Հայաստանի հավաքականը նահանջեց նույնքան, որքան առաջադիմել էր փետրվարին
Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների համաշխարհային դասակարգման մարտ ամսի ցուցակը: Հայաստանի հավաքականը, որ նախորդ ամիս 74-րդն էր, նահանջել է 5 տեղով եւ հայտնվել 79-րդ տեղում: Ընդ որում՝ հունվարին մեր ընտրանին հենց այս դիրքում էր, այսինքն՝ փետրվարի առաջընթացին հաջորդեց նույնչափ նահանջը: Հայաստանի հավաքականն այս պահին ունի 437 հաշվարկային միավոր:
Համաշխարհային ցուցակի առաջին 9 տեղերում փոփոխություններ չկան. Գերմանիա, Արգենտինա, Կոլումբիա, Բելգիա, Հոլանդիա, Բրազիլիա, Պորտուգալիա, Ֆրանսիա, Ուրուգվայ: 2 դիրքով 10-րդ տեղ են բարձրացել իտալացիները, որոնք հետ են մղել իսպանացիներին ու շվեյցարացիներին:
«Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի մրցակիցներից լավագույնը պորտուգալացիներն են, որոնք ներկա դրությամբ 6-րդն են աշխարհում, Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի կազմակերպիչ ֆրանսիացիները հաջորդում են նրանց: Դանիան 28-րդն է, Սերբիան՝ 40-րդը (-1): Ալաբանացիներն առաջադիմել են 2 հորիզոնականով եւ հիմա 61-րդն են:
Հետխորհրդային տարածքից լավագույնը, չնայած 4 տեղով նահանջելուն, շարունակում են մնալ ուկրաինացիները, որոնք 31-րդն են, ռուսները պահպանել են 33-րդ դիրքը, ուզբեկները 1 տեղով նահանջել են 72-րդ հորիզոնական: Մյուսները Հայաստանից ավելի ցածր դիրքերում են, մասնավորապես, մեզ հաջորդող Էստոնիան 87-րդն է:
Տարածաշրջանում ամենալավ ցուցանիշն ունի Իրանը (42, -1), Թուրքիան 4 տեղով իջել է մինչեւ 56-րդ տեղ, Վրաստանը պահպանել է իր 126-րդ դիրքը, իսկ Ադրբեջանը 8 տեղով նահանջել է մինչեւ 139-րդ հորիզոնական:
Հիշեցնենք, որ առաջիկա հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի մարտի 29-ին՝ արտագնա խաղում մրցելով Ալբանիայի հետ:
Մեկնաբանել