HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կրթություն Հայաստան»-ը «Teach For All» համաշխարհային ցանցի 36-րդ անդամն է

«Կրթություն Հայաստան»- ը տեղեկացնում է, որ միացել է «Teach For All» համաշխարհային ցանցին.

«Իբրև հասարակական կազմակերպություն՝ «Կրթություն Հայաստանը» ՀՀ-ից և Սփյուռքից հավաքագրում և վերապատրաստում է հարուստ նվաճումներով երիտասարդ մասնագետների, որոնք, երկու տարի դպրոցներում դասավանդելով, կընդլայնեն հայ երեխաների կրթական հնարավորությունները։ «Կրթություն Հայաստանի» տեսլականն է, որ մի օր Հայաստանի բոլոր երեխաները հնարավորություն ունենան բացահայտել իրենց ողջ ներուժը:

«Կրթություն Հայաստանը» այժմ «Teach For All» համաշխարհային ցանցին միացած 36-րդ գործընկերն է: «Teach For All» ցանցը միտված է ընդլայնելու ուսման հնարավորությունները աշխարհի տարբեր երկրներում:

«Teach For All» ցանցը աջակցում է այնպիսի կազմակերպություններին, ինչպիսին է «Կրթություն Հայաստանը», որը զարգացնում է տարբեր մասնագիտությունների տեր անհատների հմտությունները՝ իրենց երկրում առավել կարիքավոր դասարաններում 2 տարի ժամկետով դասավանդելու և առաջնորդներ դառնալու համար: Յուրաքանչյուր գործընկեր կազմակերպություն համապատասխանեցնում է այս մոտեցումն իր երկրի պահանջներին և առանձնահատկություններին:

«Կրթություն Հայաստանը» կմիանա «Teach For All» ցանցի մյուս 35 գործընկեր կազմակերպություններին՝ նպաստելով ամբողջ աշխարհում երեխաների կրթական կարողությունների ընդլայնման միասնական նպատակի իրականացմանը:

«Մենք շատ ուրախ ենք ողջունելու «Կրթություն Հայաստանի» միացումը «Teach For All» համաշխարհային ցանցին», - ասում է «Teach For All» համաշխարհային ցանցի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Վենդի Քոփը:

««Կրթություն Հայաստանը» մի կայծ է շատ երեխաների ապագան լուսավորելու համար, այն երեխաների, որոնք այլ պայմաններում ուղղակի մոռացված կլինեին»,- ասում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր Սեմ Սիմոնյանը:

«Կրթություն Հայաստանի» հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Ռայանը խորապես նվիրված է իր երկրում հավասար կրթական հնարավորությունների ընդլայնմանը:

2010թ. նա միացել է «Teach For America»-ին Ֆենիքսում (Արիզոնա) որպես հատուկ կրթության ուսուցիչ առավել կարիքավոր հանրային դպրոցում: Արիզոնայում անցկացրած իր 2 տարիների փորձառությամբ ոգեշնչվելով՝ 2013թ. որոշել է վերադառնալ Հայաստան և նմանատիպ ծրագիր հիմնել՝ Հայաստանի բոլոր երեխաներին, անկախ իրենց սոցիալ-տնտեսական պայմաններից, գերազանց ուսման հնարավորություն ընձեռելու տեսլականով։

Իր վերադարձը Լարիսան դիտարկում է որպես ՀՀ-ում կրթության արդյունքների վրա համակարգային ազդեցություն ունենալու հնարավորություն: «Կրթություն Հայաստանի» գործունեությամբ նա նաև նպատակ ունի ՀՀ և Սփյուռքի նորավարտ տաղանդավոր երիտասարդներին հնարավորություն տալ իսկապես նշանակալից ներդրում ունենալ իրենց հայրենիքի զարգացման մեջ:

«Արիզոնայում դասավանդման իմ փորձառությունն ինձ ստիպեց գիտակցել, թե որքան վճռորոշ կարող է լինել մի ուսուցչի ազդեցությունը: Աշակերտներիս ցուցաբերած առաջընթացն ինձ ոգեշնչեց վերադառնալ հայրենիք և հենց իմ հայրենիքի երեխաների համար հիմնել նմանատիպ ծրագիր։ Մենք չափազանց ուրախ ենք «Teach For All» համաշխարհային ցանցին միանալու և մյուս գործընկեր կազմակերպությունների հաջողված փորձը Հայաստանում տեղայնացնելու և առավել արդյունավետ կիրառելու հնարավորության համար», - ասում է  Լարիսա Ռայանը:

«Կրթություն Հայաստանի» մասին առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ:

«Teach For All» -ի մասին

«Teach For All»-ը ավելի քան 30 ինքնակառավարվող, կազմակերպությունների  համաշխարհային ցանց է, որի անդամակիցները կիսում են միևնույն նպատակը՝ իրենց երկրում կրթական հնարավորությունների ընդլայնումը: Յուրաքանչյուր գործընկեր կազմակերպություն հավաքագրում և զարգացնում է տարբեր մասնագիտությունների տեր առաջնորդների՝ իրենց երկրում առավել կարիքավոր դպրոցներում 2 տարի ժամկետով դասավանդման համար: Ավելի մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.teachforall.org կայքը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter