HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Զ. Փոստանջյան. «Նախագահներին ես կպատվեի նրանց տալով 41.000 դրամ և մի փոքր խրճիթ ու կասեի՝ դե ապրիր այդտեղ»

Ազգային ժողովի արտահերթ նիստում բուռն քննարկվում էր կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու, ինչպես նաև «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը:

Արդեն տեղեկացրել էինք, որ նախագծերով առաջարկվում է պաշտոնաթողությունից հետո ՀՀ նախագահի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նա պաշտոնանկ է արվում, նշանակվում է հատուկ կենսաթոշակ` ՀՀ նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի 70%-ի չափով: Հանրապետության նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի չափը բարձրանալու դեպքում պաշտոնաթող նախագահի կենսաթոշակը համամասնորեն վերահաշվարկվելու է:

Ներկայումս հանրապետության նախագահի օրենքով սահմանված աշխատավարձը 1.322.800 դրամ է, իսկ դրա 70%-ը կազմում է 925.960 դրամ:

Նախատեսված է, որ հատուկ կենսաթոշակը չի վճարվի այն ամբողջ ժամանակահատվածում, որի ընթացքում պաշտոնաթող նախագահը կվարի որևէ ընտրովի կամ նշանակովի պաշտոն և կստանա ՀՀ նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի 70%-ի չափը գերազանցող վարձատրություն, իսկ այդ չափից ցածր լինելու դեպքում նա կստանա հատուկ կենսաթոշակի և աշխատավարձի տարբերությունը:

Նախագծերը ներկայացնում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Գալուստ Սահակյանը թոշակի գնացողը չէ

Իշխանական պատգամավորները հարցը դիտարկում էին հիմնականում նախագահական ինստիտուտի նկատմամբ հարգանք ցուցաբերելու, պաշտոնաթող նախագահների՝ պաշտոնավարման տարիների բացառիկ դերի կարևորության, նրանց աշխատանքը գնահատելու համատեքստում: Այլ էր ընդդիմադիր պատգամավորների կարծիքը:

Մասնավորապես՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ հարգանքը նախագահների ու այդ ինստիտուտի նկատմամբ պետք է ծնվի գործողություններից, ոչ թե թղթի վրա ամրագրումներից:

Ըստ նրա՝ երեք նախագահներից միայն մեկն է մեկ անգամ ընտրվել (նկատի ուներ Լևոն Տեր Պետրոսյանի առաջին ընտրությունը,-հեղ.), մնացած դեպքերում բռնազավթել են իշխանությունը: Պատգամավորն ասաց, որ նախագահական ինստիտուտը չի գործում և դրա հետևանքով է, որ այսօր երկրում ունենք մեծ արտագաղթ, աղքատության բարձր մակարդակ և այլն:

«Իմ սիրելի գործընկերն ասաց՝ ի՞նչ է, պաշտոնավարումից հետո այդ մարդիկ դառնան բո՞մժ: Բա որ իրենց պաշտոնավարման ընթացքում հայ ժողովրդին դարձրել են բոմժ, այն միլիոնից ավել մարդիկ, ովքեր քաղցած են քնում գիշերը, այն տատիկ պապիկները, ովքեր թոշակ են ստանում և 41.000 դրամով չեն կարողանում ապրել, քաղցած քնում են, ձմռանը չեն կարողանում տաքանալ…օրինակ՝ այս նախագահներին ես կպատվեի նրանց տալով 41.000 դրամ և մի փոքր խրճիթ ու կասեի՝ դե ապրիր այդտեղ: Սա պետք է լիներ նրանց պատվելու միջոցը, ոչ թե բերել ու ասել, որ արտոնյալ պայմաններով պետք է թոշակ տրամադրենք»,-ասում է Զարուհի Փոստանջյանը:

Պատգամավորն նշեց, որ ամոթ է արտահերթ նիստով բերել այսպիսի օրինագիծ ընդունել, երբ ժողովուրդը «ողբերգական վիճակի» մեջ է, և մուրացկանների կարելի է հանդիպել նաև ԱԺ շենքի մոտակայքում:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը արտահերթ ելույթ ունեցավ և նշեց, թե «վերջ ի վերջո մենք պետություն ենք», իսկ նախագահները երաշխավորն են այդ պետության գոյությունը: Ըստ նրա՝ երբ ամբողջ աշխարհում արտոնություններ են տալիս պաշտոնաթող նախագահներին ու Հայաստանում այդ արտոնությունը չլինի, միջազգային հանրությունն ինչ կարծիք կկազմի մեր մասին:

Խորհրդարանի նախագահն ասաց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ամենաընդգծված քննադատներից մեկն էլ ինքն է եղել, բայց գործողություններին, ոչ թե անձին: Նա հորդորեց հարգել պետական ինստիտուտները և վեր չհանել լավ-վատ, սիրված-չսիրված նախագահի հարցը ու այն չանձնավորել:

«Ես էլ կարող եմ ասել, որ այնքան նվաստացված զգացի այս տարիներին, որ եղած-չեղածները նախագահի թեկնածու դրեցին: Կան մարդիկ, որոնք անհաջողության մատնվեցին, բավանին ինտելեկտով էին և մինչ օրս էլ ինտելեկտով են»,-նշեց ԱԺ նախագահը:

Պատգամավորների մի մասը համաձայն չէր պաշտոնաթող նախագահին տրվող արտոնությունը թոշակ կոչելուն: Օրինակ՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն ասում էր, որ այն ավելի շատ պարգևավճար է՝ նախագահի ներդրումի ու կատարած աշխատանքի համար, քան թոշակ, որը ավելի շատ սոցիալական խնդիր է լուծում:

Իսկ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ չէր կարողանում ընկալել, թե ինչու է արտոնություն տրվում միայն հանրապետության պաշտոնաթող նախագահին ու արտոնություն չի տրվում պաշտոնաթող ԱԺ նախագահին ու վարչապետին, քանի որ նրանք էլ ոչ պակաս կարևոր անձինք են և լուրջ դերակատարում են ունենում պետական ապարատում:

Գալուստ Սահակյանն իր խոսքով անդրադարձավ պատգամավորների կարծիքին, ասելով, որ սա ընդամենը օրենքի փոփոխություն է, և եթե պատգամավորները ցանկանում են արտոնություն տալ նաև ԱԺ նախագահին ու վարչապետին պետք է հանդես գան օրենսդրական նախաձեռնությամբ:

«Հումորով պիտի ասեմ, որ այս օրենքը չի կարող ԱԺ նախագահին ու վարչապետին վերաբերել, որովհետև մենք թոշակի գնացողը չենք»,-նշեց ԱԺ նախագահը:

Նշենք, որ Ազգային ժողովի որոշմամբ նախագիծը քննարկվում է հատուկ կարգով՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումն առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում:

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Նախ և առաջ ԱԺ-ն պետք է օրենք ընդունի պետության գոյության երաշխավոր համարվող նախագահի այն դավաճանական գործողությունների ցանկը հաստատելով, ըստ որի այդ նախագահի դեմ հնարավոր կլինի քրեական գործ հարուցել: Իսկ իրականում ինչ է ստացվում, դրածո, տգետ նախագահը կարող է երկիր քանդել և դրա դիմաց ոչ մի կերպ չպատժվել, ավելի ճիշտ` պարգևատրվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter