HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոչ վարչապետին. Սյունիքում անցկացնել բնապահպանական վիճակի գնահատում և առողջական խնդիրների հետազոտություն

Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը բաց նամակով դիմել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որը ներկայացնում ենք ստորև:

«Մեծարգո պարոն վարչապետ,

Սյունիքի մարզում հանքարդյունահանման ծավալների ընդլայնումը և արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրությունների աճի տենդենցը մտահոգիչ է (ներկայումս էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից տնտեսվարողներին տրվել է 42 հանքարդյունահանման և 27 երկրաբանական ուսումնասիրության արտոնագիր), քանի որ այս գործընթացներում առկա են մի շարք կարևոր հանգամանքներ, որոնք անտեսվում են:

Խնդիրն այն է, որ հանքերի նման ինտենսիվ շահագործման պարագայում չի իրականացվում բնապահպանական վիճակի գնահատում և հարակից բնակավայրերի բնակչության առողջական խնդիրների հետազոտություն: Կապանի տարածաշրջանում նման հետազոտություններ վերջին անգամ կատարվել են 2007-2008 թթ.-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կողմից, որի արդյունքները լայն արձագանք գտան հասարակության շրջանում:

Հասարակության լայն շրջանակներում հաճախակի է քննարկվում Սյունիքի մարզում տարատեսակ հիվանդությունների տարածվածության մասին մտահոգությունները (սիրտ-անոթային,  օնկոլոգիական, հիվանդություններ, չբերություն, անոմալ ծնունդներ և այլն), որոնց անհաղորդ են պատկան մարմինները: Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 33.2 հոդվածը («Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, պարտավոր է անձամբ և այլոց հետ համատեղ պահպանել և բարելավել շրջակա միջավայրը: Պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում բնապահպանական տեղեկատվությունը թաքցնելու կամ դրա տրամադրումը մերժելու համար»)՝ առաջարկում ենք Ձեր միջնորդությունը՝ Սյունիքի մարզում իրականացնելու հետազոտություններ, որոնք կգնահատեն բնապահպանական վիճակը, բնակիչների շրջանում առողջական խնդիրների վիճակագրությունը, և արդյունքները ներկայացնել հանրությանը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter