HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղապետը համայնքի բյուջեն տնօրինում է` ինչպես սեփական գրպանի պարունակությունը

Լոռու մարզի Աքորի գյուղի Հանրապետական կուսակցության անդամ, գյուղապետ Կամո Սիմոնյանը օրերս Ալավերդու տեղական «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության եթերում կարծիք հայտնեց, թե թեեւ Հանրապետական կուսակցությունը ոչ մի լավ բան չի արել Աքորի գյուղի համար, սակայն, իր կարծիքով, շատ լավ կուսակցություն է, որի համար էլ գտնում է, որ ողջ գյուղը պետք է դառնա այս կուսակցության անդամ:

Կամո Սիմոնյանն այս նպատակով գյուղացիներից պարտադրանքով հավաքել էր նրանց անձնագրերը: Գյուղապետի խելքին նաեւ փչել էր գյուղապետարանի հաշվեկշռում գտնվող մանկապարտեզի երեխաների ծնողներին կանչել գյուղապետարան ու պահանջել, որ անհապաղ անդամագրվեն իր սիրելի կուսակցությանը, այլապես նրանց երեխաներին դուրս կանի մանկապարտեզից:

Հեռուստաեթերում Կամո Սիմոնյանը շատ ավելի հեռուն գնաց: Երբ Աքորի գյուղի բնակիչ, 80-ամյա Ղեւոնդ Ավետյանը, աքորեցիներ Անգին Վարդեւանյանն ու գյուղի կենսաթոշակառու բուժքույր æուլիետա Ստեփանյանը եթերում քննադատեցին գյուղապետի արարքը, վերջինս նրանց հասցեին ասաց. «Գյուղ կա՞, որ շուն չլինի»:

Աքորի գյուղում վրդովմունք կար ոչ միայն Կամո Սիմոնյանի` եթերում թույլ տված անվայել արտահայտությունների պատճառով, այլեւ նրա աշխատանքի: Մեր հարցումներից պարզվեց, որ երեք հազար բնակչություն ունեցող գյուղում ոչ ոք տեղյակ չէր Աքորի համայնքի ինչպես 2006թ., այնպես էլ 2007թ. բյուջեից: Ինքը` գյուղապետը, խուսափեց հանդիպել մեզ հետ: Իսկ նրա տեղակալ Վրույր Սիմոնյանը մեր զրույցի ժամանակ, բջջային հեռախոսով գյուղապետի հոխորտանքից հետո, կարկամեց եւ գրեթե զրկվեց խոսելու կարողությունից: Կարճատեւ մեր զրույցի ընթացքում, այնուամենայնիվ, գյուղապետի տեղակալը հրաժարվեց մեզ հատկացնել Աքորի համայնքի 2006թ. բյուջեի փաստացի ծախսերը եւ 2007թ. պլանավորված եկամուտներն ու ծախսերը` պատճառաբանելով, որ այն հաշվապահի մոտ է, իսկ հաշվապահը հիվանդության պատճառով գործի չի եկել: Այդուհանդերձ, նա փորձեց մեզ ներկայացնել 2007թ. համայնքի բյուջեի պլանավորված եկամուտների եւ ծախսերի վերաբերյալ իր ունեցած տեղեկությունները:

Վ. Սիմոնյանը հայտնեց, որ գյուղի բյուջեն հիմնականում գոյանում է դոտացիայից: Քանի որ Աքորին սակավահող տնտեսություն է, բյուջեի հարկային եկամուտները շատ քիչ են` մոտավորապես 4-5 մլն դրամ: Ըստ գյուղապետի տեղակալի` Աքորի համայնքի 2007թ. բյուջեի եկամուտներն ու պետության կողմից հատկացված վճարները կազմում են 25 մլն դրամ: Թե որքան է գյուղապետարանի բյուջետային աշխատողների քանակը, եւ բյուջեի քանի տոկոսն է պլանավորված աշխատավարձի համար, նա չկարողացավ պատասխանել: Իրականում Աքորի համայնքի 2007թ. բյուջեի եկամուտներն ու պետական փոխանցումները կազմում են 38 մլն դրամ, որից պետական փոխանցումները կազմում են 27մլն դրամ:

27 մլն դրամից 20 մլն-ը դոտացիա է, իսկ 7 մլն դրամը Ալավերդու «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության ՀՀ կառավարությանը վճարվող բնապահպանական վճարներից Աքորու համայնքային բյուջեի մասհանումն է: Աշխատավարձը կազմում է վարչական բյուջեի 25 տոկոսը, ապառքները կազմում են 3մլն դրամ, բյուջեի պարտքերը` 700 հազար դրամ: Աքորցիներից եւ ոչ մեկը այս տեղեկությունները չունի:

Պարզվում է` Կամո Սիմոնյանը բյուջեն համագյուղացիներից թաքցնելու պատճառներ, այնուամենայնիվ, ունի: Հենց գյուղամիջում գյուղացիները հայտնեցին, որ գյուղապետը գյուղի երաժշտական դպրոցում մեթոդիստ է նշանակել ոչ մասնագետ իր կնոջը: Այս կապակցությամբ Աքորու երաժշտական դպրոցի տնօրեն տիկին Անուշը հայտնեց, որ գյուղապետի կինը, իսկապես, մեթոդիստ է աշխատում, սակայն ոչ երաժշտական դպրոցի տարիֆիկացիայով: Ուսումնասիրությունները պարզեցին, որ նշանակումը կատարվել է գյուղապետարանի հաստիքացուցակով` մեկ դրույքով 2-րդ կարգի մասնագետ երաժշտի հաստիքով, 30 հազար դրամ աշխատավարձով այն դեպքում, երբ Կամո Սիմոնյանի կինը ոչ միայն երաժշտական կրթություն չունի, այլեւ անգամ նոտաներից անտեղյակ է: Գյուղապետը կնոջը մեթոդիստ է նշանակել նաեւ գյուղի մանկապարտեզում եւ, իհարկե, գյուղապետի կինն անտեղյակ է նախադպրոցական աշխատանքներից:

Կամո Սիմոնյանի կողմից բյուջեի յուրացումների մասին աքորեցիներից ստացանք նաեւ այլ տեղեկություններ: Այսպես` գյուղապետը 2006թ. ամռանը 200. 000 դրամ սննդի գումար է փոխանցել գյուղի մանկապարտեզին, սակայն նշված գումարից մանկապարտեզին ընդամենը մեկ թեյնիկ է տրվել:

Գյուղացիները նաեւ պատմեցին, որ 2006թ. մայիսի 9-ին Հայրենական պատերազմի մասնակիցներին օգնություն տալու նպատակով յուրաքանչյուր մասնակցի համար գյուղապետարանը ստացել է մեկ պարկ ալյուր, ձեթ, ձավար: Մթերքը պատերազմի մասնակիցներին չի բաշխվել, վաճառվել է գյուղապետի տեղակալի խանութում, փոխարենը Հայրենական պատերազմի մասնակիցներից յուրաքանչյուրին գյուղապետարանի կողմից տրվել է 5 հազար դրամ: Աքորիում վրդովված են նաեւ 2006թ. բյուջեի «սոցիալական ծրագիր» հոդվածով նախատեսված 700 հազար դրամ ծախսերի պատճառով: Թե որպես օգնություն ու՞մ էր հատկացվել այս գումարը, հայտնի է միայն գյուղապետին:

Որքան էլ Կամո Սիմոնյանը աքորեցիներից թաքցնում է, թե ինչպես են ծախսվելու բնապահպանական վճարներից 2007թ. համայնքի բյուջեին տրված 7 մլն դրամ մասհանումները, այնուամենայնիվ, գյուղացիներից շատերը համոզմունք ունեն, որ գյուղապետը յուրացնելու է նաեւ այդ գումարի առյուծի բաժինը: Աքորիում պարզապես ավելորդ է թափանցիկ բյուջեի մասին խոսելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter