HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մի որոշեք իմ փոխարեն». ալյուրի հարստացման դադարեցման պահանջ-նամակ՝ ՄԱԿ-ին

«Մի որոշեք իմ փոխարեն», «Երկաթի ավելցուկը վտանգավոր է», «Անարատ հացը մեր մշակույթն է»: Այս և նման այլ կոչեր պարունակող պաստառներով ֆեյսբուքյան «Հանուն առողջ սննդի» նախաձեռնության անդամները Հանրապետության հրապարակից շարժվեցին դեպի ՄԱԿ-ի ներկայացուցչության գրասենյակ: Նրանք միջազգային կառույցից պահանջում էին դադարեցնել ցորենի ալյուրը հարստացնելու նախաձեռնությունը:

«Այս նախագիծն իրականում նախաձեռնել են ՅՈւՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ, նույնպես ՄԱԿ-ի կազմում է), ու ըստ որոշ դիտարկումների՝ սա պարտադրանք է մեր կառավարությանը, իշխանությանը, և փաստացի, օրենքը դեռ ընդունված չէ, բայց արդեն ներկրվել են սարքավորումները»,- ասաց նախաձեռնության անդամներից Արման Մխիթարյանը: Նա նաև նշեց, որ արդեն 80-ից ավելի երկրներում հացը հարստացվում է, և այն աղետալի հետևանքներ ունի: Կանադայում, Չիլիում կրկնակի աճել է կրծքագեղձի և հաստ աղիքի քաղցկեղով հիվանդների թիվը:

Կենսաֆիզիկոս Աշոտ Կարապետյանն ասաց, որ ՅՈւՆԻՍԵՖ-ի կողմից մինչև օրենքի ընդունումն ալյուրի հարստացման սարքավորումների ներկրումը Հայաստան արհարմարհական վերաբերմունք է մեր Ազգային ժողովի և երկրի ինքնիշխանության նկատմամբ: Ըստ նրա՝ ՄԱԿ-ին հասցեագրված նամակի պատճենն ուղարկելու են արտգործնախարարություն, որպեսզի այնտեղից պարզաբանեն, թե ինչու են ներկրել սարքավորումները: Կարապետյանի ասելով՝ ՅՈւՆԻՍԵՖ-ը պետք է հրաժարվի այս նախագիծն իրականացնել, քանի որ այն հակազգային վնաս է պարունակում: «ՅՈւՆԻՍԵՖ-ի առաքելությունը երեխաների պաշտպանությունն է, իսկ այս օրենքի ընդունումից հետո երեխաները ծնվելու են չմետաբոլացված ֆոլաթթու, այսինքն՝ դեղանյութ ունենալով արյան մեջ: Իսկ ինչո՞ւ, այդ երեխաներն իրավունք չունե՞ն առանց դեղանյութի ծնվել»,- նշեց կենսաֆիզիկոսը:


Մեր այն դիտարկմանը, թե ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը «Հետքի» հետ զրույցում ասել էր, որ այս տարի իրականացվելու է Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հերթական հետազոտությունը, և դրա վերաբերյալ կասկածներ ունեցողները կարող են մասնակցել քննարկումներին, Աշոտ Կարապետյանն պատասխանեց, որ եթե նախաձեռնողները ցանկանում են անցկացնել օրինագիծը, ապա այն պետք է հիմնավորեն ամբողջ բնակչության շրջանում սակավարյունության տվյալներով և ոչ թե թիրախային խմբերի, ինչպես արվում է հետազոտության ժամանակ, որը հետագայում դրվում է օրինագծի հիմքում:

«Թիրախային խմբերի տվյալներն ընդամենը թոզ փչել է: Օրինակ, հղի կանանց անեմիայի ամենամյա տվյալները ցույց են տալիս 12-13 տոկոս, իսկ բնակչության մեջ ավելի քիչ է: Երբ 2005-ից հետո սկսել են նշանակել ֆոլաթթվի, երկաթի պրեպարատներ, սակավարյունությունը հեչ չի պակասել»,- նշեց Ա. Կարապետյանը: Ըստ նրա՝ սակավարյունությունը հնարավոր է տարածված լինի, բայց պատճառը սննդի մեջ երկաթի պակասությունը չլինի. «Օրինակ, մենք մարզեր ունենք, որտեղ ծանր մետաղների մեծ քանակություն կա, և կարող է սննդի մեջ երկաթը շատ ավելին է: Երկաթը տոքսիկ տարր է, անվտանգության մաքսիմում շեմ կա երկաթի համար: Կարող է սննդի մեջ երկաթը շատ լինի, և ծանր մետաղների ֆոնի պատճառով չյուրացվի, առաջանա անեմիա: Իսկ իրենք, երկաթը սննդին խառնելով, այդ անեմիան ո՞նց են լուծելու»:

«Երկրորդը՝ ֆոլաթթու են ուզում խառնել, իսկ ֆոլատի անբավարարության մասին որևէ տվյալ գոյությունն չունի: Ընդհանրապես, չգիտեն, թե մեր սննդի մեջ միջինն ինչքան ֆոլատ կա, և մեր բնակչության մեջ ֆոլատային դեֆիցիտ կա՞, թե՞ ոչ: Այդ մասին ընդհանրապես որևէ բան հայտնի չէ, ինչի՞ համար են ֆոլաթթու խառնում, եթե տվյալներ չկան»,- ասաց Աշոտ Կարապետյանը:

Բողոքի ցույցի մասնակիցներն իրենց պահանջ-նամակը հանձնեցին ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Հենրիետ Արենսին:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն այս տարվա հունվարին մեկ տարով հետաձգել է ցորենի ալյուրի հարստացման օրինագիծը: Ըստ օրինագծի՝ Հայաստանում պրեմիքսներով հարստացվելու է ցորենի բարձր և առաջին կարգի ալյուրը, որի նպատակը, ըստ հեղինակների, մասնավորապես, սակավարյունությունը նվազեցնելն է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter