HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

8 հոգով ապրում են 16 քմ-անոց սենյակում

1960-ականերին կառուցված նախկին «Ղարմետաքս» կոմբինատի հանրակացարանը` նորոգված տանիքով, առաջին հայացքից թվում է՝ այնքան էլ անմխիթար տեսք չունի, որքան նկարագրում են։ Նեղլիկ նախամուտքը, երկար ու կիսամութ միջանցքները հիշեցնում են խորհրդային ֆիլմերից հայտնի հին ու բարի «կոմունալկաները»։

Հանրակացարանում այսօր բնակվում է 72 ընտանիք, որից 12 փախստականներ են։ 1960-ականերից առ այսօր ոմանց հաջողվել է միացնել մի քանի սենյակներ և տարրական կենցաղային պայմաններ ստեղծել։ Ոմանք էլ շարունակում են ապրել 16 քմ-անոց սենյակում, որը մինչ այսօր չեն կարողացել սեփականաշնորհել։

Խաչատրյանների 8 հոգուց բաղկացած բազմազավակ ընտանիքն  ապրում է նման մի սենյակում: Ի տարբերություն մի շարք հարևանների, նրանք ունեն առավելություն` փոքրիկ «բազմաֆունկցիոնալ» պատշգամբ, որը և́ խոհանոց է, և́ բաղնիք, իսկ ձմեռը` նաև լվացքը չորացնելու տարածք։

Սենյակը բավականին կոկիկ է, որտեղ ամեն մի առարկա իր հստակ տեղն ունի։ Երեկոյան հյուրասենյակը վերածվում  է ննջասենյակի: Քնելու համար կա միայն երկու մահճակալ և մեկ բազմոց։

Ընտանիքի մայրը՝ Արֆենյա Խաչատրյանը, պատմում է, որ հանրակացարանի այս սենյակը խորհրդային տարիներին սկեսուրն է ստացել՝ որպես «Ղարմետաքս» կոմբինատի աշխատող։ Երեխաների ծնվելուց հետո դիմել են քաղաքապետարան և խնդրել մեկ սենյակ ևս տրամադրել, որտեղ այսօր ապրում է սկեսուրը Նա առողջական խնդիրներ ունի։ 

«6-րդ երեխայից հետո հույս ունեինք, որ վերջապես նոր բնակարան կստանանք, նորմալ պայմաններում կապրենք։ 2013թ․ վիճակահանության արդյունքում մեզ 4 սենյականոց բնակարան հասավ Թումանյան 123 փողոցի նորակառույց շենքում։ Բնակարանն առ այսօր թղթի վրա է»,- ասում է Արֆենյան։

Խաչատրյանների «շտապողականության» պատճառները երկուսն են. նախ՝ 6-րդ երեխան ծնվել է երկատված երիկամով և հանրակացարանային պայմանները բացասաբար են ազդում երխայի առողջության վրա։

Երկրորդը ավելի շուտ պատճառ չէ, որքան մտավախություն, որ բնակարանի հանձնումն այնքան կձգձգեն, մինչև մեծ աղջիկը չափահաս կդառնա, այդ դեպքում նրանց բնակարան չի հասնի։

ԼՂՀ կառավարության  աշխատակազմի բնակարանային հարցերերի վարչության պետ Արթուր Մուսայելյանը «Հետքի» հետ զրույցում պարզաբանեց, որ բազմազավակ ընտանիքիներին բնակարանով ապահովելու ծրագրի շրջանակներում 2013թ․ սեպտեմբերին ընդունված որոշման համաձայն` Խաչատրյաններին 4-սենյականոց բնակարան է հատկացվել նորակառույց շենքում։ Ըստ օրենքի` բնակարանը պիտի շահագործման հանձնվի 3 տարվա ընթացքում։

«Իսկ թե ինչու ենք մինչև շենքի շահագործման հանձնելը բնակարաններըն բաժանել, մի պարզ պատճառով․ բանն այն է, որ երբեմն տանտերերը ցանկություն են հայտնում հավելյալ գումար ներդնել և որոշակի ձևափոխումներ անել»,- ասացն Ա. Մուսայելյանը։

Թե երբ շահագործման կհանձնվի շենքը, Ա. Մուսայելյանը դժվարացավ հստակ ժամկետներ նշել` ասելով միայն, որ, ըստ իր ունեցած տեղեկության, շինարարական աշխատանքները պետք է ավարտին հասցվեն այս տարի։

Ինչ վերաբերում է տիկին Արֆենիայի մտավախությանը, որ ավագ դուստրն այս տարի չափահաս է դառնալու, ինչի պատճառով էլ կարող է իրենց բնակարան չտրամադրեն, ապա Ա․ Մուսայելյանը վստահեցրեց, որ նման բան բացառվում է։

«Եթե 6-րդ երեխայի ծնվելու պահին բոլոր երեխաներն անչափահաս են եղել, և կա ընտանիքին բնակարան տրամադրելու որոշումը, ապա դրանից հետո անգամ երկու երեխաների չափահաս դառնալու փաստը ոչ մի կերպ չի կարող ազդել բնակարան ստանալու գործընթացի վրա»,-բացատրեց Ա․Մուսայելյանը։

Բազմազավակ մայրը խոստովանում է, որ մեկ այլ դեպքում, միգուցե, ավելի համաբերատար լիներ, բայց ժամանակը 2-ամյա Մանեի առողջության դեմ է աշխատում։

Բազմազավակ ընտանիքը ապրում է հոր աշխատավարձով ու երեխաների համար տրվող նպաստով, որը միասին կազմում է մոտ 200 հազար դրամ։

Արֆենյան էլ հավաքարար էր աշխատում, բայց երեխայի հիվանդության պատճառով հիմա նրա փոխարեն սկեսուրն է աշխատում։

«Ծայրը ծայրին ենք հասցնում, ընտանեկան բյուջեի մի մասը գնում է երեխայի բուժման համար վերցրած վարկի մարմանը։ Ճիշտ է, հիմնական բուժումը պետպատվերի շրջանակում ենք ստացել, բայց Երևանում մնալու և 6 ամիսը մեկ ստուգման գնալու հավելյալ ծախսերը մենք ենք հոգում»,- եզրափակեց Արֆենյան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter