HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Imagine». Ջոն Լենոնի կոմունիստական մանիֆեստը

Նաիրա Հայրապետյան

1971թ. մայիսյան մի գեղեցիկ առավոտ Ջոն Լենոնը նստեց դաշնամուրի առջև և աշխարհին նվիրեց իր ամենագեղեցիկ երգերից մեկը՝ «Imagine»-ը: Այս երգը ոչ միայն պիտի նվաճեր աշխարհը, այլև դառնար Լենոն-խորհրդանիշը՝ երաժշտության սահմաններից դուրս: Չէ՞ որ այն կյանքի նոր բանաձև էր պատկերացնում, խաղաղության մեջ ապրող մի աշխարհով, ուր չկային ազգային, կրոնական կամ պետական սահմաններ, և որտեղ կյանքն արարվում էր` նյութական արժեքներից դուրս:     

Յոքո Օնոն ուշադիր հետևում էր երգի ստեղծման ընթացքին՝ ինչպես էր նա գրում բառերը, համադրում մեղեդին, կառուցում ակորդներն ու այս ամենը ներդաշնակորեն հյուսում իրար՝ գրեթե մեկ շնչով: Ըստ նրա՝ Լենոնն այս երգում պատմել է «այն ամենը, ինչին հավատում էր նա՝ մենք բոլորս մի երկիր ենք, մեկ աշխարհ և մեկ ազգություն»:

Նույն թվականի սեպտեմբերին «Imagine»-ն արդեն համանուն ալբոմի կազմում ներկայացվեց ունկնդիրներին, մեկ ամիս անց Լենոնը «Apple Records»-ի հետ Միացյալ Նահանգներում թողարկեց երգի սինգլը: «Imagine»-ը համարվում է արտիստի սոլո- կարիերայի լավագույն աշխատանքը, որը ոչ միայն երաժշտասերների, այլև քննադատների միջավայրում բարձր արձագանքներ գրավեց:

Չնայած ամերիկյան Billboard Hot 100-ում սինգլը երաժշտական 3-րդ հորիզոնականից այդպես էլ առաջ չտարավ, սակայն սա ամենևին էլ չխանգարեց խախտել ամեն տեսակ սահման և ցանկապատ՝ հասնելու հեռավոր երկրներ ու ժանրեր ընդգրկող լսարաններին: Կանադայում, սակայն, գրավեց առաջին հորիզոնականը՝ այստեղ մնալով 2 շաբաթ շարունակ: Ալբոմը նոյեմբերին առաջատար դիրքեր գրավեց նաև բրիտանական հորիզոնականներում: «Imagine»-ը դարձավ հիմն երաժշտական աշխարհում, Լենոնի ամենաճանաչված երգը, ամենավաճառվածը, ամենաշատ մեկնաբանվածն ու երգվածը` տարբեր երգիչների կողմից, արտիստի այցեքարտը աշխարհի ցանկացած վայրում:

Լենոնը գիտեր, որ ստեղծել է մի առանձնահատուկ գործ, որն իր վերջին հարցազրույցներից մեկում պետք է անվաներ լավագույնը` բոլոր առումներով, և որի նմանը չի գրվել նույնիսկ բիթլզյան շրջանում: Ավելի ուշ նա պնդում էր, որ երգը ստեղծել է Յոքո Օնոյի «Grapefruit » գրքից ներշնչված: Դեռևս 1964թ տպագրված գիրքը ներկայացնում էր  Օնոյի պոետիկ, քնարական և կոնցեպտուալ հայացքները: Այստեղ բանաստեղծություններից շատերը սկսվում են «Imagiene»  բառով, իսկ դրանցից մեկը՝ «Cloud Piece» անվանումով նույնիսկ թողարկվեց «Imagiene» ալբոմի կազմին՝ հակառակ երեսին (Imagine the clouds dripping, dig a hole in your garden to put them in): Մի առիթով Լենոնն ասել է, որ երգը իրականում պետք է ներկայացվեր Լենոն-Օնո համահեղինակությամբ, որ նրանում շատ բան՝ բառերը և կոնցեպտն ամբողջությամբ  Յոքոյինն են. «բայց այդ օրերին ես ավելի եսասեր էի, և փաստորեն նրա ներդրումը, մասնակցությունը մի տեսակ անտեսեցի: Սակայն այն ուղղակիորեն «Grapefruit»-ից էր վերցված »:

«Imagiene» -ն անվանում են սոֆթ-ռոքի ժանրում ներկայացված դաշնամուրային բալլադ: Չնայած կոմերցիոն և համաշխարհային հաջողություններին` երգը միաժամանակ ենթարկվում էր բազմատեսակ քննարկումների, որին երբեմն նպաստում էին երգչի հարցազրույց-մեկնաբանությունները: Կրոնական որոշ խմբավորումների, օրինակ, անհանգստացնում էր «Imagine no heaven» տողը: Ինքը՝ Լենոնն իր հերթին, տարբեր առիթներով վիճահարույց բնորոշումներ և իմաստային մեկնաբանություններ  էր գտնում՝  մերթ անվանելով հակակրոնական, մերթ`հակազգային, հակապահպանողական, հակակապիտալիստական երգ, որը հանրաճանաչության արժանացավ «շնորհիվ քաղցր փաթեթավորման»: Նա հենց դրանով էր  պայմանավորում  երգի կոմերցիոն հաջողությունը:

«Հիմա ես գիտեմ, թե դուք ինչ պետք է անեք,- ասել է Լենոնը,- ձեր քաղաքական հաղորդագրությունները մի քիչ մեղրի մեջ թաթախեք»: Իսկ մեկ այլ առիթով նա «Imagiene» –ը կես կատակ, կես լուրջ անվանել է «գործնականում կոմունիստական մանիֆեստ»` չնայած ինքը «կոմունիստ չէ և ոչ էլ որևէ շարժման ներկայացուցիչ»:  Միգուցե այդպես էլ է, որովհետև նա երգում էր առանց սահմանների, առանց կրոնական և ազգային պատկանելության աշխարհի մասին: Բրիտանական «NMI» ամսագրին տված հարցազրույցի ընթացքում նա ասել է՝ «Աշխարհում իրական կոմունիստական երկիր գոյություն չունի, դուք պետք է հասկանաք, որ Ռուսաստանն էլ այդպիսին չէ:  Դա ֆաշիստական պետություն է: Այն սոցիալիզմը, որի մասին ես խոսում եմ, «Բրիտանական սոցիալիզմ» է, և այն չէ, ինչ կկարողանային անել մի քանի խելառ ռուսներ, կամ չինացիները…»: Այս ամենին զուգահեռ` շատ երկրպագուներ պարզապես համոզված են, որ Լենոնն իրականում այս երգում կոչ է անում հրաժարվել ոչ այնքան նյութական ձեռքբերումներից, որքան մեր մտքերում բույն դրած և բեռ դարձած նախապաշարումներից, կարծրատիպերից:

Քննադատներից ոմանց կարծիքով` երգի գործիքավորումը չափազանց սենտիմենտալ և մելոդրամատիկ էր, վոկալային մասով՝ նվազեցված հնարավորությամբ: Կարծիքների մեջ նշվում է նաև հակասականության հանգամանքը։

Երգչի կյանքին ու ստեղծագործությանն անդրադարձած հեղինակներից մեկը՝ Ջոն Բլենին, գտնում է, որ երգի տեքստում պատկերվում են հիպոթետիկ հնարավորություններ, որոնք միաժամանակ գործնական լուծումներ են առաջարկում: «Բառեր, որոնք ժամանակ առ ժամանակ անորոշ են ու հակասական. ունկնդրին առաջարկում է հրաժարվել քաղաքական համակարգերից` միաժամանակ խրախուսելով մի բան, որը կոմունիզմն է հիշեցնում»,- գրել է Բլենին:

Մեկ այլ կարծիքի համաձայն` երգը կեղծ հաղորդագրություն էր, քանի որ միլիոնատեր ռոք աստղը՝ ապրելով դղյակում, ունկնդիրներին կոչ էր անում ապրել երևակայական մի աշխարհում, ուր նյութականն այնքան էլ չէր խրախուսվում: Բայց չէ՞որ նրա կենսակերպը կտրականապես տարբեր էր այն ամենից, ինչը կոչ էր անում «Imagine» –ը:

Կեղծ, թե անկեղծ, դրախտում, թե դժոխքում, երկրի վրա, թե պատրանքում․․․ Այս ամենին ի պատասխան` «Բիթլզի նախկին անդամ Ռինգո Սթարը, անդրադառնալով երգի խոսքին առնչվող քննարկումներին, 1981թ. հարցազրույցներից մեկում տվել է երևի  ամենահարմար պատասխանը՝ «Լենոնն ասել է «պատկերացրու»: Էսքան բան: Ուղղակի պատկերացրեք այն»:

«Imagine» –ը բոլոր ժամանակների և տարբեր սերունդների ուղեկիցն է: «Rolling Stone» ամսագիրն այն անվանեց «Լենոնի մեծագույն երաժշտական ընծան աշխարհին» և իր հայտնի «Բոլոր ժամանակների լավագույն 500 երգերը» ցանկում նրան հատկացրել է 3-րդ հորիզոնականը՝ անվանելով այն «հարատև մխիթարելու խոստմամբ հիմն, որը մեզ սփոփել է ծայրահեղ վշտերի ժամանակ»: Ամերիկյան «Performing Songwriter» երաժշտական ամսագիրն այն անվանել է բոլոր ժամանակների և բոլոր ժողովուրդների համար լավագույն ստեղծագործությունը: 1999թ. «BMI»-ն իր հարցումների արդյունքում «Imagine»-ը ճանաչեց որպես «20-րդ դարի 100 ամենաշատ երգված գործերից մեկը»:  

Այս երգը կատարել են գրեթե բոլոր հնարավոր և անհնարին աստղերը` Էտա Ջեյմս, Ռեյ Չարլզ, Դեյվիդ Բոուի, Փիթեր Գեբրիել,  Դայանա Ռոուզ, Էլթոն Ջոն, Սթիվի Ուոնդեր, Հերբի Հենքոք, Նիլ Յանգ, Ջեֆ Բեք, Ջոան Բաեզ,Փինք, Մադոնա, Սիլ և ուրիշներ: ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմ Քարթերը մի առիթով ասել է` «Աշխարհի մի շարք երկրներում, որտեղ հասցրել ենք լինել ես և կինս (գրեթե 125 երկիր), դուք կարող եք լսել Ջոն Լենոնի «Imagine»-ը համարյա նույն հաճախականությամբ, որքան հնչում էր տվյալ երկրի օրհներգը»:

Մեկնաբանություններ (1)

Грайр
это наш Интернационал

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter