HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Հանցագործությունից բարեգործություն մեկ քայլ է· հիմնավորողը քննչական կոմիտեն է

Մեկ տարի առաջ «Հետքի»` «Գյուղապետի գործարքն ինքն իր հետ. համայնքային բյուջեի 60 մլն դրամով նա գնել է իր շինությունը» հրապարակման հիման վրա գլխավոր դատախազությունը նյութեր նախապատրաստեց եւ ուղարկեց ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժին՝ քննության:

 Հրապարական մեջ նշել էինք, որ 2013թ·-ին համայնքային սեփականության 47 հա հողի վաճառքից մոտ 60 մլն դրամ է մուտք եղել Նոր Գեղի համայնքի բյուջե, եւ այդ գումարով համայնքապետ Ֆրոնտիկ Թեւոսյանը համայնքի համար գնել է իրեն պատկանող քոլեջի շենքը: Ֆ· Թեւոսյանը 2004թ.-ին համայնքից մսուր-մանկապարտեզը գնել էր 9 մլն 365,400 դրամով, այն վերածել մասնավոր քոլեջի, իսկ 2013թ·-ին 67 մլն 875,000 դրամով վաճառել է համայնքին:

Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում, հրապարակման հիման վրա 19.04.2004թ.-ին քրեական գործ հարուցվեց Նոր Գեղի համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թեւոսյանի կողմից իր պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ համայնքին էական վնաս պատճառելու դեպքի առթիվ: Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Հ. Հակոբյանը մոտ մեկ տարի քննություն իրականացնելուց հետո, 2015թ. փետրվարի 2-ին կայացրած որոշումով կարճել է քրեական գործի վարույթը եւ դադարեցրել Ֆրոնտիկ Թեւոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով քրեական հետապնդումը` հանցակազմի բացակայության հիմքով:

«… չնայած այն հանգամանքին, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքին պատկանող գույքը 2004թ.-ին օտարելու եւ 2013թ.-ին գյուղապետարանի կողմից ձեռք բերելու գործարքները փաստացի կնքվել են համայնքի եւ համայնքի ղեկավար Ֆ. Թեւոսյանի հարազատ որդուն պատկանող ընկերության միջեւ, ինչում կարող է դիտվել Թեւոսյանի անձնական շահագրգռվածությունը, այնուամենայնիվ այդ գործարքների ընթացքում  Ֆ. Թեւոսյանի կողմից իր պաշտոնեկան դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հանգամանքը չի հիմնավորվել, եւ այդ գործարքներով վնաս չի պատճառվել ինչպես համայնքին, այնպես էլ պետությանը կամ այլ անձանց, կազմակերպությունների, հասարակության իրավունքներին եւ օրինական շահերին, ուստի նրա արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմի օբյեկտիվ կողմը»,- ասվում է կարճման որոշման մեջ:

Քննիչի այս հետությունը հիմնված է հետեւյալ փաստարկի հիման վրա· նախաքննության ժամանակ նշանակվել է դատաշինարարատեխնիկակական, դատաապրանքագիտական եւ դատահաշվապահական համալիր փորձաքննություններ, որոնց արդյունքներով մսուր-մանկապարեզի շուկայական արժեքն իր շինություններով եւ գույքով հանդերձ 2013թ.-ին դեկտեմբերի 13-ի դրությամբ կազմել է 84 մլն 343.800 դրամ, որից անշարժ գույքը 76 մլն 560,000 դրամ, իսկ շարժական գույքը` 7 մլն 783,800 դրամ:

«Այսինքն, ձեռքբերման գինը պակաս է իրական շուկայական արժեքից 16 մլն 468,800 դրամով»,- գրում է քննիչը՝ իր կատարած թվաբանությունից գալով այն հետեւության, որ այդ գործարքներով վնաս չի պատճառվել համայնքին:

Մոտ մեկ տարի տեւած նախաքննությամբ քննիչը հաստատված է համարել հետեւյալը. 2004թ.-ի մարտին Նոր Գեղի համայնքի ղեկավար Ֆ. Թեւոսյանը գյուղապետարանի` կենսաթոշակային ֆոնդին ունեցած պարտքերը մարելու համար գումարներ ձեռք բերելու նպատակով ավագանու քննարկմանն է ներկայացրել համայնքին պատկանող նախկին մսուր-մանկապարտեզի եւ «Ֆլիգեր» կոչվող շենքերը աճուրդային կարգով վաճառելու հարցը: 2004թ. մարտի 15-ին որոշում են կայացրել այդ շենքերն աճուրդով վաճառելու մասին, եւ շենքերի շուկայական արժեքները գնահատող կազմակերպությունը «Ֆլիգեր» կոչվող շենքը գնահատել է 7մլն 200,000 դրամ, իսկ մսուր-մանկապարտեզի շենքը՝  8 մլն 514,000 դրամ:

2004թ. մայիսին կայացած աճուրդում հաղթող է ճանաչվել Ֆ. Թեւոսյանի որդին` Կարապետ Թեւոսյանը եւ մսուր-մանակպարտեզի շենքը գնել է 9 մլն 365,400 դրամով: Կ. Թեւոսյանի կողմից հիմնադրվել է «Նաիրիի ոչ պետական միջնակարգ դպրոց» ՍՊԸ-ն, որից հետո վերանորոգվել են շենքի տանիքը, պատուհանները, դռները, հատակը առաստաղը, քարե պարսպով պարսպապատել մանկապարտեզի տարածքը, անցկացրել է ջրագիծ, կոյուղագիծ, կատարել է շենքի ջեռուցման համակարգի եւ գազիֆիկացման աշխատանքներ, ձեռք է բերել անհրաժեշտ գույք: Արդյունքում` մանկապարտեզի շենքը վերափոխել է դպրոցի եւ 2005թ. սեպտեմբերի 1-ից նշված մանկապարտեզի շենքը գործել է որպես վճարովի դպրոց եւ նախադպրոցական քոլեջ:

Օրինախախտումների սկիզբը դրվել է 2004թ·-ին, երբ աճուրդի դրված գույքի՝ համայնքային սեփականության մսուր-մանկապարտեզի գնորդը եղել է համայնքի ղեկավարի որդին՝ Կարապետ Թեւոսյանը: Այս գործարքը կատարվել է 2004թ·-ին, մինչդեռ 2003թ. նոյեմբերի 4-ից գործում էր «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքը, որի 3-րդ հոդվածի 2 մասի համաձայն՝ «Սակարկություններին չեն կարող մասնակցել աճուրդավարի երեխաները, ծնողները, ամուսինը, տատը, պապը, եղբայրները եւ քույրերը, ինչպես նաեւ աճուրդավարի ամուսնու ծնողները, տատը, պապը, եղբայրները եւ քույրերը»:

Քննիչը, սակայն գնահատական չի տվել այս փաստին եւ շարունակել է հիմնավորումներ փնտրել շահույթ չապահովող բիզնեսից օր առաջ ազատվելու համար համայնքի ղեկավարի իրականացրած գործարքին:

«2013թ.-ին դպրոցում ֆինանսական ճգնաժամ է առաջացել եւ Կ. Թեւոսյանը որոշել է դադարեցնել դպրոցի գործունեությունը եւ շենքը վաճառել ···: Համայնքապետն ու ավագանին դիմումներ են ներկայացրել ՀՀ նախագահին, Կառավարությանը եւ Ազգային ժողովին` նշված շենքը գնելու ու այն որպես պետական դպրոց շահագործելու խնդրանքով: Գիտության եւ կրթության նախարարությունը նպատակահարմար չի գտել «Նաիրիի ոչ պետական միջնակարգ դպրոց» ՍՊԸ-ի շենքը գնել պետական միջոցներով, քանի որ Նոր Գեղի համայնքում գործում է երկու միջնակարգ դպրոց եւ կառուցվում է նոր դպրոցական շենք, որը շահագործման կհանձնվի 2015թ.-ին»,- ասվում է որոշման մեջ:

Նշենք, որ 2011թ·-ին պետական բյուջեից Հրատապ ծրագրին հատկացվող գումարներով Նոր Գեղիի դպրոցի հիմնանորոգման համար հատկացվել է 97 մլն 627,700 դրամ եւ այն շահագործման կհանձնվի այս տարի: 

Հաջողության չհասնելով իր այս ձեռնարկում, համայնքի ղեկավար Ֆ. Թեւոսյանը ավագանու քննարկմանն է ներկայացրել համայնքի միջոցներով մանկապարտեզի շենքը ձեռք բերելու հարցը, ինչպես քննիչն է գրում՝ «Նոր Գեղի գյուղում նոր մանկապարտեզ եւ դպրոց բացելու անհրաժեշտություն առաջանալու կապակցությամբ»: Ֆ· Թեւոսյանի առաջարկով, համայնքի ավագանին 13.02.2013թ.-ին որոշում է կայացրել «Նաիրիի ոչ պետական միջնակարգ դպրոց» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը 67 մլն 875,000 դրամով գնելու մասին: Նույն օրը հոր եւ որդու միջեւ կնքվել է առքուվաճառքի պայմանագիր, որով համայնքը ՍՊԸ-ից գնել է 100% բաժնեմասը:

Նշենք, որ համայնքում նոր մանկապարտեզ եւ դպրոց բացելու անհրաժեշտությունը պետք է հիմնավորված լիներ ոչ թե ավագանու կամ քննիչի որոշման մեջ շարադրված բառերով եւ ոչ թե այն պահին, երբ համայնքի բյուջե գումար է մուտք եղել, այլ համայնքի քառամյա զարգացման ծրագրով, որը կազմել է համայնքի ղեկավարը եւ հաստատել է ավագանին: Նոր Գեղի համայնքի վերջին երկու քառամյա զարգացման ծրագրերում՝ 2009-12թթ·-ի եւ  2013-2016թթ·-ի, որոնք տեղադրված են համայնքի կայքէջում, նոր մանկապարտեզ կամ նոր դպրոց ունենալու հիմնավորումներ չկան: Քառամյա ծրագիրը համայնքի կարիքների գնահատման եւ իրականացման հիմնական փաստաթուղթն է, համայնքի ղեկավարի գործունեության չորս տարիների աշխատանքային ծրագիրը: Մեր հարցաքննության(գործով հարցաքննվել են «Հետքի» երկու լրագրողներ) ժամանակ քննիչին հուշել էինք, որ նոր մանկապարտեզ ունենալու անհրաժեշտությունը պարզելու համար քննությունը պետք է հիմնվի այս փաստաթղթին, որը, սակայն, նա շրջանցել է:

Նոր Գեղի համայնքի 2009-12թթ. քառամյա զարգացման ծրագրով նախատեսվել էր համայնքի մսուր-մանկապարտեզի նորոգում եւ ջեռուցման համակարգի անցկացում՝ հիմնավորելով, որ «մսուր-մանկապարտեզը կառուցվել է 25 տարի առաջ եւ մինչ օրս չի վերանորոգվել»: Պետական բյուջեից Հրատապ ծրագրին հատկացվող միջոցներով 2011թ.-ին համայնքի մանկապարտեզներից մեկը հիմնանորոգվել է, որի համար հատկացվել էր 39 մլն 530,000 դրամ:

2013-16 թթ.-ի քառամյա զարգացման ծրագրով համայնքը կրթության ոլորտում խնդիր է համարել Բանավան թաղամասի դպրոցի հիմնանորոգումը: «Բանավան թաղամասի դպրոցը, որը տեղակայված է թիվ 2 մսուր-մանկապարտեզի շենքում եւ որտեղ սովորում են 149 աշակերտ, ունի 27 աշխատող, գտնվում է անմխիթար վիճակում, խմելու ջրի համակարգը չի գործում, չունի կոյուղի, սանհանգույց եւ ջեռուցման համակարգ»,- նշված է ծրագրում:

Խնդրի նկարագրության մեջ ասվում է, թե նախատեսվում է առաջիկա 2 տարիների ընթացքում ավարտել Բանավան թաղամասում նոր կառուցվող դպրոցի շինարարությունը, որով համայնքում լուծվում է դպրոց ունենալու խնդիրը:

Հետեւաբար, մսուր-մանկապարտեզի շենքում ժամանակավորապես տեղակայված դպրոցը տեղափոխելուց հետո տարածքն ամբողջությամբ կծառայեցվի մանկապարտեզին եւ դրանով կլուծվի տեղի սահմանափակ լինելու պատճառով նախադպրոցական կրթությունից դուրս մնացած այն «20 երեխաներին ընդունելու հարցը», որը քննիչի որոշման մեջ տեղ գտած միակ մտահոգիչ փաստարկն է: Այսինքն՝ համայնքին ոչ թե մանկապարտեզի նոր շենք է անհրաժեշտ, ինչպես նշում է քննիչը, այլ անհրաժեշտ է վերանորոգել թիվ 2 մսուր-մանկապարտեզը: Համենայնդեպս, այդպես է կարծում տեղական իշխանությունը՝ Նոր Գեղիի համայնքապետն ու ավագանին, եւ  դրա անհրաժեշտությունը ժամանակին հիմնավորել են 2013-16 թթ.-ի քառամյա զարգացման ծրագրով: 

ԾՐԱԳԻՐ 4.1

Հիմնահարցի առաջնահերթության միավորը

202.5

Անվանումը

Բանավան թաղամասի թիվ 2 մսուր/ մանկապարտեզի շենքի կապիտալ վերանորոգում,ջեռուցման անցկացում,գույքի ձեռք բերում

 

Ծրագրի նպատակն է.

Բարեկարգ մսուր/մանկապարտեզի շենք ունենալով, երեխաները կստանան մանկապարտեզ հաշախելու հնարավորություն

Ծրագրի ամփոփ նկարագիրը

Բանավան թաղամասի մսուր/մանկապարտեզի շենքը գտնվում է անմխիթար վիճակում, կարիք ունի լիովին հիմնանորոգման

Նախատեսված Գործողությունները

  • Պատվիրել նախագիծ-նախահաշիվ ոռոգման ջրագծերի տեղակայման համար
  • Ձեռք բերել համապատասխան քանակությամբ նյութական ռեսուրսներ
  • Հայտարարել մրցույթ շինարարական աշխատանքները իրագործելու համար

Ակնկալվող արդյունքները

Բնակչությունը բավարարված կլինի,իսկ մատաղ սերունդը դստիարակություն կստանան:

Շահառուներ

600

Հնարավոր ներդրումները

80 %

Համայնքապետարան

 20 %

Մասնավոր և ինստիտուցիոնալ ներդրողներ

   %

Ֆինանսական կարիքներ

6000000

Ծրագրի սկիզբ

Ավարտման ակնկալվող ժամկետը

01.05.2013

01.05.2016

Ուստի, համայնքային շահը պահանջում էր, որ համայնքային սեփականություն 47 հա հողատարածքի վաճառքից բյուջե մուտք արված գումարը ծառայեցվեր թիվ 2 մսուր-մանկապարտեզի շենքի վերանորոգմանը եւ ծրագրով հիմնավորված մյուս առաջնային կարիքների ապահովմանը եւ ոչ թե գնել համայնքապետին ոչ պիտանի քոլեջի շենքը: Մինչդեռ, համայնքային շահը թողած, ավագանին հետին թվով կեղծ հիմնավորումներ եւ արդարացումներ է որոնում համայնքային բյուջեից համայնքի ղեկավարի գրպանում հայտնված կլորիկ գումարի համար: Քննիչն էլ փորձագետի թվաբանական հաշվարկներով փաստարկում է, որ Նոր Գեղի համայնքը Ֆրոնտիկ Թեւոսյանին դեռեւս պարտք է 16 մլն 468,800 դրամ:  

Այս որոշմանը ծանոթանալուց հետո, կարծում ենք, գյուղի բնակչությունն ըստ արժանվույն կգնահատի Ֆ· Թեւոսյանի բարեգործությունը, ինչպես գնահատել է տարիներ առաջ· ծննդյան 65-ամյակի առիթով գյուղի արվեստի դպրոց ՀՈԱԿ-ը անվանակոչվել է Ֆրոնտիկ Թեւոսյանի անունով: Այս տարի լրանում է համայնքի ղեկավարի 70-ամյակը, չենք կասկածում, որ երախտագետ համայնքը 16 մլն դրամի պարտքը հատուցելու ելքեր կգտնի:

Մեկնաբանություններ (2)

Ashot Babasyan
Thank you very much for publishing my comments. I am always your scriber and often will sending a new comments.
Աշոտ Բաբասյան
Հիմա ը ս տ էության Ամբուղջ հոդվածն նվիրված է դատախազությանն, քննջական մարմիններին եվ պարոն Թեվոսյանին անվստահություն մեջ մեղադրելու: Ես լավ ճանաչում եմ Ֆրոնտիկ Թեվոսյանին դեռեվս 1970 թվականից: Հոդվածում բերված փաստերն եվ թվերն իմ կարծիքով նպատակամղված են Թեվոսյանին , համայնքի ավագանուն եվ նրա որդուն վակաբեկելու ինչպես նաեվ քննչական մարմիններին անվստահություն տրամադրելու մեջ: Աշոտ Բաբասյան 15 մարտի 2015 թ ԱՄՆ Կալիֆորնիա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter