Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Պատերազմի Աղավնին. «Պատերազմը մարդու հոգին ավելի է նրբացնում, որովհետև էնքան ցավ ես տեսնում»



Սրճարանում Աղավնի Սահակյանն ու լուսանկարիչ Հակոբ Պողոսյանն արդեն խոսում էին, երբ նրանց միացա: Առաջին հայացքից անակնկալի եկա, երբ տեսա Աղավնուն:

Հարդարված վարսերով, վարդագույն շրթներկով և մանուշագույն երանգով եղունգներով  մի կին է նստել մեր դիմաց: Մազափունջը երբեմն ծածկում է նրա աչքերը: Մտածում եմ. «Այս կինը մասնակցել է պատերազմին»: Հակոբը մեր հարցազրույցներից շատերի ժամանակ լուսանկարներ է նվիրում մեր զրուցակիցներին, այն լուսանկարները, որոնք արվել են պատերազմի և խաղաղության ժամանակ: Աղավնին վերցնում է այդ լուսանկարները: Մենք լռում ենք, նա հատ-հատ նայում է դրանք: Ժամանակը, կարծես, լողում է այդ լուսանկարների վրայով: Փորձում եմ հասկանալ, թե ինչ է զգում այդ նկարները նայելիս: Հետո որոշում եմ հարցնել, թեև նման հարցերը հաճախ անիմաստ են լինում: «Ամեն ինչ զգում ես՝ և՛ ջերմություն, և՛ ցավ, և՛ նույնիսկ հաճույք: Ոչ մի բան հենց այնպես չի անցնում, նույնիսկ չի էլ անցնում: Երբեմն կարող եմ հիշել առանց նկարները նայելու: Պատահում է այնպես, որ մարդկանց հիշում եմ, հետո եմ նկարը նայում, այլ ոչ թե հակառակը»,- ասում է նա: Շարունակում եմ հարցս, թե արդյոք ծանր է հիշողությունների բեռը, թե հարմարվել է: «Ոչ, ցավոք սրտի, ծանր է, նույնիսկ ժամանակը չի օգնում, որ ադապտացվեմ»,- պատասխանում է:

«Պատերազմ հո արծաթյա զարդերով չէի՞ գնալու»

Աղավնու հետ մեր զրույցը սպիտակ կտորի վրա ասեղնագործության է նմանվում: Թելերը՝ նրա հիշողություններն են, որոնք ամեն օր նրա հետ են: Երբ հարցս սկսում եմ «հիշո՞ւմ եք» բայով, նա միանգամից ավելացնում է. «Ես ոչ մի բան չեմ մոռացել, որ հիշելու կարիք լինի»: Ես ժպտում եմ:

Երբ ճակատ մեկնեց հայրն ու մայրն արդեն չկային, բայց, ասում է, եթե ողջ լինեին, իրենք էլ գուցե գային:

Մասնագիտությամբ լեզվաբան է: Ավարտել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալասրանի ֆրանսերենի բաժինը: Բացի նրանից, որ ինստիտիտում բուժքրոջ գործ էր անցել, Արցախ գնալուց առաջ վիրաբույժի մոտ պրակտիկա էր անցել: Արցախ գնալուց առաջ ժամանակավոր  աշխատել էր «Նաիրիտ» գործարանի տեխնիկական գրադարանում, այնուհետ՝ կրթության նախարարության ծրագրամեթոդաբանական բաժնում՝ որպես առաջին կարգի մասնագետ:

«Ուզում էի թարգմանիչ աշխատել, քանի որ ավելի շատ անգլերեն գրականություն էր, տնօրենը խնդրեց մի որոշ ժամանակ աշխատել գրադարանում: Այդ ժամանակ «Նաիրիտում» շտաբ ձևավորվեց՝ պատերազմական գոտում բնակչությանը օգնելու: Մենք օգնում էինք Բերդաձորին»,- պատմում է Աղավնին: Իրենց օգնությունը տանում էին կառավարության առաջին հարկում գործող շտաբ, որտեղից էլ ուղարկում էին Արցախ: Մի օր էլ երբ օգնություն էին տարել, պատմում է զրուցակիցս, ինքը խնդրել է, որ իրեն էլ ուղարկեն Արցախ: Շտաբի աշխատակիցն ասել է՝ եթե քեզ ուղարկեմ, այդ դեպքում ամբողջ սնունդը չենք կարող ուղարկել: Աղավնին ասել էր, որ կսպասի:

Այնուհետ դիմել էր «Ղարաբաղ» կոմիտե՝ իրեն Արցախ ուղարկելու համար: «Որոշեցի գնալ, որովհետև անորոշությանը չէի դիմանում: Այսինքն՝ ամեն բան լսում էինք՝ զոհեր, վիրավորներ, և նույնիսկ հաճախ չէինք հավատում այդ ինֆորմացիային»,- պարզաբանում է նա: 1992 թ. ապրիլի 3-ին էլ նա գնաց Արցախ: Իսկ Արցախ գնալուց առաջ արծաթյա բոլոր զարդերը բաժանել էր ընկերուհիներին՝ որպես հիշատակ իրենից, ասելով՝ «չգիտեմ, կգամ թե չեմ գա»: Օդանավակայանում ընկերուհին՝ Նունեն, հայելի էր գնել իր համար: Հայելին ու սանրը հարդարման միակ պարագաներն էին, որ տարել էր իր հետ: «Պատերազմ հո արծաթյա զարդերով չէի՞ գնալու»,- ծիծաղում է:

Արցախ էին գնացել ուղղաթիռով, որտեղ կային նաև «աշխարհի» բժիշկները: Ուղղաթիռի մեջ դիզելային վառելիքով 2 բաք կար ու նաև Երևանում մահացած մի ստեփանակերտցու դի: Բաքերը ծակվել էին, ու վառելիքը դուրս էր գալիս: Աղավնին պատմում է, որ իր մոտ սպիտակ կտորներ կային, որոնք բարեկամուհին էր դրել իր հետ վիրակապերի համար, հանել էր, դրել բաքերի վրա, որպեսզի վառելիքը ներծծվի: «Ֆրանսիացի բժիշկներից մեկի հետ սկսեցի խոսել ֆրանսերեն: Ասացի՝ ինչ ահավոր է, հիմա ուղղաթիռին մի բան լինի, էս խեղճ մարդը, որ մահացել է, մահացած էլ չի հասնի իր հողին: Միշելն ասաց՝ Աղավնի, էսքանս ողջ մարդիկ ենք, չես մտածում մեր մասին, մտածում ես մահացածի մասի՞ն»,- հիշում է զրուցակիցս:

Խոջալուի օդանավակայանում էին իջել, հետո բեռնատարով գնացել հոսիպտալ, այդտեղից էլ՝ շտաբ: Կոմանդոսն էր այնտեղ: Նրան ասել էին, որ դիրքեր են ուզում գնալ: «Ուղարկեք «26»: Այսպես ասաց Կոմանդոսը: Չգիտեի էլ, թե ինչ դիրքեր են դրանք: Ասացի՝ լավ, շնորհակալություն: Կոմանդոսն ասաց՝ ի՞նչ շնորհակալություն, գնացեք-գնացեք, վաղը հետ եք գալու: Կարծում էր՝ հետ ենք գալու»,- այս մասին պատմելիս ժպտում է: Նրա ժպիտի ժամանակ ուշադիր նայում եմ աչքերին, իսկ նա հայացքը կախում է սեղանին:

«Հենց առաջին օրը բարձրացանք դիրքեր: Էդ բնությունը կախարդական էր՝ ցեխ էր, անձրև էր, բայց մի հրաշք անտառ էր, դրախտային էր: «26»-ի դիրքերն էին»,- ասում է «26»-ի բուժքույրը, հետո ավելացնում, որ իրեն ամենադժվար պահերին օգնել է բնությունը:

«Առաջին կրակոցս դեպի Շուշի էր»

Մեր զրույցը բազմաճյուղ է: Մենք խոսում ենք պատերազմական դրվագներից, կենցաղային պայմաններից, ճաշ եփելուց: «Պատերազմի դաշտում կարևոր ու երկրորդական գործեր չկան: Եթե պետք է, պիտի ճաշ պատրաստես, եթե պետք է, պիտի էրեխեքի շորերը լվանաս»,- նկատում է բուժքույրը: Նա ազատամարտիկ տղաների մասին խոսելիս երբեմն ասում է «էրեխեքը»: Մանկավարժական սովորություն է, բացի դրանից, տարիքով էլ մեծ էր նրանցից:

«Բլինդաժի դիմաց նստում էինք, կարտոֆիլ մաքրում: Շուշիից որ կրակում էին, մեր անտառի ծառերն էլ շատ բարձր էին, ճրթճրթյունը, որ փամփուշտները կպնում էին, ճյուղերը կոտրվում էին, լսում էինք: Ու ամենակարևորը չէինք վախենում,- ասում է նա՝ ընդգծելով,- հայրս շատ խորհուրդներ ու կոդեր է տվել ինձ: Ասում էր՝ վախենալ պետք չէ, մարդ ինքը պետք է հանի իր վախը: Որ վախենաս, ավելի վատ կլինի»:

Աղավնու պատմելով՝ «26»-ի դիրքերը նպաստավոր չէին: «Եթե մի անգամ գլուխներս հանեինք, նրանք կարող էին ամեն մեկի համար մի արկ բաց թողնել: Շատ ունեին, իսկ մենք ամեն ինչին չէ, որ պատասխանում էինք: Զինամթերքը շատ չէր, իրենք կարող է 4-5 հատ կրակեին, նոր մենք մի պատասխան տայինք: Երբ արկերը գալիս էին, մի տղա ունեինք, ասում էր՝ էս մերը չի, ոնց որ զգում էր, որ անցնելու է կամ ընկնելու է... Դրա համար ավելի լավ է ցայտնոտի մեջ չընկնես»,- հիշում է Աղավնին:

«Ի միջիայլոց, ես ամենառաջին կրակոցս արել եմ դեպի Շուշի: Արայիկն ասաց՝ կուզե՞ս կրակես, ասացի՝ հա: 7 անգամ կրակել եմ, ասացի՝ առաջինը դու կրակիր, հետո՝ ես: Հետո ասացի՝ Արայիկ, բայց հետո չեն խոսա՞, որ իզուր կրակում ենք: Ասաց՝ իզո՞ւր է, բա սովորում ես կրակել»,- սա պատմելիս ժպտում է:


Աղավնու շարժումներում նրբություն կա: Նրա խնամված մատներին եմ նայում ու մտածում՝ տեսնես, ոնց է զենք բռնել: Հետո հարցնում եմ, թե զենք ուներ արդյոք: Ասում է՝ զենք չի սիրել, բայց հետո Յուրա Հովհաննիսյանը՝ «26»-ի Յուրան, իր ԱԿՍ-ն էր (ծալովի կոթով ինքնաձիգ) նվիրել, չնայած կրկին հրաժարվում էր վերցնել:

«Ամբողջ Մայիսմեկյան փողոցի ցուցանակները ջարդեցինք»

«Շուշիի ազատագրման օրը մի մտքի վրա բռնացրի ինձ: «Յո երթասի» մեջ որ նկարագրում է, թե ինչպես Ներոնը վառեց Հռոմն ու հիանում էր դրանով, միշտ մտածում էի, ոնց կարելի է հիանալ դրանով: Իսկ երբ տեսա Շուշիի այրվող հիվանդանոցը, սկսեցի ուրախանալ, որովհետև դա նշանակում էր, որ մերոնք մեջն էին, իրենք են տիրապետում դրությանը: Մեկ էլ հանկարծ ուշքի եկա, թե ինչի վրա եմ ուրախանում: Վազելով գնացի, ասացի՝ էրեխեք դուրս եկեք, տեսեք»,- պատմում է պատերազմի բուժքույրը:

Մայիսի 13-ին առաջին անգամ են մտել ազատագրված Շուշի: Հիշում է, որ մթնշաղ էր, և առաջին տեղը, որ մտել են, Ղազանչեցոց եկեղեցին էր: «Բարձրացա մինչև երկրորդ հարկ, ապշած էի, շոշափում էի, տեսնեմ, իրոք իրականություն էր, թե երազ էր: Մոմեր ունեինք, վառեցինք: Առավոտյան նորից մտանք, բայց ուրիշ էր առաջին զգացողությունը»,- ասում է զրուցակիցս: Հետո նշում է, որ մի բան կար, որ ճնշում էր իրեն: «Արայիկի հետ քայլում էինք: Ինքն էլ այդ ճնշվածությունը զգում էր: Քայլեցինք, քայլեցինք, ասացի՝ Արայիկ, ես գտա դրա պատճառը, այ, էս ապուշների տառերն են, արի, ի՞նչ կլինի, ջարդենք էդ ցուցանակները: Ամբողջ Մայիսմեկյան փողոցի ցուցանակները ջարդեցինք էլ ավտոմատով, էլ փայտով, էլ քարով»,- ասում է նա:

Մարտակերտի կարմիր վարդերը

Աղավնու պատերազմական լուսանկարներից մեկն արվել է 1994-ի մայիսի 12-ին՝ հրադադարի հաստատման օրը: Այդ օրը Մարտակերտում էին: Հրետանու շտաբը գտնվում էր Մարտակերտի «Ջրաբերդ» հյուրանոցում, բուժկետն էլ լյուքս համարներից մեկում էր: Լուսանկարում կանանց ձեռքին կարմիր վարդեր են: Հարցնում եմ՝ որտեղի՞ց էին: Ասում է՝ Մարտակերտից: Հետո միանգամից մազափունջը թեթև հետ է գնում, երևում են նրա խորը աչքերը: Մարտակերտի թավշյա կարմիր վարդերը շատ էր սիրում նաև Կարինեն (Կարինե Գևորգյանը, ում հետ Աղավնին ծանոթ էր դեռ «Նաիրիտում» աշխատելիս: Նա քլորի արտադրամասի պետն էր). «Կարինեի և Յուրայի զոհվելուց հետո ես խոստացա, որ իրենց գործը կշարունակեմ ևս 10 տարի: Ամեն տարի նրանց համար կարմիր վարդեր էի տանում Մարտակերտից»:

Կարինեն զոհվեց 1993 թ. հունիսի 13-ին, իսկ Յուրա Հովհաննիսյանը՝ նույն թվականի հունիսի 27-ին: Երկուսն էլ զոհվեցին Մաղավուզում:

Հաղթանակը, որ պահել է պետք

Պատերազմի ամենամեծ ձեռքբերումը հաղթանակն էր, ասում է Աղավնին. «Այդ հաղթանակը պահելու հարցում թերացել ենք բոլորս՝ ամենալավ կռվողից մինչև ամենավատ ղեկավարը: Դա մեր բոլորի սխալն է: Անգամ այն ձեռքբերվածը, որ ամենասուրբն էր, դա էլ աղավաղվեց»:

Այսօր պատերազմի մասին բոլոր փաստերը, Աղավնու խոսքով, աղավաղվում են, մինչդեռ ականատեսները լռում են: «Հիմա տեսնո՞ւմ ես՝ ազատամարտիկները քանի շերտի են բաժանվել: Դա մեր ամոթն է: Իրենք բոլորն, առանձին-առանձին վերցրած, կռվել են, ավանդ ունեն՝ ամեն մեկն իր չափով: Իսկ նրանք, ովքեր չգիտեն ձեռք բերածի գինը, բոլորին հանել են իրար դեմ: Էս ի՞նչ վիճակ է: Կանգնած ենք այս շահած հաղթանակը կորցնելու եզրին»,- ասում է Աղավնին:

Անցյալի մասին երբ խոսում էինք, նրա ձայներանգի պես մեղմություն կար, ներկայի դեպքում՝ հակառակն է:

«Այս հաղթանակի գինը ո՞նց է հասկանում այն մարդը, որ այդ հաղթանակ կերտողին միտումնավոր բանտում մեկուսացնում է, թե ինչ է՝ չպայքարի: Վոլոդյա Ավետիսյանի պես գնդապետն ի՞նչ գործ ունի բանտում,- հարցնում է նա, շարունակելով,- Ժիրայր Սեֆիլյանի պես հրամանատարը, ազատամարտիկը, ում քաղաքացիություն չեն տալիս, նեղում են ամեն կողմից, բայց քանի որ իր առաքելություն է պայքարելը, դա իր գաղափարը չի փոխում: Ինքը երբեք չի ընկճվում: Տեսնո՞ւմ ես՝ բոլորն իր դեմ են: Բայց ինքը հանուն հայրենիքի է»:

«Այսօրվա հերոսները չեն փոխվել, ուղղակի մարդիկ են ասպարեզ եկել, ովքեր ներկայանում են՝ որպես հերոս: Հիմա էսքանս որ ողջ ենք մնացել՝ չգիտեմ պատահաբար, թե ոնց, ուրեմն, առաքելություն ունենք անելու, չէ՞: Զոհվածների արյունը հենց այնպես պիտի գնա՞, էդ ո՞նց: Եղավ, որ հիմա իրենց ստրո՞ւկն ենք: Կամ էդ մի քանի թափթփուկների համա՞ր ենք արել, որ իրենք թալանեն, հարստանան, ուռճանան»,- ասում է նա:

«Նույն խրամատի մարդիկ հիմա դիմացի խրամատից են իրար նայում: Ո՞նց կարելի է: Բայց միևնույնն է՝ արդարությունը միշտ էլ հաղթում է»,- նշում է զրուցակիցս:

Ազատամարտիկը, ըստ նրա, մարդու տեսակ է, որ ոչ միայն կռվի դաշտում, այլև առօրյա կյանքում ունի իր որակը: Ազատամարտիկը նաև դպրոց է: Օրինակ, նշում է Յուրա Հովհաննիսյանին: Ասում է՝ երբեք թույլ չէր տալիս կռվի ժամանակ բացի սննդից և զենքից այլ բան վերցնել, իր օրինակով առաջինն էր ցույց տալիս դա: Մի անգամ տղաներից մեկը մագնիտոֆոն էր վերցրել հետախույզների «Ուրալի» համար, երբ Յուրան դուռը բացել էր և տեսել դա, առանց հարցնելու, թե ով է վերցրել, ջարդել էր:

Հարցնում եմ մեդալներից: Ասում է՝ ստացել է «Մայրական երախտագիտություն», «Անբասիր ծառայության համար», «Շուշիի ազատագրման համար», «Արիության համար», «Վազգեն Սարգսյան», բայց իր համար ամենակարևոր մեդալը համարում է հաղթանակը: Իսկ այն ոչ ոք չի կարող հանձնել. այն պետք է կարողանաս պահել:

Օրագրությունը

Մեր զրույցի ավարտին եմ իմանում, որ Աղավնին պատերազմական դաշտի օրագրություն է արել, նույնիսկ բանաստեղծություններ է գրել: Ասում է՝ դեռ չի հրապարակել, կհրապարակի, երբ ժամանակը գա: Մենք երկար զրուցում ենք: Աղավնին անուն առ անուն հիշում է պատերազմի մասնակիցներին: Երբեմն հերթով առանձնացնում է, օրինակ, բժիշկ Արցախ Բունիաթյանին, ով, ըստ նրա, ոչ միայն լավ մարդ էր, այլև լավ բժշիկ: Ամեն վիրավորի վիրակապելիս կամ վիրահատելիս գրում էր նրանց մասին, հայտնի է նրա «Արյունոտ Մարտակերտ» շարքը: Բացի դրանից, Ա. Բունիաթյանը Նժդեհի մասունքները բերողներից, պահպանողներից մեկն է եղել:

«Պատերազմը նաև դաստիարակում է մարդուն: Մեկ-մեկ ինձ ասում են՝ երբ պատերազմում ես լինում, կոշտանում ես, բայց չեմ ընդունում դա: Պատերազմը մարդու հոգին ավելի է նրբացնում, որովհետև դու էնքան ցավ ես տեսնում: Միշտ գթասրտության, օգնելու հետ գործ ունես»,- ասում է զրուցակիցս: Իր համար սովորական չի դարձել վիրավորներ տեսնելը: Այս մասին անշտապ է խոսում: Ասում է՝ երևույթին կարող ես վարժվել, բայց ոչ ապրումներին:

«Կանայք կան, որ ծխում են, ասում են՝ պատերազմից է, բայց չեմ ընդունում, դա չի օգնում: Բուժքույրերի՝ պատերազմի դաշտում լինելու գրավականներից մեկն իրենց կանացիությունն էր, սաստում էիր դրանով: Ամենավատ պահերին էլ, երբ հայհոյում էին թուրքին, հենց տեսնում էին, որ մենք էլ իրենց կողքին էինք, լռում էին»,- նշում է Աղավնին:

Մեր զրույցի վերջում նա պայուսակից հանում է կանաչ շապիկով տետրն ու կարդում իր գրած բանաստեղծություններից երկուսը: Մեկն արդարության մասին է, մյուսն այն մասին, երբ երկչոտին «Արիության» մեդալ էին տվել: Բանաստեղծությունների վերջում ամսաթիվն է, որ գրված է Մարտակերտում և «Աղուն» ստորագրությունը: Սրճարանից դուրս ենք գալիս, քայլում ենք, ու այն զգացողությունն է, որ մեր զրույցը, կարծես, կիսատ է մնացել: Ասելիքի խտությունն է պատճառը: Հպանցիկ հարցնում եմ նրան, թե կարոտում է արդյոք Ղարաբաղը: Մի քանի վայրկյան անց է պատասխանում՝ «Այո... Շատ»...

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի, Մաքս Սիվասլյանի, Ռուբեն Մանգասարյանի, Զավեն Խաչիկյանի 


Գլխավոր էջ



Այս թեմայով

  • «Այսօր մենք ապրում ենք նրանց կյանքերով»
    Ազատամարտիկ Արամ Ներսիսյանի հիշողությունների միջով ձգվող թելը տեղ-տեղ պրկվում է, տեղ-տեղ թուլանում: «Ծանր հիշողություն». այսպես է անվանում 90-ականների պատերազմի դրվագներից մեկը: Սա պատմում է մեր զրույցի ավարտին: Ասում է՝ այդպիսի օր չկա, որ չհիշի այդ մասին:
  • «Մարդ սպանելը դժվար է»
    «Խփելուց պիտի չնայես նրան, անցնես-գնաս: Եթե նայես, հետո կամ պիտի գժվես, կամ էլ պիտի սադիստ լինես»,- ասում է ուջանցի ազատամարտիկ Նաիրի Կիրակոսյանը (ընկերների շրջանում հայտնի է իբրև Մոսո):
  • «Մեր պատկերացրած երկիրն էսօր չկա». ազատամարտիկ Գրիգոր Ազատյան
    «Էն վախտ ուրիշ էր, ավելի շատ էր մաքրությունը, պարզությունը… Իրականում կարոտում եմ էդ տարիները: Մեր կռված տղերքի մեջ մնացել ա էդ մաքրությունը: Չգիտեմ՝ ինչի՞ց ա, որ փոխվել ա»,- ուջանցի ազատամարտիկ Գրիգոր Ազատյանն այս խոսքերից հետո հոգոց է հանում:
  • «Կարող ա մեռնեմ, ռազվադնոյ կլյուչս չմոռանաս, կբերես». հումորային իրավիճակներ պատերազմի դաշտից
    Երբ մարտական գործողությունը գնում էր, պիտի սարը վերցնեինք, տղաներից մեկին՝ Մուրադյան Գալուստին (հարևաններ էին, կողքի շենքերում էին ապրում) ասաց. «Գալուստ, հիմա կռիվ ա գնում, կարող ա ես մահանամ, իմ ռազվադնոյ կլյուչը որ տարել ես, չմոռանաս, կբերես»: Գալուստն էլ ասաց. «Հա, Անդո ջան, դու մենակ մեռի, կբերենք, կտանք»:
  • «Մեր փրկիչն էսօր մեր զինվորն է». ազատամարտիկ
    «Մենք մի գաղափարի շուրջ ելանք ճանապարհ ու կորցրեցինք ընկերներ: Մենք անելիք ունենք արդարացնելու մեր գոյությունը, մեր ընկերների առաջ մենք մեղավոր ենք: Մեր երազանքն ազատ, արդար, բարոյական երկիր ունենալն է»,- շարունակում է նա:
... կարդացեք ավելին «Ազատամարտիկները՝ 20 տարի անց» թեմայով
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ