HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուրջ 1 տոննա թմրանյութ տեղափոխողը ներողություն խնդրեց Հայաստանի Հանրապետությունից

Շուրջ 1 տոննա թմրանյութ տեղափոխելու համար դատապարտված վրացի վարորդ Աֆտանդիլ Մարտիաշվիլին հրաժարվում է նստել ամբաստանյալի նույն աթոռի վրա, որին պետք է նստեր տեղափոխման համար դատապարտված թուրք Օսման Ուղուրլուն:

Դատական նիստը դեռ չի սկսվել: Երկու ամբաստանյալներին ներս են բերում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նիստերի դահլիճ, որտեղ պետք է քննվի ամբաստանյալների բողոքը: Աֆտանդիլը զբաղեցնում է իր տեղը: Ոստիկանական խումբը ներս է բերում նաև Օսմանին: Աֆտանդիլը նրան թույլ չի տալիս նստել ամբաստանյալների համար նախատեսված աթոռին՝ իր կողքին: «Ես չեմ ուզում նրա հետ նստել»,-ասում է նա: Հարցն, ի վերջո, լուծվում է երկու թարգմանիչների միջոցով. կարգադրիչները երկու ամբաստանյալների արանքում նստեցնում են վրացերենի և թուրքերենի թարգմանիչներին:

Հիշեցնենք՝ Մեղրիի մաքսակետում՝ կցորդի հատուկ պատրաստված թաքստոցում Իրանից շուրջ 1 տոննա հերոյին տեղափոխելու փաստով ձերբակալվել էր վարորդը, Երևանում՝ նաև ուղեկցողը:

Ձախից` փաստաբաններ Հրաչ Հակոբյանը, Վահե Մարգարյանը և Թեյմուրազ Մայսուրաձեն (վարորդի հետ խոսելիս)

Աֆթանդիլ Մարտիաշվիլու պաշտպան Հրաչ Հակոբյանը բացատրում է, որ իր պաշտպանյալը 17 տարի իրեն դատապարտելու համար մեղադրում է Օսմանին, քանի որ ինքն անմեղ է և այս պատմության մեջ հայտնվել է Օսմանի պատճառով:

Չնայած Օսմանը իր թե՛ նախաքննական, թե՛ դատարանում տված ցուցմունքների ժամանակ ասել է, որ վարորդը ոչ թաքստոցից, ոչ էլ տեղափոխվող բեռից տեղյակ չի եղել, այնուամենայնիվ, նրան տվել են գրեթե նույնքան ազատազրկում, որքան թուրք Օղուրլուին՝ 17 տարի, Օղուրլուին՝ 19:

Դատախազ Փանոսյանը և Վրաստանի հյուպատոս Շորենա Ծիկլաուրին: Հյուպատոսը հետևում է դատավարությանը: 

Այսօր վերաքննիչում առաջին նիստն էր: Աֆտանդիլ Մարտիաշվիլին բացարկ հայտնեց դատախազ Ա.Փանոսյանին՝ նշելով, որ վերջինս կողմնակալ է, գործը քննող քննիչ Թևանյանն իրեն ասել է, որ իր դեմ գործում որևէ ապացույց չկա, սակայն Ա. Փանոսյանի սենյակ մտնելուց և վերադառնալուց հետո որոշել է հաստատել իր նկատմամբ մեղադրանքը և գործն ուղարկել դատարան: Դատարանը, նախագահությամբ Արմեն Դանիելյանի, սակայն, մերժեց վարորդի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Ձախից` դատավորներ Արշակ Խաչատրյանը, Արմեն Դանիելյանը և Կարինե Ղազարյանը

Օսման Ուղուրլուի նկատմամբ վարույթը կարճելու և քրեական հետապնդումը վերացնելու պահանջով բողոք է ներկայացրել նաև Ուղուրլուի պաշտպան Վահե Մարգարյանը:

«Ինչպես ես, այնպես էլ Աֆտանդիլը ոչ մի կապ չունենք այդ թմրանյութի հետ: Այդ թմրանյութի մասին ես ոչ մի տեղեկություն չեմ ունեցել, և ինձ ասել են, որ ես պիտի ավազ տեղափոխեմ»,-հայտարարեց Օսման Ուղուրլուն: Նա նաև նշեց, որ նման վտանգի չէր ենթարկի ոչ Աֆտանդիլին, ոչ էլ իրեն, քանի որ բեռը տեղափոխում էր Իրանից, իսկ այնտեղ հայտնաբերելու դեպքում մահապատիժ է նախատեսվում այդ հանցանքի համար:  

Ուղուրլուն հայտնեց, որ իրեն 19 տարի դատապարտելու դատավճիռը ծանր է, քանզի ունի իր խնամքի տակ գտնվող հիվանդ ու ծեր հայր և 2.5 տարեկան երեխա: Ուղուրլուն ներողություն խնդրեց Հայաստանի Հանրապետությունից, որ այսպիսի գործով դատարանի առջև է հայտնվել:

Ձախից` Աֆտանդիլ Մարտիաշվիլին, երկու թարգմանիչները և Օսման Ուղուրլուն

Հրաչ Հակոբյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ եթե ավազ տեղափոխեին, ապա իր վարորդից թաքցնելու հիմք թուրք Օսմանը չէր ունենա, հետևաբար, իր վարորդ Մարտիաշվիլին չէր կարող որևէ կապ ունենալ նախապես մտածված ու կազմակերպված խմբավորման հետ, ինչի մեջ նրան մեղադրում են: 

«Հետքի» հետ զրույցում Աֆտանդիլը պատմեց, որ ինքն ընդհանրապես տեղյակ չի եղել բեռից: Իրանում գտնվելու օրերին Օսմանը մեքենան տարել է և բերելուց հետո հաշվիչը զրոյացրել է: Ուղուրլուի մոտ է եղել երկրորդ բանալին, որի մասին ինքը տեղյակ չի եղել: Այդ մասին նշել է նաև Ուղուրլուն իր ցուցմունքում: Սակայն դատարանը հաշվի չի առել ոչ իր, ոչ էլ Ուղուրլուի՝ իր օգտին տված ցուցմունքները և դատապարտել է իրեն 17 տարվա ազատազրկման առանց որևէ ապացույցի:

Աֆտանդիլ Մարտիաշվիլու փաստաբան Թեյմուր Մայսուրաձեն միջնորդեց հետաձգել դատական նիստը, քանի որ ցանկանում է լրացում կատարել իր բոոքին: Վրացի փաստաբանը նշեց, որ ինքը 5 օր առաջ է ստացել վրացերեն թարգմանված դատավճիռը և չի հասցրել ծանոթանալ դրան: Չնայած բողոքը գրել է՝ չունենալով առաջին ատյանի դատավճիռը, այդուհանդերձ պատշաճ լրացում կազմելու համար իրեն ժամանակ է հարկավոր: Դատարանը նիստը հետաձգեց մինչև մարտի 20-ը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter