Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Իրադյանի «DNA 15-15»-ը՝ Բելգիայի Ազգային նվագախմբի կատարմամբ



Զրույց՝  հեռավորությունից

Ապրիլի 26-ին Բրյուսելում տեղի կունենա  «With You, Armenia» («Քե՛զ հետ, Հայաստա՛ն») համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին․ հայտարարությունն արդեն հրապարակվել է «National Orkest van Belgïe» (Բելգիայի Ազգային նվագախմբի) պաշտոնական կայքում։ Բացի այն, որ իրադարձությունն արդեն իսկ հնչեղ է՝ ի դեմս Ազգային նվագախմբի, համերգային ծրագրում ներառված մենակատարները նույնպես ոչ պակաս անվանիներ են՝ Սերգեյ Նակարյակով, Մաքսիմ Վենգերով, Միշա Մայսկի, դիրիժոր՝ Ջորջ Փեհլիվանյան։

Հնչելու է Չայկովսկու, Բրուխի, Ալ Հարությունյանի եւ երիտասարդ կոմպոզիտոր Ալեքսանդր Իրադյանի երաժշտությունը։ Իրադյանն արդեն կես տարի է՝ բնակվում է Բելգիայում, սովորում Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիայումիրիժորության բաժին):

-Ընթերցողները կմտածեն՝ ժամանակ առ ժամանակ քեզնից հարցազրույց եմ վերցնում, մի բան կա․․․

-Եթե կարող են ասել՝ ինչ, ուրեմն՝ կա։ Այս պահին՝ երաժշտական շատ նորություններ եւ մեծ հրաշալի երկիր՝ Բելգիա։

-Շատ գործողություններ մեր փոքր քաղաքում համընկնում են․․․ Հարցազրույցները միշտ գնալուդ պահին են ստացվում, կամ երբ արդեն այստեղ չես։

-Հայաստանից ում հետ ուզում ես զրուցիր, գնալ բառը ասածների մեջ լինելու է։

-Լյուվենում ինչպե՞ս ես ապրում, կոնսերվատորիան Բրյուսելում է, չէ՞ ամեն օր գնում-գալի՞ս ես։

-Հա, հա, ամեն օր գնացքով անցնում եմ էդ ճանապարհը՝ 24 րոպե է տեւում դեպի Բրյուսել։ Այդքան էլ հետ եմ գալիս տուն՝ Լյուվեն։ Սա ուսանողական հրաշալի քաղաք է։ Այստեղի համալսարանն աշխարհի առաջատարներից է, հավաքված է 50.000-ից ավելի ուսանող, ովքեր կրթությանը լուրջ են վերաբերում։ Բնակարանս փոքր ու հարմարավետ է․ հետաքրքիր է՝ հարեւաններս էլի հայեր են․ նրանց հետ սովորել եմ Հայաստանում՝ կոնսերվատորիայում։ Այստեղ ընտանիքս նրանք են։

-Այդտեղ՝ հատկապես կոնսերվատորիայում, շփումներն ինչպիսի՞ն են։

-Հենց առաջին բանն է, որ աչքի է ընկնում էստեղ․ ազատ եւ անկաշկանդ, առանց շահերի շփումը․ ուզում ես եղիր հարուստ, աքատ, ուզում ես հագնվիր արտառոց, ուզում ես ամեն օր նույն հագուստով ներկայացիր… Ինչ կողմնորոշում ունես, քաղաքականությամբ հետաքրքրվում ես, թե ոչ․ էս ամեն ինչը կարեւոր է այնքանով, որքանով մարդու աչքը տեսնում է եւ ուղեղն ազդակ է հաղորդում․ շփման ժամանակ դու զգում ես հարգանքը եւ հասկանում ես, որ վերը նշվածներից ոչ մի բան չի խանգարում հավասարությանը։

-Ինդիվիդուալիզմը գերակա՞ է։

-Այո, եւ ընդգծված․․․ Արտահայտչամիջոցները շատ են, այնքան շատ, որ դու ստիպված ես մտածել, եթե ուզում ես անհատապես դրսեւորվել։

-Ժամերով կարող էինք քայլել Երեւանում ու այդպիսի մեկին փնտրել հիշու՞մ ես։ Փաստորեն այդտեղ չենք ձանձրանա։

-Էնքան կուզեի՝ իմ եւ քո հետ եւս մեկը քայլեր, ով, իրոք, շատ բան գիտի այս քաղաքների մասին։ Ես շատ ուշադրություն, ցավոք, չեմ կարողանում դարձնել շենքերին, ճարտարապետությանը, բայց դրա փոխարեն մարդիկ են միշտ աչքիս առաջ՝ որպես ստեղծող եւ որպես արդյունք։

Տարբեր երկրներից, տարբեր համոզմուքների տեր մարդիկ, տարբեր դավանանք ունեցող եւ ամեն մեկն՝ իր պատմությամբ, իր ապրումներով։ Ստացվում է էնպես, որ շատ ժամանակ եմ անց կացնում ավտոբուսներում, գնացքներում, մետրոյում եւ այնքա՜ն պատմություններ եմ տեսնում։

Նստում եմ որեւէ մեկի դիմաց եւ կամաց, ինքս ինձ ասում եմ՝ «Բարեւ, իսկ հիմա դու ինձ կպատմես քո պատմությունը․․․ Դու ես իմ հերոսն այսօր, սիրում եմ քեզ»։ Համոզված եմ, տեսնում եմ՝ դիմացինս զգում է։ Մեկ-մեկ երկուսս էլ ընդմիջվում ենք ժպիտով, հետո ամեն մեկը գնում է իր ճանապարհով։ Այսպես ամեն օր ծնվում եւ մեռնում են պատմություններ, բայց մնում է դրանցից առաջացած ապրումն ու էմոցիան, որը դառնում է երաժշտություն, գույն, բառ․․․

-Նյու Յորքի մասին էլ էիր նույնն ասում ամեն քաղաքում երեւի քո պատմություններն ես գտնում․․․

-Նյու Յորքում ավելի արագ էր ամեն բան․ Բրյուսելում էլ դանդաղ չի, բայց արտահայտված անհատական վերաբերմունք ես զգում։ Մի հետաքրքիր բան ասեմ, որ ավելի լավ պատկերացնես․ Նյու Յորքում անձրեւը չի հասցնում իջնել ուսերիդ, Բրյուսելում, Լյուվենում մինչեւ ոսկորներդ թրջված կարող ես տուն մտնել։ Մարդկային հարաբերությունները ճիշտ այդ նշածս անձրեւի պես են․․․

-Ինչպե՞ս ստացվեց, որ Չայկովսկու, Բրուխի, Ալ Հարությունյանի ստեղծագործությունների կողքին քո ստեղծագործությունն էլ հայտնվեց, այն էլ նման իրադարձության շրջանակներում։

-Ապրիլի 26-ին տեղի ունենալիք երաժշտական մեծ իրադարձությունը վաղուց պլանավորված «With You, Armenia» («Քե՛զ հետ, Հայաստա՛ն») խորագիրը կրող համերգն է։ Ես շատ ուրախ ու պատասխանատու ապրումներ եմ ունեցել, երբ գրում էի ստեղծագործությունը Բելգիայի Ազգային նվագախմբի համար, առավել սրվել է այդ պատասխանատվությունը, երբ իմացա՝ համերգի մենակատարներն են Միշա Մայսկին, Մաքսիմ Վենգերովը, Սերգեյ Նակարյակովը, համերգի ղեկավարը՝ Ջորջ Փեհլիվանյանը։ Նախորդ պատասխանը մասամբ այս հարցին էլ է վերաբերում․ այս մասնակցության հիմքում հարաբերությունների հստակությունն է, պատասխանատվության զգացումը ու աշխատասիրությունը։

-Ստեղծագործողները հաճախ են նշում, որ որոշակի ժամկետներում եւ հստակ թեմայով ստեղծագործություն գրելու պարտավորությունը, եթե այդպես անվանենք, ծանր ընթացք է ենթադրում այս պարագայում՝ երաժշտություն, որը հնչելու է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում․․․

-Երբ նստեցի ստեղծագործությունը գրելու, հասկացա, որ պատրաստ չեմ, ճիշտ ես։ Ինչ-որ բան խանգարում էր ասել այն, ինչ ուզում եմ։ Ինֆորմացիան, որը կրում էի ներսում, միաժամանակ ինչ-որ տեղից, պատմությունների հիման վրա կառուցված բան էր՝ առանց իմ մասնակցության։ Ասելիքիս բուն իմաստը հասկանալու համար երկար ժամանակ պահանջվեց։ Հետո մի պահ եկավ, երբ հասկացա, որ բացի գենետիկորեն փոխանցված ազգային առանձնահատկություններից եւ հարյուրամյա անընդհատ շրջանառվող պատմությունից, մեզ մշտապես փոխանցվում է վախը,  սերը, ատելությունը, ցավը, երջանկության զգացումը․․․ Սա արդեն ազգություն, հավատ, պատմություն չճանաչող ասպեկտ է․ այ այստեղից քայլերս արդեն շատ հաստատ եմ դրել։

-Այնուամենայնիվ, ստեղծագործության անունը հուշում է, որ հիշողության ու փոխանցվածի տարրը գերակա է։

-Ստեղծագործությունը կոչվում է «DNA15-15»․ (թարգ․՝ «ԴՆԹ 15-15») պոեմ՝ երեք սոլիստի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար։ Գիտե՞ս՝ հիմա եթե ասեմ, որ հանրությանը փոխանցում եմ մի երաժշտությունը, որը մեր արյամբ փոխանցված էմոցիայի, ապրումի, ցավի ամբողջական պոռթկումն է, սինթետիկ եւ անորոշ  կթվա։ Գուցե երբ ներկայացնում են արդեն իսկ պատրաստ ստեղծագործությունը, սկսում են նրան գերբնական հատկանիշներով օժտել։

Գերբնականն արդեն այն է, որ ստեղծվել է մի բան, որը նվիրվում է 100 տարվա պատմությանը․․․ Պատմություն, որը չգիտեմ՝ ինչ ձեւով, ինչքան ու ինչպես է արտահայտվում իմ մեջ, բայց այն, ինչ զգացել եմ կոնկրետ ստեղծագործելու պահին եւ ցավ էր, եւ ուրախություն․․․ Մի կողմից ամեն բան եղել է, մյուս կողմից մեր մասին անցյալով չեն խոսում, որովհետեւ մենք ենք դեռ շարունակում ստեղծել մեր պատմությունը։

-Երեւանը շարունակու՞մ է մնալ վերադառնալու վայր, թե՞ կան այլ մարշրուտներ։

-Երեւանը շարունակում է մնալ առաջնային զգացողությունների վայր․ քաղաք, որտեղ ամենատարբեր հիշողություններն են, քաղաք, որտեղ զգացել եմ՝ ինչ է խեղճությունը, անկարողությունը, հնարավորությունն ու դրա անհավանական բացակայությունը, ինչ է սերը եւ ընկերությունը․․․ Այս առումով այն մշտապես վերադառնալու վայր է․ թե երբ եւ ինչքան ժամանակով՝ հիմա ասել չեմ կարող։

Լուսանկարը՝ «Infocus Photostudio»-ի, www.labyrinto.be-ի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ