HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռեցի տաքսիստները փոխնախարարի հետ հանդիպման կեսից լքեցին դահլիճը

Գայանե Սարգսյան

Մարտի 4-ին Լոռու մարզպետարանում մարզի անհատ տաքսու վարորդների հետ հանդիպեց ՀՀ տրանսպորտի ու կապի փոխնախարար Արամ Արսենյանը՝ քննարկելու Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպումը կանոնակարգող «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում տեղ գտած փոփոխությունները:

Շուրջ մեկ ժամ տևած քննարկման ընթացքում մարզի տաքսիստները բարձրաձայնեցին իրենց հուզող խնդիրները, փոխնախարարը փորձեց պարզաբանումներ տալ:

«Մեր քաղաքը փոքր քաղաք է, մեկս մյուսին ճանաչում է, ստեղ հաշվիչը հեչ պետք էլ չի: Քաղաքում որտեղ էլ մարդ տարանք, 500 դրամ է»,- նկատեց վարորդներից մեկը:

Պաշտոնյաները չհամաձայնեցին. «Ինչո՟ւ 500, 600 էլ կա, 700 էլ կա»: «Օրենքի պահանջն է՝  եթե ծառայությունն ունի չափման միավոր, պետք է չափիչ ունենա: Ձեր ծառայությունը չափման միավոր ունի, դա սպիդոմետրն է»,- նկատեց փոխնախարարը:

Տաքսու որոշ վարորդներ նոր օրենքի կիրառմանը դեմ էին այն պատճառաբանությամբ, թե տարվա ընթացքում մի քանի ամիս են տաքսի ծառայություն մատուցում և այդ աշխատանքը կրում է սեզոնային բնույթ:

«Ի՟նչ է նշանակում սեզոնային բնույթ է կրում: Կամ դու տաքսիստ ես, կամ դու տաքսիստ չես: Ես չեմ կարող տարվա մեջ երկու ամիս երաժիշտ աշխատեմ, հետո ասեմ՝ ես գնացի խառատություն անելու: Վերջապես մենք պետք է ունենա՟նք տաքսիստների պրոֆեսիոնալ մի զանգված, որոնց համար տաքսիստ լինելն իրենց հպարտությունն է, իրենց կոչումը, թե՟ ով երբ ուզենա տաքսիստ կդառնա, ով երբ ուզենա՝ կթողնի, ով ոնց ուզենա՝ կքշի: Վերջապես մի օր պետք է կարգավորվի՟ դա»,-արձագանքեց Ա. Արսենյանը:

Մարդատար-տաքսի ավոտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպումը կանոնակարգող «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում տեղ գտած փոփոխությունների համաձայն` Երևան քաղաքում և մարզերում տաքսի ծառայություն մատուցող վարորդների համար սահմանվել է պետական տուրքի վճարումների տարբերակված սկզբունք։

 Ըստ այդմ՝ Երևանում տաքսի ծառայություն մատուցելու համար  սահմանվել է 12 հազար դրամ ամսական տուրք, հանրապետության մյուս՝ 49 քաղաքներում ամսական տուրքը կազմում է 8000 դրամ:

Տաքսու վարորդներին հետաքրքում էր՝ ինչպե՟ս է հաշվարկվել արտոնագրման տուրքի չափը, որը, օրինակ, Վանաձորի համար 8000 դրամ է:

«Ուումնասիություններ ենք արել, որտեղ փորձել ենք միջինացնել տաքսիստների միջին եկամուտը տարբեր քաղաքներում և եկամտի 10 տոկոսի չափով նախատեսել ենք արտոնագրման տուրք: Երևանում ստացվել է 12.000, ելնելով նրանից,  որ միջին երևանցի տաքսիստը օրը մաքուր տուն է  տանում միջինը 4.000 դրամ: Նույն սկզբունքով հաշվարկներ ենք արել քաղաքներում և միջինացրել այդ թիվը բոլոր քաղաքների համար»,- պարզաբանեց փոխնախարարը:

Լոռեցի տաքսիստների հետ քննարկումը, սակայն, մեկ ժամ անց մտավ փակուղի, որովհետեւ տաքսու վարորդները միահամուռ ոտքի կանգնեցին ու լքեցին դահլիճը: Փոխնախարարի խոսքը կիսատ մնաց: Աղմուկի մեջ մի քանի րոպե ոչինչ լսելի չէր:

Ավելի ուշ, լրագրողների հետ զրույցի ընթացքում փոխնախարարն, այնուամենայնիվ, Լոռիում անցկացված հանդիպումը գնահատեց կառուցողական.

«Ես լոռեցիներին շատ եմ սիրում ու լավ հասկանում եմ իրենց զայրույթը, բայց ես հավատացած եմ, որ վաղ թե ուշ այն մարդիկ,  ովքեր ուզում են, որ մեր երկրում կարգուկանոն լինի, պետք է  շնորհակալություն հայտնեն, իսկ նրանք, ովքեր երբեք գոհ չեն եղել, նրանք միշտ էլ դժգոհ են մնալու… Մի քիչ կրքերը բորբոքվեցին, բայց ոչինչ, դա էլ է անխուսափելի, դա էլ է մերը»,- նշեց Ա. Արսենյանը:

Ինչ վերաբերում է տաքսիստների դժգոհություններին, կապված օրենքի կիրառման դեպքում սպասվող ծախսերի հետ, փոխնախարարը նշեց. « Ցավոք, առայժմ չի հաջողվում գալ ընդհանուր հայտարարի տաքսիսների հետ, որովհետև նրանց պահանջների մի ստվար մասը հակասության մեջ է մտնում օրենքի հետ: Օրինակ, տաքսիստները հայտարարում են, որ պատրաստ են վճարել այդ 8.000 դրամը լիցենզիայի համար, պայմանով, որ չպարտադրվի տաքսիների մեջ տեղադրել հաշվիչներ: Եթե մենք համաձայնենք դրան, ապա մենք համաձայնվում ենք օրենքի խախտմանը, որովհետև օրենքով լիցենզիա տրամադրելու պայմաններից մեկը ստուգաչափված հաշվիչի առկայությունն  է մեքենայում:  Ես հասկանում եմ իրենց մտահոգությունը կապված հաշվիչների հետ: Մեր ունեցած տվյալներով՝ հանրապետությունում հաշվիչների արժեքը 50.000-100.000 դրամ է: Եվ տաքսիստների մի ստվար զանգվածի համար, իհարկե, սոցիալական բեռ է այս լրացուցիչ ծախսը: Հեռևապես, այսօր մեր մտահոգության առարկան է՝ գտնել այն մեխանիզմները, որով հնարավոր կլինի թեթևացնել այդ  ծանրությունը:  

Առայժմ չունենք այդ պատրաստի մեխանիզմը, բայց ես ձեզ հավատացնում եմ, որ նրանք, ովքեր պատասխանատու են այս ոլորտի համար, ունեն այդ հարցը իրենց սեղանին և այժմ այդ հարցի լուծման ճանապարհն են որոնում:

Կգտնենք այդ ձևը, կառաջարկենք տաքսիստներին: Գուցե լինի արտոնյալ վարկավորում, բայց առայժմ ոչինչ չասեմ, որովհետև դեռևս գտնված չէ այդ տարբերակը»:

Մեր հարցին, թե հնարավոր է հաշվիչի տեղադրման նախապայմանը հանվի՝ հաշվի առնելով տաքսիստների միահամուռ դժգոհությունը, փոխնախարարը պատասխանեց. «Հնարավոր է, եթե հարցն այնքան հասունանա, որ բարձրացվի այդ մակարդակի, ներկայացվի Ազգային ժողով և Ազգային ժողովը վերանայի այն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter