HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ու՞ր են անհետացել Միհրան Պողոսյանի գումարները

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը չի հայտարարագրել իր հիմնական կարողությունները:

2012թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի կիրառումից հետո առաջին անգամ գույքի ու եկամուտների հայտարարագիր է ներկայացրել դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը իր կարողության համեմատ 2014թ. տարեկան հայտարարագրում չնչին գումարներ է հայտարարագրել: Մասնավորապես, ըստ հայտարարագրի՝ 2014թ. Միհրան Պողոսյանն ունեցել է ընդամենը 16.150.000 դրամի եկամուտ, որից 4.150.000 մլն դրամը աշխատավարձն է, 2.000.000 դրամը՝ «RANGE ROVER SPORT Supercharged 4.2» մակնիշի ավտոմեքենայի օտարումից ստացած եկամուտը, իսկ մնացածը վարձակալության դիմաց ստացված վճարներն են:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, այստեղ էլ ԴԱՀԿ ծառայության պետը համեստ է գտնվել: Հայտարարագրել է 26.000.000 դրամ, 250.000 դոլար, 12.000 եվրո: Ընդ որում՝ 2014թ. սկզբին Միհրան Պողոսյանի արտարժութային դրամական միջոցներն ավելին են եղել՝ 280.000 դոլար և 15.000 եվրո:

Միհրան Պողոսյանի կինը՝ Կարինե Մխիթարյանը, 2014թ. որևէ եկամուտ չի ստացել, սակայն նրա հաշվին եղել է 15.000.000 մլն դրամ:

«Հետքն» անդրադարձել է Միհրան Պողոսյանի դատական գործերին, որոնց շրջանակում պետական պաշտոնյան տարբեր ընկերությունների ու անհատների դեմ գումարի բռնագանձման հայցեր էր ներկայացրել:


Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը 2013թ. ապրիլի 4-ին 52 մլն 807 հազար դրամ գումարի բռնագանձման պահանջով հայցադիմում էր ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Սթար Դիվայդ» ՓԲԸ-ի («Սթար» սուպերմարկետների ցանց-հեղ.):  Գործի նախապատրաստական փուլում Մ. Պողոսյանը հրաժարվել էր հայցապահանջից՝ պատճառաբանելով, որ «պատասխանող ընկերությունը հայցադիմումով պահանջվող գումարը կանխիկ եղանակով ամբողջությամբ վերադարձրել է»:

Որտեղի՞ց ԴԱՀԿ ծառայության

պետ Միհրան Պողոսյանին

5 մլն դոլար

 

2013թ. ապրիլի 4-ին գումարի բռնագանձման պահանջով մեկ այլ հայցադիմում մուտք էր արվել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Միհրան Պողոսյանը 4.737.200 դրամի պահանջ էր ներկայացրել «Բյուրակն» ՍՊԸ-ի դեմ: Այս գործը ևս կարճվել է, քանի որ Միհրան Պողոսյանը հրաժարվել է հայցից՝ տեղեկացնելով, որ ընկերությունը պարտավորությունը կատարել է:

Միհրան Պողոսյանը 2013թ. նոյեմբերին ընդդեմ քաղաքացի  Գևորգ Աֆանդյանի հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ պահանջելով 5 մլն 147 հազար ԱՄՆ դոլար:

Ըստ 2014թ. մարտի 21-ի վճռի. «Գևորգ Ռաֆիկի Աֆանդյանը պարտավորվում է թիվ ԵԿԴ-2679/02/13 քաղաքացիական գործով դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից հետո մեկամսյա ժամկետում Միհրան Սուրենի Պողոսյանին վճարել փոխառության գումարից 499.000.000 ՀՀ դրամ և այդ գումարի նկատմամբ կետանցի յուրաքանչյուր օրվա համար հաշվարկված տոկոսներ` փոխառության պայմանագրի 2.1. կետով սահմանված 0.055 տոկոսի չափով` սկսած 11.11.2011թվականից մինչև սույն կետով սահմանված պարտավորության փաստացի կատարումը»։

2014թ. օգոստոսին Միհրան Պողոսյանը հայցադիմում է ներկայացրել Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդուն՝ Արմեն Նազարյանին պատկանող «Բիզնես լիդեր հոլդինգ» ՍՊԸ-ի: Գլխավոր հարկադիր կատարողն այս ընկերությունից պահանջում է 10.957.223 դրամ

Այս դատական գործերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Միհրան Պողոսյանը թաքցրել է իր եկամուտները, այդ թվում՝ տրված փոխառությունները, և քիչ է հայտարարագրել: 

Փաստերն ակնհայտ են, իսկ ուսումնասիրության հարցը թողնում ենք բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին:

Առաջին լուսանկարը` www.harkadir.am-ի

Մեկնաբանություններ (1)

բոլշեւիկ
Հետաքրքիր է, որ բոլորին թափ տանք (վերջում!) ինչքան է հավաքվելու?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter