HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Դատարանները կալանքի որոշում են կայացնում բլանկներ լրացնելով

Այդպես է վարվել Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը` Վանաձոր քաղաքում լսելով Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանին կալանքի թույլտվություն տալու քննիչի միջնորդությունը:

Դատարանը խափանման միջոց ընտրելու միջնորդությունների համար արձանագրության բլանկներ է պատրաստել, որտեղ փոխվում են միայն անձանց անունները, եւ որոշումը պատրաստ է՝ կալանք կամ գրավ: Բլանկի մնացյալ գրառումները նրա համար են, որ ընթերցողին պատկերացում տան դատավարության բոլոր կանոնները պահպանելու մասին: Այնտեղ, սակայն, տեղ չի գտնում ամենակարեւորը՝ անձի մեղավորության մասին քննիչի հիմնավորումները եւ կալանք կիրառելու մասին մեղադրվողի առարկություններն ու բացատրությունները:

Ահա այս մեթոդով դատարանը 2006թ. հոկտեմբերի 19-ին Կամո Փիրուզյանին կալանելու որոշում է կայացրել: «2006թ.-ի հոկտեմբերի 18-ին, ժամը 8:45-ին Զորավար Անդրանիկի փ. թիվ 22 շենքի բնակիչ Կամո Փիրուզյանը դիմակավորված, նույն շենքի բնակիչ Գարեգին Հախինյանի գույքին տիրանալու նպատակով մետաղյա, որպես տապար ձառայող գործիքով հարվածներ է հասցրել գլխին եւ, վերցնելով նրա ձեռքից ընկած 759.000 դրամ արժողությամբ ոսկյա զարդերով պայուսակը, դիմել է փախուստի: Գարեգին Հախինյանը հետապնդել է նրան, եւ նա ստիպված պայուսակը թողել է ու փախել»,- ասվում է Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի որոշման մեջ:

Կամո Փիրուզյանի նկատմամբ որպես խափանման միջոց դատարանը կիրառել է երկամսյա կալանքը: Կալանքի ժամկետը լրանալուց հետո դեկտեմբերի 12-ին դատարանը ոստիկանության քննիչի միջնորդության հիման վրա կրկին մեկ ամսով երկարացրել է կալանքի ժամկետը: Այնուհետեւ, հունվարի 12-ին դատարանը եւս մեկ ամսով նրա կալանքի ժամկետը երկարացնելու որոշում է կայացրել:

Կալանքի միջնորդությունը քննարկելիս Կ. Փիրուզյանի պաշտպան Լուսինե Սահակյանը հայտնել է, որ քննիչի միջնորդությունը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի պահանջներին, եւ միջնորդել է իբրեւ խափանման միջոց գրավը կիրառել:

«Նախաքննական մարմինը հիմնավոր կասկածներ չունի, որ հանցագործություն կատարողը իմ պաշտպանյալն է, ինչպես նաեւ` որեւէ հիմք չունի ենթադրելու, որ մեղադրյալը կարող է թաքնվել քննությունից»,- հայտնել է նա: Ի դեպ, քննիչը նույնպես հայտնել է, որ հիմքեր չունի պնդելու, թե մեղադրյալը կարող է խուսափել արդարադատությունից: Սակայն, դատարանը պաշտպանի միջնորդությունը մերժել է` պատճառաբանելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143 հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավ կարող է կիրառվել ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործության համար մեղադրվողի նկատմամբ, իսկ Կ. Փիրուզյանին առաջադրված հոդվածները համարվում են ծանր հանցագործություն:

«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ փորձաքննությունների եզրակացությունները դեռեւս չեն ստացվել, եւ առանց դրանց անհնար է ավարտել նախաքննությունը, իսկ եզրակացությունները ստանալուց հետո անհրաժեշտ է իրականացնել նաեւ մի շարք այլ քննչական գործողություններ՝ եզրակացությունները ծանոթացնել կողմերին, փոփոխել եւ նոր մեղադրանք առաջադրել Կամո Փիրուզյանին, իսկ ազատ մնալու դեպքում նա կարող է թաքնվել քննությունից, քանի որ կատարել է ծանր հանցագործություն եւ չի ընդունել իրեն մեղսագրվող արարքը, եղել է երեք անգամ դատապարտված, կարող է կատարել նոր հանցագործություն»,- կալանքի ժամկետը երկարացնելու իր որոշումն այսպես է պատճառաբանել դատարանը:

Փաստաբանն իր վերաքննիչ բողոքում նշել է, որ դատարանը իրավունք չուներ Կ. Փիրուզյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրել, այնուհետեւ երկարացնել կալանքի տակ պահելու ժամկետը, քանի որ միջազգային իրավունքի նորմերի եւ քրեական դատավարության օրենսդրության համաձայն` անձին ազատությունից զրկելու համար պարտադիր է համարվում հիմնավոր կասկածանքը որ նա կխուսափի արդարադատությունից, բացի այդ «ծանր հանցագործություն» կատարելու հիմնավորումով գրավ չկիրառելը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներին: Պաշտպանը հիշեցրել է, որ Կ. Փիրուզյանը չի ընդունել իր հանցավորությունը, քննիչը նրա մեղավորությունը հավաստող ապացույցներ չի ներկայացրել, բայց դատարանը երկու անգամ կալանքի ժամկետը երկարացրել է:

Վերաքննիչ դատարանը, սակայն, հիմնավորված համարելով առաջին ատյանի դատարանի որոշումը, այն թողել է անփոփոխ: Սակայն այստեղ հետաքրքիրը ոչ թե վերաքննիչ դատարանի որոշումն է, այլ այն, որ նույն դատարանը մի կազմով ընդունում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143 հոդվածի 1-ին մասը՝ համաձայն որի գրավ կարող է կիրառվել ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործության համար, հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներին, դատավորների մեկ այլ խումբ չի ընդունում:

Վերաքննիչ դատարանը մեկ այլ կազմով քննել է գողության համար անձին կալանելու միջնորդություն եւ մերժել է, ընդ որում` այս դեպքում մեղադրյալը բռնվել է հանցանքի պահին, ընդունել է իր մեղքը, զղջացել է իր արարքի համար, եւ դատարանը, կասկած չունենալով, որ հանցագործություն կատարողը նա է, նրա նկատմամբ խափանման միջոց կիրառել է գրավը՝ հիմնավորելով, որ ՀՀ քր. դատ.օր.-ի 143 հոդվածը հակասում է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

«Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներին համահունչ Եվրոպական դատարանն ընդունում է, որ գրավի կիրառումը չի կարող կախվածության մեջ դրվել հանցագործության ծանրության աստիճանից (Տես՝ Նիկոլովան ընդդեմ Բուլղարիայի» եւ «Կաբալերոն ընդդեմ Միացյալ Թագավորության» գործերը, որոնցում Եվրոպական դատարանն արձանագրել է, որ օրենսդրական դրույթը, որով արգելվում է ազատ արձակելը առանձնապես ծանր հանցագործությունների կատարման համար, խախտում է Եվրոպական կոնվենցիան»,- գրված է Վերաքննիչ դատարանի որոշման մեջ:

Ի դեպ, Վերաքննիչ դատարանի` Եվրադատարանի որոշումներից բերված օրինակներն իր բողոքում ներկայացրել է նաեւ Փիրուզյանի պաշտպան Լուսինե Սահակյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter