Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Խառնաշփոթ՝ Վարդենիսի տուն-ինտերնատում. կրճատումներ և աշխատավարձերի թերվճարումներ



Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատողները հայտնվել են անորոշ վիճակում: Աշխատակիցները, որոնք խնդրեցին իրենց անունները չհրապարակել,  «Հետքի» հետ զրույցում նշում են, որ տուն-ինտերնատում կրճատումներ են սկսվել, իսկ որոշ աշխատակիցներ աշխատավարձի մի մասը չեն ստացել: Թե ինչու են պահումներ կատարվել, տնօրինությունը հստակ պարզաբանումներ չի տվել աշխատողներին:

Որոշ աշխատակիցների էլ թղթեր են տվել ստորագրելու՝ պատճառաբանելով, որ կրճատումներ են լինելու տուն-ինտերնատում: Փետրվարին ուղեկցող քույրերից ոմանց կանչել են և տեղեկացրել, որ նրանց հաստիքը կրճատվում է, բայց առաջարկում են այլ, ասենք, հսկիչի հաստիք: «Ես երկար տարիների աշխատող եմ, դրսից կարող են նոր մարդ ընդունել աշխատանքի, իսկ ես կրճատվե՞մ»,-ասում է մեր զրուցակիցներից մեկը:  

«Ես թուղթ եմ ստորագրել, որ ապրիլից կրճատվելու եմ: Իբր նախարարությունից կրճատման թուղթ է եկել, որ ուղեկցող քույրերը կրճատվում են: Հիմա մենք չգիտենք՝ էդ հաստիքը կա, թե չկա: Մինչև ապրիլի 9-ը պիտի դուրս գամ և աշխատանք փնտրեմ, բայց ինչի համար, ես չգիտեմ»,-պատմեց տուն-ինտերնատի ուղեկցող քույրերից մեկը:

Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատին բազմիցս անդրադարձել ենք: Նախկին տնօրեն Նվեր Հովհաննիսյանը ստիպում էր հիվանդներին Ներքին Շորժայում անասուններ պահել: Այս տարվա ամռանը նա ազատվեց աշխատանքից: Նոր տնօրեն նշանակվեց Արտակ Հարությունյանը: Սակայն բոլորովին վերջերս ձերբակալվեց նաև Արտակ Հարությունյանը՝  փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելուն օժանդակելու կասկածանքով:

Իրավիճակի պարզաբանման համար դիմեցինք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որի ենթակայությամբ գործում է տուն-ինտերնատը: Հարցրել էինք, թե արդյոք իսկապես հաստիքներ են կրճատվել և աշխատավարձերի նվազեցում է տեղի ունեցել:

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համաձայնեցված հաստիքացուցակի համաձայն «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի պաշտոնային դրույքաչափերի և ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված հավելումների (աշխատավարձերի) իջեցում տեղի չի ունեցել: 2015թվականին տուն-ինտերնատի համար հաստատվել է 353,5 հաստիքային միավոր, որի արդյունքում ոչ մի աշխատող աշխատանքից չի ազատվել»,- հայտնել է  նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչությունը:

Պատասխանում նաև նշվում է, որ «նախարարությունը հանձնարարել է տուն-ինտերնատին վերականգնել տուն-ինտերնատի նախաձեռնությամբ պակաս վճարված աշխատավարձերը և հաշվարկել նախարարության կողմից հաստատված ծախսերի նախահաշվիև համաձայնեցված հաստիքացուցակին համապատասխան»:

Համաձայն նախարարության տեղեկությունների՝ տուն-ինտերնատում ներկա պահին խնամվում է 449 շահառու, փաստացի աշխատողների թվաքանակը կազմում է 388 անձ:

Հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տնօրենի տեղակալ Արմեն Ավագյանը: Վերջինս ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի հորեղբոր որդին է:

«Հետքի» հետ զրույցում Արմեն Ավագյանը բացատրեց, որ աշխատավարձերի ոչ լիարժեք վճարումը կապված է եղել հաշվապահական սխալի հետ, որն առնչվել է ժամավճարներին: «Սխալմունք է եղել մեր հաշվապահության կողմից, շտկվում է: Ես կոնկրետ չեմ կարող ասել՝ ինչ է եղել, նոր եմ նշանակվել, հիմա աշխատում են, որ ամեն ինչը վերացնեն: Ուղղում ենք տալիս: Ես չգիտեմ՝ ինչ է կատարվել այնտեղ»,-ասաց Արմեն Ավագյանը:

Ինչ վերաբերում է հաստիքների կրճատմանը, Արմեն Ավագյանը նշեց, որ հաստիքների կրճատում չկա, բայց կա հաստիքների փոփոխություն: «Իրենց ուրիշ աշխատանք է առաջարկվել: Մենք կարող է ուղեկցող քույրի կարիք չունենք, բայց պահանջել ենք նախարարությունից, որ մեզ տրամադրեն խոհանոցի, լոգարանի աշխատող: Մեզ ասել են՝ դուք փոխեք, ձեզ ինչ հաստիքներ է պետք, ով է պետք ձեզ աշխատելու համար, դա վերցրեք»:

Քանի աշխատակցի աշխատավարձ է նվազ վճարվել և քանի կրճատման ենթակա անձինք կան՝ մեր հարցին պատասխանեց. «Ես կոնկրետ չեմ կարա ասեմ»:

Մեր դիտարկմանը, թե լինելով փոխտնօրեն՝ ի պաշտոնե նույնիսկ պետք է տեղյակ լիներ այդ խնդիրներին, Արմեն Ավագյանը մեզ խորհուրդ տվեց դիմել նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին և մեզ անհանգստացնող մնացած հարցերի պատասխանները նույնպես ստանալ նրանցից:  


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ