HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՌԴ դատախազությունը չի հարգում ՀՀ տարածքային ամբողջականությունը»

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» հասարակական կազմակերպությունը տարածել է հաղորդագրություն, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Օրերս Ռուսաստանի Դաշնության դատախազությունը հայտարարեց, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը չի կարող հանձնվել հայկական կողմին՝ ելնելով Ռուսաստանի Սահմանադրության պահանջներից:

ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, իրոք, ասում է, որ ՌԴ քաղաքացին չի կարող Ռուսաստանի տարածքից էքստրադիցիայի ենթարկվել կամ հանձնվել այլ պետության:

ՀՀ Տարածք է

Թե 1995 թվականին ստորագրված «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագիրը, և թե դրան հաջորդող այլ համաձայնագրեր հստակ ենթադրում են, որ 102-րդ ռազմակայանը տեղակայված է Հայաստանի Հանրապետութայն տարածքում և որևէ տեղ որևէ նշում չկա այն մասին, որ ռազմակայանի տարածքը Ռուսաստանի Դաշնություն է:

Այսինքն` սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի տարածքում է, հետևաբար, ՌԴ սահմանադրության արգելքը չի տարածվում նրա վրա:

Ավելին, ռուսական կողմի հայտարարությունը նշանակում է, որ Վալերի Պերմյակովն այժմ գտնվում է Ռուսաստանում… Այսինքն, ըստ ՌԴ դատախազության, 102-րդ ռազմակայանի տարածքը Ռուսաստանի Դաշնության տարածք է:

ՀՀ Սահմանադրությունն է գործում

Քանի որ 102-րդ ռազմակայանի տարածքը ՀՀ տարածք է, ուստի այդտեղ չի գործում Ռուսաստանի Սահմանադրությունը: Ավելին, որևէ մի պայմանագրով կասկածի տակ չի դրվում այն հանգամանքը, որ ռազմակայանի տարածքում գործում է Հայաստանի Սահմանադրությունը:

Սակայն այդ ռազմակայանի գործունեության հիմնական կարգավորումները տրվում են շուրջ տասը հայ-ռուսական միջպետական պայմանագրերով, որոնք գերակա են ՀՀ օրենսդրության նկատմամբ: Այսինքն` Հայաստանի օրենքները ՌԴ ռազմակայանում գործում են մասնակի, սակայն ոչ ոք չի չեղարկել այդ տարածքում ՀՀ Սահմանադրության ուժը:

Ավելին, քանի որ Հայաստանի տարածքում ՀՀ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, հետևաբար որևէ կերպ դրա գործողության տարածքը չի կարող փոքրացվել և այն չի կարող «որոշ դեպքերում» չեղարկվել:

Դատարանները

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» նախկինում արդեն ներկայացրել է հայ-ռուսական պայմանագրերի այն դրույթները, որոնց համաձայն` Պերյմակովը պետք է փոխանցվի Հայկական կողմին:

Սակայն, այժմ հարկավոր է փաստել, որ ՌԴ դատախազության՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ուղղարկված նամակով ռուսական կողմը.

1. Չի հարգում հայ-ռուսական միջպետական պայմանագրերի պահանջները

2. Չի հարգում ՀՀ տարածքային ամբողջականությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter