HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուբեն Արևշատյան. բիենալեի հայկական տաղավարի կոնցեպտը հակասում է մշակութային միատարրության կլիշեներին

Այս տարի՝ մայիսի 9-ից նոյեմբերի 22-ը, Վենետիկում տեղի է ունենալու ժամանակակից արվեստի 56-րդ բիենալեն, որին մասնակցելու է նաև Հայաստանը: Բիենալեն հիմնադրվել է 1895 թ.ն, իսկ Հայաստանը մասնակցում է 1995 թ.-ից: Այս տարի Հայաստանը ներկայացնելու են սփյուռքի 18 արվեստագետներ, որոնց թվում է նաև Սարգիս Զաբունյանը: Վերջինս ներկայանալու է թե՛ Թուրքիայի, թե՛ Հայաստանի ազգային տաղավարներում:  

Այս տարի Հայաստանի մասնակցության շուրջ բավական քննարկումներ եղան, անգամ դժգոհություններ, թե ինչու պետք է Հայաստանը ներկայացնողների շարքում չլինի հայաստանցի արվեստագետ: Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի նախագահ Ռուբեն Արևշատյանի հետ:

2011 թ.-ին նա եղել է Վենետիկի 54-րդ բիենալեի Հայաստանի ազգային տաղավարի համադրողներից մեկը: Բացի դրանից, նախորդ տարի համադրել է Վենետիկի ճարտարապետության բիենալեում Հայաստանի տաղավարը:

-Պարոն Արևշատյան, այս տարի Վենետիկի բիենալեին Հայաստանը ներկայացնելու է սփյուռքի 18 արվեստագետի: Ինչո՞ւ նրանց շարքում չկա Հայաստանից որևէ մասնակից: Ի՞նչ եք մտածում Հայաստանի այս տարվա մասնակցության մասին:

-Արվեստագետների ընտրությունը Հայաստանի ազգային տաղավարի՝ այս տարի ընտրված համադրողի որոշումն է: Նա մշակել  է կոնցեպտը և առաջարկել արվեստագետներին: Այդ կոնցեպտի հետ պետք է գործ ունենալ, դիտարկել արվեստագետների ընտրությունը այդ կոնցեպտի տրամաբանության մեջ և ամենակարևորը հարգել համադրողի կողմից առաջարկված կոնցեպտը և ընտրությունը: Միանգամից ասեմ, որ դա սկզբունքային խնդիր է:

-Իսկ կուրատորի ձևակերպած կոնցեպտը պե՞տք է ընդունվի կամ քննարկվի նախարարության կողմից:

-Ընդհանուր առմամբ գործընթացն այսպիսին է. տարիներ շարունակ նախարարությունը հանդես է գալիս որպես հիմնական կառույց, որը ստանում է հրավերը, որից հետո կա´մ ինքն է ստանձնում հանձնակատարի դերակատարումը, կա´մ հանձնակատար է նշանակում: Օրինակ, անցած բիենալեին որպես հանձնակատար հանդես էր գալիս հենց նախարարությունը, որն էլ որոշում է կայացնում կուրատորի ընտրության մասին:

-Այսինքն՝ հանձնաժողո՞վ է ստեղծվում, որն ընտրում է կուրատոր:

-Տարբեր երկրներում տարբեր պրակտիկա է իրականացվում. կա´մ նախարարությունը ստեղծում է հանձնաժողով, կա´մ ունենում է մշտական գործող հանձնաժողով, որը միշտ զբաղված է քննարկումներով, կատարում է իր հետազոտությունները, ունի իր փորձագիտական հանձնախմբերը, որոնք առաջարկում են տարբեր թեկնածուներ:

-Հայաստանի դեպքում մինչև 2010-ը բիենալեի հարցերով զբաղվում էր ՆՓԱԿ-ը, այդպես չէ՞:

-ՆՓԱԿ-ին  պատվիրակում  էր նախարարությունը: Հրավերը միշտ ստանում է մշակույթի նախարարությունը, որն էլ կարող է դելեգացնել իր հրավերը որևէ հաստատության: Եվ այդ հաստատությունը կարող է զբաղվել համադրողների ընտրությամբ, որից հետո արդեն համադրողը առաջարկում է թե արվեստագետներին, թե տաղավարի ողջ նախագիծը: 54-րդ բիենալեից սկսած՝ 2011 թ.-ից, բիենալեների կազմակերպման հարցով զբաղվում է մշակույթի նախարարությունը՝ ինքն է հրավիրում համադրող և հանձնակատար:

-Համադրողի  կատարած ընտրությունից հետո նախարարությունն ինչ-որ եզրակացություն  տալի՞ս է:

-Ոչ: Համադրողի կողմից առաջարկված նախագիծը կարող է ընդունվել կամ մերժվել, սակայն ոչ խմբագրվել կամ ենթարկվել շտկումների, լրացումների ինչպես կոնցեպտուալ, այնպես էլ արվեստագետների ընտրության մասով: Եթե այդ միջամտումը տեղի ունենա նախարարության կողմից, մենք արդեն գործ ենք ունենալու բոլորովին այլ կարգի տաղավարի հետ: 54-րդ բիենալեի կազմակերպման ընթացքում, երբ նախարարությունն առաջին անգամ էր կազմակերպում տաղավարը, և մենք առաջին անգամ էինք հրավիրված որպես համադրողներ, մեզ համար իրավիճակը փոքր ինչ անորոշ էր, քանի որ չգիտեինք, թե ինչ իրավիճակների հետ էինք առնչվելու: Մասնավորապես, առաջին խնդիրն այն էր, թե արդյոք մեզ կտրամադրվի արվեստագետների ընտրության և կոնցեպտի ձևակերպման լիակատար ազատություն: Ի զարմանս մեզ, նախարարությունն այդ առումով իրեն շատ լոյալ դրսևորեց:

-Այս տարվա կուրատորի մոտեցումն ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Այս տարվա համադրողը Ադելինա ֆոն Ֆյուրստենբերգ-Ջուբերյանն է (Adelina von Fürstenberg-Herdringen): Ադելինան միջազգայնորեն հայտնի համադրող է: Նա հիմնադրել է Ժնևի ժամանակակից արվեստի կենտրոնը, որի գլխավոր համադրողն էր երկար տարիներ: Կազմակերպել է բազմաթիվ  խոշոր ցուցահանդեսներ ինչպես Ժնևում, այնպես էլ աշխարհով մեկ: Մի քանի ցուցադրություններ է կազմակերպել Վենետիկում՝ ներկայացնելով այնպիսի արվեստագետների, ինչպիսիք են Կունելիսը, Ռաուշենբերգը, Կոշուտը, Սարգիս Զաբունյանը, ում Հայաստանում քչերը գիտեն:

-Ի դեպ, հենց Սարգիս Զաբունյանի մասնակցության շուրջ էլ քննարկում կա, և դժգոհություն այն առումով, որ նա ներկայանալու է և՛ Թուրքիայի, և՛ Հայաստանի տաղավարներում:

-Սարգիս Զաբունյանին 2004 թ. Պիկասոյի թանգարանի հետ համատեղ ներկայացրել ենք Երևանի «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում և Փարաջանովի թանգարանում: Զաբունյան արվեստագետն իր կշռով  համեմատական է Արշիլ Գորկուն: Ազգությամբ հայ արվեստագետների մեջ համաշխարհային ճանաչման առումով երկու այդպիսի անուն կա: Իհարկե, ունենք շատ փայլուն արվեստագետներ, սակայն համաշխարհային տեսանելիության, ճանաչման առումով այդ երկու անուններն են հավասարազոր:

Այս տարի այդ արվեստագետը ներկայացված է լինելու նաև Թուրքիայի տաղավարում, որը, ըստ իս, խելացի ընտրություն է տարբեր առումներով: Վերջին հաշվով դա Թուրքիայի լիբերալ մտածող հանրության կողմից մի առիթ է՝ թուրքական ազգային տաղավարի շրջանակներում խորքային ձևով անդրադառնալու այն տաբուներին, որոնց հետ թուրքական հասարակությունը առնչվում է առ այսօր: 60-ականներին Սարգիսը Թուրքիայից տեղափոխվեց Փարիզ, և հիմա ֆրանսիացիները նրան համարում են իրենց արվեստագետը, թուրքերն՝ իրենցը, իսկ հայերը դեռևս Սարգսին նույնիսկ չեն ճանաչում:

Բացի Սարգսից, Հայաստանի տաղավարում ներկայացված են նույնպես հայտնի արվեստագետներ՝ Մելիք Օհանյանը, ում անունը հայտնի է ժամանակից արվեստի միջազգային ասպարեզում, Ռենե Գաբրին և Այրին Անաստասը՝ ձախական դիսկուրսը վարող այսօրվա ամենահայտնի արվեստագետների խմբերից մեկը Նյու Յորքից, որը կանգնած էր «Occupy Wall street»-ի շարժման ակունքներում: Ծագումով Դամասկոսից արվեստագետ Հրայր Սարգսյանը, ում գործերն այսօր հայտնվում են աշխարհի ամենահայտնի ժամանակակից արվեստի թանգարաններում և հավաքածուներում: Բեյրութից ճանաչված կինոռեժիսոր Նիկոլ Բեզջյանը և այլ արվեստագետներ:

Այսինքն՝ համադրողը հայկական սփյուռքի արվեստագետների շուրջ է ձևավորել իր նախագծի կոնցեպտը, ովքեր գալիս են տարբեր աշխարհագրություններից և ունեն տարբեր պատմություններ և տարբեր ինքնության ընկալումներ, բայց որոնց վերջին հաշվով միացնում է պատմական այն տրավման, խզումը, «Աղետը» (արևմտահայակական դիսկուրսում Ցեղասպանությունը նշելու ընդունված եզրույթը), որ տեղի է ունեցել 1915-ին: Ցեղասպանության, տարագրման պատմությունների և պատումների բազմազանության, ինքնության կոնֆլիկտի, անարդարության սուբյեկտիվ ընկալումների և անձնական փորձառության վրա հիմնված սփյուռքահայ արվեստագետների տեսլականները, ըստ իս, լինելու են այս տարվա տաղավարի հիմնական առանցքը, որը բացահայտելու է «Հայկականության» (Հայաստանի տաղավարի այս տարվա անվանումը) բարդ և տարաբնույթ, հակասական, ոչ միատարր էությունը:

Կարծում եմ` դա հետաքրքիր կոնցեպտուալ դիրքորոշում է՝ դիտարկված ազգային տաղավարի ֆորմատում, որը հակասում է մշակութային միատարրության  հետ կապված գերիշխող գաղափարախոսական կլիշեներին և որը շեշտադրում է այդ նույն «Հայկականության» տարբերակված դիտարկման անհրաժեշտությունը, որտեղ ուշադրության են արժանանում առանձին-առանձին վերցված սուբյեկտիվ պոզիցիաները, պատումները, համատեքստերը:

Պետք է ընդունել, որ սփյուռքի և Հայաստանի, արևելահայկական և արևմտահայկական համատեքստերի միջև կան մեծ տարբերություններ, կոլեկտիվ հիշողության մեջ արմատավորված տարբեր պատումներ և ֆիքսացիաներ: Օրինակի համար` 1955 թվականը, որը, թերևս, հայաստանյան կոլեկտիվ գիտակցության մեջ չի թողել որևէ խորը հետք, արևմտահայ կոլեկտիվ գիտակցության մեջ արմատավորված է որպես «Հայկական բյուրեղապակյա գիշերվա» տարեթիվ, երբ Կիպրոսի անկախացման գործընթացի մեկնարկը նշանավորվեց Ստամբուլում` հայկական, հունական, հրեական թաղամասերում, մեծամասշտաբ ջարդերով, որը շարունակեց 1915-ի ողբերգական տրամաբանությունը, սակայն որը առ այսօր մաս չի կազմում Հայաստանի կոլեկտիվ հիշողության: Եվ սա ընդամենը մեկ օրինակ է` կապված աղմկահարույց պատմական դրվագի հետ:

-Պարոն Արևշատյան, բիենալեի կանոնադրություն գոյություն ունի՞, որ մեկ արվեստագետը չի կարող ներկայանալ երկու երկրների տաղավարներում:

-Որևիցե նման սահմանափակում բիենալեի ֆորմատը չունի: Շատ տխուր կլինի, եթե բիենալեն մտցներ այդպիսի ռեգլամենտ: Եղել են դեպքեր, որ նույն արվեստագետը մասնակցել է տարբեր տաղավարներում միաժամանակ, այդ թվում նաև բիենալեի հիմնական մեծ ցուցահանդեսում, որը կազմակերպում է բիենալեի գլխավոր համադրողը:

-Հայկական տաղավարը Սբ. Ղազար կղզում է լինելու: Այն բիենալեի հիմնական տաղավարներից հեռու է: Ինչո՞վ է պայմանավորված դա:

-Բիենալեի անցկացման վայրերը երկուսն են՝ մեկը Ջիարդինին է, որը հենց բիենալեի հիմնադրման ժամանակվանից կա, և Արսենալեն, որը հսկայական մի ցուցասրահ է, նախկինում եղել է Վենետիկի զինամթերքի գործարան և պահեստ: Բազմաթիվ տաղավարներ գտնվում են նաև Արսենալեում: Բացի Ջիարդինիից և Արսենալեից, բիենալեի ընթացքում գործում են բազմաթիվ ազգային տաղավարներ` սփռված Վենետիկի ողջ տարածքով:

Սուրբ Ղազար կղզին

Հայաստանի տաղավարը միշտ կազմակերպվել է Արսենալեի և Ջիարդինիի տարածքներից դուրս՝ Մուրադ-Ռափայելյան վարժարանի տարածքում կամ Սբ. Ղազար կղզում: Արսենալեում հիմնական տաղավարի ձեռք բերման հարցը պարբերաբար քննարկվում է: Իհարկե, շատ լավ կլինի, որ այնտեղ ունենանք տաղավար:

-Ի՞նչն է պատճառը, որ չունենք:

-Երկու պատճառ կա. նախ ֆինանսական միջոցների հետ կապված խնդիրներ են, և երկրորդը՝ մշակութային քաղաքականության վճիռների, նախապատվությունների հետ կապված հարցն է: Վենետիկի բիենալեն պետության համար պրիորիտետային մշակութային իրադարձություն է դառնում միայն վերջին տարիների ընթացքում, քանի որ մշակույթի նախարարությունն իր ձեռքն է վերցրել է բիենալեի կազմակերպումը: Արսենալեում ամենամինիմալ մոտ 30-40 քառ. մետր տաղավարի համար տարածության վարձավճարը սովորաբար կազմում Հայաստանի տաղավարի ամբողջ բյուջեի չափը, եթե ոչ կրկնապատիկը: Մինչդեռ Սբ. Ղազարում  և Մուրադ-Ռափայելյան վարժարանում տարածքները սովորաբար տրմադրվել են Հայաստանի տաղավարի համար անհատույց, ինչը թույլ է տվել բյուջեն ուղղել միայն տաղավարի կազմակերպման վրա:

Սակայն ես չեմ համարում հայկական տաղավարի կտրվածությունը գլխավոր ցուցահանդեսային տարածքներից որպես նեգատիվ երևույթ: Նախ` Հայաստանը միակը չէ, որ կազմակերպում է իր տաղավարը Արսենալեից և Ջիարդինիից դուրս: Առավելն ասեմ, որ այն հնարավորությունները, որը կարող են առաջարկել Մուրադ-Ռափայելյան վարժարանի Պալացո Զենոբիոյի շենքը և Սբ. Ղազար կղզին, անհամամեմատելիորեն նախապատվելի են որևէ այլ պալացոյում կամ նույն Արսենալեում այլ երկրների տաղավարների ունեցած հնարավորությունների համեմատ: Այսինքն` այստեղ նույն հայկական վատ բնավորության համաձայն, փոխանակ կոնցենտրացնելու միջոցները և ջանքերը տաղավարի բովանդակության վրա` միևնույն ժամանակ ամրագրելով Վենետիկի այդ երկու կարևոր պատմական մշակութային օջախների մասնակցությունը հայկական և համաշխարհային այսօրվա մշակութային դիկուրսների դաշտում, շատ հաճախ խնդիրը տեղափոխվում է ներկայության տարածքի զուտ աշխարհագրական փոփոխության հարցի վրա:    

Ինչ վերաբերում է տաղավարի տեսանելիության խնդրին. բնականաբար, Ջիարդինիի և Արսենալեի տաղավարները ավելի տեսանելի են հանդիսատեսի երաշխավորված հոսքի առումով, սակայն բիենալեն ենթադրում է նաև այլ տրամաբանություն: Քանի որ այն մասնագիտական ֆորում է, ազգային տաղավարները որակյալ լինելու դեպքում կարողանում են ձևավորել իրենց շուրջ որոշակի «ասեկոսեներ», ինչը պարատադիր ապահովում է նպատակային հանդիսատեսի հոսք դեպի տաղավար: Այդպես 2011 թ. հայկական տաղավարը, որը գտնվում էր Մուրադ-Ռափայելյան վարժարանում, ուներ հանդիսատեսի ստաբիլ հոսք 6 ամիսների ընթացքում, քանզի հենց բացումից հետո հայտնվել էր 10 միջազգային ազդեցիկ համադրողների կողմից կազմած` բիենալեի լավագույն տաղավարների շարքում:  Իսկ անցած տարվա ճարտարապետական բիենալեի ընթացքում հայկական տաղավարը ոչ միայն ուներ հանդիսատեսի ինտենսիվ հոսք, այլ նաև Արսենալեում անցկացրեց միջազգային երկօրյա գիտաժողով` նվիրված խորհրդային մոդեռնիստական ճարտարապետությանը:

Սբ. Ղազար կղզում անցկացվող ցուցահանդեսների սպեցիֆիկան այլ է: Կղզին, ֆիզիկապես հեռու գտնվելով բիենալեի բոլոր ցուցահանդեսային տարածքներից, այնուհանդերձ, մտնում է Վենետիկի բիենալեի հատուկ ցուցահանդեսային տարածքների շարքը: Սբ. Ղազարում կազմակերվող ցուցադրությունները ենթադրում են շատ յուրահատուկ կոնցեպտուալ և ռեպրեզենտատիվ մոտեցումների կիրառում, որոնք պետք է ունակ լինեն հեռվից գրավելու հանդիսատեսի ուշադրությունը, ստիպելու նրան կտրելու ծովային ճանապարհը, հասնելու կղզի` դարձնելով այդ հեռավորությունը հաղթահարելու պրոցեսը նախագծի բաղկացուցիչ իմաստներից մեկը: Եթե ներկայացվելիք նախագծերը չունեն նման սպեցիֆիկ բաղադրիչ, այդ դեպքում ցուցահանդեսը կարող է մնալ առանց այցելու ողջ բիենալեի տևողության ընթացքում:

Ես Սբ. Ղազարում տեսել եմ երկու փայլուն ցուցահանդես՝ մեկը Օլաֆուր Էլիանսոնի և Վեյվիդ Աջայեի «Քո սև հորիզոնը» նախագիծն էր 2005-ին, իսկ մյուսը 2007-ին Յոզեֆ Կոշուտի «Հավասարակշռության լեզուն» ցուցահանդեսն էր` Ադելինայի կողմից համդրված: Երկուսն էլ մագնիսի պես հանդիսատեսին ձգում-բերում էին Սբ. Ղազար: Ես վստահ եմ, որ այս տարի նույնպես Ադելինա ֆոն Ֆյուրստենբերգի համադրած Հայաստանի տաղավարը կունենա նման ձգողական ուժ:

-Բիենալեին Հայաստանի մասնակցությունը, կարծես, շատ չի քննարկվում մեր հասարակության մեջ: Ինչպիսի՞ն է Հայաստանի մշակութային հեղինակությունը Վենետիկում:

-Հայաստանում ժամանակակից արվեստը և մշակութային ոլորտը առհասարակ չեն քննարկվում ո´չ թերթերում, ո´չ էլ զանգվածային այլ լրատվամիջոցներում: Քննարկման պատրանք է առաջանում, երբ նշմարվում է ինտրիգ մեծ սկանդալի վերածվելու հեռանկարով: Իսկ այդ քննարկումների բացակայությունը հանգեցնում է խորը սոցիալական, ինչպես նաև քաղաքական ճգնաժամերի, քանի որ հասարակությունը պարզապես չի հասկանում իր հետ և իր շուրջ կատարվող զարգացումները, որոնց բացատրությունը այսօր ստանձնել է միայն քաղաքական դաշտը, սակայն որը նույնպես, կտրված լինելով ժամանակակից մշակույթի դաշտից, ինքն էլ չի գիտակցում իր կտրվածությունը ժամանակից և իրականությունից:

Հայաստանը, որ ժամանակին առաջատար դիրքերում էր ժամանակակից արվեստի ոլորտում հետխորհրդային երկրների շարքում, արվեստագետների ակտիվության, ցուցահանդեսների ինտենսիվության և ցուցահանդեսային տարածքների քանակության առումով այսօր միայն ՆՓԱԿ-ն է որպես ժամանակակից արվեստի կենտրոն, իսկ Հայաստանի արվեստագետների նոր գործերի հետ հնարավոր է ծանոթանալ արտասահմանում տեղի ունեցող ցուցահանդեսների ժամանակ: Դա իրականում շատ աղետալի իրավիճակ է, քանի որ լայն հասարակությունը և արդեն նաև մասնագիտական հանրույթը հետ են վարժվել ժամանակակից արվեստի նյութի հետ առնչվելու պրակտիկայից, այն է՝ մշակույթից:

Հայաստանը` 55-րդ բիենալեում

Եվ, բնականաբար, Վենետիկի ժամանակակից արվեստի բիենալեում մասնակցելու համար Հայաստանը կիրառում է լուրջ ճիգեր` հենվելով անհատների՝ արվեստագետների և համադրողների վրա, լրացնելով, սակայն, այն խորը ինստիտուցիոնալ և ներքին միջավայրային բացը, որը գոյություն ունի Հայաստանի ժամանակակից արվեստի ոլորտում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter