HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Մինչվիրահատական բացթողում` հետվիրահատական ծանր հետեւանքներով. վարչության պետի վարկածը

Քիչ առաջ «Հետքի» խմբագրություն էր զանգահարել ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը, ով նշեց, որ մեր հրապարակումներն իրեն ստիպել են ուսումնասիրել Գյումրու «Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցում» 6-ամյա Հասմիկ Մարտիրոսյանի վիրահատության դեպքը, բարդությունների առաջացման պատճառը:  

Հիշեցնենք, որ Գյումրու «Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցում» նշագեղձերի վիրահատության ժամանակ Հասմիկը հայտնվել էր ծայրահեղ ծանր վիճակում․ 6 օր կոմայում մնալուց հետո նրա կյանքը հազիվ են կարողացել փրկել Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Ըստ առողջապահության նախարարության` երեխան նման իրավիճակի է հասել անեսթեզիոլոգիական եզակի բարդության` պնևմոթորաքսի պատճառով:

Շիրակի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանն իր ուսումնասիրության արդյունքում առաջ է քաշում վարկած` ըստ որի պնեւմոթորաքսն առաջացել է մոտ երկու տարի առաջ երեխայի ասկարիդոզ հիվանդության արդյունքում: Վարչության պետը հղում է կատարում Վլադիմիր Կիրիլովիչ Տատոչենկոյի «Շնչառական օրգանների հիվանդությունները երեխաների մոտ» ձեռնարկին.

«Մենք ուսումնասիրել ենք այդ երեխայի բժշկական քարտը, որը ծնված օրվանից լրացվում է: Մոտ երկու տարի առաջ երեխան տարել է ասկարիդոզ հիվանդությունը, որը ճիճվակրություն է: Ստացել է հակաճճվային բուժում: Հիմա առաջին հայացքից կասեք, թե դա ինչ կապ ունի թոքերի հետ, բայց եթե ինձ չեք հավատում, կա “Болезни органов дыхания у детей” Տատոչենկոյի հեղինակած ձեռնարկը, որից էլ ես օգտվել եմ, որ հասկանամ այդ երեխայի պնեւմոթորաքսի պատճառը: Այս ձեռնարկում ասվում է, որ երբ ասկարիդի որդը դուրս է գալիս ձվից, կարող է հասնել ընդհուպ թոքեր եւ ախտահարել ալվեոլները (թոքաբշտիկներ,-հեղ.), ինչն առաջացնում է կիստոզ փոփոխություններ»,- նշում է Հովհաննիսյանը:

 

 

Ըստ վարչության պետի վարկածի` ասկարիդոզի հետեւանքով ախտահարված թոքաբշտիկների պատռվելու ռիսկայնությունը մեծանում է` անեսթեզիայի համար կիրառվող արհեստական շնչառության սարքի կիրառմամբ:

«Ասկարիդոզի առաջացրած փոփոխությունները 8-10% դեպքերում կարող են երեխաների մոտ առաջացնել պնեւմոթորաքսի երեւույթներ: Ռիսկայնությունն ավելի է մեծանում, երբ ИВЛ (թոքերի արհեստական շնչառության սարք,-հեղ.) ենք գործածում` նարկոզի համար: Այսինքն` նարկոզն ավելի է մեծացնում պնեւմոթորաքսի հավանականությունը, որով 8-10% հավանականությունը դառնում է 20-30%: Արդեն իսկ ախտահարված ալվեոլը հեշտությամբ կարող էր պատռվել եւ առաջացնել պնեւմոթորաքս, ինչը տեղի է ունեցել այս երեխայի դեպքում»,- նշում է վարչության պետը:   

 

 

6-ամյա Հասմիկ Մարտիրոսյանի պնեւմոթորաքսը կարելի էր կանխել, եւ երեխան այդ վիճակում չէր հայտնվի, եթե բժիշկները ծանոթացած լինեին երեխայի բժշկական քարտի հետ եւ բացահայտած լինեին ասկարիդոզի հետեւանքները ոչ թե վիրահատությունից հետո, այլ մինչ վիրահատությունը: Առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը նույնպես այդ կարծիքին է. «Եթե ձեր հրապարակումները չլինեին, ես էլ այս գրքերը չէի բացի, քանի որ ինքս, լինելով 40 տարվա բժիշկ, միայն ուսումնասիրության արդյունքում կարողացա գտնել պատճառն այդ հիվանդության: Այսուհետեւ նման վիրահատությունների ժամանակ պետք է ստիպենք, որ թոքերի արհեստական շնչառություն տալուց առաջ տեսնեն` մարդը ճիճվակրությամբ տառապել է, թե ոչ: Թոքերի ռենտգեն նկարներն ավելի ուշադիր նայեն: Մենք նման ցուցում չենք ունեցել, ոչ մեկը չի կարող ենթադրել, որ ճիճվային հիվանդությունը կարող է բերել նման հետեւանքների»,- ասում է Հովհաննես Հովհաննիսյանը:

Նա նշեց նաեւ, որ վաղն առողջապահության նախարարի մոտ քննարկման է հրավիրված, որտեղ առաջարկելու է նոր կարգ մտցնել` այս նախադեպի հիման վրա: Համաձայն այդ կարգի` մինչ վիրահատությունն ուսումնասիրման փուլում (անամնեզ) բոլոր հիվանդների մոտ պետք է ստուգվի ասկարիդոզի առկայությունը. «Նման դեպք կարող է հազարից կամ տասը հազարից մեկ երեխայի մոտ պատահել, որովհետեւ նման դեպք մենք պրակտիկայում չենք ունեցել: Բայց ոչինչ, թեկուզ այդ հազարից մեկ դեպքը կանխարգելելու համար արժի, որ նման կարգ հաստատվի»,- ասում է Հովհաննես Հովհաննիսյանը:

Մեկնաբանություններ (2)

Աննա
Ամեն ինչ անում են, որպեսզի կոծկեն անեսթեզիոլոգի մեղավորությունն ու անպատասխանատվությունն աշխատանքի մեջ: Այս վարչության պետի համար ամոթ է, որ նա նոր է իմացել ասկարիդոզի ու թոքերի ախտահարման կապի մասին, բայց նա պարտավոր էր նաև իմանալ, որ ասկարիդոզի բուժմամբ վերանում են նաև թոքերի հետ կապված խնդիրները: Մյուս կողմից, նույնիսկ եթե կային թոքաբշտիկներ, որոնք ախտահարված էին, ախր պնևմաթորեքսը շատ լուրջ վիճակ է, որը կարող է ի հայտ գալ թոքերի ծանրագույն վնասվածքի, շնչառական սուր դիսթերս սինդրոմի պարագայում և ոչ երբեք որոշ թոքաբշտիկների ախտահարման ժամանակ: Ծանրագույն վնասված է եղել, անշուշտ, թոքերի թաղանթի ծակումը, որի պատճառով զարգացել է պնևմաթորեքսը. այսինքն բնական օդը թոքերից դուրս է եկել, արհեստական շնչառությամբ ապարատի թթվածինը լցվել է ոչ թե պարզապես թոքեր, այլ ամբողջ խոռոչը: Վերջապես, շատ պարզ փորձաքննություն է պետք՝ պարզելու տրված անեսթեզիայի դոզան, առանց դա անելու, հազարումի բան են հորինում: Պարզապես պետք է պատասխանատվությունը վերցնել, այո, տվյալ բժիշկը պետք է որակազրկվի, իսկ բժիշկների որակավորման վրա շատ լուրջ ուշադրություն դարձվի՝ հատկապես մարզերում:
простой доктор
БРЕД.... P.S:Надо помочь семье, чтобы ребенок получил продолжительное реабилитационное лечение, а не искать кота в темном комнате. По моему все остаточные симптомы со временем исчезнут.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter