Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

«Ես հույս ունեմ, որ առաջիկա տարիներին մարդիկ կզգան դրական արդյունքներն իրենց ամենօրյա կյանքում»,- ասում է Մարդու իրավունքների հանձնակատարը



Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսը այսօր հրապարակել է 2014թ. հոկտեմբերի 5-ից 9-ը Հայաստան կատարած իր այցի վերաբերյալ զեկույցը: Զեկույցի վերաբերյալ «Հետքը» հարցազրույց է վարել Նիլս Մույժնիեկսի հետ:

Չնայած վերջին տարիներին դատական համակարգում հայտարարված բարեփոխումներին` Ձեր զեկույցից դատելով` Հայաստանը չի կարողացել ապահովել դատական համակարգի անկախությունը: Կարո՞ղ ենք ասել, որ անցնող տասը տարիներին ոլորտում իրականացվող բարեփոխումները ցանկալի արդյունք չեն տվել, ո՞րն է պատճառը:

Ես կարծում եմ, որ Հայաստանը բավականին լավ է օրենքների, ռազմավարությունների եւ ծրագրերի որդեգրման հարցում, բայց այդ ամենի իրականացումը շատ ավելի բարդ է, երբ խոսքը վերաբերում է կոնկրետ փոփոխություններին: Եվ դա ոչ միայն Հայաստանում է, այլ` բոլոր տեղերում: Այո, ես կարծում եմ, որ որոշ խնդիրներ դեռեւս պահպանվում են, որոնցից որոշները սահմանվում են օրենքում. օրինակ` նախագահի, արդարադատության նախարարության դերը արդարադատության ոլորտում չափազանց մեծ է: Շատ հաճախ դատավորները կրում են ավելի բարձր ատյանի դատավորների ազդեցությունը: Դատավորներն իրականում ծանրաբեռնված են, գործերի ծավալը մեծանում է արագ տեմպերով: Եվրոպական ստանդարտների հետ համեմատած` Հայաստանում շատ քիչ թվով դատավորներ կան` մեկ շնչի հաշվով: Այսպիսով, բազմաթիվ լուրջ խնդիրներ կան, որ պետք է հասցեագրել: Միաժամանակ, կարծում եմ, որ անտեղյակության խնդիր էլ կա: Իհարկե, այս առումով ինչ-որ զարգացում նկատվում է որոշ ոլորտներում, բայց իմ աշխատանքն է` դրդել Հայաստանի իշխանություններին անել ավելին եւ շարժվել ավելի արագ:

Զեկույցում մտահոգիչ եք համարել նաեւ դատական գործերի քննության տեւողությունը, գործերի կուտակումները: Դատական համակարգը բավականին մեծ աշխատակազմ ունի եւ բավարար ռեսուրս` գործերն արդյունավետ ու անհապաղ քննելու համար, ի՞նչն է խանգարում դրան:

Ես չէի համաձայնի այն մտքի հետ, թե դատական համակարգը շատ ռեսուրսներ ունի: Եթե նայեք Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի համեմատական տվյալները, կտեսնեք, որ դատավորների թիվը մեկ շնչի հաշվով իրականում բավականին ցածր է, իսկ գործերի թիվն արագորեն աճում է: Հետեւապես, խնդրի մի մասը կապված է հենց ռեսուրսների սղության հետ, տեղ ունի նաեւ դատավորների կազմակերպչական հմտությունների բացակայությունը, ինչը, կարծում եմ, առկա է նաեւ այլ երկրներում: Դատավորները պետք է իմանան` ինչպես առաջնահերթություն տալ գործերին` ատյանից ատյան դրանք տեղափոխելիս: Այսպես` դատավորների կազմակերպչական հմտությունները զարգացնելը նույնպես բավականին կարեւոր գործոն է: Բայց պետք է նշել, որ սրանք երկարատեւ լուծում պահանջող խնդիրներ են եւ եզակի չեն Հայաստանի համար: 

Զեկույցը եզակի է այն առումով, որ առաջին անգամ մեծ տեղ է հատկացվել կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանվության խնդրին: Ընդ որում` ֆիզիկական եւ սեռական բռնությունից զատ, առաջին անգամ է խոսվում հոգեբանական բռնության մասին: Այս հարցի կարեւորումը մեր երկրում իրավախախտման դեպքերի աճո՞վ է պայմանավորված, թե՞ դատական համակարգում պաշտպանություն չգտնելով:

Կարծում եմ` գենդերային հավասարությանը եւ կանանց իրավունքներին անդրադառնալու իմ որոշումը մի քանի պատճառ ունի: Առաջինը, երբ Հայաստանում էի մոտ մեկ տարի առաջ, ականատես եղա մի քանի հարձակումների եւ սպառնալիքների` ուղղված այս ոլորտում աշխատող ակտիվիստներին եւ ՀԿ-ներին: Դա ամենաառաջին ազդանշանն էր ինձ համար, որ այդ հարցն իսկապես արժանի է ուշադրության: Երկրորդ պատճառն իմ աշխատանքն էր, որ գրում էի Եվրախորհրդում նախածննդաբերական փուլում պտղի սեռի ընտրության վերաբերյալ: Ես բացահայտեցի, որ Հայաստանում շատ ավելի մեծ է տղա ծնունդների թիվը, քան աղջիկներինը, ինչը խոսում է այն մասին, որ ծնողներն ընտրում են իրենց երեխայի սեռը, եւ տղաներն ու աղջիկները հավասարապես չեն գնահատվում: Հայաստանում շատ քննարկումներ եղան ընտանեկան եւ կանանց բռնությունների դեմ օրենքի ընդունման վերաբերյալ: Ես հասկացա, որ միգուցե օգտակար կլինի, որ ես էլ ուսումնասիրեմ այս խնդիրը, հանդես գամ իմ առաջարկություններով եւ փորձեմ ինչ-որ կերպ այս հարցն առաջ մղել: Ինձ համար բավականին հետաքրքիր էր քննարկել այս հարցը ինչպես դրանով զբաղվող ՀԿ-ների, այնպես էլ իշխանությունների հետ: Ես այցելեցի բռնության զոհ դարձած կանանց համար Հայաստանում միակ ապաստարանը, ինչը բավականին հետաքրքիր, բայց իրականում բավականին դժվար փորձառություն էր ինձ համար:            

Պրն Հանձնակատար, Ձեր զեկույցում մտահոգիչ եք համարել Հայաստանի քրեական արդարադատության համակարգի համատեքստում երեխայանպաստ մոտեցումների բացակայությունը: Ի՞նչ բացատրություն կարող է ունենալ «երեխայի իրավունքների նկատմամբ հարգանքի բացակայությունը» դատական մարմինների կողմից: Որքան տեղյակ եմ, այս առումով օրենսդրությունը գոնե բացեր չունի, որ չհարգվեն երեխայի շահերը:

Երեխայի իրավունքների բացակայությունը արդարադատության մեջ տարածված խնդիր է բազմաթիվ դատական համակարգերում: Այս խնդիրն իմ ուշադրության կենտրոնում հայտնվեց 14-ամյա մի տղայի դեպքով, ում սպառնում էր 5 տարվա ազատազրկում` ոստիկանի վրա հարձակվելու համար: Սա չափազանց ծայրահեղ տույժ է երիտասարդ տղայի համար. դա կարող էր կործանել նրա կյանքը: Այդ ժամանակ ինձ ասացին, որ դա օրենքով սահմանված պատիժ է, ինչին ես արձագանքեցի` ասելով, որ ուրեմն փոխեք օրենքը: Ես երիտասարդների արդարադատությունը խորապես չեմ ուսումնասիրել, բայց Շահեն Հարությունյանի դեպքն ինձ համար խորհրդանշում է ավելի ճկուն եւ երեխայանպաստ մոտեցումների անհրաժեշտությունը: Ես շատ գոհ եմ, որ նրան պայմանական պատիժ տվեցին, այլ ոչ թե ազատազրկում:

Հայաստանյան այցելությունների ընթացքում Դուք հանդիպել եք տարբեր պաշտոնյաների հետ: Այդ հանդիպումներից հետո ինչպիսի՞ եզրահանգման եք եկել, պատրա՞ստ են զեկույցում նշված խնդրահարույց ոլորտներում իրականացնել բարեփոխումներ:

Ես կարծում եմ, որ շատ կառուցողական քննարկումներ ունեցա ամբողջ քաղաքական սպեկտրի հետ. հանդիպեցի նախագահին, վարչապետին, մի քանի նախարարների եւ ընդդիմադիր պատգամավորների: Ես շատ ուրախ եմ իմ զրուցակիցների լրջությամբ եւ վերաբերմունքով: Խնդիրները հնարավոր չէ լուծել մի գիշերում: Ես շարունակելու եմ երկխոսությունը Հայաստանի իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության հետ, եւ առաջիկա ամիսներին ու տարիներին ես հույս ունեմ հանդիպել Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությանը Եվրոպայի խորհրդում: Ես հույս ունեմ նաեւ շարունակել քննարկումները պաշտոնյաների հետ` հավատով, որ այդ քննարկումները կօգնեն առաջ գնալ: Ես չեմ ակնկալում խնդիրներին անհապաղ լուծումներ, քանի որ դա իրականում ժամանակ եւ ջանքեր է պահանջում: Այս պրոցեսը շարունակական է ինձ համար, այնպես որ երկխոսության սկիզբն ինձ համար ուրախալի է: Հույս ունեմ` շարունակությունն առավել շոշափելի արդյունքների կհանգեցնի:    

Եթե զեկույցում նշված ոլորտներում բարեփոխումներ չլինեն, ի՞նչ է սպասվում Հայաստանին:

Վերոնշյալ խնդիրների մեծ մասն արդեն բողոքարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, այնպես որ, եթե դրանք լուծում չստանան, նորանոր գանգատներ առաջ կգան, ինչի արդյունքում կառավարությունն ավելի ու ավելի շատ գումար կծախսի` փոխհատուցումները վճարելու եւ օրենսդրությունը փոխելու համար: Բացի այդ` դա կազդի հենց կառավարության վարկի վրա: Ընտանեկան բռնության, կանանց իրավունքների եւ նախածննդաբերական փուլում սեռի ընտրության խնդիրները նշված են նաեւ ՄԱԿ-ի հաշվետվությունում, որը երեկ է հրապարակվել: Այնպես որ, սրանք այն խնդիրներն են, որոնց մասին դեռ շատ է խոսվելու: Ես հույս ունեմ, որ առաջիկա տարիներին  ականատես կլինենք իրական զարգացումների, եւ որ մարդիկ կզգան դրական արդյունքներն իրենց ամենօրյա կյանքում:       


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ