HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ըստ ՄԻԵԴ դատավորի թեկնածուներից մի քանիսի` մրցութային գործընթացում նկատված խախտումները չեն արատավորում ընտրությունը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետությունից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովը երկու օր առաջ հրապարակեց հաղթող ճանաչված անձանց անունները՝ Արմեն Հարությունյան, Արայիկ Ղազարյան եւ Լիանա Հակոբյան: Չնայած ՄԻԵԴ դատավոր ընտրելու համար արդեն երկրորդ անգամ անցկացվող մրցույթին մասնակից թեկնածուների ցուցակը կիսով փոփոխվել էր, սակայն անփոփոխ մնացին առաջին` 2014 թ.-ի հոկտեմբեր ամսվա մրցույթի արդյունքները:

Հիշեցնենք, որ նախորդ մրցույթում, ըստ հավաքած միավորների, առաջին եռյակը գլխավորում էին Արմեն Հարությունյանը, Արայիկ Ղազարյանը եւ Վիգեն Քոչարյանը: Սակայն, հանձնաժողովը սեռերի հավասարության սկզբունքը պահպանելու համար Վիգեն Քոչարյանի թեկնածությունը փոխարինեց կին թեկնածուներից ամենաբարձր միավորներ հավաքած ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանի թեկնածությամբ:

ՀՀ նախագահի հրամանագրով հաստատված ցանկը ներկայացվեց Ստրասբուրգ, սակայն Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի ընտրության համար թեկնածուների վերաբերյալ փորձագետների խորհրդատվական խմբի 2014 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ (2014)6ARM կարծիքը հաշվի առնելով, ըստ որի Նելիկ Հարությունյանը չէր համապատասխանում «ճանաչված իրազեկ իրավագետ լինելու չափանիշին», ՀՀ նախագահը 2015թ. հունվարի 12-ի որոշումով ուժը կորցրած ճանաչեց թեկնածուների ցանկը հաստատելու մասին իր նախորդ որոշումը եւ առ ժամանակ հետո հայտարարվեց նոր մրցույթ անցկացնելու մասին:

Թեկնածուներն այս անգամ դարձյալ 14-ն էին, եւ կազմը հիմնականում թարմացվել էր գործող դատավորներով, որոնց թվում է նաեւ եռյակում ընդգրկված վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը: Այս անգամ դարձյալ մրցութային հանձնաժողովը միավորների քանակով երրորդ տեղը զբաղեցրած Վիգեն Քոչարյանի թեկնածությունը փոխարինեց կին թեկնածուներից ամենաբարձր միավորներ հավաքած վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանի թեկնածությամբ: Թե այս ընտրությունն ինչպես կգնահատվի Ստրասբուրգում, պարզ կդառնա կարճ ժամանակից, սակայն մենք կարող ենք արձանագրել այն փաստը, որ կրկին մրցույթի արդյունքներով պրակտիկ իրավաբանները պարտվեցին տեսաբաններին:

ՄԻԵԴ դատավորի մրցույթին, որը տեղի ունեցավ փետրվարի 26-ին եւ 27-ին, հետեւում էին լրատվամիջոցները, ինչպես նաեւ դիտորդներ գրանցված երեք իրավապաշտպան կազմակերպությունները՝ «Իրավունքի Եվրոպա միավորում», «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» եւ «Հայաստանի Հելսինկյան կոմիտեն»: Մրցութային փուլը դեռեւս չավարտված՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» հ/կ-ն եւ «Հայաստանի Հելսինկյան կոմիտեն» ներկայացնող փաստաբան Լուսինե Սահակյանը հանդես եկան խախտումների մասին հայտարարություններով: Նրանք մրցույթի ընթացակարգի թափանցիկության եւ հրապարակայնության սկզբունքը չպահպանելու մեղադրանք ներկայացրին հանձնաժողովին:

Լուսինե Սահակյանը հայտնել էր, որ լուրջ խոչընդոտներ են ստեղծվել դիտորդական առաքելություն իրականացնող անձանց համար՝ Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի փաստաթղթերը դիտարկելու հարցում: «Առնվազն այն մասով, որ մենք չենք կարողացել նախապես ստուգել` արդյոք այդ մարդիկ բավարարում են թեկնածու հանդիսանալու չափանիշներին, մտահոգիչ է, սակայն անգամ սա չէ հիմնական խնդիրը, այլ այն, որ հանձնաժողովը թույլ չտվեց, որ մենք մասնակցեինք այդ ամփոփիչ նիստին»,- ասաց դիտորդական առաքելություն իրականացնող Սահակյանը: Մեզ հետ ունեցած զրույցի ընթացքում նա ասվածին հավելեց, թե այդպես էլ հանրությանը պարզ չդարձավ ինչպես է ձեւավորվել յուրաքաչյուր թեկնածուի գնահատականը:

«Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպության անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանն իր հերթին նշեց, որ նախորդ մրցույթի համեմատ էապես նվազեցվել է թափանցիկության եւ հրապարակայնության շեմը։ «Ի տարբերություն նախորդ մրցույթի՝ հարցազրույցի ընթացքում չհրապարակվեցին լեզվի ստուգման ընթացքում կատարված գրավոր թարգմանությունները»,- ասաց Եգորյանը՝ հավելելով, որ այդպիսով կարելի է պնդել` մրցութի հիսուն տոկոսից ավելին իրականացվել է ոչ թափանցիկ պայմաններում։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ նախագահ Հայկուհի Հարությունյանը դիտորդություն է իրականացրել երկու մրցույթների ժամանակ եւ առաջին մրցույթի դիտարկման արդյունքում կազված զեկույցը ներկայացրել էր Ստրասբուրգ: Նրան խնդրեցինք գնահատել մրցութային հանձնաժողովի գործունեությունը՝ համեմատելով մրցութային երկու գործընթացները:

«Երկու մրցույթի ընթացքում էլ արձանագրվել են գործընթացի կազմակերպման ընթացակարգային թերություններ, սակայն դրանք չեն կարող գնահատվել այնպիսի էական խախտումներ, որոնք ազդեցություն ունեցան վերջնական որոշման կայացման վրա կամ թեկնածուներից մեկի կամ մի քանիսի նկատմամբ տարբերակված մոտեցման հիմք հանդիսացան»,- հայտնեց Հ. Հարությունյանը:

Նա համամիտ չէ դիտորդություն իրականացրած մյուս երկու կազմակերպությունների արտահայտած այն կարծիքին, թե հանձնաժողովը ոչ թափանցիկ գործելաոճ էր որդեգրել: «Ի տարբերություն նախորդ մրցույթի, այս անգամ արդարադատության նախարարությունը գրեթե ամեն օր հրապարակում էր հայտ ներկայացրած թեկնածուի վերաբերյալ տվյալները եւ գրանցամատյանի պատճենը»,- նշեց Հայկուհին: Ավելացրեց նաեւ, որ արդյունքներն ամփոփելուց հետո երկու դեպքում էլ ներկայացվել են յուրաքանչյուր թեկնածուի ընդհանուր միավորները:

«Փաստաթղթերի հասանելիության մասով կարծես թե խնդիր չի նկատվել: Սակայն, ի հավելումն այս տեղեկատվության, օրինակ` Եվրոպական խորհրդարանական հանձնաժողովն իր կայքում հրապարակում է պետության կողմից ներկայացված թեկնածուի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը` կից ներկայացնելով նաեւ յուրաքանչյուր թեկնածուի ինքնակենսագրականը: Ցանկալի կլիներ, որ ներպետական մրցույթից առաջ եւս հանձնաժողովը հրապարակեր նաեւ հայտ ներկայացրած թեկնածուի հայտի ամփոփագիրը: Սա հնարավորություն կտար ցանկացած շահագրգիռ անձի անճշտությունների հայտնաբերման դեպքում հանձնաժողովին տեղեկացնել հնարավոր խախտումների մասին»,- հայտնեց նա:

«Այնումենայնիվ, մենք չենք արձանագրել գործընթացի կազմակերպման թափանցիկության կամ հաշվետվողականության սկզբունքի այնպիսի խախտում, որն արատավորել է ամբողջ գործընթացի վերջնական արդյունքները»,- իր ասելիքն ամփոփեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ նախագահ Հայկուհի Հարությունյանը:

ՄԻԵԴ դատավորի թեկնածուներից մի քանիսը, որոնք իրենց հավաքած միավորներով չապահովեցին մրցութային շեմը, դարձյալ չեն կարծում, որ մրցույթն անցել է ոչ հրապարակային պայմաններում: Նրանց ասելով, եթե թերություններ նկատվել են, այնուամենայնիվ, դրանք թեկնածուի ընտրության վրա անդրադառնալ չէին կարող: ՄԻԵԴ դատավորի թեկնածուները միանգամայն այլ շեշտադրումներ արեցին. ըստ նրանց՝ արդարության ապահովման տեսանկյունից առավել կարեւոր էր դատավորների թեկնածուների համար հարցերի շրջանակը հստակեցնելը, որպեսզի առավել պատրաստված ներկայանային հարցազրույցին, քանի որ հարցերը բազմաբնույթ էին եւ դժվար էր կանխատեսել, թե իրավունքի որ ոլորտից հարցեր կլինեն:

Կարեւորեցին նաեւ հարցերի նույնականացումը. ցանկալի կլիներ թեկնածուներից բոլորին նույն հարցերն առաջադրել, որն ավելի կդյուրացներ գնահատողների աշխատանքը՝ ճիշտ կամ սխալ պատասխանների մեջ կողմնորոշվելու հարցում: Միաժամանակ շեշտեցին, որ ասվածը չպետք է ընկալել այն իմաստով, թե թեկնածուներից մեկին ավելի բարդ հարց տրվեց, մյուսին՝ ավելի պարզ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter