HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարեկան կանխարգելիչ բժշկական քննությունը` սոցիալական փաթեթի կարևոր բաղադրիչ

ՀՀ առողջապահության նախարարությունում այսօր կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը և ՀՀ ԱՆ աշխատակազմի արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանը ներկայացրեցին սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական ծառայությունների կազմակերպման կարգում տեղի ունեցած փոփոխությունները: Այս մասին հայտնում է ԱՆ-ն:

Նշվեց, որ Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայողների, ուսուցիչների և առանձին այլ խմբերի աշխատողների համար սոցիալական փաթեթը գործում է 2012 թվականից:

«ՀՀ կառավարության որոշմամբ 2015 թվականից առողջապահական բաղադրիչի մասով երեք հիմնական փոխոփություն է կատարվել։ Առաջինը` սոցփաթեթի շահառուները պետք է ամեն տարի անցնեն կանխարգելիչ բժշկական քննություն, ինչը պարտադիր նախապայման է սոցիալական փաթեթի մյուս ծառայություններից օգտվելու համար: Հաջորդը` առաջարկվող ծառայությունների ցանկում ավելացել են արտահիվանդանոցային պայմաններում կատարվող դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները: Եվ երրորդը` շահառուները հնարավորություն են ստացել իրենց սոցիալական փաթեթի տարեկան 72 000 դրամ գումարներն ուղղել ապահովագրական ընկերությունների միջոցով սոցփաթեթի շահառուի կամ սոցփաթեթի շահառուի ընտանիքի անդամի համար առողջապահական լրացուցիչ ծառայությունների ձեռքբերմանը»,- ասաց Սարո Ծատուրյանը։

Ռուզաննա Յուզբաշյանը նշեց, որ ամեն տարի հազարավոր մարդիկ են մահանում ոչ վարակիչ տարբեր հիվանդություններից, որոնց մասին հաճախ չեն կասկածում: «Մեր նպատակը շատ հստակ է. գոնե առաջին անգամ ստիպել մարդուն, որ հետաքրքրվի իր առողջությամբ, գնա պոլիկլինիկա` հասկանալու, թե ինչ է կատարվում իր հետ: Շատ հիվանդույթուններ անգամ արտաքին ախտանշաններ չունեն ու միայն բժշկական քննությամբ է հնարավոր ախտորոշել: Սա, կարծում ենք, որ կհանգեցնի վարքագծի փոփոխության։ Մարդը, ով մեկ անգամ անցնի այդ հետազոությունը, կհասկանա դրա կարևորությունը և հաջորդ անգամ առանց ստիպելու կգնա»:

Բանախոսները կարևորեցին սոցփաթեթի շահառուների իրազեկումը` ակնկալելով լրատվամիջոցների աջակցությունը: Նշվեց, որ սոցփաթեթի այս նոր բաղադրիչի ներդրումը առողջապահության ոլորտի ընդհանուր քաղաքականության բաղկացուցիչներից մեկն է և միտված է ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտանբերմանն ու կանխարգելմանը։

Սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական փաթեթի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպա­սարկման կազմակերպման և ֆինանսավորման կարգը, սոցիալական փաթեթի շահառուների պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկ­ման ծառայությունների փաթեթը, սոցիալական փաթեթի շահառուների` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկ­ման հավաստագրի տրամադրման և առողջապահական փաթեթի հասանելիության նպատակով էլեկտրոնային շտեմարանի ձևավորման և վարման կարգերը հաստատվել են ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N375-Ն որոշմամբ:

Համաձայն այդ որոշման՝ շահառուներին տրամադրվող բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների փաթեթը ներառում է.

1) հիվանդանոցային (թերապևտիկ և վիրաբուժական) բժշկական օգնությունն ու սպասարկումը (բացի նշված բացառություններից), ներառյալ՝ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված՝ նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների չափորոշիչում ընդգրկված մի շարք ծառայություններ` նյարդավիրաբուժական, այդ թվում` գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժում, սրտի վիրահատական և ներանոթային միջամտություններ, սիներակի ֆիլտրի տեղադրում, սկլերոպլաստիկա և կեռատոպլաստիկա, մետաղական կոնստրուկցիաների արժեքը` վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ և այլն։

2) վնասվածքների (կոտրվածքներ, հոդախախտեր, փափուկ հյուսվածքների վնասվածքներ, սալջարդեր և այլն) հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային ձևով իրականացվող բժշկական օգնությունը և սպասարկումը:

Այն շահառուներն, ովքեր օգտվում են ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման համաձայն պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման իրավունքից` սոցիալական փաթեթի շրջանակում չփոխհատուցվող ծառայություններն ստանում են պետպատվերի շրջանակում` ՀՀ պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի համապատասխան ծրագրերով:

ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1483-Ն որոշմամբ ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N375-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունների և լրացումների արդյունքում 2015 թվականի հունվարի 1-ից հաստատվեց սոցիալական փաթեթի շահառուների տարեկան պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության փաթեթը։

Կանխարգելիչ բժշկական քննության այս բաղադրիչից օգտվելը շահառուների համար պարտադիր նախապայման է սոցիալական փաթեթում ընդգրկված ծառայություններից օգտվելու համար։ Ընդ որում՝ 2015 թվականին շահառուն այդ ծառայություններից կարող է օգտվել առանց նշված նախապայմանի, իսկ 2015 թվականի ընթացքում պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն անցնելը կակտիվացնի սոցիալական փաթեթի 2016 թվականի ծառայությունները: 2016 թվականից սկսած` պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն անցնելն ակտիվացնում է սոցիալական փաթեթի ծառայությունները տվյալ և հաջորդ տարվա համար։ Պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն անցնելը շահառուի համար հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշմամբ սահմանված կարգով անվճար բժշկական օգնության ու սպասարկում ստանալու նախապայման` բացառությամբ հետևյալ դեպքերի.

1) անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում պահանջող հիվանդություններ և վիճակներ,

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1286 որոշմամբ հաստատված՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններ,

3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանի կամ ՀՀ առողջապահության նախարարության կենտրոնական հանձնաժողովի կողմից տրված բժշկական օգնության և սպասարկման ուղեգրի առկայություն:

Օրացուցային տարվա ընթացքում (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը) սոցիալական փաթեթի շրջանակում շահառուն միայն մեկ անգամ կարող է անվճար անցնել կանխարգելիչ բժշկական քննություն, իսկ եթե դա տեղի է ունեցել տարվա երկրորդ կեսին, ապա հաջորդը քննությունը նա կարող է անցնել ոչ շուտ, քան վեց ամիս անց:

Շահառուների պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությունը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակում իրականացվում է ամբուլատոր-պոլիկլինիկական այն բժշկական կազմակերպություններում, որտեղ ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 30-ի N420-Ն որոշմամբ սահմանված կարգով գրանցված է տվյալ շահառուն: Փաթեթում ընդգրկված բոլոր ծառայությունների լիարժեք իրականացումից հետո բժշկական կազմակերպության կողմից պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն անցած շահառուին տրամադրվում է տեղեկանք (երկու օրինակից):

Սոցիալական փաթեթի շահառուի տարեկան պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության փաթեթը ներառում է արտահիվանդանոցային պայմաններում իրականացվող հետևյալ բժշկական ծառայությունները.

1) ընդհանուր պրակտիկայի բժշկի խորհրդատվություն` ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված կանխարգելիչ այցի ծավալներով, այդ թվում`

ա. զարկերակային ճնշման չափում` հիպերտոնիայի վաղ հայտնաբերման նպատակով,

բ. կանանց կրծքագեղձերի զննում` քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով,

գ. ժառանգական անամնեզում գլաուկոմա ունեցող` 40 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց տեսողության սրության և ակնահատակի զննում` գլաուկոմայի վաղ հայտնաբերման նպատակով,

դ. քաշի խանգարումների վաղ հայտնաբերման, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման նպատակով մարմնի զանգվածի ցուցանիշի որոշումը.

2) գինեկոլոգի խորհրդատվություն` կանանց բոլոր տարիքային խմբերի համար.

3) ուրոլոգի (բացակայության դեպքում` վիրաբույժի) խորհրդատվություն` տղամարդկանց բոլոր տարիքային խմբերի համար.

4) ըստ բժշկական ցուցումների` այլ նեղ մասնագետների խորհրդատվություն` ընդհանուր պրակտիկայի բժշկի նշանակմամբ.

5) արյան ընդհանուր հետազոտություն (լեյկոֆորմուլայով).

6) մեզի ընդհանուր հետազոտություն.

7) գլյուկոզայի որոշում արյան մեջ.

8) խոլեստերինի որոշում արյան մեջ.

9) էլեկտրասրտագրություն (ԷՍԳ).

10) որովայնի խոռոչի, փոքր կոնքի օրգանների և վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն, կանանց համար` նաև կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություն.

11) ֆլյուորոգրաֆիա.

12) ՊՍԱ (PSA) թեստ (45 տարեկանից բարձր տղամարդկանց համար)` ըստ բժշկական ցուցումների, համապատասխան բժիշկ-մասնագետի նշանակմամբ.

13) քսուքի ՊԱՊ (PAP) թեստ (30-60 տարեկան կանանց համար)` ըստ բժշկական ցուցումների, համապատասխան բժիշկ-մասնագետի նշանակմամբ:

Բացի այդ, ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1483-Ն որոշմամբ կատարված փոփոխություններով և լրացումներով սոցիալական փաթեթի շահառուներին հնարավորություն ընձեռնվեց բժշկական ցուցումների առկայության դեպքում արտահիվանդանոցային պայմաններում օգտվել ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 20-ի N53-Ն հրամանով հաստատված հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններից։ Առանձին հետազոտություններ (մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիա, համակարգչային տոմոգրաֆիա, անգիոգրաֆիկ համակարգչային տոմոգրաֆիա, կորոնարոանգիոգրաֆիա, գլխուղեղի անգիոգրաֆիա) պետք է իրականացվեն համավճարային սկզբունքով: Նշված հետազոտությունների համար համավճարների չափը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով (հավելված 1)։

Միաժամանակ շահառուներին հնարավորություն է ընձեռնվել իրենց սոցիալական փաթեթի տարեկան 72 000 դրամ գումարներն ուղղել ապահովագրական ընկերությունների միջոցով սոցփաթեթի շահառուի կամ սոցփաթեթի շահառուի ընտանիքի անդամի համար առողջապահական լրացուցիչ ծառայությունների ձեռքբերմանը։

Շահառուն այդ փաթեթները կարող է ձեռք բերել իր կողմից ընտրված այն ապահովագրական ընկերություններից, որոնց կողմից առաջարկվող առողջության ապահովագրության փաթեթների օրինակելի ձևերը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ստացել են դրական եզրակացություն և տեղադրվել են ՀՀ առողջապահության նախարարության կայքէջի «Ծառայություններ» դարանի «Սոցիալական փաթեթ» բաժնում։ Ապահովագրական ընկերության կողմից սահմանված փաթեթի գնի և սոցիալական փաթեթի իրեն հասանելիք գումարի տարբերության չափով շահառուն կատարում է համապատասխան լրավճար:

Սոցիալական փաթեթի մոտ 90 հազար շահառուների (հիմնականում` պետական ծառայողներ և մանկավարժներ) հետազոտությունների և բուժման համար 2015թ. ՀՀ պետական բյուջեով նախատեսված է 3.3 մլրդ դրամ, որից շուրջ 700 մլն-ը` տարեկան պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության համար։

Մեկնաբանություններ (1)

Սիրվարդ Ավոյան
վորթեղից կարող եմ տեղեկանալ զոբի համար հետազոտման լաբորատորիաների հասցեները սոցի շահառու

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter