HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազությունը խստացրեց Սիսիանի քաղաքապետին եւ ֆինանսիստին առաջադրված մեղադրանքը

Մարտի 10-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող Սիսիանի քաղաքապետի, «Սիսիանի լրատու» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Հովակիմյանի, ընկերության ֆինանսական պատասխանատուի եւ այլոց դեմ հարուցված քրեական գործով դատական նիստում դատախազ Ֆրունզիկ Հովհաննիսյանը նոր մեղադրանքներ առաջադրեց մեղադրյալներին: Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանին եւ քաղաքապետարանի ֆինանսիստ Կարեն Դանիելյանին Քրեական օրենսգրքի 315 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքն ավելի խստացվեց՝ պաշտոնեական անփութությունը փոխարինվեց Քր·օր·-ի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում:

Ընթերցողներին հիշեցնենք, որ դեռեւս փետրվարի 3-ին տեղի ունեցած դատական նիստում այս քրեական գործի դատաքննությանն առաջին անգամ մասնակցող դատախազ Ֆրունզիկ Հովհաննիսյանը դատարանին միջնորդել էր հետաձգել դատաքննությունը՝ պատճառաբանելով, որ ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հայտնի չէին մինչ այդ, եւ դրանց շուրջ քննություն կատարելու դեպքում հնարավոր է փոփոխվեն գործով մեղադրյալներ ներգրավված Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանին եւ քաղաքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետ Կարեն Դանիելյանին առաջադրված մեղադրանքները:

Եթե նախորդ մեղադրանքը նախատեսում էր տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, ապա առաջադրված նոր մեղադրանքը պատիժ է նախատեսում նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

Դատական նիստը կշարունակվի 2015թ. մարտի 20-ին:

Լուսանկարում՝ ձախից՝ Արմեն Հովակիմյանը և քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter