HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Մոտ ապագայում արդար դատաքննության իրավունքի լիարժեք կիրառություն չեմ տեսնում»

Հարցազրույց ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի հետ

- Ձեր կարծիքով, որո՞նք են մեր երկրում գործադիր, օրենսդիր եւ դատական համակարգերի իրական տարանջատման ամենագլխավոր խոչընդոտները։

- Գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների տարանջատման հիմնական խոչընդոտը մեր մեջ է՝ նշված իշխանության ներկայացուցիչների եւ հասարակության մեջ: Մենք մեր ազգային խառնվածքով շատ հեշտ ենք ընդունում օրենքի խախտումը: Միաժամանակ, հարցը հօգուտ մեզ լուծելու համար պատրաստ ենք օրենքը խախտել ցանկացած գնով: Փաստաբանը պատրաստ է աջակցել վստահորդին իրեն ձեռնտու կեղծ ցուցմունք տալու հարցում, քննիչը պատրաստ է այնպիսի ցուցմունք վերցնել, որ դրանով հիմնավորի անձի մեղավորությունը: Դատավորը, ապացույցներ չունենալով, պատրաստ է կայացնել մեղադրական դատավճիռ` ենթադրելով, թե գործադիր իշխանությունն ակնկալում է, որ այդ անձը դատապարտվի:

Օրենսդրական փոփոխություններով իշխանությունների տարանջատման խնդիրը հնարավոր չէ լուծել, ամենակարեւորն այն է, թե ինչպես են կիրառվում այդ օրենքները: Օրենքները ճիշտ կիրառելու դեպքում չեն լինի այն բոլոր խնդիրները, որոնք իրականում կան: Մեր դատարանները վճիռ են կայացնում` հայացքն ուղղելով գործադիր իշխանությանը: Հայաստանյան մտածելակերպով, չգիտես ինչու, դատական իշխանությունը ստորադաս է համարվում գործադիրին, մինչդեռ դրանք հավասարազոր ուժեր են եւ պետք է հակակշռեն մեկը մյուսին: Բայց, քանի դեռ մեր մոտեցումն այս հարցերին չի փոխվել, քանի դեռ յուրաքանչյուրը պատրաստ է խախտել օրենքը, իշխանությունների իրական տարանջատում գոյություն չի ունենա:

Քաղաքագետներից մեկի խոսքն եմ հիշում, որն ասում էր` իրական ժողովրդավարությունն առաջանում է ավտորիտար ղեկավարման միջոցով: Ես միանգամայն համամիտ եմ այդ մտքին եւ կցանկանայի, որ Հայաստանում այդպիսի իշխանություն լիներ, ու նրա գլուխ կանգնած լիներ մի մարդ, ով կարող էր մոռանալ ամեն ինչ՝ ընտանիք, մտերիմ, ծանոթ եւ ունենար մի բարեկամ՝ Հայաստան պետությունն ու ժողովուրդը, աշխատեր ի բարօրություն այդ պետության ու ժողովրդի:

- Մեր հասարակության մեջ գիտակցվո՞ւմ է արդար դատաքննության իրավունքը, եւ քաղաքացիներն ի՞նչ պայմաններում, ե՞րբ կարող են լիովին գործադրել այդ իրավունքը։

- Արդար դատաքննության իրավունքը գիտակցվում է, երբ խոսում են հեռուստատեսությամբ, մամուլով, գիտակցվում է հրապարակային ելույթների ժամանակ: Այդ իրավունքի ցանկությունը բոլորիս մեջ կա, բայց, ինչպես առաջին հարցի պատասխանում նշեցի, մենք բոլորս պատրաստ ենք խախտել օրենքները: Բոլորս էլ ուզում ենք, որ արդար դատաքննություն լինի, բայց ոչինչ չենք անում այն իրականություն դարձնելու համար: Ամենուրեք բարձրաձայնում ենք, որ օրենքը խախտվում է, բայց ոչինչ չենք ձեռնարկում խախտողների ձեռքը բռնելու համար: Ընդունված օրենքները չեն գոհացնում, դժգոհողները շատ են, բայց ոչ ոք չի մասնակցում օրենքների մշակմանը: Արդարադատության նախարարը Դատական օրենսգրքի նախագիծն ուղարկել էր Փաստաբանների պալատ, եւ ես այն տրամադրեցի փաստաբաններին, որպեսզի առաջարկներ ներկայացնեն օրենսգրքի վերաբերյալ, բայց մի քանիսը միայն բովանդակային ու հայեցակարգային տեսակետներ հայտնեցին, մյուսները չարձագանքեցին:

Մոտ ապագայում ես չեմ տեսնում արդար դատաքննության իրավունքի լիարժեք կիրառություն: Հասարակության ճնշող մասը իրավական տարրական գիտելիքներից զուրկ է, մարդիկ անտեղյակ են իրենց իրավունքներին, կազմակերպությունները բավարար չափով չեն զբաղվում ազգաբնակչությանը իրավական գիտելիքներ մատուցելով: Մինչդեռ դա շատ կարեւոր է. եթե գիտես իրավունքներդ, կարողանում ես պաշտպանել քեզ, խախտվելու դեպքում գիտես` ում դիմել իրավունքդ վերականգնելու համար:

- Զարգացման ի՞նչ փուլում է գտնվում փաստաբանական ինստիտուտը մեր երկրում:

- Փաստաբանական ինստիտուտը նույն վիճակում է, ինչ գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունները, այն չի տարբերվում երկրի մյուս կառույցներից: Նույն բուհն ավարտած անձանցից մեկը դատախազությունում է աշխատում, մեկը՝ դատարանում, մյուսը փաստաբան է: Մեկը քննիչ է աշխատում եւ խախտում է օրենքները, մյուսը փաստաբան է եւ նրա պարտքն է կանխել օրենքի խախտումը, բայց երբ հնարավորություն է լինում, ինքն էլ է խախտում:

Արդեն 5-6 տարի է փաստաբանական ինստիտուտի զարգացման գործընթացը սկսվել է: Այն փաստաբանները, ովքեր լրջորեն չեն տիրապետում իրենց մասնագիտությանը, պահանջարկ չեն ունենա, ընթացքը դրան է տանում: Մեր երկրում տնտեսվարող սուբյեկտների քանակը գնալով ավելանում է, եւ նրանք լավ իրավաբանի պահանջարկ ունեն: Այդ գործընթացը վաղուց է սկսվել եւ տարեց տարի մեծ թափ է ստանալու: Իմ շրջապատում շատ լավ փաստաբաններ կան, ովքեր իրենց մասնագիտական պատրաստվածությամբ, հետեւողականությամբ, սկզբունքայնությամբ եւ քաղաքացիական դիրքորոշմամբ շատ բարձր դիրքերում են գտնվում ե՛ւ դատախազության աշխատակիցներից, ե՛ւ դատավորներից: Եվ, ի տարբերություն վերջինների, ովքեր բազմաթիվ կապանքներ ունեն, փաստաբանն անկաշկանդ է գործում: Նա պետությունից աշխատավարձ չի ստանում, կաշառք վերցնելու հնարավորություն չունի, այդ պատճառով ձգտում է գիտելիքներն ավելացնել, փաստաբանական հմտությունների ձեռքբերման վրա աշխատել: Համոզված եմ, որ փաստաբանների գրադարաններն ավելի հարուստ են, քան դատախազներինն ու դատավորներինը: Փաստաբանների գիտելիքները լրացնելու հարցում նաեւ Պալատը շատ անելիք ունի:

Ամեն ամիս ավելանում է փաստաբանական գրասենյակների թիվը, բայց, քանի որ գովազդը թանկ հաճույք է, նրանք իրենց գրասենյակները չեն գովազդում: Նրանց գովազդն իրենց վստահորդներն են, ովքեր իրենց հետ նոր հաճախորդներ են բերում:

- Քաղաքացիների ո՞ր խավի համար է ավելի դժվար օգտվել արդար դատաքննության իրավունքից:

- Բնականաբար, դատական պաշտպանության դիմելը շատ դժվար է նյութական կարողություններ չունեցողների համար, բայց այստեղ կա մի բացառություն: Երբեմն ամենահարուստը կարող է չկարողանալ օգտվել արդար դատաքննության իրավունքից, որովհետեւ նրա նկատմամբ ստեղծված որոշակի վերաբերմունքը գործը քննողներին թելադրում է շրջանցել օրենքը: Շահերի բախումը կարող է ծագել քաղաքական, կլանային հողի վրա, պայմանավորված լինել ինչ-որ մեկի բիզնեսը խլելու ցանկությամբ եւ բազմաթիվ այլ ազդեցություններով: Հետեւապես, նման մարդկանց համար նույնպես շատ դժվար է լինում արդար դատաքննության իրենց իրավունքից օգտվելը:

2004թ.-ին ընդունված «Փաստաբանության մասին» նոր օրենքի հիման վրա 2006թ.-ից Փաստաբանների պալատում գործում է հանրային պաշտպանի գրասենյակը, որի նպատակը հենց սոցիալապես անապահով խավին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելն է: Գործընթացը սկսվել է, եւ մտածում ենք աշխատանքները բարելավելու, հանրային պաշտպանի գրասենյակը զարգացնելու մասին: Առաջընթացն արդեն նկատելի է. սովորաբար հունվար ամսին գործերի քանակը կտրուկ նվազում է, սակայն եթե անցյալ տարի նույն ամսին հանրային պաշտպանի գրասենյակը 12 գործով է պաշտպանություն իրականացրել, այս տարի արդեն 40 գործ կա: Այսինքն` հանրային պաշտպանի պահանջարկը մեծացել է, քաղաքացին ունի հանրային պաշտպանի կարիքը, նրանց դերի եւ նշանակության մասին որոշակի պատկերացում կա, եւ մենք ջանում ենք լավ մասնագետներ ներգրավել այդ գրասենյակի կազմում:

Պետության տրամադրած ֆինանսական միջոցները բավարար են դրա համար, առայժմ խնդիրներ ունենք տարածքների առումով, բայց վարձակալության համար նույնպես պետբյուջեից գումարներ են տրամադրվել: Չնայած` կան տարածքներ, որոնք կարելի էր պարզապես հատկացնել հանրային պաշտպաններին ու այդ կերպ լուծել հիմնական գրասենյակներ ունենալու հարցը, ինչպես նաեւ խնայել գումարները:

Դեռեւս բավարար չէ հանրային պաշտպանի գրասենյակի աշխատանքների քարոզչությունը, բայց այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են: Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել ենք մեկուսարաններում հանրային պաշտպանների հերթապահություն սահմանելու հարցը: Շաբաթական մեկ օր տվյալ մարզում աշխատող հանրային պաշտպանները պետք է հանդիպեն կալանավորների հետ:

Նախատեսում ենք օրենսդրական փոփոխության առաջարկ ներկայացնել «Փաստաբանության մասին» օրենքում, որպեսզի քաղաքացիական գործերով հանրային պաշտպանի մասնակցությունը լինի ոչ թե ըստ գործերի բնույթի, այլ անվճար իրավաբանական օգնությունը տրամադրվի սոցիալական խոցելի խմբերին: Ներկայումս հանրային պաշտպաններն անվճար իրավաբանական օգնություն են տրամադրում քրեական եւ քաղաքացիական գործերով՝ ալիմենտի գանձման վերաբերյալ, խեղման կամ առողջությանն այլ վնաս պատճառելու, ինչպես նաեւ կերակրողի մահվան հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ գործերով:

Մեզ են դիմում քաղաքացիներ, ովքեր զրկվել են իրենց բնակարանից, աշխատանքից եւ նյութական վատ վիճակում գտնվելու պատճառով չեն օգտվել դատական պաշտպանության իրենց իրավունքից, սակայն մենք նրանց անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու իրավունք չունենք: Սա անարդարացի է. մարդասպանի պահանջի հիման վրա մենք վազելով գնում ենք պաշտպանելու նրա իրավունքները, որովհետեւ պարտավորված ենք օրենքով: Մինչդեռ տուժողը, որի հարազատին մեղադրյալը սպանել է, հափշտակել է նրա ողջ ունեցվածքը ու թաքցրել ինչ-որ տեղ, որպեսզի հետո էլ տնօրինի, չի օգտվում անվճար իրավաբանական օգնությունից:

- Ինչպե՞ս է ազդում Եվրադատարան դիմելու` քաղաքացիներին տրված իրավունքը երկրի դատական համակարգի վրա:

- Արդեն նկատելի է, որ դատական համակարգը հայացք է գցում եվրոպական նախադեպերին, դատավորները սկսել են կարդալ Եվրադատարանի որոշումները, բայց հիմնականում կենտրոնական մարզերում: Վանաձորում, որը Հայաստանի երրորդ քաղաքն է իր մեծությամբ, դատավորներից մեկն ասում է. «Եվրոպական դատարանն ի~նչ է, եվրոպական նախադեպն ի~նչ է, մենք քրեական դատավարության օրենսգիրք ունենք»: Եվ նա միակ դատավորը չէ, որ այդպես է մտածում: Շատ են նման անգրագետները, ովքեր մեր ճակատագիրն են որոշում դատարաններում: Բայց արդեն նկատելի է, որ դատավորները սկսել են ավելի շատ կարդալ Եվրադատարանի որոշումները, երբեմն ընդդիմանում են, երբ նրանց հարկադրում են դրանց հակառակ դատական ակտ կայացնել: Այսինքն` մտածում են, որ հնարավոր է Եվրոպական դատարանն իր սխալը արձանագրի, եւ պետությունը նյութական վնաս կրի իր պատճառով, ինչն անհետեւանք չի մնա իր համար: Մի մասը չգիտակցելով` շարունակում է խախտել օրենքները եւ կարեւորություն չտալ դրան, մյուս մասն արդեն գիտակցել է դրա կարեւորությունը:

Համենայնդեպս, մենք՝ փաստաբաններս, շատ ենք ցանկանում, որ հնարավորինս շուտ Եվրոպական դատարանը ոչ ավելի, քան մի 10 գործով որոշումներ կայացնի, որոնցով պետությունը նյութական վնասներ կկրի: Այն ժամանակ մենք Եվրոպական կոնվեցիան արհամարհող դատավորներին կարող ենք պարտավորեցնել, որ վաճառեն սեփական տունը ու վճարեն այն քաղաքացուն, որի տունը խլել են, վճարեն այն քաղաքացուն, որին ապօրինի կալանավորել են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter