HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամյանցի դղյակի ճակատագիրը մնում է անորոշ

Հայտնի բարերար Միքայել Արամյանցի` Ախաթալայի դղյակի ճակատագիրը մնում է անորոշ:

Այս տարի լրանում է  դղյակի կառուցման 120-ամյակը: Պատմամշակութային այդ կառույցն արդեն 15 տարի անհասանելի է, և քչերը գիտեն, թե ինչ կա ցանկապատերից ներս ընկած հատվածում:

Մշակույթի նախարարությունն արդեն մի քանի տարի է, ձգձգում է Արամյանցի դղյակը պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանների ցանկում ընդգրկելու հարցը: 

Դղյակը 2005թ. սեպտեմբերի 27-ի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Հայաստանի տուրիզմի զարգացման հիմնադրամից գնել է «Մեթըլ Փրինս Էլ Թի Դի» կորպորացիան: Արամյանցի դղյակի հաշվեկշռային գինը սահմանվել  է 57 հազար դրամ, այն ժամանակ` գրեթե 100 դոլար:

Արամյանցի դղյակը նախկինում

«Մեթըլ Փրինս Էլ Թի Դի» կորպորացիայի սեփականատերը հանդիսացել է Սերոբ Տեր-Պողոսյանը (վերջինս 2011 թվականին մանկապղծության մեղադրանքով դատապարվել է 15 տարվա ազատազրկման, իսկ 2014թ. մահացել է): Պայմանագրով Տեր-Պողոսյանը պարտավորվել է 15 տարի չփոխել դղյակի օգտագործման  ուղղվածությունը և այն բացառապես ծառայեցնել զբոսաշրջության զարգացմանը: Տեր-Պողոսյանը դղյակի տարածքում կառուցել է բնակարան, ոչնչացրել է Արամյանցի աղջկա մշակութային արժեք ներկայացնող արձանը:

«Ես մի քանի տարի առաջ Սերոբ Տեր-Պողոսյանի մոտ աշխատել եմ Արամյանցի դղյակի անվտանգության պատասխանատու: Դժբախտաբար ես ներկա եմ եղել, և տեսել եմ , թե ինչպես էր Սերոբը ջարդում Արամյանցի աղջկա արձանը և էլի արձաններ»,- պատմում  է ախթալեցի Իվան Ջաղինյանը:

Նա 2008թ. հուլիսի 20-ին դղյակի հարևանությամբ սպիտակ մարմարե հուշաքար է տեղադրել իր ծնողների հիշատակի համար, որն այսօր էլ պահպանվում է: Արամյանցի դղյակը, որպես  սեփականություն 2010թ.-ից գրանցվել է «ԼՕԶԷ» ՍՊԸ-ի անունով: 

Ընկերությունը հիմնադրել էր Սերոբ Տեր-Պողոսյանը: Վերջինիս ձերբակալությունից հետո (2011թ. փետրվարի 11-ին) «ԼՈԶԷ» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոս բաժնետեր է դարձել Ս. Տեր-Պողոսյանի կինը` Մադլեն Թաշճյանը: Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանն ասում է, որ վերջին տարիներին Լոռու մարզպետին, Մշակույթի նախարարությանը, կառավարությանը և Լոռու մարզի դատախազին գրավոր տեղեկացրել է Արամյանցի դղյակի վիճակի մասին, սակայն այնտեղ ոչինչ չի փոխվել:

«Դղյակը ինքը բրենդ է տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման համար: Ախթալան ընդգրկված է զբոսաշրջության զարգացման կառավարության «Հյուսիսային դարպաս» ծրագրում: Արամյանցի դղյակի վերակառուցումը կնպաստի մեր տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման կառավարության ընդունած ծրագրի իրականացմանը»,- բացատրում  է Հայկազ Խաչիկյանը:

«Նախարարության փորձագիտական մասնագիտական հանձնաժողովը Արամյանցի դղյակի կարգավիճակը դեռ չի որոշել, քանի որ դեռ չգիտենք ով  է սեփական գույքի ժառանգորդը: Արամյանցի դղյակը պետք է արժևորվի ժառանգորդին պարզելուց հետո»,- հեռախոսազրույցի ընթացքում հայտնեց մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության  բաժնի պետ Սուրեն Շաքարյանը:

Միքայել Արամյանցի ընտանիքը` դղյակում

Սեփկանատիրոջը պարզելուց հետո հաջորդը օրը Ս.Շաքարյանին տեղեկացրինք, որ Արամյանցի դղյակի սեփականատերը «ԼՈԶԷ» ՍՊԸ-ն է: Այս անգամ էլ պարոն Շաքարյանը մեզ հայտնեց, որ օրենքը թույլ է տալիս Արամյանցի դղյակին տալ պատմամշակութային արժեքավոր հուշարձանի կարգավիճակ` առանց սեփականատիրոջ համաձայնության. «Դղյակը ընդգրկված է ցուցակում, բայց դրանք պետք է ուղարկենք գիտական հիմնարկներին, շահագրգիռ մարմիններին, այդ թվում` տարածքային կառավարման, ֆինանսների նախարարություններին` նրանց կարծիքը պարզելու համար: Ցավոք,  մենք դեռ Արամյանցի դղյակի հարցը կառավարություն ուղարկվող ցուցակում չենք ընդգրկել»,- կրկին բացատրեց Ս. Շաքարյանը:

«Կառույցը ամբողջությամբ փակ է: Մուտքի մոտ գրված է, որ խստիվ արգելվում է մտնել տարածք: Մենք սեփականատիրոջ հետ պետք է հստակեցնենք, թե ինչու չի թույլատրվում մտնել տարածք: Եկող հինգշաբթի հրավիրել ենք նախարարության փորձագիտական մասնագիտական հանձնաժողովի նիստ, դրանից հետո կսկսվեն Արամյանցի դղյակը նորահայտ պատմամշակութային արժեքներ ներկայացնող  հուշարձանների ցուցակում ընդգրկելու աշխատանքները: Բայց մենք ուսումնասիրություններ կատարելու համար պետք է կարողանանք նաև մտնել դղյակի տարածք»,- ասաց մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը:

«Ես միշտ էլ զմայլվել եմ Միքայել Արամյանցի դղյակի գեղեցկությամբ: Արամյանցը մեծ բարերար էր: Նա էսօրվա միլիոնատերերի նման մեկին մի ծրար փող տալուց հետո իրեն չի գովերգել: Համեստ մարդ է եղել: Հիմա այդպիսի մարդիկ չունենք: Չեմ տեսել Սամվել Ալեքսանյանին կամ մյուսներին մի արժեքավոր գիրք տպեն: Էդ առումով Արամյանցն ու Մանթաշովը գիտեին հոգևոր արժեքների  գինը»,- ասում  է գրող Լևոն Ջավախյանը: Լևոնի ասելով` Արամյանցի տունը պետք դառնա Լոռու մարզի զբոսաշրջության կենտրոն: Լոռու հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը Արամյանցի դղյակը գնահատում է որպես պատմամշակութային արժեքավոր հուշարձան, որի հետ առնչվել են Խրիմյան Հայրիկ Կաթողիկոսը, Ալեքսանդր Մանթաշյանցը, Հովհաննես Թումանյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Վարդգես Սուրենյանցը, Ֆեոդոր Շալյապինը և այլ հայտնի գործիչներ. «Արամյանցի դղյակը պետք է դառնա պատմական արգելանոց»,- ասում է Սերգո Երիցյանը:  

Մեկնաբանություններ (3)

Լոռեցի
Դղյակը էդ մահացած ոչ ու փուչին տվեց կենդանի մի այլ ոչ ու փուչ - նախորդ նախարարը, (որի խորհրդականն էր սերոբը): Ինչքան հիշում եմ՝ ամբողջ տարածքով, մյուս շենքերով բանով, մոտ 3000 դոլլարի նման բան էին գնահատել: Թող աստվածը դրան պատժի եւ վերցրած կաշառքը բկին կանգնի, ինչպես սերոբի հետ եղավ: Իսկ դղյակը պիտի ծառայի հանրությանը միայն!
Վահե Լոռենց
Ամեն ինչ ճիշտ է, ափսոս է, որ նման արժեքը մասնավոր սեփականություն է և անարժանի ձեռքում է: Միայն մեկ դիտողություն. Դղյակը 1903 թվականի կառույց է և կառուցողը թիֆլիսահայ ճարտարապետ Բուզօղլին է: Այս տարի դղյակի 112 ամյակն է լրանում...
Հրաչյա Պապինյան
Օր առաջ պիտի ետ վերցվի էդ պատմական հուշարձանը, արդեն իսկ փաստ է, որ խախտվել է պայմանագրի գլխավոր պայմանը, այն է՝ 15 տարի չպիտի փոխվեր օգտագործման ուղվածությունը և պիտի ծառայացվեր զբոսաշրջությաւնը: Սերոբ Տեր Պողոսյանը դղյակում ուրվականներ էր տեսնում, անգամ հեռուստատեսությամբ էր ցույց տալիս ուրվականներին, սակայն ոչ մի ուրվական չպիտի խանգարի, որ էդ պատմական արժեք ունեցող շինությունը ծառայի ողջ հայ ժողովրդին: Ի վերջո մենք ամեն օր գրում ասում ենք, թէ ինչպես են վերաբերվում Թբիլիսիում հայկական նյութական մշակութային ժառանգությանը: Մե՞նք ինչպես ենք վերաբերվում այդ ժառանգության փշրանքներին: Մանթաշյանցի, Արամյանցի, Փիթոևների, Ազարյանցների , թբիլիսահայ մեծահարուստների կառուցած տասնյակ շենք շինություններից, իսկական պատմական հուշարձաններից մեկ երկու բան է միայն Հայաստանում, Արամյանցի դղյակը, հին վեհարանի շենքը Էջմիածնում, որի փողն է միայն տվել Մանթաշյանցը, Թաիրովների ամառանոցը Վանաձորում երևի ինչ որ բան էլ Դիլիջանում ու վերջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter