HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Վերջին 5 տարում Հայաստանը ավելի քան 130 հազար տոննա ավիակերոսին է ներկրել Իսրայելից

Վերջին 5 տարիներին Հայաստանը ռեակտիվ շարժիչի վառելանյութ կամ, ինչպես ընդունված է ասել, ավիակերոսին ներմուծում է գլխավորապես Իսրայելից, Հունաստանից եւ Ռումինիայից:

Ավիակերոսինը վառելիքի տեսակ է, որով աշխատում են օդառեակտիվ շարժիչները: Այդպիսիք լինում են, մասնավորապես, ինքնաթիռներում, ուղղաթիռներում, զինված ուժերում կիրառվող տարբեր տեսակի հրթիռներում:

Ֆինանսների նախարարությունը չի նշել, թե կոնկրետ որ ընկերություններն են ռեակտիվ շարժիչի վառելանյութ ներկրել Հայաստան՝ հավանաբար ելնելով նաեւ ռազմական գաղտնիքից: Եթե չհաշվենք հակաօդային պաշտպանության, հրետանու եւ ավիացիայի համակարգերում կիրառվող հրթիռների վառելիքը, ապա ավիակերոսինի գլխավոր սպառողը մնում են ինքնաթիռներն ու ուղղաթիռները: Ուղղաթիռներ (քաղաքացիական եւ ռազմական) եւ ռազմական (գրոհային, ուսումնական, տրանսպորտային) ինքնաթիռներ շահագործում են ՊՆ-ն եւ ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազան: Ասել է թե՝ այդ վառելիքն օգտագործվում է Գյումրու «Շիրակ» եւ Երեւանի «Էրեբունի» օդանավակայաններում: Մնացած վառելիքն օգտագործում են քաղաքացիական նշանակության օդանավերի լիցքավորման համար՝ «Զվարթնոցում», «Էրեբունիում» (բացի ռազմական նպատակներից՝ ծառայում է նաեւ որպես բազա մի շարք տեղական ավիաբեռնափոխադրողների համար), «Շիրակում»:   

Ըստ ֆինանսների նախարարության տրամադրած տվյալների՝ 2010-ին ավիակերոսին ներկրել է 3 կազմակերպություն, 2011-ին եւ 2012-ին՝ 4-ական, 2013-ին՝ 5, իսկ անցյալ տարի՝ 4:

Aviation diesel import (in tonnes) | Create infographics

Ընդ որում, Իսրայելը միակ երկիրն է, որից ավիակերոսինի ներկրումները մեր երկիր 2010-ից ի վեր չեն դադարել: Եվ եթե Իսրայելից ՀՀ-ն ամենաշատը հենց ավիակերոսին է ներկրում, ապա այդ երկիր գլխավորապես արտահանում է ադամանդե քարեր: Այդուհանդերձ, հայ-իսրայելական ապրանքաշրջանառությունը հավասարակշռված չէ: Համեմատության համար ասենք, որ, ըստ մաքսային պաշտոնական տվյալների, 2014-ին ՀՀ-ն ներկրել է 35.854.300 դոլարի ապրանք, փոխարենն արտահանել 3.616.500 դոլարի ապրանք, այսինքն՝ գրեթե 12 անգամ քիչ:

2010-2014 թթ. Իսրայելից Հայաստանը ներկրել է ընդհանուր 130.879 տոննա վառելիք՝ շուրջ 57 մլրդ դրամ մաքսային արժեքով: Հունաստանից մեր երկիրը ներմուծել է ավելի քան 21 մլրդ դրամի 57.566 տոննա ավիակերոսին: Մոտ 7 մլրդ դրամի 15.894 տ էլ ներկրվել է Ռումինիայից, որը երկար տարիներ Բուլղարիայի հետ ՀՀ-ի բենզինի ու դիզվառելիքի ամենախոշոր մատակարարներից էր: Հենց այս երկրներից վառելիքի ներմուծումների հաշվին էր ապահովվում ՀՀ-ԵՄ ապրանքաշրջանառության ծավալների մի զգալի մասը: Եթե մինչեւ 2013-ը Ռումինիայից ու Բուլղարիայից նավթամթերքի ներկրումները նվազագույնը 65-70 հազար տոննա էին ու նույնիսկ անցնում էին 100 հազարի սահմանը, ապա 2014-ին դրանք կտրուկ նվազել են. Ռումինիայից՝ մոտ 23 հազար, իսկ Բուլղարիայից՝ ընդամենը 5,5 հազար տ:

Սա նախեւառաջ պայմանավորված է Հայաստանի՝ ԵՏՄ մտնելով եւ մեր շուկայում ռուսական գիգանտ «Ռոսնեֆտի» հայտնվելով: Պատահական չէ, որ անցյալ տարի ավիակերոսին ներկրվել է նաեւ ՌԴ-ից, ընդ որում՝ 2010-ից ի վեր առաջին անգամ: Եվ չնայած Իսրայելն ու Ռումինիան առայժմ պահպանում են ավիակերոսինի շուկայում ՀՀ գլխավոր գործընկերների իրենց դիրքերը, չի բացառվում, որ առաջիկա տարիներին ռուսական նավթարտադրողները գրավեն նաեւ այս ոլորտը:     

Մեկնաբանություններ (1)

Արմենյան
Ի՞նչ նշանակություն ունի, թե որտեղից է ներկրվում վառելիքը: Կարևորն այն է, թե ինչ արժե վառելիքը Հայաստանում: Հայտնի է, որ միջազգային շուկայում նաֆթի գները կես են դարձել: Կարելի է ենթադրել, որ դա պետք է ազդեր նաև ավիացիոն վարելիքի վրա ամբողջ աշխարհում: Ի՞նչպիսի գներ են գործում Հայաստանում: Պարզ է, որ Հայաստան որևէ բան ներկրելու ծախսը բարձր է, և գները հավանաբար ավելի բարձր կլինեն, քան արտասահմանում, բայց ինչպե՞ս է ազդել նաֆթի գների անկումը Հայաստանի ավիավառելիքի գների վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter