HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղցկեղային եւ նախաքաղցկեղային հիվանդացության շարունակական աճ Ալավերդիում. թվերը սարսափելի են

«Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության պղնձաձուլական գործարանի արտանետումների հետեւանքով  բնապահպանական վտանգավոր միջավայրում ապրող 550 կանանց կրծքագեղձի եւ 500 տղամարդկանց շագանակագեղձի պրոֆիլակտիկ բժշկական  զննության համար Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը 2014թ. համայնքի բյուջեի բնապահպանական սուբվենցիաներից 6,6 մլն դրամ է տրամադրել Ալավերդու բժշկական կենտրոնին:

Զննության բժշկական հանձնաժողովի նախագահ, բժշկական կենտրոնի փոխտնօրեն Սերոբ Նազարեթյանի ասելով` ավելի շատ բնակիչներ ընդգրկելու նպատակով զննության համար սահմանվել են նվազագույն արժեքներ: Զննության ընթացքում կատարվել են կանանց սոնոգրաֆիկ եւ մամոգրաֆիկ հետազոտություններ: «Հիմնականում վերցրել ենք հետազոտման տարիքային ռիսկի խմբերին, այդ թվում` 40-60 տարեկան տղամարդկանց եւ 30-60 տարեկան կանանց»,- հայտնեց Ս. Նազարեթյանը:

Հիվանդները լրացուցիչ հետազոտության են ենթարկվել նաեւ Երեւանի հայ-ամերիկյան մամոգրաֆիայի բժշկական կենտրոնում: Բժշկական զննության արդյունքներով` 550-ից ընդամենը 7 կնոջ կրծքագեղձն է առողջ եղել: Հետազոտվածներից 8 կնոջ մոտ հայտնաբերվել է չարորակ նորագոյացություն: «Դրանք ամենավատ ցուցանիշներն են, այն առումով, որ 8-ն էլ եղել են ուշացված դեպքեր»,- ասում Ալավերդու բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ, կանանց կոնսուլտացիայի վարիչ Ռոզա Մաճկալյանը:

Կանանցից 20-ի մոտ հայտնաբերվել է ֆիբրոադենոմա, կիստոզ փոփոխություն է հայտնաբերվել 29, ֆիբրոկիստոզ փոփոխություն է ախտորոշվել 85, լիմֆոադենոմա  է ախտորոշվել 3, պապիլոմա է հայտնաբերվել 2 կանանց  կրծքագեղձում, 404 կնոջ  մոտ ախտորոշվել է կրծքագեղձի մաստոպատիա: «Մաստոպատիան կնոջ մոտ այլ հիվանդության հետեւանք է»,- բացատրեց Ռոզա Մաճկալյանը: Այսուհանդերձ, մաստոպատիան բժշկության մեջ բնութագրվում է կնոջ մոտ նախաքաղցկեղային իրավիճակ:

Հիվանդությունները վաղ շրջանում հայտնաբերելու նպատակով պրոֆիլակտիկ բժշկական զննությունը Ալավերդու բժշկական կենտրոնի բժիշկների համար դարձել է նոստալգիկ հիշողություն: «Ճիշտ է` բժշկական զննությամբ բացահայտված թվերը   սարսափելի են, այդ հիվանդությունները վաղ շրջանում հայտնաբերելու դեպքում հնարավոր էր դրանք կանխարգելել»,- ասում է Ռ. Մաճկալյանը:

Հաշվի առնելով զննության ենթարկվածների մոտ ի հայտ եկած վտանգավոր ցուցանիշները` բժշկական զննությունը շարունակելու համար քաղաքապետը 2015թ. բնապապահպանական սուբվենցիաներից հատկացրել է եւս 4 մլն դրամ: «Մարտի 3-ին մենք բժշկական զնության ենք ենթարկել 11 կնոջ, նրանցից մեկի մոտ նույնպես հայտնաբերվել է չարորակ նորագոյացություն: Այդ կնոջ երկու կրծքագեղձում էլ ուռուցք կար: Նրան նախապատրաստել ենք հայ-ամերիկյան մամոգրաֆիայի կենտրոն ուղարկելու համար: Պարզվեց, որ այդ հիվանդի աղջիկը նույնպես մեկ տարի առաջ վիրահատվել է կրծքի չարորակ ուռուցքով»,- հայտնեց մանկաբարձ-գինեկոլոգ Ռոզա Մաճկալյանը: Վերջինիս ասելով` հետազոտվածներից 62 կանայք վերցվել են բժշկական խիստ հսկողության տակ: Մնացած հիվանդները պրոֆիլակտիկ ընթացիկ հսկողության տակ են:

Հետազոտված 500 տղամարդկանցից 250-ի մոտ հայտնաբերվել է շագանակագեղձի ադենոմա: «Դա բարորակ փոփոխություն է շագանակագեղձի մեջ»,- բացատրեց Ալավերդու բժշկական կենտրոնի ուռուցքաբան Հարություն Միքայելյանը:  Հետազոտվածներից 86 տղամարդու մոտ ախտորոշվել է խրոնիկ պրոստատիտ, 44-ի  մոտ` շագանակագեղձի պիպերպլազա, 120 տղամարդ եղել է առողջ:  

«Ցավ չեն ունենում, որ գանգատները հարցնում եմ, ասում են` բժիշկ, բողոք չունեմ: Հարցնում եմ. «Գիշերը քանի՞ անգամ ես վեր կենում միզելու»: Ասում է` մի 5-6 անգամ, ցավ չկա, բայց միզելը պրոբլեմ ա: Վերջինիս ասելով` շագանակագեղձի հիվանդություն ունեցող տղամարդկանց արժանապատվությունը թույլ չի տալիս սեռական թուլության մասին խոսելու: Հ. Միքայելյանը դա համարում  է հայերին բնորոշ բնավորություն: «Թաքցնում են, մտածում են, որ դա նորմալ է: Էդ նույնը կանայք են, եթե կրծքում ցավ չկա, նրանք հանգիստ նստում են, բայց հենց ցավ չլինելն է պրոբլեմը, որ հիվանդությունը զարգանում է»,- հետազոտված հիվանդներին բնութագրում  է Հ. Միքայելյանը:

Սերոբ Նազարեթյանի ասելով` 2014թ. Ալավերդու բժշկական կենտրոն միզասեռական հիվանդություններով դիմած 1028 հիվանդներից շագանակագեղձի հիվանդություն է ունեցել 66 տղամարդ: Նրանք դիսպանսեր հսկողության չեն վերցվել` բժշկական կենտրոնում մասնագետ բժիշկ չունենալու պատճառով: Գրանցվել է նաեւ կրծքագեղձի տարբեր հիվանդություններ ունեցող 114 կին:  

ՀՀ առողջապահության նախարարության վիճակագրության համաձայն` 1994թ. Ալավերդիում գրանցվել է 373 չարորակ ուռուցքով հիվանդ: Հիշեցնենք, որ 1989-1995թթ. պղնձաձուլական գործարանը չի աշխատել: 1997թ.` գործարանի վերագործարկվելուց հետո, չարորակ ուռուցքների աննախադեպ աճ է գրանցվել: Բժշկական կենտրոնում 2014թ. գրանցվել է 733 չարորակ ուռուցքով հիվանդ: Հաշվառվածներից 357-ը կին է, որոնցից 134-ը հիվանդ են կրծքագեղձի, 53-ը`արգանդի վզիկի քաղցկեղով: Գրանցված են նաեւ շագանակագեղձի 16 չարորակ ուռուցքով հիվանդ տղամարդիկ:

Ըստ առողջապահության նախարարության վիճակագրական վարչության հաշվետվության` 2014թ. Ալավերդու բժշկական կենտրոնում հաշվառվածներից 139 հիվանդ մահացել է, նրանցից 72-ը մահացել են հիվանդության ախտորոշումից հետո մեկ տարվա ընթացքում, այսինքն` եղել են ախտորոշման ուշացած դեպքեր, 40 հիվանդ գրանցված չի եղել ուռուցքաբանական հիմնարկությունում, 26-ի ախտորոշումը հաստատվել է հետմահու` դիահերձման ընթացքում:

«Մեր քաղաքի շրջակա միջավայրով պայմանավորված` բնապահպանական սուբվենցիաներով մենք աստիճանաբար անցում ենք կատարելու զուտ բնակչության պրոֆիլակտիկ բժշկական զննության եւ առողջության վերականգնման ծրագրերին»,- ասում է քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter