HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծննդատներում պատվաստումներից հրաժարվողների թիվն ավելացել է

Գայանե Սարգսյան 

2013թ.-ին Հայաստանի առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում  պատվաստումներից հրաժարվել է 3173 մարդ: Եվս 913-ը պատվաստումներից հրաժարվել է ծննդատանը: Սա են վկայում ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ընդ որում, հրաժարումների առավել բարձր ցուցանիշ է գրանցվել կապույտ հազ, դիֆտերիա, փայտացում, հեպատիտ Բ, Բ տիպի հեմոֆիլուսային վարակ պատվաստանյութի դեպքում. 1167 դեպք: 611-ը հրաժարվել են պոլիոմելիտի, 429-ը՝ կարմրուկ, կարմրախտ, խոզուկի, 400-ը՝ ռոտավարակային, 315-ը՝ դիֆտերիա, փայտացում-Մ, 216-ը՝ կապույտ հազ, դիֆտերիա, փայտացում, 20-ը՝ հեպատիտ Բ, 15-ը՝ տուբերկուլյոզի պատվաստանյութից:

2012թ.-ին Հայաստանի առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում  պատվաստումներից հրաժարվողների թիվը 3772 է,  ծննդատանը հրաժարվողների թիվը՝ 593: Այս դեպքում ևս պատվաստումներից հրաժարվողների առյուծի բաժինը ընկնում է կապույտ հազ, դիֆտերիա, փայտացում, հեպատիտ Բ, Բ տիպի հեմոֆիլուսային վարակ պատվաստանյութին` 1386 դեպք:

Առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, Առողջապահության տեղեկատվական-վերլուծական կենտրոնի կողմից 2014թ. հարապարակված վիճակագարական տարեգրքի տվյալների համաձայն` 2013թ. Հայաստանում իրականացվող պատվաստումներում երեխաների ընդգրկվածության ցուցանիշը, կախված պատվաստանյութից, տատանվել է 90-99 տոկոսի սահմանում: Ընդ որում, եթե ԲՑԺ-ի (տուբերկուլյոզ) և ՎՀԲ-ի (վիրուսային հեպատիտ B) դեպքում ընդգրկվածության ցուցանիշը 97-99 տոկոս է, ապա, օրինակ, Ռոտա 2-ի (ռոտավիրուսային վարակ) դեպքում ընդգրկվածությունը կազմում է 90.3 տոկոս: Ընդ որում, 2012 թ. համեմատ 2013-ին պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշն իջել է 0,03-0.4 տոկոսով:  

Սամվել Լամբարյան

Լոռու մարզպետարանի առողջապահության վարչության պետ Սամվել Լամբարյանի հավաստմամբ՝ մարզում պատվաստման ենթակա անձանց շուրջ 90 տոկոսը պատվաստվում է: «Մնացած 10 տոկոսի մեջ մտնում են հակացուցում ունեցողներն ու հրաժարվողները»,-ասում է վարչության պետն ու խուսափում հստակ թվեր նշել:

Լոռու մարզպետարանի կայքում հրապարակված պաշտոնական  տվյալներով2012թ.  Լոռու մարզում տարբեր պատվաստանյութերից հրաժարումների թիվը 150 է: Առավելագույն  հրաժարումները գրանցվել են երկու պատվաստանյութերից. 52-ը հրաժարվել է ՕՊՎ-ից, 51-ը՝ ԱԿԴՓ-ից, 18-ը՝ ԿԿԽ-ից, 13-ը՝ ԱԴՓ-Մ-ից, 12-ը՝ ԱԿԴՓ-ից, 4-ը՝ այլ պատվաստանյութերից:

Եվս 9 դեպքում ծնողները պատվաստումներից հրաժարվել են ծննդատանը. 8-ը՝ ՎՀԲ-ից, 1-ը՝ ԲՑԺ-ից: Թե որոնք են պատվաստումներից հրաժարվելու պատճառները, ոլորտի պատասխանատուները միանշանակ պատասխան չունեն:  

«Ճիշտ չէ պատվաստումներից խուսափելը, որովհետեւ պատվաստումները մարդու կյանքի, առողջության բարելավմանը նպատակաուղղված միջոցառումներ են և դա ոչ միայն տվյալ մարդու, այլեւ շրջապատի համար, հանրային առողջության համար կարևոր միջոցառումներ են: Եվ պարտադիր կատարվող միջոցառումներ, որոնք պետք է իրականացվեն բացարձակապես բոլորի կողմից, բացառությամբ կոնկրետ հակացուցումներ ունեցողների»,- ասում է վարչության պետ Սամվել Լամբարյանը:

Սոնյա Առուշանյան

ՀՀ առողջապահության նախարարության «Մանկական հիվանդությունների ինտեգրացված վարում» ազգային ծրագրի ղեկավար, Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջազգային փորձագետ Սոնյա Առուշանյանը, ով մինչև վերջերս Լոռու մարզի գլխավոր մանկաբույժն էր, կարծում է, որ §պատվաստումների շնորհիվ ներկայումս Հայաստանում շատ վարակիչ հիվանդություններ չեն հանդիպում՝ պոլիոմիելիտը, դիֆթերիան, փայտացումը, կարմրուկը, իսկ կապույտ հազը և խոզուկը շատ հազվադեպ են գրանցվում»:

Ս. Առուշանյանը գտնում է, որ  այս հիվանդությունները արագությամբ կտարածվեն և շատերի մահվան պատճառ կդառնան, եթե դադարեցնենք պատվաստումները:

«Պատվաստումներից հրաժարվողները հիմնականում աղանդավորներն են, որոշ ցածր կրթական ցենզ ունեցողներ, ինչպես նաև այն ծնողները, որոնք համացանցում տարբեր, իրականությանը չհամապատասխանող և ապատեղեկացնող նյութերով են առաջնորդվում»,- այս տեսակետն է  հայտնում Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջազգային փորձագետը:

Դիտարկմանը, որ պատվաստումներից հրաժարվողները հաճախ դա հիմնավորում են ծանոթ բժշկի խորհրդով, Ս. Առուշանյանն արձագանքում է. «Կան բժիշկներ, ցավոք, ովքեր իրազեկված չեն և ապատեղեկացնում են նաև ծնողներին, իրենց հարազատներին»:

Վանաձորի կենտրոնում գտնվող թիվ 1 պոլիկլինիկայի մանկական բաժանմունքում   2014թ.-ին իր երեխային հրաժարվել է պատվաստել 13 ծնող, 2013-ին՝ 11-ը:

Մարինե Կարապետյան

Բաժանմունքի պատասխանատու Մարինե Կարապետյանն ասում է. «Լինում է, որ ինչ-որ ինֆորմացիա են ստանում ինտերնետից կամ հեռուստատեսությունից, մեջից փորփրում են… Գալիս են, թե Ռուսաստանում այս վակցինան չեն անում… Բացատրում ենք, մեծամասամբ  մարդիկ համոզվում են, ստանում են պատվաստանյութը: Ծնողներ էլ կան՝ կատեգորիկ հրաժարվում են»:

Ի դեպ, բաժանմունքի պատվաստումներից հրաժարվողների մատյանը թերթելիս մեզ հանդիպեցին նաև քաղաքում ճանաչում ունեցող անձանց՝ մտավորականների, պաշտոնյաների, տնօրենների ու բուժաշխատողների երեխաների անուններ:

Իր երեք՝ եռյակ թոռնիկներին հրաժարվում է Վանաձորում պատվաստել նաեւ Վանաձորի բնագիտական թեքումով «Էվրիկա» հատուկ դպրոցի տնօրեն Արմեն Ծատուրյանը:

«Քանի որ եռյակ են, ուզում ենք զգույշ լինել: Երեխաներին պատվաստում ենք Երևանում՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում: Այնտեղ են ազատվել, ուզում ենք իրենց հսկողության տակ լինեն»,- ասում է Ա. Ծատուրյանը:

Վանաձորցի 1տարեկան 10 ամսական Սոֆյայի ծնողները ևս հրաժարվել են պատվաստել իրենց երեխային: «Այս ընտանիքի առաջին երեխուն մի կերպ բերել եմ, համոզելով,  պատվաստումները ստացել է, երկրորդին խմելու պատվաստումներն ենք արել միայն: Սրսկումներին չեն համաձայնվում: Երևի վախենում են: Ասում են՝ ես   շատ կարդացել եմ, շատ եմ լսել… Իմ երեխան է, ես չեմ ուզում պատվաստվի»,- մեկնաբանում է  բժշուհին:

2012թ.-ին  Հայաստանի ամերիկյան համալսարանի Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնը Երևանում և Շիրակի մարզում  անցկացրել է որակական հետազոտություն «Պատվաստումների և նոր պատվաստանյութերի ներդրման վերաբերյալ ընկալումները, մոտեցումները և վարվելակերպը Հայաստանում» թեմայով:

Հետազոտությունն արվել է ազգային և տարածքային մակարդակներում պատվաստման վերաբերյալ մոտեցումները և գործելակերպը բացահայտելու նպատակով: Հետազոտության մեջ ընդգրկվել է մասնակիցների յոթ խումբ՝ մանկաբույժներ, առողջապահական ոլորտի այլ մասնագետներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, լրագրողներ, Հայաստանում իմունականխարգելման հարցերով զբաղվող քաղաքականություն մշակողներ/փորձագետներ, բժշկական համալսարանի դասախոսներ ու գիտաշխատողներ և  մինչև հինգ տարեկան երեխաների ծնողներ:  

Հետազոտոuթյան արդյունքներով պատվաստումներին դեմ են արտահայտվել հիմնականում երևանաբնակները, բուժաշխատող ծնողները և այն ծնողները, ովքեր ունեն բուժաշխատող ընկերներ կամ բարեկամներ, որոշ կրոնական խմբավորումների պատկանող ծնողները, նաև նրանք, ովքեր կապում են իրենց երեխայի առողջության վատացումը պատվաստման հետ:

Մեկնաբանություններ (2)

Նինա
Հոդվածը հրապարակելուց առաջ ճիշտ կլիներ զրուցեիք հրաժարվողներից գոնե մի քանիսի հետ նոր գրեիք, հիմնականում հրաժարվում են անորակ դեղերի պատճառով, պատվաստումներից հետո երեխաները հայտնվում են ջերմության և ցավերի մեջ, որը չգիտես ինչպես է որ չի նկատվում Նաիրի բժշկական կենտրոնում պատվաստված երեխաների մոտ:
Հրաչուհի
Ո՛վ եք դուք... Գոնե խոսե՞լ եք հրաժարվողների հետ նման ՀԻՄԱՐ մեկնաբանություն անելուց առաջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter