HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Թե ինչ է լինում, երբ հանցագործը դառնում է զբոսաշրջիկ

Այն բանից հետո, երբ ոստիկանության իմացությամբ և նրա քթի տակ հունվարին Երևանում տեղի ունեցավ քրեական աշխարհի հեղինակությունների, այսպես կոչված, օրենքով գողերի աննախադեպ մասշտաբի հավաքը, ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետը ֆեյսբուքյան իր էջում գրեց, թե Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոներին հազարավոր մարդիկ են այցելում Հայաստան, որը բաց երկիր է, եւ որտեղ օրենսդրորեն պաշտպանված է մարդու ազատ տեղաշարժի իրավունքը: Եվ եթե Հայաստանի հյուրը հետախուզման մեջ չէ կամ քրեորեն հետապնդելի արարք չի կատարել արդեն մեր երկրում, օգտվում է օրենսդրությամբ նախատեսված իր բոլոր իրավունքներից:

Այսինքն թե՝ բոլորը Հայաստանում հալյուցինացիայի մեջ են. Հայաստան եկածները, ոչ թե հանցաշխարհի պարագլուխներ ու հեղինակություններ են, այլ զբոսաշրջիկներ: Եվ քանի որ Հայաստանում զբոսաշրջիկն առհասարակ խիստ էկզոտիկ մի բան է, իսկ հյուրերին էլ մեզանում ոչ թե ձերբակալում են, այլ պատվում ու պաշտպանում նրանց անվտանգությունը, այդ մարդիկ ոչ միայն հանգիստ կարող են իրենց սրտի ուզած հավաքներն անցկացնել այստեղ, այլև անցկացնել սրտի ուզած ժամանակ: Եվ հիմա աշխարհի բոլոր քրեական հեղինակություններն արդեն գիտեն, որ ի դեմս Հայաստանի, ունեն իրենց «սխոդկաներն» անցկացնելու այնպիսի մի եզակի տարածք, որտեղ ոստիկաններն իրենց ոչ միայն չեն անհանգստացնում, նեղացնում, այլև որպես զբոսաշրջիկների, հուսալիորեն պաշտպանում են:

Այս ամենից, իհարկե, պտուղներ է քաղում նաև Հայաստանը: Օրինակ այն, որ Հայաստանը դառնում է քրեական զբոսաշրջությունը հաջողությամբ ներդրած և զարգացրած առաջին պետությունը և հիմա կարող է հանգիստ իր փորձը փոխանակել այլ երկրների հետ, եթե այդպիսիք, իհարկե գտնվեն առհասարակ: Սա էլ զարկ է տալիս ներքին քրեական զբոսաշրջությանը:

Պատվավոր հյուրերի այդ «սխոդկայից» չի անցել դեռ երկու ամիս, բայց արդեն Հայաստանը լիուլի «վայելում է» դրա հետևանքները: Երեկ սպանության փորձ է կատարվել Պռոշյան գյուղում: Օրը ցերեկով կրակել են այդ գյուղի բնակիչներից մեկին՝ հասցնելով հրազենային վնասվածք: Ոստիկանությունը, որքանով կարելի էր հասկանալ նրա տարածած հաղորդագրությունից՝ քրեական գործ է հարուցել՝ նաև  այդ հանցանքը կատարած «զբոսաշրջիկ(ներ)ի» ինքնությունը բացահայտելու ուղղությամբ: Նույն օրը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մի խումբ անձանց միջև վիճաբանության ժամանակ հրազենային վիրավորում է ստացել 18-ամյա մի երիտասարդ, ով  տեղափոխվել է հիվանդանոց: Բարեբախտաբար այս անգամ ևս հնարավոր է եղել խուսափել վատագույնից:

Բայց ահա այսօր ողջ լրատվադաշտը հեղեղվեց Նուբարաշեն ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության մասին տեղեկատվությամբ: Կատարվածի հետևանքով երեք մարդ է զոհվել, այդ թվում երևանյան հայտնի քրեական հեղինակություններից մեկը: Դատելով նրանից, որ սպանությունը տեղի է ունեցել հրազենի կիրառմամբ, օրը ցերեկով և որ «գործն» ավարտելուց հետո հանցագործները դեն են նետել զենքերը, թույլ է տալիս ենթադրելու, որ կատարվածը դաժան հաշվեհարդար է՝ պատվիրված սպանության հատկանիշներով: Բայց էականը դա չէ: Ի վերջո ամեն ինչ քրեական աշխարհի հարաբերությունների «կարգուկանոնի» սահմաններում է: Նման սպանություններ տեղի են ունենում գործնականում բոլոր երկրներում:

Էականը այն ազատությունն է, այսպես կոչված կենսապայմանները, որոնց շրջանակներում հնարավոր են դառնում նման լկտի հանցագործությունները և ամենակարևորը՝ դրանք սկսում են պարբերական բնույթ ստանալ՝ իբրև խիստ օրինաչափ երևույթ, բնական ընթացք: Իսկ սա հեցն այն «ներդրումն» է, որն ունենում է Հայաստանը՝ քրեական զբոսաշրջության վայր կամ, թերևս, ավելի ճիշտ է ասել՝ թիրախ դարձնելը: Բայց դրանում, որքան էլ տարօրինակ հնչի, ոչ թե քրեական հեղինակություններն են մեղավոր, այլ նրանց Հայաստանում զբոսաշրջիկների կարգավիճակ շնորհողները: Այսինքն՝ իրավապահ համակարգը, նրանով պայմանավորված՝ պետությունը, որն ինքնաբերաբար վերածվում է հանցաշխարհի յուրօրինակ հովանավորի:

Դրա հետևանքն առավել քան տրամաբանական է: Եթե հանցագործներին այս կերպ տրվում է յուրատեսակ ինդուլգենցիա, նշանակում է այդ հանցագործ լինելը ոչ միայն ընդունելի է, այլև խրախուսելի: Նշանակում է՝ հանցագործն ավելի պաշտպանված է, քան սովորական, առավելևս օրինապաշտ քաղաքացին: Նշանակում է՝ պետք է կարողանալ օգտվել այդ շանսից, ձեռք բերել այդ հովանավորությունից օգտվելու իրավունք: Իսկ սա ձևավորում է շատ որոշակի մտածողություն, որն սկսում է հասարակական կարծիք ու դրանից բխող վարքագիծ թելադրել, կերպար ձևավորել:

Արդյունքում պետությունը բախվում է ոչ միայն հանցավորության մակարդակի աճի, այլև հանցագործությունների՝ առավել բացահայտ ու լպիրշ բնույթի ձեռքբերման հետ: Եվ պատահական չէ, որ իրենց հարգող պետությունները, գոնե հրապարակավ, հանդես են գալիս քրեական հեղինակություններին, նրանց հասատատած խաղի կանոնները հետապնդողի, հալածողի, չհանդուրժողի դերում: Պատահական չէ, օրինակ, որ երևանյան հավաքից անմիջապես հետո նույնիսկ Մոսկվայում ոստիկանության կողմից իսկական որս է սկսվում նույն այդ հեղինակությունների նկատմամբ, և նրանց ձերբակալում են՝ նույնիսկ եթե այդ մարդիկ արտաքուստ անմեղ ու հետաքրքրասեր զբոսաշրջիկի կարգավիճակ ունեն: Պարզապես դրանով փորձում են անուղղակի հասկացնել, որ անցանկալի տարրեր են,  որ գնան այնտեղ, որտեղ կարող են իրենց ապահով զգալ: Այսինքն որ սա Երևանը չէ:

Լուսանկարը՝ armtimes.com

Մեկնաբանություններ (1)

Ավե
Տարածաշրջանի Մեքսիկա...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter