Հայաստան ներմուծված վայրի կենդանիները շրջանցում են ոչ միայն մաքսային, այլ նաև Անասնաբուժության տեսչության հսկողությունը:
Որպեսզի կենդանին մուտք գործի երկիր, ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Անասնաբուժության տեսչության աշխատակիցները պետք է գրանցեն ու զննեն դրանց, հիվանդություն չհայտնաբերելու դեպքում՝ թույլ տան մուտքը: ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը հավաստիացնում է, որ այդ կենդանիները ևս մեկ ամիս գտնվում են կարանտինային շրջանում՝ Անասնաբուժության տեսչության աշխատակիցների հսկողության ներքո: Միայն դրանից հետո թույլ է տրվում նրանց հետագա շահագործումը:
«Հետքը» նախորդ հրապարակումներում բազմիցս անդրադարձել է խնդրին: Հիշեցնենք՝ տարբեր երկրներից Հայաստան ներմուծվում և արտահանվում են անհետացման վտնագի տակ գտնվող և միջազգային Կարմիր գրքում գրանցված մեծ քանակությամբ պրիմատներ և վայրի կենդանիներ: Մասնավորապես, համաձայն ՊԵԿ-ի տրամադրած ցանկի՝ 2010-2013թթ. մարդուն գենետիկորեն ամենամոտը համարվող առնվազն 4 թզուկ շիմպանզե, 7 սովորական շիմպանզե, 4 դիանա կապիկներ, մանդրիլներ, մանգաբեյներ և այլ տեսակի կապիկներ են ներմուծվել Հայաստան:
Այս կենդենիները, պարզվում է, շրջանցել են Անասնաբուժության տեսչության հսկողությունը:
«Հետքը» տեսչությունից գրությամբ խնդրել էր տրամադրել 2010-ից մինչև 2014թ. հոկտեմբերը Հայաստան ներմուծված և արտահանված բոնոբո (Pan paniscus) և սովորոկան շիմպանզե (Pan troglodutes) տեսակի կապիկների առողջական վիճակի մասին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կազմած փաստաթղթերը: Տեսչությունը հայտնել էր, որ «Հայաստանի Հանրապետության տարածք վերջին 3 տարիների ընթացքում Pan paniscus և Pan troglodytes տեսակի կապիկներ չեն ներմուծվել»:
Մի կողմ թողնելով այն փաստը, որ կենդանիներ ներկրող անձը գերշահույթներ է ստանում այս բիզնեսից, կենդանիների մուտքն այս ճանապարհով տարաբնույթ վարակիչ հիվանդությունների ներթափանցման վտանգավոր աղբյուր է:
«Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամ»-ի Հարավային Ասիայի տարածաշրջանային տնօրեն, հնդկացի Վիվեկ Մենոնն ասում է, որ բազմաթիվ հիվանդություններ փոխանցվում են վայրի կենդանիների և թռչունների անօրինական առևտրի պատճառով. «Երբ ուղեւորներ են գալիս, դու կարող ես հայտնաբերել նրանց և վերահսկել, բայց երբ անօրինական բեռ է գալիս, դու չես հայտնաբերում այն: Այդ բեռի հետ դու նաև ներմուծում ես հիվանդություններ: Փաստորեն, անհնար է դառնում վերահսկել այդ ոլորտը: Նույնիսկ CITES-ն է պարբերաբար ասում, որ վայրի տեսակների առողջությունը կարևոր գործոն է, որի վրա պետք է աշխատի կառավարությունը, և կառավարությունը պետք է կենտրոնանա վայրի կենդանիների առևտրի վերահսկողության վրա»,-նշում է փորձագետը:
Բացի նրանից, որ «Ջամբո» այգում ցուցադրված թզուկ շիմպանզեի օրինական ներկրման մասին ՊԵԿ-ը տվյալներ չունի, և դրա մաքսանենգ ճանապարհով ներկրման փաստթի առթիվ քրեական գործ է ընթանում, տասնյակ կապիկներ ներկրվում են անվավեր փաստաթղթերով:
Դրանցից մեկն ուսումնասիրելով՝ CITES-ի միջազգային փորձագետներ Մոհամեդ Էլսայեդը և Չարլզ Մաքեյը առնվազն 3 սխալ հայտնաբերեցին, որոնցից թեկուզ մեկի դեպքում փաստաթուղթն անվավեր է համարվում:
Փաստաթղթում նշված չէ՝
- արտահանման, ներմուծման, թե վերարտահանման թույլտվություն է,
- փաստաթղթի վավերականության ժամկետը լրացել է ավելի վաղ, քան այն տրվել է,
- կնիքի անվտանգության համարը չի համապատասխանում 5b դաշտում լրացված համարի հետ, ինչն ակնհայտ խախտում է:
Այս փաստաթղթով Կոնգոյից Հայաստան է ներմուծվել 36 կապիկ:
Չարլզ Մաքեյը 36 տարի Միացյալ Թագավորության մաքսային ծառայությունում է աշխատել, որից 20 տարին եղել է CITES-ի մասնագետ: «Հետքի» հարցին, թե ինչպես կվարվեին նման փաստաթղթով ՄԹ ներմուծման դեպքում, պատասխանեց. «Այս ամեն ինչը տեսնելով՝ անմիջապես կահազանգեինք, կարձագանքեինք և հարցումներ կուղարկեինք արտահանող երկիր: Սա անընդունելի և անվավեր փաստաթուղթ է»:
|
Հայտնի ասացվածք կա, որ ամեն մի շղթա այնքանով է ուժեց, որքանով իր ամենաթույլ օղակը: Ուստի այն երկրները, որտեղ ներպետական ու միջգերատեսչական կապերը թույլ են, խոցելի են: Բոլորս գիտենք, որ իրավապահները բազմաթիվ այլ գլխացավեր ունեն՝ զենքի, թմրադեղերի շրջանառություն: Ուստի, քանի դեռ կառավարությունը նրանց չի հասկացրել, որ CITES-ն էլ է գերակա, նրանք սովորաբար այն հետին պլան են մղում: |
Ուսումնասիրելով կոնվենցիան համակարգող մարմնի օրինական թույլտվությունները, որոնք ստացանք մեկ տարի տևած դատական վեճից հետո, այնտեղ նույնպես անթույլատրելի խախտումներ հայտնաբերեցինք: Փաստաթղթում պարտադիր պետք է լինեն ներմուծողի և արտահանողի տվյալները, մինչդեռ տասնյակ թույլտվություններում մեկ անձ և՛ ներմուծող է, և՛ արտահանող: Սա, ըստ փորձագետների, նույնպես անթույլատրելի է:
Հայաստանը 2009-ին ստորագրել է Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիան, սակայն չգիտի, թե ուր են «անհետանում» անհետացող տեսակները:
Ուստի, դու պիտի ունենաս ուժեղ CITES համակարգող մարմին, ուժեղ ոստիկանություն, ուժեղ մաքսային մարմին, տեղեկացված հանրություն և ուժեղ քաղաքական կամք: Վրաստանը նույնպես լավ վիճակում չէ: Մենք երեք տարի առաջ այնտեղ էլ դասընթաց անցկացրեցինք, և այնտեղ նույնպես նույն խնդիրները կային: Կարծում եմ՝ առանձին երկրներում չէ խնդիրը, այլ այս տարածաշրջանի՝ Կովկասի: Դուք թունել եք՝ նախկին ԽՍՀՄ երկրների և Եվրոպայի միջև: |
Հայաստանը կարևոր տարանցիկ երկիր է Միջին Ասիայից, հատկապես Դուբայից եկող կենդանիների համար: Այն նաև կարևոր երկիր է կենդանի տեսակների տարանցման համար: Մեծ քանակությամբ ձկան առևտուր է նկատվում այստեղից, հատկապես թառափի և ձկնկիթի: Աշխարհագրական տարածքը Հայաստանին կարևոր պոտենցիալ տարանցիկ երկիր է դարձնում նախկին ԽՍՀՄ երկրների համար: Վայրի կենդանիների առևտուրը վերահսկելու համար շատ բաներ են մեզ անհրաժեշտ: Միայն վերապատրաստումները չեն օգնի: Պետք է նաև քայլեր ձեռնարկել: Երբ համաճարակի պոռթկում կա, դուք մարդկանց պատվաստում եք, իրականացնում օղակաձև պատվաստում: Սա օգնում է վերահսկել համաճարակը: Հանցավորությունը համաճարակ է ողջ աշխարհում: Վերապատրաստումը պատվաստման եղանակ է: Դու պատրաստում ես բավականաչափ ծառայողներ, հետո դու կարող ես պայքարել ապօրինի առևտրի դեմ: Եթե դու ունես նույնիսկ մեկ թույլ օղակ, հանցավորությունը կշարունակվի: |
|
Ակնհայտ է, որ վայրի կենդանիներին՝ որպես ընտանի կենդանիներ պահելու փորձը և ձկնկիթի առևտուրը պետք է կարգավորվի Հայասանում: Մենք միշտ ասում ենք, որ ոչ թե բնապահպանության կամ գյուղատնտեսության նախարարություններն են կոնվենցիայի անդամ, այլ կառավարությունն է կոնվենցիայի կողմը: Ուստի, սա ողջ կառավարության պատասխանատվությունն է, ինչպես նաև ոչ կառավարական կազմակերպությունների ու հանրության: |
Փորձագետների հետ զրուցել ենք կենդանական աշխարհի առևտուրը կանխարգելու 5-օրյա վերապատրաստման դասընթացի նպատակով ժամանելու շրջանակներում: Այն նախաձեռնել էր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): Դասընթացն իրականացվեց ՀՀ բնապահպանության նախարարության և Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամի աջակցությամբ: Մասկացկեցում էին ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների, Շիրակ և Արարատ մաքսակետերի, Զվարթնոց օդանավակայանի, ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի, Վրաստանի բնապահպանության նախարարության,Երևանի կենդանաբանական այգու և FPWC հիմնադրամի աշխատակիցները:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել