝ տեղեկացված լինելու հնարավորություն կտա, մյուս կողմից էլ այն այլևս  միայն մեկ անձի որոշելիք խնդիրը չի լինի և լիազորությունները կիրականացվեն կանոնակարգված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter