Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

«Սպեղանի» երգչախումբ՝ հայկական երգի կրողները



«Սպեղանի» երգչախումբն ինձ հիացնում է իր կատարողական արվեստով: Սիրում եմ լսել այս երգչախմբին, քանի որ նրա երգեցողության մեջ ներկա է խոստովանանքի, ներհայաց երգեցողության երանգը, որն այնքան բնորոշ է հայ երգին։

Տիգրան Մանսուրյան

Սկիզբը

«Սպեղանի» աղջիկների երգչախումբն անվանում են «հրեշտակային ձայների երգչախումբ», «մաքրագույն հայկական երաժշտության կրողներ», «ֆենոմենալ երեւույթ»: Երգչախմբի հսկայական երգացանկը միավորում է տարբեր ազգերի, ուղղությունների եւ ժամանակաշրջանների երաժշտություն՝ միջնադարի հոգեւոր ստեղծագործություններից մինչեւ հայ եւ արտասահմանյան ժամանակակից կոմպոզիտորների գործերը:

Երգչախմբի բարձր պրոֆեսիոնալիզմն առաջին հերթին ամենօրյա մի քանի ժամյա համառ աշխատանքի արդյունք է: Չէ՞ որ այն կազմվել է երեխաներից, ովքեր չունեին երաժշտական կրթություն եւ ոչ մի կապ երաժշտության հետ: Տասը տարի առաջ երգը միավորեց ղարաբաղյան պատերազմում հայրերին կորցրած երեխաներին:

Սարինա Ավթանդիլյանը պատերազմում կորցրել էր ամուսնուն: Գագիկ Օսիպյանը զոհվել է 1992 թվականին Շուշիի ազատագրման ժամանակ: Նույն թվականի հուլիսի 4- ին Մարտակերտի տեղահանության ժամանակ նրա մայրը, տատը եւ պապն անհայտ կորել են, իսկ տունն ամբողջովին այրվել է ռումբի պայթյունից:

Չորս տարի անց Սարինա Ավթանդիլյանը ստեղծեց երգչախումբ որբացած երեխաներից: Այդպես ծնվեց «Սպեղանին», ինչը գրաբարում նշանակում է դեղամիջոց հոգու վերքերից:

«Ես հավատում էի, որ երգչախմբային արվեստն իրոք բալասան կլինի նրանց վիրավոր հոգիներին, կմեղմացնի կորստի ցավը: Երգչախումբը ստեղծվեց, որովհետեւ պետք էր գոյատեւել»,- ասում է Ս. Ավթանդիլյանը:

Զինկոմիսարիատների պատերին փակցրած նրա հայտարարություններին արձագանքեց ավելի քան հարյուր երեխա: Սարինան ընտրեց ութսունին, բոլորը՝ մինչեւ տասը տարեկան: Ամենակրտսերը՝ Մարինան (Սարինայի դուստրը), հինգ տարեկան էր: Երեխաներին ոչ միայն ուսուցանում էին երգարվեստ, այլեւ կերակրում ու հագցնում էին: Շատ ծնողներ «Սպեղանին» ընկալում էին որպես նյութական օգնության աղբյուր: Քչերն էին հավատում, որ երգչախումբը կապրի այսքան երկար եւ, առավելեւս, կհասնի նման բարձունքի:

Սկզբում «Սպեղանին» ելույթ էր ունենում միայն զորամասերում՝ միաձայն, հայրենասիրական երգերով: Երգչախմբային երաժշտությունն իրոք բուժիչ բալասան էր վերքերին եւ տալիս էր ապրելու ուժ:

Հայ եւ արտերկրյա կոմպոզիտորների շատ երգչախմբային ստեղծագործություններ Հայաստանում առաջին անգամ հնչել են հենց «Սպեղանու» շնորհիվ: 2005 թվականի ապրիլի 24-ի ն Հայոց Եղեռնի նահատակների հիշատակին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց վանքում երգչախումբը կատարեց Կոմիտասի «Պատարագը»: Այն Արցախում կատարվում էր առաջին անգամ: «Սպեղանու» կատարմամբ Հայաստանում առաջին անգամ հնչեցին այնպիսի կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպիսիք են Բերտրանը, Անիմուչյան, Մարենցիոն, Կոստելեյը, Սուին, Ռաուտավարան ... Վերջերս երգչախումբը ցնցեց հանդիսատեսին հայ ժամանակակից կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի «Սիրիուս» ստեղծագործության կատարմամբ:

2004 թվականին իտալական Արեցո քաղաքում Concorso Polifonico Internationale հեղինակավոր ավանդական փառատոնում «Սպեղանին» ստացավ երկրորդ մրցանակը: Մինչ այդ մեծ հաջողությամբ կայացան երգչախմբի համերգները Բեյրութում, ուր «Սպեղանու» կազմից կարողացավ գնալ միայն վոկալ քառյակը: Քառյակն ունենում էր օրական երեք համերգ:

Ս. Ավթանդիլյանը հիշում է, որ հանդիսատեսն այնքան գերված էր երգով, որ համերգի ավարտը դիմավորեց լռությամբ՝ մոռանալով անգամ ծափահարել:

«Համերգաշրջանի վերջում,- պատմում է նա,- երեխաների ձայները խզվել էին, հիվանդացան բոլորը: Նրանց կամքի ուժն ապշեցնում էր, չէ՞ որ նրանք տասներկու տարեկան երեխաներ են»:

2007թ. մայիսին շվեյցարական Բազել քաղաքում կկայանա եվրոպական պատանեկան երգչախմբերի փառատոնը: Բազում երգչախմբերից եվրոպական ժյուրին ընտրել է տասներկու լավագույններին, որոնց թվում է «Սպեղանին»: Շվեյցարիայից երգչախումբը կմեկնի Գերմանիա՝ միջազգային երգչախմբային մրցույթին մասնակցելու: Հայկական երգչախումբը ընտրվել է տասներեք լավագույնների շարքում 63 համաշխարհային խմբերից:

Տասը տարի ոչնչից եւ առանց ոչինչ

«Սպեղանին» մեծացել է եւ այժմ բաղկացած է երկու կազմից՝ կրտսեր եւ պատանեկան երգչախմբերից:

Այսօր Սարինա Ավթանդիլյանն իր երգչախումբ վերցնում է բացառապես տաղանդավոր երեխաներին, ում ապագան երաժշտության մեջ է: Այլ կերպ չի էլ կարող լինել. այսօր էլ երգչախումբը գործում է դժվարագույն պայմաններում:

Ինչպես հայտնի է, «սեփական հայրենիքում մարգարե չկա»: «Սպեղանին» բացառություն չէ: Արդեն տասը տարի, այսինքն՝ սկզբնավորման պահից, երգչախումբը գոյատեւում է խմբավար Սարինա Ավթանդիլյանի եւ նրա աղջիկների նվիրվածության շնորհիվ: Անցյալ տարի «Սպեղանին» ֆինանսական հնարավորության բացակայության պատճառով չկարողացավ նշել իր տասներորդ տարեդարձը:

Սիստեմատիկ պարապմունքներ անցկացնելը գնալով ավելի ու ավելի դժվար է: Տասը տարվա ընթացքում երգչախումբը, չունենալով տարածք փորձերի համար, փոխել է բազմաթիվ դահլիճներ:

Հիմա «Սպեղանին» պարապմունքներն անցկացնում է Ճարտարապետների տանը: Ձմռանը տարածքը չի ջեռուցվում միջոցների բացակայության պատճառով, սակայն պարապմունքները չեն ընդհատվում, չէ՞ որ առջեւում պատասխանատու փառատոններ են:

««Սպեղանի» երգչախումբը ստեղծվել է Հայաստանի եւ Արցախի անկախության համար նահատակվածների հիշատակին,- ասում է Ավթանդիլյանը,- եւ ես անում եմ ամեն ինչ, որպեսզի արժանի պահպանեմ այդ հիշատակը»:

Տասը տարվա ընթացքում Սարինան երգչախմբին սատարելու խնդրանքով դիմել է շատ կազմակերպությունների եւ պետական կառույցների: Որոշ մասնավոր կազմակերպություններ արձագանքել են, սակայն նրանց օգնությունը «միանգամյա» էր. օրինակ՝ դահլիճի վարձը համերգի օրը, համերգային բուկլետների անվճար տպագրումը, ձայնասկավառակի թողարկումը: Աջակցությունն, իհարկե, անգին է, սակայն հիմնական խնդիրն այն չի լուծում:

Գերմանիայում եւ Շվեյցարիայում ելույթ ունենալու համար երգչախմբին պետք է պատշաճ բեմական հագուստ, հարկավոր է գումար վիզաները ձեւակերպելու համար, կան մի շարք այլ չլուծված խնդիրներ:

Երգչախմբի դպրոց

Սարինա Ավթանդիլյանը երգչախմբի գրեթե անհույս վիճակի մասին խոսում է դառնությամբ:

«Չէ՞ որ մեր հիմնական նպատակը հայկական երգչախմբային արվեստի պահպանումը, զարգացումը եւ տարածումն է: Եվրոպայում երգչախմբային արվեստը գոյություն ունի ավելի քան տասը դար: Իսկ մենք, երգչախմբային արվեստը հայկական ազգային երաժշտության մեջ նոր-նոր ներդնելով տասնիներորդ դարի վերջին, արդեն ոչնչացնում ենք: Սովետական Միությունում յուրաքանչյուր դպրոց, յուրաքանչյուր բուհ եւ գործարան իր երգչախումբն ուներ, իսկ հիմա դրանք, ցավոք, չկան»,- ասում է երգչախմբի ղեկավարը:

Սարինա Ավթանդիլյանը երազում է սեփական երգչախմբային դպրոցի մասին:

«Հույս ունեմ, որ կառավարությունը կտրամադրի մի հողակտոր երգչախմբային դպրոցի համար: Չէ՞ որ դա այն գործն է, որը սկսել են Կարա-Մուրզան, Եկմալյանը, Կոմիտասը, եւ մենք պարտավոր ենք այն շարունակել: Ես երազում եմ ունենալ երգչախմբային դպրոց, ուր կուսանեն իրոք տաղանդավոր երեխաներ, ովքեր ի վիճակի չեն իրենց ուսման համար վճարել: Մեզ շատ են պետք Մանթաշովներ, որպեսզի Կոմիտասի ստեղծած երգչախմբային արվեստը չլինի այսպիսի բարձիթողի վիճակում»,- եզրակացնում է Սարինան:

Հ.Գ. Մայիսի 8-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Շուշիի ազատագրման 15-ամյակի կապակցությամբ «Սպեղանին» կկատարի Կոմիտասի «Պատարագը»:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ