Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Վարդան Այվազյանի համագյուղացիները՝ ընդդեմ Վարդան Այվազյանի



ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Այվազյանի համագյուղացիները՝ Բորժոմի շրջանի Տաբածղուր գյուղի բնակիչները, դատի են տվել պատգամավորի ընկերությանը: Նրանք պահանջում են անվավեր ճանաչել և դադարեցնել Տաբածղուր լճում ձկնորսությամբ զբաղվելու Վարդան Այվազյանի հիմնադրած «Լճեր» (შპს "ტბები" ) ընկերության արտոնագիրը և իրենց տրամադրել Տաբածղուր լձում ձուկ որսալու առաջնային իրավունքը:  

Մարտի 11-ին Թբիլիսիի քաղաքային դատարանում նշանակված էր նախնական դատական լսում: Ինչպես հայտնում են Թբիլիսիի մեր գործընկերները, 15 գյուղացիներ եկել էին դատարան: Լսմանը ներկա է եղել նաև ընկերության ներկայացուցիչ վրացի փաստաբանը: Դատարանը, սակայն, անորոշ ժամկետով լսումը հետաձգել է՝ մինչև որոշում կկայացնի՝ վարույթ ընդունել կամ մերժել գյուղացիների հայցը:  

Տաբածղուրի բնակիչների եկամտի հիմնական աղբյուրը լիճն էր, որտեղից նրանք ձուկ էին որսում և վաճառում այն շրջակա գյուղերում և մոտակա քաղաքներում:

Վրաստանի մեր գործընկերների պատրաստած այս ֆիլմում գյուղացիները պատմում են, թե ինչպես է օրերից մի օր գյուղում հայտնվել Վարդան Այվազյանը և հայտարարել. «Այսօրվանից ես եմ լճի տերը»:

2010թ. սեպտեմբերին Վրաստանում գրանցված «Լճեր» ՍՊԸ-ն ձեռք է բերել լճում ձուկ որսալու արտոնագիր, և բնակիչներին արգելվել է լճից ձուկ որսալ: Վրաստանի կառավարությունը, ի դեմս էկոնոմիկայի նախարարության, շուրջ 443 հազար դրամով ընկերությանն է տրամադրել լիճը տնօրինելու 20 տարվա իրավունք:

«Լճեր» ՍՊԸ-ն պետական գրանցում է ստացել աճուրդից ընդամենը 4 օր առաջ: Այդ ժամանակ ընկերության բաժնետոմսերի 90%-ը պատկանել է Վարդան Այվազյանին: 2012-ին, սակայն, Վարդան Այվազյանը վերաձևակերպել է այն իր զարմիկի՝ Արմեն Այվազյանի անվամբ, ով նաև «Լճեր» ՍՊԸ-ի տնօրենն է:

Տաբածղուրի գյուղացիները պատմում են, որ Վարդան Այվազյանը ջերմ հարաբերությունների մեջ էր նաև Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլու հետ: Ավելին, նրան գյուղում տեսել են Մերաբիշվիլու և Ախալքալաքի ոստիկանապետի հետ ուտել-խմելիս: Հիշեցնենք՝ Վարդան Այվազյանը նույն ժամանակահատվածում վերաձևակերպել էր նաև Թբիլիսիում կառուցվող ձկան կենտրոնի սեփականության իրավունքը իր որդու անվամբ:

Վարդան Այվազյանը, սակայն, արտոնագրի պայմանները խախտել է: Նա Սևանա լճից խեցգետիններ է տարել և լցրել Տաբածղուր լիճը, ինչը արտոնագրով նախատեսված չի եղել: Դրանից հետո ձկան պաշաները նշանակալիորեն նվազել են: Մինչդեռ արտոնագրի նախապայմանն է եղել 4 տարի հետո ձկան պաշարը հասցնել 60 տոննայի:

Բացի դրանից, 2011-ին Մ. Սահակաշվիլին սիմվոլիկ 1 լարի արժեքով Վարդան Այվազյանին է նվիրել լճին հարակից ավելի քան 308 հազար քմ տարածք, որը պարզվում է՝ պետական արգելոցին է պատկանում:

Այդ տարածքում Վարդան Այվազյանը պետք է  շուրջ 100 մլն դրամի ներդրում կատարեր, զարգացներ զբոսաշրջային ենթակառուցվածքը և ձկնաբուծական տնտեսությունը: Նշված խոստումներից որևէ մեկը չի կատարվել: Ուստի, գյուղացիներն ուզում են, որ Վրաստանի կառավարությունը իրենց տա լճում ձուկ որսալու առաջնային իրավունքը և դադարեցնի արտոնագրի բազմաթիվ կետեր խախտած Վարդան Այվազյանի ընկերության արտոնագիրը: 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (1)
1. mho08:59 - 14 մարտի, 2015
Իր հայրենի գյուղացիներին է հացից զրկել! ինչ աստիճանի տականք կարելի է լինել! Жадность фрайера губит!
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ